Հարավաֆրիկյան Հանրապետության Սահմանադրություն
Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրություն (աֆրիկաանս՝ Grondwet van Suid-Afrika, անգլ.՝ Constitution of South Africa), Հարավաֆրիկյան Հանրապետության բարձրագույն օրենքը։ Այն ապահովում է պետության գոյության իրավական հիմքը, սահմանում է քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև որոշում ՀԱՀ կառավարության կառուցվածքը։
Հարավաֆրիկյան Հանրապետության գործող սահմանադրությունն ընդունվել է Սահմանադիր ժողովի կողմից 1996 թվականի հոկտեմբերի 11-ին, հաստատվել է Սահմանադրական դատարանի կողմից դեկտեմբերի 4-ին, ստորագրվել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Նելսոն Մանդելայի կողմից դեկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 1997 թվականի փետրվարի 4-ին` փոխարինելով և չեղյալ համարելով ՀԱՀ 1993 թվականի ժամանակավոր սահմանադրությունը։ Սահմանադրության ընդունումից ի վեր այն 16 անգամ փոփոխվել է։
Պատմություն
խմբագրելՀարավաֆրիկյան Միությունը կազմավորվել է 1910 թվականի մայիսի 31-ին, իսկ նրա պետական կառուցվածքը սահմանվել է 1909 թվականի օրենքով, որը նախապատրաստվել էր չորս գաղութների Քեյփի, Նատալյայի, Օրանժ գետի գաղութի և Տրանսվաալայի ներկայացուցիչների կողմից և ընդունվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից։ Կատարված փոփոխությունների հետ միասին հետագայում այս օրենքը դրվեց 1961 թվականի սահմանադրության հիմքում, որը հավանության արժանացավ երկրի խորհրդարանի կողմից և ուժի մեջ մտավ 1961 թվականի մայիսի 31-ին Հարավաֆրիկյան Հանրապետության հռչակումից հետո։ Այս սահմանադրության համաձայն ՀԱՀ կառավարությունը գլխավորում էր վարչապետը, որը հաշվետու էր խորհրդարանին։ Խորհրդարանում ընտրվելու իրավունք ունեին միայն սպիտակները, փաստորեն նրանց էր պատկանում նաև ընտրական իրավունքը։
1984 թվականի սեպտեմբերի 3-ից ուժի մեջ մտավ ՀԱՀ նոր սահմանադրությունը, որը նախատեսում էր եռապալատ խորհրդարանի ստեղծում։ Պալատները ձևավորվում էին ռասսայական հիմքի վրա, նրանց իրավունքներն անհամաչափ էին։ Գլխավորը սպիտակների կողմից ընտրված պալատն էր, իսկ ասիացի և գունավոր բնակչության կողմից ընտրված պալատները ստորադաս դեր էին խաղում։ Փաստորեն աֆրիկացիները դուրս էին մնացել ՀԱՀ քաղաքական կյանքից, որոնք կազմում էին երկրի բնակչության երեք քառորդը։ Վարչապետի պաշտոնը վերացվեց և նրա գործառույթներն անցան նախագահին։
1991 թվականի հունվարին քաղաքական կուսակցությունների միջև խորհրդակցական բանակցություններ սկսվեցին դեմոկրատական բազմառասսա համակարգի ներդրման վերաբերյալ։ 1993 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում անցկացված բանակցությունների ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց երկրի պատմության ընթացքում առաջին անգամ բազմառասսա ընտրություններն անցկացնել 1994 թվականի ապրիլի 27-ին։ Այդ օրը հարավաֆրիկացիները ընտրեցին ժամանակավոր խորհրդարանի պատգամավորներ, որոնք պետք է մշակեին նոր մշտական սահմանադրություն։
Բազմառասսա դեմոկրատական պետություն ստեղծելու ժամանակավոր սահմանադրությունը հաստատվեց 1993 թվականի դեկտեմբերին և ուժի մեջ մտավ 1994 թվականի ապրիլի 27-ին։
1996 թվականի հոկտեմբերին Սահմանադրական ժողովը ընդունեց ՀԱՀ նոր սահմանադրությունը[1], որը ուժի մեջ մտավ 1997 թվականի փետրվարի 4-ին։ Սահմանադրության ամենակարևոր մասերից մեկը դարձավ «Իրավունքի օրինագիծը», որի հիմքում ընկած էր ամերիկյան համանուն փաստաթուղթը։
Կառուցվածք
խմբագրելՍահմանադրությունը բաղկացած է նախաբանից, 14 բաժիններից և 7 հավելվածներից։ Յուրաքանչյուր բաժնում և հավելվածում նկարագրվում է որոշակի թեմա։ Ստորև բերված է բաժինների և հավելվածների ցանկը թեմաներով։
Բաժիններ
խմբագրելՍահմանադրության առաջին բաժինը կոչվում է «Հիմնական դրույթներ»։ Սահմանադրությամբ ամրագրվում են հիմնական ազգային սկզբունքները, Հարավային Աֆրիկայի դրոշը և պաշտոնական լեզուները։ Երկրորդ բաժնի առաջին մասի համաձայն, սահմանադրությանը հակասող բոլոր նորմատիվային ակտերը իրավական ուժ չունեն։ Այս բաժնով սահմանվում է, որ Հարավային Աֆրիկան համարվում է ժողովրդավարական անկախ հանրապետություն, որը հիմնված է մարդու արժանապատվության, իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանության սկզբունքների վրա։
Այլ բաժիններ
խմբագրել- Բաժին 2 — Իրավունքի օրինագիծ
- Բաժին 3 — Կառավարություն
- Բաժին 4 — Խորհրդարան
- Բաժին 5 — Նախագահ
- Բաժին 6 — Գավառները
- Բաժին 7 — Տեղական ինքնավարություն
- Բաժին 8 — Դատարանները և արդարադատության իրականացումը
- Բաժին 9 — Սահմանադրական ժողովրդավարական հաստատությունների պետական աջակցություն
- Բաժին 10 — Հանրային կառավարում
- Գլուխ11 — Անվտանգության ծառայություն
- Բաժին 12 — Ավանդական առաջնորդներ
- Բաժին 13 — Ֆինանսներ
- Գլուխ 14 — Ընդհանուր դրույթներ