Հելիոերկրաֆիզիկա, գիտության բնագավառ, որն ուսումնասիրում է Արեգակի վրա տեղի ունեցող պրոցեսների ազդեցությունը երկրաֆիզիկական երևույթների վրա։ Հանդարտ Արեգակի (նրա վրա ակտիվ պրոցեսների բացակայության դեպքում) ճառագայթումը բաղկացած է սպեկտրի բոլոր դիապազոններում (ռենտգենյան, ուլտրամանուշակագույն, տեսանելի, ինֆրակարմիր և ռադիո), ըստ ժամանակի հաստատուն էլեկտրամագնիսական ճառագայթումից և կորպուսկուլների (հիմնականում էլեկտրոնների ու պրոտոնների) թույլ հոսքից՝ այսպես կոչված արեգակնային քամուց։ Թվարկված բաղադրիչներից Երկրի մակերևույթ են հասնում միայն տեսանելի և ռադիոճառագայթումները։ Առաջինը կրում է տրոպոսֆերա ու ջրոլորտ մտնող և դրանց ջերմային ու դինամիկական ռեժիմը որոշող էներգիայի հիմնական քանակությունը։ Ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթումներն իոնացնում են մթնոլորտի վերին շերտերը (ստեղծում են իոնոսֆերան) և այդպիսով հնարավոր դարձնում կարճալիք ռադիոկապը մեծ հեռավորությունների վրա։ Կորպուսկուլային ճառագայթումը մասնիկներով համալրում է Երկրի ճառագայթային գոտիները և Արեգակի հակադիր կողմում ձգվող Երկրի մագնիսոլորտի պոչը։ Արեգակի վրա ակտիվ պրոցեսների երևան գալուն զուգընթաց ուժեղանում է սպեկտրի ռենտգենյան, ուլտրամանուշակագույն ու ռադիոդիապազոններում ճառագայթումը, և արտանետվում են (նեղ մարմնային անկյունով) մի քանի հարյուր կմ/վրկ և ավելի արագությամբ կորպուսկուլային հոսքեր։ Կարճալիք ճառագայթման ուժեղացումը մեծացնում է իոնոսֆերայի շերտերի խտությունը, որը Երկրի լուսավորված կողմում հանգեցնում է կարճալիք ռադիոկապի թուլացման կամ ընդհատման և երկարալիք ռադիոկապի բարելավման։ Հագեցնելով ճառագայթային գոտիները, կորպուսկուլները դրանցում արագանում են և թափանցում Երկրի մթնոլորտ՝ մինչև իոնոսֆերայի խորքերը (մերձբևեռային շրջաններում)։ Ընդ որում տեղի է ունենում անոմալ իոնացում, որը հանգեցնում է ռադիոկապի ուժեղ խաթարումների, բևեռափայլերի, ուժեղացնում է գիշերային երկնքի լուսարձակումը (կորպուսկուլներով օդի ատոմների գրգռվելու հետևանքով), առաջացնում մագնիսական փոթորիկներ։ Իրենց հերթին, մագնիսական դաշտի տատանումների հետևանքով տարբեր սարքերի հաղորդիչներում առաջանում են երկրային և ինդուկցիոն հոսանքներ, որոնք խանգարում են այդ սարքերի աշխատանքին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 333