Հեռամեխանիկա խմբագրել

Հեռուստամեխանիկա, գիտության և տեխնիկայի բնագավառ, որի առարկան հեռավորությունից օբյեկտների կառավարման և վերահսկման նպատակով ազդանշանների ձևավորման, հաղորդման և ընդունման մեթոդների ու տեխնիկական միջոցների մշակումն է։ Հեռուստամեխանիկան հարակից բնագավառներից (հեռուստատեսություն, հեռախոսություն, հեռագրություն) տարբերվում է խիստ դանդաղ փոփոխվող տվյալների հաղորդման հնարավորությամբ, ավտոմատացման բարձր աստիճանով, ինֆորմացիայի մշակման կենտրոնացմամբ և այլն։ Հեռուստամեխանիկան սովորաբար օգտագործվում է մեծ տարածքում բաշխված և միմյանց հետ ընդհանուր տեխնոլոգիայով կապված օբյեկտները միավորելու համար, ինչպես նաև արտադրության այն պրոցեսներում, որտեղ մարդու ներկայությունն անցանկալի է կամ անհնար։ Հեռուստամեխանիկայի հիմնական խնդիրներն են ինֆորմացիայի հաղորդման հավաստիության, կապուղիների օգտագործման արդյունավետության բարձրացումը, հուսալի և եկամտաբեր սարքավորման ստեղծումը։ Հեռուստամեխանիկայի տեսական հիմքը ավտոմատ կառավարման, ինֆորմացիայի և կոդավորման տեսություններն են։

Հեռուստամեխանիկայի միջոցներով օբյեկտների կառավարումն ու վերահսկումն իրագործվում է կառավարման կամ դիսպետչերական պունկտից, որտեղ գտնվում է օպերատորը (դիսպետչեր)։ Կառավարման օբյեկտները կենտրոնացած են լինում մեկ կամ մի քանի վերահսկման պունկտերում։ Ինֆորմացիան հաղորդվում է կապի գծերով (լարային, մալուխային և այլն)։ Հրահանգները կապուղի են մտնում կոդավորված ազդանշանների ձևով և ընդունման ժամանակ փոխակերպվում կառավարող ազդանշանների։ Վերահսկման դեպքում օբյեկտի պարամետրերի փոփոխությունները գրանցող չափիչ սարքերից (թվիչներից) ստացվող ինֆորմացիան օբյեկտից հաղորդվում է օպերատորին։ Վերահսկման հաղորդագրությունները լինում են երկու բնույթի՝ ազդանշանային և չափիչ, իսկ համապատասխան պրոցեսները կոչվում են հեռուստաազդանշանում և հեռուստաչափում։ Երբեմն անհրաժեշտ է լինում կառավարման պարամետրի սահուն, անընդհատ փոփոխության. այդ դեպքում օպերատորն ուղարկում է անընդհատ ազդանշաններ։ Կառավարման այդ տեսակը կոչվում է հեոուստաակարգավորում։ Հեռավորությունից մեքենաների աշխատանքը կառավարելու և չափումներ կատարելու առաջին Փորձերն արվել են XIX դ. վերջին։ «Հեռուստամեխանիկա» տերմինն առաջարկել է ֆրանսիացի գիտնական է. Բրանլին 1905-ին։ Ազդանշանով կառավարումն առաջին անգամ 1927-ին իրագործվել է ԱՄՆ-ում (Օհայո)՝ երկաթուղային ճանապարհի 65 Կմ երկարության տեղամասում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 362