Հարբորդի առաքելություն
Հարբորդի առաքելություն, ամերիկյան զինվորական առաքելություն, որը Փարիզի հաշտության կոնֆերանսի 1919 թվականի մարտի 20-ի որոշմամբ ԱՄՆ-ի կառավարությունն ուղարկել է Հայաստան և Մերձավոր Արևելք։ Առաքելությունը պետք է ուսումնասիրեր Մերձավոր Արևելքի իրադրությունը՝ Հայաստանի մանդատը ստանձնելու ԱՄՆ-ի մտադրության կապակցությամբ։ Առաքելությունը, որի կազմում կար ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 2 բրիգադային գեներալ, զինվորական դատախազ ևն, գլխավորել է ամերիկյան բանակի գեներալ Ջեյմս Հարբորդը։ Նրա առաջ խնդիր է դրվել «Հետազոտել և զեկուցագիր ներկայացնել այն շրջանների քաղաքական, ռազմական, աշխարհագրական, վարչական, տնտեսական և այլ պայմանների մասին, որոնք կարող էին հետաքրքրություն ներկայացնել Ամերիկայի համար...»։ Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի կառավարությանն ու այլ գերատեսչություններին հետաքրքրել է ավելի քան 1000 հարց։
Առաքելությունն այցելել է Թուրքիա (Կիլիկիա, Դիարբեքիր, Սեբաստիայի, Խարբերդի, Էրզրումի նահանգներ), Հայաստանի Առաջին Հանրապետություն, ինչպես նաև Թիֆլիս, Բաքու, Բաթում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը դեմ չէր Հայաստանի մանդատն ԱՄՆ-ին հանձնելուն, առաքելությանը տրամադրել է բոլոր անհրաժեշտ տվյալները։ Առաքելության գործունեության արդյունքներն ամփոփվել են «Մերձավոր Արևելքի իրավիճակը» զեկուցագրում, որը ներկայացվել է ԱՄՆ-ի նախագահին 1919 թվականի հոկտեմբերին և հանձնվել է կոնգրեսին քննարկման համար 1920 թվականի ապրիլին։ Զեկուցագրում առաջ է քաշվել ԱՄՆ-ի կողմից Հայաստանի, Անդրկովկասի, Անատոլիայի, Կիլիկիայի, Կ. Պոլսի՝ նեղուցներով հանդերձ և Փոքր Ասիայի սահմանակից տարածքների «միասնական մանդատի» ստանձնման գաղափարը։ Առանց բոլոր այդ տարածքների, նշվել է զեկուցագրում, Հայաստանի մանդատի ստանձնումն անիմաստ կլիներ ԱՄՆ-ի համար, քանի որ ծախսերն իրենց չէին արդարացնի, իսկ օրենքն ու կարգապահությունը չէին ապահովվի։ «Թուրքիայի անցկացրած բոլոր բարեփոխությունների ժամանակ,- ասված էր զեկուցագրում,- չի եղել որևէ դեպք ո՛չ Եվրոպայում, ո՛չ Ասիայում, ո՛չ Աֆրիկայում, որ Թուրքիայի տիրապետությունը հանգեցրած չլիներ տվյալ երկրի ազգերի բարգավաճման կասեցմանը...»։ Առաքելությունը գտել է, որ «Հայկական հարցը չի կարող լուծվել... առանց լուծելու հետևյալ հարցերը.
- 1. Ինչպե՞ս վարվել Թուրքիայի հետ,
- 2. Ի՞նչ է մտադիր անել Ռուսաստանը։
Զեկուցագրում մատնանշվել է, որ «ռուսական Հայաստանը» կքվեարկեր մանդատը Ռուսաստանին հանձնելու օգտին, եթե «այդ տերությունը ոտքի կանգներ»։ Առաքելությունն առաջարկել է մինչև տեղական ուժեղ իշխանություն ու ժանդարմերիա ստեղծելը՝ ենթամանդատային տարածք մտցնել ամերիկյան զորքերը, որոնց թիվը հասներ 200.000 մարդու, իսկ 1919 թվականի համար՝ մոտ 2 դիվիզիա (59 հազար մարդ)։
Զեկուցագրի ընդհանուր եզրակացությունն այն էր, որ ԱՄՆ հենց այն պետությունն է, որը կարող էր ընդունել մանդատը։
Զեկուցագիրը կոնգրեսի քննարկմանն է ներկայացվել 1920 թվականի մայիսին, այն բանից հետո, երբ ԱՄՆ դե ֆակտո ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը (1920 թվականի ապրիլի 23)։ Այդ ընթացքում, սակայն, միջազգային իրադրության նշանակալի փոփոխությունը (Խորհրդային Ռուսաստանի հաղթանակը սպիտակգվարդիականների նկատմամբ, Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումը, Խորհրդային Ռուսաստանի դիրքերի ուժեղացումն Անդրկովկասում, Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցումը, հակասությունների սրումը Անտանտի տերությունների միջև՝ Մերձավոր Արևելքում ազդեցության ոլորտները բաժանելու հարցում) դրդեց ԱՄՆ-ի կոնգրեսին՝ մերժել Հայաստանի մանդատը ընդունելու պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի առաջարկը։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |