Հացենի ամերիկյան

բույսերի տեսակ
Հացենի ամերիկյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բոգածաղկավորներ
Ընտանիք Ձիթազգիներ
Ցեղ Հացենի
Տեսակ Հացենի ամերիկյան
Լատիներեն անվանում
Fraxinus americana
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Հացենի ամերիկյան (լատ.՝ Fraxinus americana), ձիթազգիների ընտանիքի, հացենի ցեղի բույս։

ՆկարագրությունԽմբագրել

Խոշոր ծառեր են՝ 20-35 (երբեմն՝ 40) մ բարձրությամբ և մինչև 1 մ-ի հասնող բնի տրամագծով։ Երիտասարդ տարիքում կեղևը մոխրավուն է, հարթ, ավելի ուշ մուգ մոխրավուն է, ճաքճքված։ Սաղարթը լայն-ձվաձև է։ Ընձյուղները կապտամոխրավուն կամ դարչնագույն են, մերկ կամ թեթևակի մազմզուկապատ, սպիտակավուն ոսպնյակներով։ Բողբոջները գորշաշիկավուն են կամ բաց դարչնագույն։ Տերևները ունեն մինչև 30 սմ երկարություն, կազմված 7 (երբեմն՝ 3-9) տերևիկներից, որոնք երկարավուն ձվաձև են կամ երկարավուն էլիպսաձև, գագաթում աստիճանաբար սրված, սեպաձև կամ կլորավուն հիմքով, ամբողջաեզր կամ վերևի մասում ատամնաեզր, վերևի կողմից՝ մուգ կանաչ, երբեմն՝ դեղնականաչ, ներքևի կողմից՝ բաց կանաչավուն կամ կապտականաչավուն, մինչև 15 սմ երկարությամբ և 6 սմ լայնությամբ, բարակ կոթունավոր (0,5-1,5 սմ)։ Ծաղիկները բաժանասեռ են։ Վարսանդային ծաղիկներն ունեն մինչև 10 սմ երկարություն, առէջայինները հավաքված են կարճ փնջերում։ Սևապտուղներն ունեն 2,5-3,5 սմ երկարություն, փոսիկավոր կամ հազվադեպ՝ սուր գագաթով։ Ընկուզիկը գլանաձև է, փքված։ Ցանքից առաջ սերմերը 3-4 ամիս տևողությամբ ստրատիֆիկացիայի են ենթարկում։

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Հյուսիսային Ամերիկայում, Նոր Շոտլանդիայից և Նյու-Բրանսուիկայից մինչև Ֆլորիդա, արևմուտքում՝ հյուսիսային Քվեբեկով և Օնտարիոյով մինչև արևելյան Միննեսոտի, Նեբրասկա, Կանզաս, Օկլահոմա, հյուսիսարևմտյան Արկանզաս և Տեխաս։ Արագ է աճում, լուսասեր է, ավելի ցրտադիմացկուն, քան մյուս տեսակները, երաշտադիմացկուն է, հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Առանձնապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում ընկուզատերև այլատեսակը, որի տերևները խոշոր են, աշնանը գունավորվում են ծիրանագույն կամ դեղին։ Մեր հանրապետությունում տարածված է ամենուրեք, սակայն աննշան քանակությամբ։

Էկոլոգիական խումբը՝ XII: Մշակության հավանական շրջանները՝ 1-32[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 235։