Հարժիս

գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում

Հարժիս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տաթև համայնքում[1]։

Գյուղ
Հարժիս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Տաթև համայնք[1]
Առաջին հիշատակումմ.թ.ա. 1-ին հազարամյակ
Այլ անվանումներՅայջի
Մակերես33,86 կմ²
ԲԾՄ1730 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն879[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հարժիս (Հայաստան)##
Հարժիս (Հայաստան)
Հարժիս (Սյունիքի մարզ)##
Հարժիս (Սյունիքի մարզ)

Անուն խմբագրել

Գյուղի պաշտոնական անունը Հարժիս է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում և մինչև Խորհրդային Միության ժամանակաշրջանի կեսերը այն հայտնի է եղել Յայջի անունով[3]։ Հարժիս է վերանվանվել 1968 թվականին։

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Որոտան գետի ձախ կողմում՝ սարավանդի վրա, ծովի մակարդակից մոտ 1700-1730 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 79 կմ։

Պատմություն խմբագրել

«839 թվականին Հարժիսը հիշվում է Սյունյաց եպիսկոպոս Դավթի կալվածագրում՝ իբրև Տաթևի վանքին հարկատու գյուղ։ Հարժիսը մեծ գյուղ է եղել Եռաբլրի սարահարթում՝ Գորիսից Երևան տանող մայրուղուց 6 կմ հարավ։ Գյուղը արևելքից, հյուսիսից և արևմուտքից շրջապատված է հրաբխային բլուրներով և սարերով՝ Հալիձորի թափա(բլուր), Մեծ թափա, Կայծակի հարվածած (Կայծակ թխած), Շինուհայրի թափա, Քար թափա, Չոբան թափա, Շիշ թափա, Խութիսի թափա։ Գյուղից Որոտանի ձորը տանող միակ ճանապարհը ժայռի արևմտյան եզրով իջնող, հիմնականում ոտքով անցանելի ուղին է։ Գյուղացիներն զբաղվել են անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Ակտիվ առևտուր են արել Նախիջևան, Արցախ, Գարդման տանող՝ աղի նշանավոր ճանապարհով անցնողների հետ այդ ճանապարհին կառուցված քարավանատան (Կոտրած քարվանսարա) միջոցով։ Ճիշտ նման քարավանատուն կա նաև Վարդենյաց լեռնանցքում, բարվոք վիճակում։

Հարժիսից արևելք գտնվող ձորի (հեղհեղատի) ձախ կողմում հետագայում բնակություն են հաստատել թուրքերը, որոնք գարնան և ամռան ամիսներին իրենց ոչխարի հոտերով գալիս էին այդտեղ՝ սարահարթի առատ բուսականությունից օգտվելու, իսկ ձմռանն իջնում էին Որոտանի ձորը։ Սարահարթում նրանց ապրելու տարածքը կոչվում է Վերին Քիրդեր (Վերին Քուրդլար), իսկ Որոտանի կիրճում նրանց բնակավայրը կոչվում է Ներքին Քիրդեր (Ներքին Քուրդլար)։ Այստեղ «Քիրդեր» բառը կապ չունի «քուրդ» բառի հետ։ Այս ձորում Որոտանի վրայի կամուրջը անվանում են Քրդիկի կամուրջ, որը կառուցել է Սյունյաց Քուրդ իշխանը ութերորդ դարում։ Կամրջից քիչ հեռու Ալան թագավորի պալատի ավերակներն են, որտեղ մի կոտորած եկեղեցի կա, մեջը՝ տապանաքար՝ «Գեղեցկատիպ և ծաղկափթիթ Ալան....,1324»։

Վերին Քիրդերում ապրող թուրքերը աչք ունեին Հարժիսի վրա, բայց վախենում էին նրա քաջ գյուղապետից։ Մի օր երեկոյան նրան հրավիրում են հյուրասիրության, հարբեցնում և քնեցնում են իրենց մոտ։ Առավոտյան գյուղապետը դուրս է գալիս տնից, նայում Հարժիսի կողմը և տեսնում հրդեհված գյուղ, ծխացող տներ։ Գյուղապետը տեղում մահանում է սրտի կաթվածից։ Գյուղից փրկվում է միայն մի աղջիկ, որը հետագայում բնակություն է հաստատում Կապանի Հալիձոր գյուղում, և մի տղա երեխա, որին թուրքերը վաճառել էին Նախիջևանում և, որի հետքերով գնալով, Տաթևի վանքի մի հոգևորական գտնում և հետ է վերադարձնում։ Հոգևորականը տղային բերում է Տաթևի վանք։ Երեխայի անունը Ղուկաս էր։ Ղուկասը հասունանում է։ Վանքում մտածում են նրան կուսակրոն դարձնել, բայց նրան Նախիջևանից բերած հոգևորականը չի համաձայնում. -Սրա հայրենական գյուղը ամայի է, ավեր։ Սրանով կենդանացնենք գյուղը։ Սակայն նրան Հարժիսի տարածք՝ սարահարթ չեն տանում։ Ուղղաձիգ ժայռի ստորոտին կառուցում են եկեղեցի (Սուրբ Մինաս) և քարակոփ մի տուն (Համբու ղաբը)։ Ղուկասին ամուսնացնում են տաթևացի մի աղջկա հետ, բնակեցնում այդտեղ։ Հիմնվում է նոր գյուղ՝ Յայջի անունով։ Գյուղը չէր երևում ոչ սարահարթից, ոչ էլ Որոտան գետի ափով անցնող ճանապարհից։ Դա մի բնական թաքստոց էր՝ ժամանակի հրամայականով։ Յայջին ձևավորվել է 18-րդ դարի երկրորդ կեսին՝ մոտավորապես 1770-1780 թվականներին։ 1931 թվականի երկրաշարժից ավերվել է Յայջին՝ բարեբախտաբար առանց մարդկային զոհերի։ Սովետական կառավարության օգնությամբ գյուղացիները տեղափոխվել են սարահարթ՝ նախկին Հարժիս գյուղի տարածքը, դարձյալ Յայջի անունով, բայց արդեն անվտանգ, մինչև հորիզոնը ձգվող տարածքով։ Պլանային հատակագիծ են կազմում, կառուցում բարաքներ, որոշ թվով ընտանիքների տեղավորում, բայց առանց գոմի և մարագի։ Այդ պատճառով էլ գյուղացիների հետագա կառուցումների արդյունքում խախտվում է հատակագիծը։ 1968 թ. գյուղը վերանվանվել է Հարժիս։

Այժմ Հարժիսում կա 160 ընտանիք՝ 879 բնակչով։ Ավելի քան չորս անգամ շատ հարժիսցի ընտանիքներ կան Երևանում և այլուր։ Գյուղն ունի բուժկետ, մանկապարտեզ, 1954 թվականից՝ միջնակարգ դպրոց (մինչ այդ դպրոցը յոթնամյա էր), որի շրջանավարտներից շատերը ստացել են բարձրագույն կրթություն։ Նրանց թվում կան գիտության դոկտորներ, թեկնածուներ, արտադրության կազմակերպիչներ, առաջավոր աշխատողներ մայրաքաղաքում և այլ վայրերում» (մեջբերումը՝ Ազատ Աղաբեկյան- «Փնտրում ենք մեր արմատները։ Տոհմերի պատմություն»)։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Գյուղն ունի Սուրբ Մինաս անունով եկեղեցի։

Հարժիսը (նախկինում՝ Յայջի) Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է։ Այդ են վկայում գյուղում և շրջակայքում գտնվող քարայրերը, դամբարադաշտերը (մ.թ.ա. 1-ին հազարամյակ), գյուղատեղիները (10-18-րդ դարեր), եկեղեցիները, ամրոցը (10-18-րդ դարեր), հին կամուրջը (13-րդ դար) և բազմաթիվ խաչքարերով գերեզմանոցը։ Գյուղից հարավ գտնվում է հին գյուղատեղի և Հարժիսի եկեղեցին։

Հարժիս գյուղի մոտակայքում է գտնվում 1343 թվականին կառուցված Հարժիսի (Յայջիի) քարավանատունը, որը միջնադարյան Հայաստանի նմանատիպ նշանավոր կառույցներից է։

Բնակչություն խմբագրել

Բնակիչները հայեր են, բնիկներ, ովքեր ստիպողական գաղթից հետո վերադարձել են իրենց հայրենի գյուղ։ Կան նաև մի քանի ընտանիքներ եկած Սիսիանի ներկայումս անմարդաբնակ Մրոց գյուղից։

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ գյուղի մշտական բնակչությունը կազմել է 879, առկա բնակչությունը՝ 803 մարդ[2]։ Ստորև ներկայացված է Հարժիս գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4]

Տարի 1831 1886 1922 1931 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 79 419 848 1108 952 903 739 721 831 879[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Տաթև համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․01․2024 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ. Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 44
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 116» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 24-ին.