Հեռագրական կապ, էլեկտրական ազդանշաններով տառաթվային հաղորդագրությունների հաղորդումը հեռավորության վրա և դրանց գրանցումն ընդունման կետում։ Հեռագրական կապի կարևոր առանձնահատկությունը փաստաթղթայնությունն է. հաղորդումը հասցեատիրոջն է հանձնվում տպագիր, երբեմն՝ ձեռագիր տեքստով։ Այդ հանգամանքը, ինչպես նաև հեռագրերի հաղորդման արագությունը պայմանավորեցին հեռագրական կապի զարգացումը հատկապես կառավարման ոլորտում, գործնական և առևտրական կապի ասպարեզում։ Բացի հեռագրերի հաղորդումից, հեռագրական կապ օգտագործվում է նաև փաստաթղթային խոսակցությունների, թվային տեղեկությունների, ռադիոհեռուստատեսային նորությունների, պատկերների հաղորդման համար։ Հեռագրական կապի հնագույն տեսակը՝ էլեկտրական կապը, երևան է եկել դեռևս XIX դ. 30-ական թթ.: Մինչ այդ, սկսած վաղեմի ժամանակներից, ինֆորմացիայի հաղորդման համար փոստային կապի հետ մեկտեղ օգտվել են նաև լուսային և ձայնային ազդանշանման միջոցներից։ Ռուսաստանում հեռագրության հիմքը դրել է Պ. Լ. Շիլլինգը, որը 1832-ին ստեղծել է էլեկտրական կապի սարքավորումների առաջին համալիրը։ Նաև հաջող էր Մորզեի ստեղծած հեռագրակապը։ Մորզեի առաջին սարքերը օգտագործվել են 1844-ին Վաշինգտոնի և Բալթիմորի միջև հեռագրակապ իրականացնելու նպատակով։ Սակայն այս սարքը ուներ թերություններ. տառերի փոխարեն կետեր էր տպագրում, ինչը մորզեի այբուբենը չիմացողները չէին կարող օգտվել։

Հեռագրական կապ ընդունող սարքավորում

Հեռագրական կապի հետագա կատարելագործումը կապված է եղել արդյունաբերության զարգացման և երկաթուղային ցանցի ընդլայնման հետ։ Հետազոտությունները գլխավորապես տարվել են գծերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, որովհետև հեռագրական կապի զարգացման ծախսերը կատարվում են հիմնականում հեռագրային նոր գծերի կառուցման համար։ Դեռևս 1869-ին ռուս գյուտարար Գ. Ի. Մորոզովը մշակել է կապի գծերի հաճախային խտացման սարքավորում։ Բազմահաճախային, բազմանցուղային կապի սարքերի օգտագործման շնորհիվ հնարավորություն ստեղծվեց միևնույն զույգ լարով իրականացնելու հեռագրերի, տվյալների, պատկերների 44 միաժամանակյա հաղորդում։ Հեռագրական գծերի օգտագործման արդյունավետությունն աճում է նաև ծակատիչի օգնությամբ հեռագրերի հաղորդման արագության բարձրացման միջոցով։

XX դ. 50–60-ական թթ. իբրև հեռագրական կապի միջոց օգտագործվել են հեռուստակոդային կապը և արբանյակները։ Ըստ հաղորդվող ինֆորմացիայի նշանակության և բնույթի տարբերում են հեռագրական կապի հետևյալ տեսակները, ընդհանուր օգտագործման կապ, բաժանորդային հեռագրություն, գերատեսչական հեռագրական կապ, լուսահեռագրային կապ (տես Ֆաքսիմիլային կապ)։ Ընդհանուր օգտագործման հեռագրական կապը ծառայում է հեռագրերի, դրամական փոխանցումների, հեռախոսային ծանուցումների հաղորդման համար։ Բաժանորդային հեռագրության օգնությամբ բաժանորդը կարող է վարել փաստաթղթային խոսակցություն կամ միակողմանի հաղորդում՝ օգտվելով հենց իր մոտ տեղադրված հեռագրական ապարատից։ Գերատեսչական հեռագրական կապը կազմակերպվում է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, որտեղ պահանջվում է մեծ քանակությամբ փաստագրական տեղեկությունների հաղորդում, ընդունում։ Լուսահեռագրային կապը ծառայում է որոշակի տարածության վրա անշարժ պատկերների, ձեռագրերի, գծագրերի հաղորդման համար։ Հայաստանում կենտրոնական թերթերի էջերը «Ռադուգա» արբանյակի օգնությամբ ստանալու համար օգտագործվում է «Օրբիտա–2» կայանը։ Ըստ հաղորդման կազմակերպման եղանակի տարբերում են միակողմանի (սիմպլեքս) և երկկողմանի (դուպլեք) հեռագրական կապ։ Միակողմանի կապի դեպքում երկու հեռագրակայանների (բաժանորդների) միջև հաղորդումը տարվում է հաջորդաբար, իսկ երկկողմանի կապի դեպքում՝ միաժամանակ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեռագրական կապ» հոդվածին։


Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 356