Հենրի Լի Լուկաս (անգլ.՝ Henry Lee Lucas, օգոստոսի 23, 1936(1936-08-23)[1][2], Բլեքսբերգ, Մոնտգոմերի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ - մարտի 12, 2001(2001-03-12)[1], Հանթսվիլ (Տեխաս), Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի հայտնի հանցագործ, սերիական մարդասպան, մարդակեր և հրձիգ։ Նրա հաշվին կա 11 ապացուցված սպանություն[4]։ Հանցագործություններն իրականացրել է իր բնակարանակցի՝ Օտիս Տուլի հետ՝ ճամփորդելով Ամերիկայում, նրանք բռնաբարել, հրկիզել, սպանել ու կերել են նրանց, ովքեր հանդիպել են ճանապարհին։ Լուկասի և Տուլի հանցագործությունները Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենազզվելիներից և նողկալիներից են[5]։

Հենրի Լուկաս
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 23, 1936(1936-08-23)[1][2]
ԾննդավայրԲլեքսբերգ, Մոնտգոմերի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մահվան ամսաթիվմարտի 12, 2001(2001-03-12)[1] (64 տարեկան)
Մահվան վայրՀանթսվիլ (Տեխաս), Տեխաս, ԱՄՆ
Մահվան պատճառՍրտային անբավարարություն[3]
Պատիժմահապատիժ[3] և ցմահ բանտարկություն[3]
Սպանություն

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Հենրի Լի Լուկասը ծնվել է 1936 թվականի օգոստոսի 23-ին Վիրջինիա նահանգի Բլեքսբերգ քաղաքում՝ ճանապարհային կայանի նախկին աշխատակից Անդերսոն Լուկասի և Վայոլա Լուկասի ընտանիքում։

Հայրը՝ Անդերսոն Լուկասը, դժբախտ պատահարի հետևանքով աշխատավայրում զրկվել է երկու ոտքից։ Դառնալով հաշմանդամ՝ նա այլևս փող չի վաստակել, բայց փոխարենը սկսել է չափից ավելի ալկոհոլ օգտագործել և ոչ մի մասնակցություն չի ունեցել որդու դաստիարակության գործում։ Վայոլա Լուկասը մարմնավաճառությամբ էր զբաղվում՝ հաճախորդներին տանը ընդունելով։ Նա դաժան կին էր, հաճախ նվաստացնում էր ու ծեծում որդուն։ Հաճախ նա ստիպում էր որդուն նայել, թե ինչպես է նա սեքսով զբաղվում հաճախորդների հետ, առնվազն մի քանի անգամ երիտասարդ Հենրին սեռական բռնության է ենթարկվել նրանցից մի քանիսի կողմից[6]։ Հայրը և մյուս հարազատները Հենրիին նվիրել են մի փոքրիկ ցլիկ, որին տղան շատ էր սիրում և որի հետ հաճախ էր խաղում։ Մի օր Վայոլան Հենրիին դուրս է բերել բակ և նրա աչքի առաջ գնդակահարել կենդանուն[6]։ Մեկ ուրիշ անգամ նա տախտակով հարվածել է տղայի գլխին աննշան մեղքի համար։ Երբ Հենրին սկսել է հաճախել դպրոց, նա մի քանի օր ստիպել է նրան կրել կանացի համազգեստ, որի պատճառով շատ երեխաներ ծիծաղել և ծաղրել են նրան[7]։ Արդեն 10 տարեկանում տղան սկսել է ալկոհոլ օգտագործել։

Պատանեկության տարիներին Հենրին ծեծկռտուքի ժամանակ ձախ աչքի վնասվածք է ստացել, որը հանգեցրել է վարակի։ Վայոլան հրաժարվել է նրան բժշկի մոտ տանել, ինչը հետագայում հանգեցրել է ակնագնդի անդամահատման. այն փոխարինել են արհեստական աչքով։

Առաջին սպանություն խմբագրել

Հոր մահից հետո Հենրին լքել է դպրոցը և փախել տնից։ 1951 թվականին լինելով 16 տարեկան` նա կատարել է իր առաջին սպանությունը։ Նրա զոհն է դարձել 17-ամյա Լորա Բարնսլին, բայց նրան անչափահասների գաղութ են ուղարկել ոչ թե սպանության, այլ գողություն կատարելու համար[6]։ 1953 թվականին ազատ արձակվելով՝ նա կրկին գողություն և ըստ Լուկասի` «իր մորը հիշեցնող» մի մարմնավաճառի սպանություն է կատարել, ինչի համար ևս 4 տարի բանտ է նստել։

1959 թվականին Հենրին տեղափոխվել է Միչիգան իր քրոջ մոտ և ապրել նրա հետ։ 1960 թվականի հունվարի 11-ին նրանց մոտ է եկել մայրը։ Նա սկսել է խոսել այն մասին, որ Հենրին պարտավոր է հոգ տանել իր մասին։ Վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում, Լուկասի խոսքով, մայրը հարվածել է իր գլխին, նա, հիշելով անցյալի վիրավորանքները, կատաղությունից հարվածել է նրա գլխին[8]։ Հարվածն այնքան ուժեղ էր, որ մայրն ակնթարթորեն մահացել է։ Հենրի Լուկասը ձերբակալվել է։ Նրան դատապարտել են 15 տարվա ազատազրկման, սակայն մեկ տարի անց տեղափոխել են հոգեբուժարան, որտեղ նրա մոտ հայտնաբերել են միանգամից մի քանի հիվանդություններ և շեղումներ՝ փսիխոպաթիա, սադիզմ և շիզոֆրենիա։ Նա նաև ինքնասպանության մի քանի փորձ է կատարել։ Գտնվելով կլինիկայում՝ Լուկասը սկսել է ուսումնասիրել աղմկահարույց սպանությունների հետաքննության նյութեր։ Նա գտել է մեթոդներ, որոնք օգտագործել են մարդասպանները։

Հանդիպում Օտտիս Տուլի հետ և համատեղ հանցագործություններ խմբագրել

1975 թվականին Լուկասին դուրս են թողել հիվանդանոցից (չնայած նա հայտարարել էր, որ երբ ազատության մեջ հայտնվի, կրկին սպանելու է[8]), որից հետո նա որոշել է կյանքը սկսել մաքուր էջից, բայց նա չուներ ոչ մշտական կացարան, ոչ էլ ապրուստի միջոց։ Մինչև նույն տարում Օտտիս Տուլի հետ ծանոթանալը, նա թափառաշրջիկություն է արել։ Տուլը բնակվում էր Ջեքսոնվիլում իր 12-ամյա զարմուհի Ֆրիդա Բեքի Փաուելի հետ և Լուկասին հրավիրել է միանալ իրենց։ Նրանք երկուսն էլ սեռական բռնության և նվաստացման էին ենթարկվել իրենց մայրերի կողմից, երկուսն էլ մարդասպաններ էին, նախքան միմյանց հանդիպելը երկուսն էլ նույնասեռական հակումներ ունեին։ Մի անգամ նրանք երեքով մեքենա են առևանգում՝ ճանապարհին սպանելով վարորդին և ուղևորվում են «երջանկություն փնտրելու»։ Նրանք ընդհանուր առմամբ եղել են 26 նահանգներում։ Այդ ժամանակ Լուկասը մտերմացել է Բեքիի հետ։ Լուկասը սիրում էր նրան և հոգ էր տանում նրա մասին, որպես իր դստեր, զուգահեռաբար ուսուցանելով գողության, կողոպուտի և սպանությունների տարբեր եղանակներ։ Նրանք միասին մշակել են հանցագործության կատարման կայուն եղանակ. զոհին գայթակղել են, անշարժացրել ու բռնաբարել, ապա սպանել, ընդ որում՝ երբեմն հարաբերություններ են ունեցել դիակի հետ, իսկ դրանից հետո դիակը մասնատել ու դրանով պատրաստել ճաշ կամ ընթրիք։ Չօգտագործված մնացորդները տարել ու թաղել են սպանության վայրից հեռու, ինչը նույնպես դժվարացրել Է հետաքննությունը։ Մարդասպանները հեռատես էին. որպես զոհ ընտրում էին հիմնականում այն մարդկանց, որոնց մասին հաստատ գիտեին, որ պատրաստվում են մեկնել այլ նահանգ, և, համապատասխանաբար, որոշ ժամանակ նրանց չէին փնտրի։

Կա նաև տարբերակ, որ նրանք մտել են «մահվան ձեռքը» սատանայական պաշտամունքի մեջ, բայց դա հաստատ չէ։

Մասնատում խմբագրել

Ֆլորիդայում գտնվելու ժամանակ Ֆրիդա Բեքին ձերբակալվել է և հայտնվել անչափահասների բանտում, որտեղ գտնվել է մինչև այն պահը, երբ Լուկասն ու Տուլը կազմակերպել են նրա փախուստը։ Դրանից հետո «երրորդությունը» վերամիավորվել է և շարունակել ապրել միասին, ընդ որում՝ աղջիկը հայտնվել է հետախուզման մեջ։ 1982 թվականին մարդասպանների ճանապարհները բաժանվել են. Հենրի Լին և Ֆրիդա Բեքին դարձել են սիրեկաններ և փախել Օտտիսից։ Նրանք ապրել են երկուսով, բայց մեկ տարի անց Ֆրիդան հոգնել է թաքնվելուց և որոշել է հանձնվել ոստիկանությանը, վերադառնալ բանտ՝ հույս ունենալով ազատ արձակվել մաքուր հեղինակությամբ։ Այդ որոշման քննարկման ժամանակ նրանք վիճել են, ինչի արդյունքում Հենրին սպանել է նրան, ապա մասնատել մարմինը։

Ձերբակալություն և դտավճիռ խմբագրել

Լուկասի վերջին զոհն եղել է Քեյթ Ռիչ անունով մի տարեց կին։ Նրա սպանությունից կարճ ժամանակ անց Լուկասը ձերբակալվել է ապօրինի հրազեն պահելու համար։ Գտնվելով կալանքի տակ՝ նա ընդունել է սպանության մեղադրանքը։ Հուսալով դանդաղեցնել և շփոթեցնել քննությունը` Լուկասը վեց տարի խոստովանել է բազմաթիվ հանցագործությունների մասին, այդ թվում՝ նա իրեն է վերագրել սպանություններ, որոնք կատարվել են Տուլի կողմից՝ առանց իր մասնակցության։ Սկզբում նա խոստովանել է 60, ապա 100 սպանություններ։ Լրատվամիջոցները և Լուկասի շատ ծանոթներ նրան էին վերագրում 47-ից մինչև 89 սպանություններ։ Քննչական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են տասնյակ մարդկանց մնացորդներ։ Ըստ Լուկասի խոսքի՝ այդ բոլորը եղել են այն մարդիկ, որոնց սպանել և կերել են առևանգված բեռնատարով ճամփորդելիս։ Ոստիկանությունը այդ բոլոր խոստովանությունները համարել է հավաստի, բայց քանի որ նա չէր կարողանում հիշել իր հանցագործությունների բոլոր մանրամասները, դատարանում նրան մեղադրել են միայն 11 սպանության մեջ, որոնք դատարանը համարել է ապացուցված։ 1998 թվականին Հենրի Լի Լուկասը դատապարտվել էր մահապատժի, որից հետո Տեխասի այն ժամանակվա նահանգապետ Ջորջ Բուշ կրտսերը մահապատիժը փոխարինել էր ցմահ բանտարկությամբ։

Մահ խմբագրել

2001 թվականի մարտի 12-ին, գտնվելով անազատության մեջ, Հենրի Լի Լուկասը մահացել է սրտի կաթվածից։

Հարցեր և վեճեր խմբագրել

Հենրի Լի Լուկասի խոստովանություններն առաջացնում են բազմաթիվ վեճեր և քննարկումներ։ Ընդհանուր առմամբ ապացուցվել է Լուկասի մասնակցությունը 11 սպանությունների։ Նրա զոհերի ճշգրիտ թիվը մինչ օրս անհայտ է մնում (2020 թվական)։ Լուկասի և Տուլի պնդմամբ` ճամփորդելով գողացված բեռնատարով «երջանկության որոնումների ժամանակ»՝ մեկ տարվա ընթացքում նրանք սպանել են 97 մարդու[9]։ Լուկասը նաև հայտարարել է, որ նրանք սպանել են հազարավոր մարդկանց։ 2019 թվականի վերջին Netflix-ի ստուդիան թողարկել է Հենրի Լի Լուկասի մասին վավերագրական ֆիլմ։ Այս ֆիլմը լուսավորում է նրա պատմությունը՝ բացահայտելով հանրությանը նախկինում անհայտ որոշ փաստեր։ Օրինակ` նրա մեջ մանրամասն ներկայացված են սպանությունների բազմաթիվ խոստովանություններ, որոնք նա տվել է ամբողջ երկրի օպերատիվ ծառայությունների հետ աշխատանքի ընթացքում. հետևյալ խոստովանություններից առնվազն 20-ը հաստատ կեղծ են եղել, այնպես որ սպանությունների հետաքննությունները, որոնք փակվել են այն բանից հետո, երբ Լուկասը խոստովանել է դրանք, հետագայում կրկին բացվել են և դրանից հետո հայտնաբերվել են իսկական մարդասպաններ։ Դրանից բացի չկան հավաստի ապացույցներ և հանցանշաններ, որոնք վկայում են Հենրի Լի Լուկասի հանցակցության մասին այն սպանությունների մեծ մասին, որոնցում նա խոստովանել է։ ԶԼՄ-ներում բացահայտվել են Լուկասի որոշ ցուցմունքներ, որոնք, կեղծ լինելով և որևէ հանցանշանով հիմնավորված չլինելով, ընդունվել են ոստիկանության կողմից, քանի որ ոստիկանները փորձել են փակել չբացահայտված գործերը կամ համարել են, որ Լուկասը հաղորդել Է փաստեր, որոնք կարող էր իմանալ միայն հանցագործը։ Անհնար է ասել, թե որքան կեղծ խոստովանություններ է արել Լուկասը։

Զանգվածային մշակույթում խմբագրել

Հենրի Լի Լուկասի մասին նկարահանվել է 3 գեղարվեստական ֆիլմ՝

  • «Հենրի։ Մարդասպան-մոլագարի դիմանկար» (1986 թվական)
  • «Հենրի։ Մարդասպան-մոլագարի դիմանկար 2» (1996 թվական)
  • «Թափառաշրջիկ Հենրի Լի Լուկաս» (2009 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 Wynne K. Here's how and when Henry Lee Lucas of 'The Confession Killer' diedNewsweek, 0019.
  4. «Biography of Henry Lee Lucas at Courtroom Television Network's Crime Library». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.
  5. «Отвратительные преступления Генри Лукаса и Оттиса Тула» (ռուսերեն). muz4in.net. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Генри Лукас - биография, личная жизнь, жертвы, смерть» (ռուսերեն). Море фактов. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. «Люкас, Генри Ли (Lucas, Henry Lee)». www.serial-killers.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. 8,0 8,1 «Маньяк убийца Генри Ли Лукас». www.juristu.su. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
  9. «Отвратительные преступления Генри Лукаса и Оттиса Тула» (ռուսերեն). muz4in.net. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել