Հաքեր (անգլ.՝ hacker), բազմիմաստ տերմին հաշվողական տեխնիկայի և ծրագրավորման ոլորտում։

  • Սկզբնապես հաքերներ անվանել են ծրագրավորողներին, ովքեր ծրագրային ապահովման սխալներն էին ուղղում որևէ արագ կամ էլեգանտ միջոցով։ Hack բառը ծագել է հիպիների խոսակցականից։
  • Սկսած 20-րդ դարի վերջից, մասսայական մշակույթում ի հայտ եկավ նոր նշանակություն «համակարգիչ կոտրող», ծրագրավորող, ով միտումնավոր կերպով շրջանցում է համակարգչային անվտանգության համակարգերը։ Այդ, բացասական իմաստով հայերեն կիրառում են նաև ցանցահեն տարբերակը։

Համակարգչային գիտություններում հաքերը բարձր որակավորում ունեցող համակարգչային մասնագետն է, ով ի վիճակի է կոտրել համակարգչային համակարգերը և ցանցերը։ Կախված հաշվողական ոլորտից, այն ունի մի փոքր տարբեր նշանակություններ և որոշ կոնտեքստներում ունի հակասական բարոյական և էթիկական ենթատեքստ։

Բառի տարբեր նշանակություններ խմբագրել

Jargon File-ը տալիս է հետևյալ սահմանումը[1]

Հաքերը (սկզբնապես՝ անձ, ով կացնի միջոցով կահույք է պատրաստում)՝

  1. Անձ է, ով հետաքրքրված է ծրագրավորման համակարգերի մանրամասների հետազոտությամբ, նրանց հնարավորությունների բարելավման հարցի ուսումնասիրությամբ, ի տարբերություն օգտատերերի մեծամասնությանը, ովքեր նախընտրում են սահմանափակվել անհրաժեշտ նվազագույնի ուսումնասիրմամբ։ RFC 1983-ը ավելացնում է հետևյալը․ «Մարդ, ով հաճույք է ստանում համակարգերի, համակարգիչների և մասնավորապես՝ համակարգչային ցանցերի ներքին գործողությունները հասկանալուց»։
  2. Խանդավառությամբ ծրագրավորող կամ ծրագրավորում սիրող, այլ ոչ թե ծրագրավորման տեսական կողմը սիրող անձ։
  3. Մարդ, ով ունակ է գնահատել և հասկանալ հաքերական արժեքները։
  4. Մարդ, ով ուժեղ է արագ ծրագրավորման մեջ։
  5. Որևէ կոնկրետ համակարգչային ծրագրի մասնագետ կամ մեկը, ով հաճախ է աշխատում դրանով։ Օրինակ՝ «UNIX-ի հաքեր»։(1-5 սահմանումները փոխկապված են, և մեկ մարդը կարող է համապատասխանել դրանցից մի քանիսին)։
  6. Ցանկացած բնույթի մասնագետ կամ խանդավառ անձ։ Օրինակ՝ որևէ մեկը կարող է համարվել «աստղագիտության հաքեր»։
  7. Որևէ անձ, ով սիրում է ինտելեկտուալ փորձություններ՝ սահմանափակումների ստեղծագործական հաղթահարման կամ շրջանցման ձևով։
  8. Չարագործ, ով ձեռք է բերում կոնֆիդենցիալ տեղեկատվություն՝ շրջանցելով տեղեկատվական համակարգերը։ Օրինակ՝ «գաղտնաբառերի հաքեր», «ցանցային հաքեր»։

Պաատմականորեն այնպես է դասավորվել, որ ներկայումս բառը առավել հաճախ օգտագործվում է հենց վերջին՝ «համակարգչային չարագործ» նշանակությամբ։ Ավելին՝ ֆիլմերում հաքերը սովորաբար ներկայացվում է որպես մարդ, ով ընդունակ է միանգամից կոտրել ցանկացած համակարգ, ինչը իրականում սկզբունքորեն անհնար է։ Օրինակ՝ «Թրաձուկ» ֆիլմում ծրագրավորողը կոտրում է Վերնամի ծածկագիրը՝ միակը գոյություն ունեցող գաղտնագրման համակարգերից, որնի համար տեսականորեն ապացուցվել է լիակատար կրիպտոգրաֆիկ(գաղտնագրային) կայունություն։

Վերջերս հաքեր հաճախ անվանում են բոլոր ցանց կոտրողներին, համակարգչային վիրուսներ ստեղծողներին և այլ համակարգչային հանցագործներին, ինչպիսիք են՝ քարդերները, քրեքերները, սքրիփթ-քիդիները։ Շատ համակարգիչ կոտրողների կարելի է անվանել հաքերներ, քանի որ նրանք իրոք համապատասխանում են «հաքեր» բառի վերոնշյալ բոլոր կամ համարյա բոլոր սահմանումներին։

Հաքերների տեսակներ խմբագրել

Հաճախ ՏՏ հաքերներին դասակարգում են տարբեր տեսակների, որոնցից հիմնական երկուսը՝ White hat (թարգմ․՝ «սպիտակ գլխարկ») և Black hat (թարգմ․՝ «սև գլխարկ»)։ Սև գլխարկներ անվանում են կիբերհանցագործներին, իսկ սպիտակ գլխարկներ՝ տեղեկատվական անվտանգության մնացած մասնագետներին(մասնավորապես՝ մեծ ՏՏ ընկերություններում աշխատող մասնագետներին) կամ ՏՏ համակարգեր հետազոտողներին, ովքեր օրենք չեն խախտում։ Այնպիսի դեպքերում, ինչպիսիք են, օրինակ՝ օրենսդրությունների փոքր իրավախատումները կամ օրենսդրության խախտման բացակայության ժամանակ, երբ որևէ համացանցային սերվիսի ներքին կանոնների խախտում է արվում, կարող է օգտագործվել Grey hat (թարգմ․ «գորշ գլխարկ») տերմինը։

Սքրիփթ-քիդի տերմինը նշանակում է կիբերհանցագործ կամ համակարգ կոտրող, ով օգտագործում է այլոց օպերացիոն ժամանակները, սակայն չի հասկանում նրանց իրագործման մեխանիզմը, և ում՝ հաքեր, որպես կանոն, չենք անվանում։

Հաքերների արժեհամակարգ խմբագրել

Հաքերների միջավայրում ընդունված է արժևորել այլ հաքերների և սեփական ժամանակը («հեծանիվ չհայտնագործել»), ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է կիսվել սեփական ձեռքբերումներով՝ ստեղծելով ազատ կամ բաց ծրագրեր։

Համակարգչային անվտանգություն։ իրավական կողմ խմբագրել

Եվրոպայում և Ամերիկայում համակարգիչներ կոտրելը, տեղեկատվության ոչնչացումը, համակարգչային վիրուսների և վնասաբեր ծրագրերի ստեղծումը և տարածումը հետապնդվում է օրենքով։ Համաձայն կիբերհանցագործության դեմ պայքարի միջազգային օրենքների՝ տվյալ անձիք ենթակա են հանձնման՝ ռազմական հանցագործների նման։

Այնուամենայնիվ՝ ԱՄՆ-ում 2013 թ․-ին առաջին անգամ աշխարհում հաստատել են ռազմական պարգև կիբեր-տարածությունում գործող զինվորների հատուկ սխրանքների համար՝ «Distinguished Warfare Medal» մեդալ[2]։

«Նոր հնարավորությունները, որոնք առկա են ամերիկացի զինծառայողների մոտ, նրանց թույլ են տալիս պայքարել թշնամու դեմ և մարտի ընթացքը փոխել՝ գտնվելով հեռավոր կետում։ Ցավոք, գոյություն չունի այնպիսի պարգև, որը այդպիսի մարդիկ կարող կլինեին ստանալ իրենց սխրանքների համար»

— ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Փանեթա (Leon Panetta)։

«Հաքեր» բառի տարբեր նշանակությունների գոյության պատմական պատճառներ խմբագրել

 
«Գլայդեր», հաքերների շարժման ոչ պաշտոնական նշանը

«Հաքեր» բառի սկզբնական նշանակությունը հավանաբար առաջացել է MIT-ում 1980-ական թթ․՝ մինչ համակարգիչների լայն տարածում կգտնեին։ Այդ ժամանակ այն հանդիսանում էր տեղական ժարգոնի մաս և կարող էր նշանակել որևէ խնդրի պարզ, սակայն կոպիտ լուծում, ուսանողների խորամանկ արարք (սովորաբար հեղինակին հենց հաքեր էին անվանում)։ Մինչ այդ «hack» և «hacker» բառերը օգտագործվու էին տարբեր առիթներով՝ որևէ առչություն չունենալով համակարգչային տեխնիկայի հետ։

Սկզբնապես ի հայտ է եկել ժարգոնային «to hack» (կտրել, կոտրել) բառը։ Այն նշանակել է սեփական կամ ուրիշների ծրագրերում ակնթարթային փոփոխություններ մտցնելու գործընթաց (ենթադրվում էր, որ առկա է ծրագրի նախնական տեքստ)։ «Hack» գոյականը նշանակել է այդպիսի փոփոխության արդյունք։ Բավականին օգտակար և արժանավոր գործ է համարվել ոչ միայն հեղինակին սխալի մասին հայտնելը, այլև՝ միանգամից առաջարկելը այնպիսի հաք, որը այն կուղղի։ «Hack» բառը սկզբնապես հենց այստեղից է ծագել։

Սակայն հաքը ոչ միշտ է սխալներ ուղղելու նպատակ ունեցել։ Այն կարող էր փոխել ծրագրի վարքը հեղինակի կամքից հակառակ։ Հենց նման սկանդալային դեպքերն էին հիմնականում հնչեղություն ստանում, իսկ հաքերության հասկացությունը որպես հակադարձ կապ հեղինակների և օգտատերերի միջև, լրագրողներին առանձնապես երբեք չի հետաքրքրել։ Այնուհետև եկավ փակ ծրագրային կոդի ժամանակաշրջան, շատ ծրագրերի նախնական կոդեր դարձան անհասանելի, և հաքերության դրական դերը չեզոքացավ, քանի որ ժամանակի ահռելի ծախսումները փակ նախնական կոդի հաքի վրա, կարող էին արդարացվել միայն շատ ուժեղ մոտիվացիայով, ինչպիսին օրինակ՝ փողը կամ սկանդալային հանրահայտությունն էր։

Արդյունքում առաջացավ «հաքեր» բառի նոր, խեղաթյուրված հասկացություն․ այն նշանակում է չարագործ, ով օգտագործում է համակարգչային լայն գիտելիքներ համակարգչում ոչ սանկցիավորված, երբեմն՝ վնասաբեր գործողությունների համար, օրինակ՝ համակարգիչների կոտրում, համակարգչային վիրուսների ստեղծում և տարածում։ Առաջին անգամ բառն այս նշանակությամբ օգտագործել է Քլիֆորդ Սթոլը իր «Կկվի ձուն» գրքում, իսկ նրա հասարակայնացմանը նպաստել է հոլիվուդյան «Հաքերներ» ֆիլմը։ Նմանատիպ համակարգչային ժարգոնում «հաք» բառը սովորաբար վերաբերում է համակարգչային ցանցերի և վեբ-սերվերների պաշտպանությունը կոտրելուն։

Ռիչարդ Սթոլմանը և այլք կոչ են անում «հաքեր» բառն օգտագործել միայն իր նախնական իմաստով։

Տերմինի բավականին մանրամասն բացատրություններ բերված են Էրիկ Ռեյմոնդի «Ինչպես դառնալ հաքեր» հոդվածում[3]։ Բացի այդ, Էրիկ Ռայմոնդը 2003թ․ հոկտեմբերին առաջարկեց հաքերների համայնքի համար էմբլեմա՝ «գլայդերի» (glider) սիմվոլ «Կյանք» խաղից։ Առաջարկված սիմվոլը չի կարելի համարել հաքերների շարժման պաշտոնական սիմվոլ, քանի որ հաքերների համայնքը չունի մեկ միասնական կենտրոն կամ պաշտոնական կառուցվածք։ Նույն այդ պատճառներով անհնար է դատել հաքերների շրջանում այդ սիմվոլի տարածվածության մասին, չնայած կա հավանակություն, որ հաքերների համայնքի ինչ-որ մասն ընդունել է այն։

Հաքերները գրականության մեջ խմբագրել

  • «Խորություն երկնքում» վեպի գլխավոր հերոս Վերնոր Վինջա
  • Սերգեյ Լուկյանենկոն «Արտացոլումների լաբիրինթ» գրքում որպես էպիգրաֆ բերել է հատված իր կողմից հորինված «Հաքերների հիմնից»[4]
  • Կ․ Կասպերսկի։ Ներածություն։ Հեղինակի մասին // Համակարգչային վիրուսները ներսից և դրսից
  • Ջեֆրի Դիվեր - «Կապույտ ոչ մի տեղ» ("The blue nowhere")
  • Լիսբեթ Սալանդեր - Սթիգ Լարսոնի «Միլենիում» եռապատման գլխավոր հերոսուհին
  • Նիլ Սթիվենսոն - «Կրիպտոնոմիկոն»
  • Ալեքսանդր Չուբարյան - «Ամբողջական root»

Հաքերները կինոյում խմբագրել

  • Վիրտուալ իրականություն / VR.5 (1995)
  • Ցանց / The Net (1995)
  • Հաքերները / Hackers (1995)
  • Նիրվանա / Nirvana (1997)
  • Ցանցի տիրակալը / Skyggen (1998)
  • Սիլիկոն հովտի ծովահենները / Pirates of Silicon Valley (1999)
  • Հաշիվը / The Score (2001)
  • Կոդի որսորդը / Storm Watch (Code Hunter) (2001)
  • Թրաձուկ / Swordfish (2001)
  • Էնիգմա / Enigma (2001)
  • Միջուկը / The Core (2003)
  • Կրակե պատը / Firewall (2006)
  • Ցանց 2.0 / The Net 2.0 (2006)
  • Արյունոտ երկուշաբթի / Bloody Monday (2008) — դորամա՝ հիմնված համանուն մանգայի վրա
  • Վիշապի դաջվածքով աղջիկը / The Girl with the Dragon Tattoo (2009)
  • Սոցիալական ցանց / The Social Network (2010)
  • Հինգերորդ իշխանություն / The Social Network (2013)
  • Բաց պատուհաններ / The Social Network (2014)
  • Ով եմ ես / Who Am I (2015)

Հայտնի անձինք խմբագրել

Հայտնի hաքերներ խմբագրել

  • Արթուր Վիրաբյան - 2016թ-ից ArmHack-Team Հայկական կիբերանվտանգության թիմի հիմնադիր-ղեկավար։ L7 արհեստական ինտելեկտի հեղինակ, միակ հայը, ում հաջողվել է կոտրել Ինտերպոլ-ի բազաները։
  • Ռոբերտ Մորիս - 1988թ․ Մորիսի որդի հեղինակը։(Իրականում, Մորիսի որդը լաբորատոր փորձ էր, այդ պատճառով՝ նրան միայն պայմանականորեն կարելի է համարել կոտրիչ)։
  • Ադրիան Լամո - հայտնի է Yahoo-ի,  Citigroup-ի,  Bank of America-ի և Cingular-ի համակարգերը կոտրելով։
  • Ջոնաթան Ջեյմս - ամերիկացի հաքեր, ով դարձավ հաքերության համար դատապարտված առաջին մարդը։ Նրա օտարերկրացի հանցակիցը, ում մականունը «xmolnia» էր, այդպես էլ չգտնվեց։
  • Ջոն Դրայփեր - Համակարգչային աշխարհի պատմության առաջին հաքերներից։
  • Քեվին Փոուլսեն - կոտրել էր ՀԴԲ-ի (Հետաքննությունների դաշնային բյուրո) տվյալների բազան և ստացել էր մուտք գաղտնի տեղեկատվությանը՝ կապված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հետ։ Փոուլսենը երկար ժամանակ թաքնվել էր՝ փոխելով հասցեները և արտաքինը, սակայն, ի վերջո, բռնվել էր և դատապարտվել 5 տարվա ազատազրկման։ Բանտից դուրս գալուց հետո աշխատել էր որպես լրագրող, իսկ հետո՝ դարձել Wired News-ի գլխավոր խմբագիր։ Նրա ամենահայտնի հոդվածը նկարագրում է 744 մոլագարների նույնականացման գործընթացը MySpace-ի նրանց հաշիվների հիման վրա։
  • Գերի Մակկինսոն - մեղադրվում է Պենտագոնի և ՆԱՍԱ-ի 53 համակարգիչներ կոտրելու մեջ 2001-2002թթ․՝ գտնելու համար ՉԹՕ վերաբերյալ տեղեկատվություն։
  • Էդվարդ Սնոուդեն - 2013 թ․ հունիսի սկզբին Սնոուդենը The Guardian և The Washington Post թերթերին փոխանցեց Ազգային անվտանգության գործակալության գաղտնի տեղեկատվությունը՝ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից աշխարհով մեկ շատ երկրների քաղաքացիների միջև տեղեկատվական հաղորդակցություններին հետևելու վերաբերյալ։

Հայտնի հաքեր-գրողներ խմբագրել

  • Ջուլիան Ասանժ - 1997թ․ Սյուլեթ Դրեյֆուսի համահեղինակությամբ գրեց հաքերների մասին «Underground» գիրքը։
  • Կրիս Կասպերսկի - համակարգչային թեմայով հայտնի գրքերի և հոդվածների հեղինակ։
  • Կեվին Միտնիկ - ամենահայտնի համակարգիչներ կոտրողը, այժմ՝ գրող և տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետ։
  • Բրյուս Շնայեր - ամերիկացի գաղտնագրող, գրող և համակարգչային անվտանգության մասնագետ։

Հաքերական էթիկայի գաղափարախոսներ խմբագրել

  • Ռիչարդ Սթոլման - GNU նախագծի և FSF ֆոնդի հիմնադիր։
  • Էրիկ Ռեյմոնդ[5] - գրող, խմբագիր և Jargon File-ի՝ հաքերական ժարգոնի և հաքերական մշակույթի ցանցային հանրագիտարանային բառարանի պահապան։

Հայտնի հաքեր-ծրագրավորողներ խմբագրել

  • Լինուս Թորվալդս - ստեղծել է Linux անվճար օպերացիոն համակարգը, որը դարձել է Windows-ի այլընտրանք

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Իվան Սկլյարով -  Գլուխկոտրուկներ հաքերների համար․ Սանկտ Պետերբուրգ․ 2005․
  • Մակսիմ Կուզնեցով, Իգոր Միմդյանով - PHP գլուխկոտրուկներ հաքերի համար։ 2-րդ հրատարակություն․ Սանկտ Պետերբուրգ․ 2008․
  • Ջոել Սքեմբրեյ, Ստյուարտ Մակկլար - Հաքերների գաղտնիքները։ Microsoft Windows Server 2003-ի անվտանգությունը։ Պատրաստի լուծումներ = Hacking Exposed Windows® Server 2003. Մոսկվա․
  • Մայք Շիֆման - Հաքերի մարտահրավերը։ Ստուգիր քո ճկունությունը օգտագործելով 20 իրավիճակներ․ Մոսկվա․ 2002․
  • Սթիվեն Լեվի - Հաքերները՝ համակարգչային հեղափոխության հերոսները = Hackers, Heroes of the computer revolution. 2002․
  • Սկորոդումովա Օ․ Բ․ - Հաքերները // Գիտելիք, հասկացում, կարողություն․ Մոսկվա․ 2005․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.catb.org/~esr/jargon/html/H/hacker.html «Հաքերի հանրագիտարանային բառարան» (Jargon File)
  2. http://www.cnews.ru/news/top/v_ssha_uchrezhdena_medal_za_hakerskie_zaslugi ԱՄՆ-ում հաստատվել է մեդալ «Հաքերական սխրանքների համար»։ CNews.ru
  3. http://www.catb.org/~esr/faqs/hacker-howto.html Eric Steven Raymond - How To Become A Hacker
  4. http://books.rusf.ru/xussr_l/lukyas12/lukyas12.0.html Сергей Лукьяненко. Лабиринт отражений
  5. https://ru.wikipedia.org/wiki/Revolution_OS Revolution OS