Հասթինգսի ճակատամարտ (անգլ.՝ Battle of Hastings,1066 թվականի հոկտեմբերի 14), ճակատամարտ թագավոր Հարոլդ Գոդվինսոնի անգլոսաքսոնական բանակի և նորմանական դուքս Վիլհելմի զորքերի միջև։ Ճակատամարտը տևել է ավելի քան տաս ժամ, ինչը բավականին հազվադեպ երևույթ էր Միջնադարում։ Հարոլդ արքայի բանակը լիակատար պարտություն է կրել. մարտի դաշտում զոհվել են մի քանի հազար անգլիացի ընտիր զինվորներ, սպանվել է ինքը՝ թագավորը, նրա երկու եղբայրները։

Հասթինգսի ճակատամարտ
Թվական1066 թվական, հոկտեմբեր 14
Մասն էԱնգլիայի նվաճումը նորմանների կողմից
ՎայրՀասթինգս, (Անգլիա)
ԱրդյունքՆորմանդացիների հաղթանակ
Հակառակորդներ
Նորմանդիայի թագավորություն Անգլիայի Անգլո-սաքսոնական թագավորություն
Հրամանատարներ
Վիլհելմ I ՆվաճողՀարոլդ Գոդվինսոն
Կողմերի ուժեր
7000—80007000—8000
Ռազմական կորուստներ
անհայտմի քանի հազար

Հասթինգսի ճակատամարտը որոշիչ իրադարձություն դարձավ նորմանների կողմից Անգլիայի նվաճման մեջ, քանի որ անգլոսաքսոնական արիստոկրատիայի շարքերում նորմանների դեմ դիմադրություն կազմակերպող առաջնորդ չմնաց։ Վիլհելմը դարձավ նոր անգլիական թագավոր, իսկ Անգլիան վերածվեց ուժեղ իշխանակենտրոն ֆեոդալական միապետության։

Աղբյուրներ խմբագրել

Հիմնական սկզբնաղբյուրները, որտեղ նկարագրվում են ճակատամարտը և դրան նախորդած իրադարձությունները, միջնադարյան տարեգիրների թողած հաղորդագրություններն։ Մինչ մեր օրերը պահպանված աղբյուրների մեծագույն մասը գրվել են Անգլիայի նորմանական նվաճումից ավելի ուշ, բայց դրանց հեղինակները օգտագործել են հինավուրց փաստաթղթեր, այդ թվում՝ այժմ արդեն չպահպանված[1]։

Անգլիայի նվաճման վերաբերյալ նորմանական տեսությունը ներկայացնում են հետևյալ ժամանակագրությունները[1]՝

  • «Երգ Հասթինգսի ճակատամարտի մասին» (լատին․՝ «Carmen de Hastingae Proelio»)[2]: Այս էպիկական պոեմը, որի հեղինակը եպիսկոպոս Գի Ամյենացին է (մահացել է 1075 թվականին)։ «Երգը» գրվել է Մաթիլդա Ֆլանդրիացու՝ Վիլհելմ Նվաճողի կնոջ համար, որի կապելլան էր Գին որոշ ժամանակ։ Այս աղբյուրի հիմնական առավելությունն այն է, որ սա ստեղծվել է ճակատամարտից մեկ ու կես տարի անց։
  • «Նորմանդայի դուքսերի գործերը» (լատին․՝ «Gesta Normannorum Ducum»)[3]: Հեղինակը վանահայր Գիլիոմ Ժյումեժսկին է։ «Գործերը», որի հեղինակը միջնադարյան տարեգիրների մեջ առաջինն էր, որ սկսեց պնդել Վիլհելմ Նվաճողի՝ անգլիական գահի համար ունեցած իրավունքի օրինականության մասին, գրվեցին-ավարտին հասցվեցին 1070 թվականին։
  • «Նորմանների դուքս և Անգլիայի թագավոր Վիլհելմի գործերը» (լատին․՝ «Gesta Willelmi, ducis Normannorum et regis Anglorum»)[3]: Հեղինակը Գիլիոմն է՝ Պուատիեից, Վիլհելմ Նվաճողի կապելլան։ «Գործերը» գրվել են 1073 կամ 1074 թվականին։ Քանի որ Գիլիոմը Վիլհելմ Նվաճողի համախոհն էր, նրա աշխատանքը ջատագովական բնույթի է՝ Վիլհելմին ոչ ձեռնտու փաստերը հնաճախ լռության մատնող կամ խեղաթյուրող։ «Գործերի» վերջին մասը չի պահպանվել։

Ճակատամարտի և դրան նախորդած իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության արժեքավոր աղբյուր է համարվում «Գոբելեն Բայեից» գոբելենը՝ հյուսված վուշե կտավից, չափսը՝ 50 սանտիմետրը 70 սանտիմետրի վրա։ Նրա վրա արտացոլված է Անգլիայի նորմանական նվաճման նախապատրաստական աշխատանքների տեսարանները և Հասթինգսի ճակատամարտը։ Այն ստեղծվել է 1077 թվականին, հավանաբար Վիլհելմ Նվաճողի համամայր եղբայր Բայեի եպիսկոպոս Օդոյի պատվերով։ «Գոբելեն Բայեից»ը արտահայտում է Անգլիայի նվաճման՝ նորմանական տեսակետը։ Գոբելենի մի հատվածը, որի վրա, հավանաբար, պատկերված են եղել Հասթինգսի ճակատամարտից հետո եղած իրադարձությունները և Վիլհելմի թագադրումը, այժմ չկան։

Անգլիայի նորմանակն նվաճման մասին մանրամասն պատմվում է 1066 թվականի, այսպես կոչված, Անգլո-սաքսոնական ժամանակագրությունների «D» ձեռագրի մեջ։ Այս աղբյուրի մեջ իր արտահայտումն է գտել 1066 թվականի նվաճման վերաբերյալ անգլո-սաքսոնական տեսակետը[1]։

Ճակատամարտի մասին պատմվում է նաև ավելի ուշ շրջանի անգլիական պատմիչների, ովքեր օգտագործել են ինչպես օրիգինալ, այնպես էլ չպահպանված փաստաթղթեր և ժամանակագրություններ, գրվածքների մեջ՝

  • «Անգլիական թագավորների պատմություն» (լատին․՝ «Gesta regum Anglorum»), անգլիացի պատմաբան Վիլիամ Մալմսբերսկու մոնումենտալ աշխատանքը։ «Պատմությունը» ավարտին է հասցվել 1125 թվականին, Վիլհելմի կառավարմանը նվիրված է երրորդ գիրքը։ Վիլիամ Մալմսբերսկին օգտագործել է ինչպես իրեն նախորդած պատմիչների գրվածքները, այնպես էլ՝պահպանված բանավոր ավանդազրույցները։
  • «Եկեղեցիական պատմություն» (լատին․՝ «Historia Ecclesiasticae»). սրա հեղինակը Օրդերիկ Վիտալին է, ով իր «Պատմությունը» ավարտել է մոտ 1140 թվականին։ Անգլիայի նորմանական նվաճումը նկարագրելիս Օրդերիկ Վիտալին վերապատմում է Գիլիոմ Ժյումեժսկու և Պուատիեի Գիլիոմի հաղորդագրությունները, այդ թվում՝ նաև մեր օրեր չհասած Պուատիեի Գիլիոմի հեղինակած «Վիլհելմի գործերի» վերջին գլուխը։
  • «Վեպ Ռոլոնի մասին» (ֆր.՝ «Roman de Rou»), Նորմանդիայի պատմության չափածո շարադրանք, որը գրվել է XII դարի 2-րդ կեսին, Ռոբերտ Վասի կողմից։ Գրվել է ֆրանսերեն լեզվով, Անգլիայի արքա Հենրիխ II-ի պատվերով։

Ճակատամարտի վերաբերյալ կան նաև ավելի ուշ շրջանի բազմաթիվ ուսումնասիրություններ։ ճակատամարտի և դրան նախորդած իրադարձությունների նկարագրություններ պարունակվում են Վիլհելմ Նվաճողի մասին կենսագրական ուսումանասիրությունների մեջ՝

  • Zamthor P. Guillaume le Conquerant.[4]
  • Douglas David C. William the Conqueror: The Norman Impact Upon England.[5]
  • M. de Boüard. Guillaume le Conquérant.[6]

Գոյություն ունեն նաև հենց ճակատամարտին նվիրված ուսումնասիրություններ՝

  • Spatz W. Die Schlacht von Hastings.[7]
  • Lemmon Ch. H. The Battle of Hastings.[8]
  • Körner Sten. The Battle of Hastings. England and Europe 1035 — 1066.[9]
  • Jäschke K. V. Wilhelm der Eroberer. Sein doppelter Herrschaftsantritt im Jahre 1066.[10]
  • Morillo S. The Battle of Hastings: Sources and Interpretations.[11]

1978 թվականից անցկացվում է ամենամյա «The Battle Conference on Anglo-Norman Studies» համաժողովը՝ նվիրված անգլիական և նորմանական միջնադարյան պատմությանն ու մշակույթին։ Մինչ 2009 թվականը համաժողովն անցկացվել է Փայկ Հաուսում՝ անմիջապես Հասթինգսի ճակատամարտի վայրում տեղակայված տանը[12]։ Այս համաժողովի հրատարակած ժողովածուների մեջ քիչ չեն ճակատամարտին և դրա նախապատրաստմանը նվիրված հոդվածները։

Նախապատմություն խմբագրել

Նախքան 1042 թվականին գահ բարձրանալը, անգլիական արքա Էդվարդ Խոստովանողը 28 տարի անցկացրել էր Նորմանդիայում, իր հորեղբայր դուքս Ռիչարդ II մոտ։ Երեխաներ չունենալով՝ Էդվարդը, ըստ երևույթին, 1051 թվականին, ի երախտագիտություն Նորմանդիայի տիրակալի կողմից իրեն տրված ապաստանի, անգլիական գահը խոստացավ մայրական կողմից իր ազգական դուքս Վիլհելմի II-ին[К 1]։ Սակայն 1066 թվականի հունվարի 6-ին, Էդվարդի մահվան հաջորդ օրը, անգլիական վիտենագեմոտը նոր արքա հռչակեց Հարոլդին՝ Էդվարդի կնոջ եղբորը։ Ըստ անգլիացի տարեգիրների՝ այդ իրողության համար հիմք էր հանդիսացել թագավորի թողած կտակը[К 2]։ Հարոլդը թագադրվեց, ստացավ եկեղեցու օրհնությունը։ Թագադրումն իրականացրեց Քենթերբերիի արքեպիսկոպոս Սթիգանդը, ով, սակայն, դեռևս պապի կողմից պաշտոնապես ճանաչված չէր։ Այս հանգամանքը լրացուցիչ հաղթաթուղթ դարձավ Հարոլդի հակառակորդների ձեռքին։

Անգլիայի նվաճմանը նախորդած իրադարձությունների նորմանական տարբերակը շարադրված է, օրինակ, Գիլիոմ դե Պուատիեի «Դուքս Վիլհելմի գործեր»-ում և տեղի ունեցածի մասին այսպես է պատմվում. 1064 թվականին Էդվարդը, զգալով իր մոտալուտ մահը, իր ամենահզոր վասալին՝ էրլ Հարոլդ Գոդվինսոնին, ուղարկում է Վիլհելմի մոտ, որպեսզի նա վերջինիս, որպես անգլիական գահի ժառանգորդի, հավատարմության երդում տա։ Սակայն ճանապարհին Հարոլդը գերեվարվում է կոմս Գի I դե Պոնտյեի կողմից, որտեղից նրան ազատագրում է Վիլհելմը։ Սրանից հետո Հարոլդը վկաների ներկայությամբ սրբերի մասունքների վրա ինքակամ երդվում է, որ ճանաչում է Վիլհելմին անգլաիական գահի ժառանգորդ և պարտավորվում է բոլոր միջոցները գործի դնել նրան աջակցելու համար։ Այս իրադարձությունները նկարագրվում են նաև նշանավոր Բայեի գոբելենի վրա։ Սակայն ավելի ուշ շրջանի անգլիական պատմաբանները խիստ կասկածում էին այս տեղեկությունների հավաստիության վրա՝ Հարոլդի՝ Վիլհելմի մոտ գերի ընկնելու հանգամանքը համարելով դժբախտ պատահար, ինչպես նաև՝ մատնացույց էին անում պայմանագրի պայմանների և Հարոլդի կողմից մեծարանքի դրսևորումների այդքան էլ հավաստի չլինելը։ Դժբախտաբար, այս իրադարձությունների ոչ մի այլ նկարագրություն հայտնի չէ։ Բայց հետագայում այդ երդմամբ արդարացվում են Վիլհելմի բոլոր գործողությունները։

Իմանալով Հարոլդի ընտրվելու մասին՝ Վիլհելմը հրաժարվեց նրան ընդունել որպես արքա և հայտարարեց անգլիական գահի հանդեպ իր սեփական հավակնությունների մասին։ Նորմանդիա կատարած այցի ժամանակ սրբերի մասունքների վրա կատարված Հարոլդի երդումը հռչակվեց Եվրոպայով մեկ, ինչպես նաև հայտարարվեց այն մասին, որ Էդվարդը իր ժառանգորդ է ճանաչել Վիլհելմին։

Անգլիայի նոր արքա Հարոլդ II-ը հայտնվում է երկու կրակի արանքում. մի կողմից՝ գահի հանդեպ Վիլհելմի հավակնությունը, մյուս կողմից՝ Նորվեգիայի թագավոր Հարալդ II Ահեղի (անգլիական գահի ևս մեկ հավակնորդի, որին աջակցում էր Հարոլդի եղբայրը՝ Տոստիգը) բանակի ներխուժումը երկիր։ Հարոլդը կարողացավ մրցակիցներից մեկին հաղթել. սեպտեմբերի 25-ին Ստամֆորդ-Բրիջի ճակատամարտում նրա անգլոսաքսոնական զորքերը գլխովին ջախջախեցին նորվեգացիներին, ընդ որում՝ Հարալդ թագավորը և Տոստիգը սպանվեցին։ Սրանից հետո Հարոլդը վերադարձավ Յորք, ուր լուր ստացավ, որ Վիլհելմ Նորմանդացին ափ է իջել Անգլիայում։

հակառակորդի ուժերն ու դիրքերը խմբագրել

Վիլհելմի բանակը խմբագրել

Զորքերի կազմակերպումը խմբագրել

 
Նորման ձիավոր ասպետ։ Վերակառուցում

Նորմանդիայում կար փոքր ասպետների հսկայական զանգված, որոնց վրա Վիլհելմից առաջ դուքսերից ոչ մեկը արդյունավետ իշխանություն չուներ և որի մարտականությունը դրսևորվեց դեպի Իտալիա կատարված արշավանքների ժամանակ, որտեղ արդեն ձևավորվել էին նորմանական Ավերսա կոմսությունը և Ապուլիա դքսությունը։ Վիլհելմը կարողացավ համախմբել և իր մոտ ծառայության վերցնել այդ ասպետներին։ Սրանից բացի, նա հրաշալի տիրապետում էր ժամանակակից պատերազմական արվեստին և գերազանց ասպետի և զորահրամանատարի համբավ ուներ, ինչը դեպի իր բանակը գրավեց մարդկային ռեսուրսներ ողջ Հյուսիսային Ֆրանսիայի ց[13]։

Ներխուժումը պլանավորելով՝ Վիլհելմը իրեն կանխապես ապահովեց դքսության բարոնների աջակցությամբ, իսկ զորահրամանատարի իր խոսքերը հարևան հյուսիսֆրանսիական իշխանություններից դեպի իր բանակը գրավեցին մեծ թվով ասպետների։ Նորմանները բերդային ամրոցներից հեծելազորային փոքր ջոկատներով ռազմական գործողությունների մեծ փորձ ունեին. այդ ամրոցները, որպես հենակետային բազաներ, արագ կառուցվում էին նվաճվելիք տարածքում՝ այստեղ հետագա վերահսկողություն ապահովելու նպատակով։ Ֆրանսիայի թագավորների և Անժուի կոմսերի միջև պատերազմները հնարավորություն տվեցին նորմաններին բարելավելու իրենց գործողությունների մարտավարությունը հակառակորդի խոշոր կազմավորումների դեմ և անմիջական համագործակցություն ստեղծելու զորքի տեսակների միջև[14]։

Նորմանական դքսին հաջողվեց ավելի քան յոթ հազարանոց խոշոր բանակ ձևավորել, որը իրենից գլխավորապես ավատատիրական ասպետական զորք էր ներկայացնում՝ ռազմա-ավատառու համակարգի հիման վրա կոմպլեկտավորված, արհեստավարժությամբ ապահովված և լավ զինված զինվորներով։ Բանակի միջուկը կազմում էր նորմանական բարձրակարգ հեծելազորը, որի կազմի մեջ մտնում էին նաև նետաձիգերը և թեթևազեն հետևակը։ Լա-Մանշով անցումը իրականացնելու համար Վիլհելմը զանգվածային նավաշինություն կազմակերպեց, որից բացի նա մի հանգով բռնազավթեց և վարձեց այնքան նավեր, որքան հնարավոր էր։

Նորմանների ներխուժումը Անգլիա աջակցում էր նաև հռոմեական Ալեքսանդր II պապը՝ ձգտելով Անգլիայում տարածել կլյունիական ռեֆորմը և պաշտոնանկ անել արքեպիսկոպոս Ստիգանդին։ Պապի օրհնությունը փոքր ասպետների՝ եվրոպական երկրներից դեպի Վիլհելմի բանակ հոսք ապահովեց. նրանք հաշվարկում էին հողային տիրույթներ ձեռք բերել Անգլիայում։

Նորմանների կազմում էին Վիլհելմի բանակի մոտ մեկ երրորդը, մնացյալ զինվորները այստեղ էին ֆրանսիական տարբեր շրջաններից՝ Մենից, Աքվիտանիայից, Ֆլանդրիայից, Բրետանից, Պիկարդիայից, Արտուայից, կային նաև վարձկաններ եվրոպական այլ պետություններից։

 
Վիլհելմ Նվաճողի նավատորմը. «Բայեի գոբելեն», XI դար

Վիլհելմի զորահրամանատարներն ու զինակիցները խմբագրել

Գլխավոր հրամանատարը ինքը՝ Վիլհելմն էր։ Սակայն տարեգիրները բավականին կցկտուր թվարկում են գործող մնացած անձանց։ Պատմաբանների հետազոտությունների, առաջին հերթին «Գոբելեն Բայեից»-ի հիման վրա, նրանց հաջողվել է թվարկել մասնակիցներին[15][16]՝

  • Օդո, Բայեի եպիսկոպոս, Վիլհելմ Նվաճողի համամայր եղբայրը։ Նա մասնակցել է նավատորմի կազմավորմանը։ Ճակատամարտից առաջ որպես եպիսկոպոս հանդես է եկել ողջերթի խոսքով
  • Ռոբերտ, Մորտենի կոմս, Վիլհելմ Նվաճողի համամայր եղբայրը, դքսի մտերիմ զինակիցներից մեկը
  • Հուգո դե Գրանմեսնիլ, նորմանական ասպետ, նորմանական հեծելազորի հրամանատարներից մեկը
  • Վիլհելմ դե Վարենն, նորմանական ասպետ, Վիլհելմ Նվաճողի խորհրդականներից մեկը
  • Գոտյե (Ուոլտեր) Ժիֆֆար, նորմանական ասպետ,Վիլհելմ Նվաճողի հարազատներից և խորհրդականներից մեկը
  • Եվստահ II, Բուլոնի կոմս։ Վիրավորվել է մարտի ժամանակ
  • Վիլհելմ, Էվրյոի կոմս, Վիլհելմ Նվաճողի ազգական-եղբայրը
  • Ռաուլ II դե Տոսնի, Վիլհելմ դ' Էվրյոի խորթ եղբայրը
  • Հուգո դե Մոնֆոր, նորմանական ասպետ
  • Հենրիխ դե Ֆերրյեր, նորմանական ասպետ
  • Վիլյամ Ֆից-Օսբերն, Վիլհելմ Նվաճողի ազգականը, Նորմանդիայի սենեշալը
  • Տուստեն Ֆից-Ռոու, Վիլհելմ Նվաճողի դրոշակակիրը
  • Ռալֆ դե Մորտիմեր, նորմանական ասպետ, Վիլհելմ Նվաճողի ազգականը
  • Էմերի IV դե Տուար, վիկոնտ
  • Ռոբերտ դե Բոմոն, նորմանական ասպետ, հրամանատարել է նորմանական զորքերի աջ ֆալանգի հրաձգային ջոկատը
  • Ալեն Շիկակարմիր, բրետոնական ասպետ, հրամանատարել է Վիլհելմ Նվաճողի բանակներից մեկը։

Ավելի ուշ նրանց մեծ մասը անգլո-սաքսոնական ազնվականներից բռնագրավված նշանակալի հողային տիրույթներ ստացան[16]։

Հարոլդի բանակը խմբագրել

Զորքերի կազմակերպումը խմբագրել

 
Անգլո-սաքսոնական հետևակ

Անգլոսաքսոնական պետության ռազմական ռեսուրսները բավականին մեծ էին, բայց՝ վատ կազմակերպված։ 1066 թվականի վերջին Հարոլդ արքային տրամադրության տակ անգամ մշտական նավատորմ չկար, կային միայն հարավ-արևելյան ափերին կանգնած մի քանի նավեր։ Թեպետ հնարավորություն կար բռնազավթման և կոմսություններից զգալի թվով նավեր հավաքելու, բայց կարճ ժամանակում խոշոր նավատորմ ստեղծելը և այն մարտական պատրաստ վիճակում պահելն անհնար էր[17]. Ցամաքային ուժերի միջուկը կազմում էին թագավորի և էրլերի հուսկերլները։ XI դարի կեսերին հաշվվում էին մոտ 3000 թագավորական հուսկերլներ, խոշոր էրլի դրուժինան բաղկացած էր 400-500 զինվորից։ Սրանցից բացի Հարոլդի տրամադրության տակ էին ռազմաուժային վերնախավի (տենի) ջոկատները և գյուղացիական աշխարհազորը՝ ֆիրդը։ Իր ողջ կազմով անգլոսաքսոնական բանակը Արևմտյան Եվրոպայի խոշորագույն բանակն էր[18]։ Անգլիայի զինված ուժերի հիմնական խնդիրները զինվորների կենտրոնացումն էր անհրաժեշտ վայրում, բանակի մարտունակությունը երկար պահելու անհնարինությունը, ամրոցների՝ որպես պաշտպանական բազային կառույցների հետամնացությունը, Եվրոպայում պատերազմավարման ժամանակակից մեթոդների թույլ իմացությունը, ինչպես նաև զորքի այնպիսի տեսակների հանդեպ անուշադրությունը, ինչպիսիք էին հեծելազորը և նետաձիգերը[19]։

Նորմանների հետ բախվելիս Հարոլդը կարող էր հույսը դնել միայն իր Ուեսեկսի կոմսության բանակի վրա, քանի որ տեների մեծ մասը հրաժարվեցին նրան աջակցելուց։ Տարեգիր Իոհան Վուստերսկին պնդում է, որ Հարոլդին հաջողվել է մոտ 8 հազար մարդ հավաքել։ Անգլիական բանակը թվային առումով համարժեք էր նորմանականին, սակայն որակապես տարբերվում էր կառուցվածքով և մարտական բնութագրով։ Այլ տարեգրություններում հանդիպում են փաստեր անգլիացիների թվական գերակշռության մասին։

Անգլոսաքսոնական բանակում հեծելազոր, որպես զորքի տեսակ, չկար, թեպետ անգլոսաքսերը արշավանքների ժամանակ տեղաշարժվում էին ձիերով, ճակատամարտերի ժամանակ նրանք իջնում էին ձիերից՝ վերածվում հետևակի։ Լավ զինված էին միայն հուսկերլները և տեները, ովքեր երկսայր սրեր, վիկինգների ռազմական կացիններ, նիզակներ և օղազրահներ ունեին, այն դեպքում, երբ աշխարհազորը զինված էր ընդամենը մահակներով, եղաններով, տապարներով և «փայտերին կապած քարերով», այսինքն՝ այն ամենով, ինչ ձեռքի տակ կար։ Անգլիացիները նորմանական բանակի ռազմական հզորության կարևորագույն մասը համարվող նետաձիգերից փաստացի չունեին։ Նորվեգացիների հետ ոչ վաղ ունեցած բախումը և ողջ երկրով մեկ սրընթաց երթը ևս խիստ հյուծել էին անգլիացիներին։

Ըստ Բայեի գոբելենի պատկերների, հակամարտող ասպետները արտաքին տեսքով փաստացի չէին տարբերվում իրարից։ Սրա մասին վկայում է նաև տարեգիրը՝ «Բոլորն ունեին տարբերանշաններ, որոնցով նրանք ճանաչում էին իրենց յուրայիններին, այնպես, որ նորմանը նորմանին և ֆրանկը ֆրանկին չէր կարող հարվածել»[20]։

Հարոլդի զորահրամանատարներն ու զինակիցները խմբագրել

Թե ովքեր են մարտնչել Հարոլդ արքայի բանակում, շատ քիչ է հայտնի։ Նրան հրաժարվեցին աջակցել էրլեր Էդվինը և Մորկարը։ Տարեգիրները հիշատակում են արքայի մի քանի ազգականների, ովքեր մասնակցել են ճակատամարտին[21]՝

  • Գիրտ, Քենթի էրլը, Հարոլդ արքայի եղբայրը, անգլաիական բանակի գլխավոր հրամանատարներից մեկը
  • Լոեֆվին, Էսսեկսի էրլը, արոլդ արքայի եղբայրը, անգլաիական բանակի գլխավոր հրամանատարներից մեկը
  • Գարկոն, Հարոլդ արքայի բարեկամը
  • Էլվիգ,Հարոլդ արքայի հորեղբայրը, Ուինչեստրի աբբահայր
  • Լեոֆրիկ, Պիտերբորոյի աբբահայր
  • Գոդրիկ, Ֆայֆելդի շերիֆ
  • Էլֆրիկ, Հանտինգդոնշիրի տան
  • Բրեմ
  • Էսեգար, Միդլսեկսի շերիֆ
  • Տուրկիլը՝ Բերքշիրից

Ճակատամարտի նախօրեին խմբագրել

Բանակի զորաշարժը ճակատամարտից առաջ խմբագրել

 
Մարտավարությունները ճակատամարտից առաջ

1066 թվականի սեպտեմբերի 27-ին Վիլհելմի բանակը նավերով ընկղմվեց Սոմմա գետի գետաբերանում, և մի քանի հազար նավերով մարտանցելով Լա-Մանշը՝ սեպտեմբերի 28-ին դուրս եկավ անգլիական ափ Պևենսի քաղաքի մոտ։ Այնուհետև այն տեղափոխվեց Հասթինգսի շրջան՝ ճահճուտներով շրջապատված Պևենսիից դեպի արևելք։ Հասթինգսում Վիլհելմի հյուսները նախապես Նորմանդիայում հատած փայտե ամրոց կառուցեցին, զինվորները ճամբար խփեցին։

Հարոլդը նորմանների՝ Յորքում, ուր գտնվում էր նորվեգացիների զորքերին հաղթելուց հետո, ափ իջնելու մասին տեղեկացավ հոկտեմբերի 3-ին կամ 4-ին, որից հետո իր բանակով անհապաղ շարժվեց դեպի հարավ և արդեն հոկտեմբերի 11-ին հասավ Լոնդոն։ Հարոլդի սրընթաց շարժը հնարավորություն չտվեց կոմսություններից անգլիական ջոկատներին միանալու թագավորի բանակին։ Երբ զորքը հոկտեմբերի 12-ին հեռանում էր Լոնդոնից, հիմնականում կազմված էր նորվեգացիների դեմ ճակատամարտից հետո մնացած զինվորներից և Լոնդոնի մերձակայքի գյուղացիական աշխարհազորից։

Հոկտեմբերի 13-ին Հարոլդի բանակը հասավ Հասթինգս։ Հավանաբար, Հարոլդին հաջողվել է անտառի ծածկը կամ գիշերվա խավարն օգտագործելով բավականին շահեկան դիրք գրավել բլրի վրա, որն այժմ Բեթլ Հիլ անվանումն ունի և որի գագաթը ծովի մակերևույթից բարձր է 85 մետր։ Սրա վրայով էր անցնում Հասթինգս գնացող ճանապարհը։ Բլրի հարավ-արևելքում բավականին կտրուկ զառիվայր է եղել։ Բլրի հյուսիսից և հարավից ճահիճ էր։

Վիլհելմի ճամբարը տեղակայված էր Հասթինգսի շրջակայքում՝ դրանից քիչ հյուսիս։ Հետախույզներից իմանալով, որ թշնամին մոտենում է՝ Վիլհելմը հոկտեմբերի 14-ին, մոտ ժամը 6-ին հարձակման անցնելու հրաման տվեց։ Բանակում գտնվող արքեպիսկոպոսները նախապես պատարագ մատուցեցին։

Զորքի դասավորությունը ճակատամարտից առաջ խմբագրել

Անգլիական բանակը դիրքավորվեց Հասթինգսից 11 կմ հյուսիս-արևմուտք գտնվող բարձունքի վրա, սակայն ռելիեֆը թույլ չտվեց զորքը մարտական կարգուկանոնով լիարժեք տեղակայել։ Նորմանները անգլիացիներից փոքր-ինչ ներքևում էին գտնվում՝ մոտավորապես բարձունքի ստորոտում՝ ծովի մակերևույթից 70 մետրի վրա։ Բանակների ռազմաճակատների միջև հեռավորությունը կազմում էր մոտ 200 մետր։

Տարեգիրների հաղորդմամբ՝ Վիլհելմը իր բանակը բաժանել էր երեք մասին։ Առաջին թևը, որը տեղակայված էր հյուսիս-արևելքում, կազմված էր ֆրանսիացիներից և ֆլամանդցիներից, հրամանատարներն էին Գիլիոմ Ֆից-Օսբերնը, Եվստահ Բուլոնացին և պատանի Ռոբերտ դե Բոմոնը։ Բանակի կենտրոնական հատվածում նորմաններն էին, որոնց գլուխ կանգնած էր հենց Վիլհելմը, նրան օգնում էին իր համամայր եղբայրները՝ կոմս Ռոբերտ դե Մորտեն և եպիսկոպոս Բայե Օդոն։ Ձախ թևը, որը տեղակայված էր հարավ-արևմուտքում, կազմում էին բրետոնացիները՝ Էդա I դե Պենտևրի որդու՝ Ալեն Շիկահերի գլխավորությամբ։ Երեք բանակներից յուրաքանչյուրի առջև Վիլհելմը կանգնեցրել էր նետաձիգերի (հիմնականում՝ վարձկան) և աղեղնաձիգերի։ Երկրորդ գծով տեղակայված էին օղազրահներով հետևակը՝ զինված գեղարդներով և տեգերով։ Երրորդ գծով կանգնած էին ասպետները։ Աղբյուրները նշում են, որ նրանց թիվը 2-2,5 հազարի էր հասնում, հետևակը՝ 4 հազարի, նետաձիգների ու աղեղնավորների թիվը՝ մոտ հազարի։ Ինքը՝ Վիլհելմը, տեղավորվել էր բլրի լանջին՝ անմիջապես իր զորքի թիկունքում։

Անգլոսաքսոնական բանակն ավանդաբար տեղակայվեց հետևյալ կերպ՝ առջևում գտնվում էին ոտավոր ծանրազեն հուսկերլները՝ զինված հսկայական կացիններով և սրերով։ Ճակատամարտից առաջ նրանք խիտ շարքով վահան կազմեցին՝ ձևավորելով, այսպես կոչված, «պաշտպանական պատ»։ Նրանց թիվը մոտ 2 հազար էր։ Նրանց ստվար շարքերի հետևում տեղակայված էր թեթևազեն հետևակը՝ թվով մոտ 6 հազար։ Անգլիացիները, ըստ էության, նետաձիգեր չունեին։

Ճակատամարտի ընթացքը խմբագրել

 
Ճակատամարտից հետո։ Տեսարան նորմանդական դիրքերից

Ըստ «Հասթինգսի ճակատամարտի մասին երգ»-ի (The Carmen de Hastingae Proelio)՝ մարտը սկսեց նորմանական գուսան-ասպետ Թայեֆերը, ով Ռոլանդի մասին մարտերգով մենամարտի կանչեց Հարոլդի զորքից մի ասպետի, սպանեց նրան և որպես հաղթանշան գլխատեց նրան։ Ավելի ուշ շրջանի՝ XII դարի տարեգիրները հաղորդում են, որ Թայեֆերը գրոհել է անգլիական շարակարգի վրա և մինչ իր հերասական մահը՝ սպանել է մի քանի ասպետների։ Ամենայն հավանականության, նորմանական հարձակումը անսպասելի է եղել անգլոսաքսերի համար։ Այդ մասին վկայում է Ֆլորենս Վուստերսկին։ Ավելի ուշ շրջանի հեղինակները հայտնում են, որ Հարոլդը հասցրել է իր դիրքերի առջև գերանապատնեշ կառուցել։

 
Նորմանդական նետաձիգ

Ընդհանուր ճակատամարտը սկսվեց նորմանական նետաձիգերի և աղեղնաձիգերի կողմից անգլիական դիրքերի գնդակոծությամբ, սակայն անգլոսաքսերը իրենց բավականին անվտանգ էին զգում պաշտպանական հոծ պատի հետևում։ Բացի դա, նետաձիգերի նպատակակետը ավելի վերևում էր գտնվում։ Նրանք սկսեցին իրենց նետերն ուղղահայաց արձակել, այդ ժամանակ «շատ անգլիացիներ վիրավորվեցին գլխից և դեմքից, կորցրեցին աչքերը, այնպես, որ ծատերը վախենում էին գլուխները բարձրացնելուց և դեմքերը բաց պահելուց»[20]։

Սակայն, ընդհանուր առմամբ, աղեղնավորների գործողությունները անարդյունավետ էին. անգլիական մարտական դիրքերը քիչ տուժեցին։ Եվ այն բանից հետո, երբ նետերի պաշարը վերջանում էր, գրոհի մեջ մտավ հետևակը։ Նետողական զենքը ևս քիչ արդյունավետ դուրս եկավ։ Այդուհանդերձ, հետևակայինները ստիպված եղան բարձրանալ լանջն ի վեր, որը թեքվում-իջնում էր դեպի հարավ-արևմուտք։ Այս ամենի հետևանքով հակառակորդին առաջինը հասան բրետոնացիները, նորմանները հետ մնացին, ինչի պատճառով բրետոնացիների ֆալանգը դարձավ անպաշտպան։ Անգլիացիները օգտվեցին այս առիթից, փորձեցին շրջափակել հակառակորդին։ Վախենալով դրանից՝ բրետոնացիները նետողական զենքի ներքո ստիպված եղան նահանջել, ընդ որում՝ նահանջը վերածվեց փախուստի։ Ֆալանգը անպաշտպան մնալու պատճառով նորմանները ևս ստիպված եղան նահանջել, իսկ նրանց հետևից՝ նաև ֆրանսիացիներն ու ֆլամանդացիները։ Ձգտելով կարգի բերել նորմաններին՝ Վիլհելմը իր մի քանի զինակիցների հետ, այդ թվում՝ Օդո Բայեցին և Եվստահ Բուլոնացին, լքեց ռազմակայանը։ Տարեգիր Գի Ամյենացու վկայությամբ ընթացքի մեջ սպանվել է Վիլհելմի նժույգը։ Դքսին վայր ընկնելիս ականատեսները գոչել են, թե Վիլհելմը սպանվեց։ Բայց դուքսը ոտքի է կանգնել և այլ նժույգ է հեծնել։ Բայեի գոբելենի վրա պատկերված է այն պահը, երբ Վիլհելմը, ժխտելով իր զոհվելու վերաբերյալ լուրը, հանում է սաղավարտը, իսկ Եվստահ Բուլոնացին ցույց է տալիս նրա դեմքը։ Այս էպիզոդի մասին հաղորդում է նաև տարեգիր Գիլիոմ Պուատիեցին։ Այս կերպ Վիլհելմին հաջողվել է կանխել հետևակի խուճապային փախուստը։

 
Նորմանդացիները հարձակվում են անգլո-սաքսոնների վրա

Հարձակման անցավ նորմանական ասպետական հեծելազորը, բայց անգլիացիների կողմից ձիերի համար կործանարար տեգերի և նետերի տարափը հուսկերլների հոծ շարքի վրա անարդյունք եղավ։ Բացի դա, ժամանակակցի մեկնաբանմամբ, մարտական կացինները (ծանր շեղբով և մինչև 105 մ երկարությամբ կոթով) մեկ հարվածով գլխատում էին թե ասպետին, թե իր ձիուն։ Գրոհող նորմանները գոչում էին՝ «Dex аїе!» (Աստված օգնական),անգլիացիները ճիչով պատասխանում էին՝ «Olicrosse!» (Սուրբ խաչ) և «Ut, ut!» (հեռու, հեռու)։ Մի քանի գրոհներ ապարդյուն եղան։ Ի վերջո, ասպետները ստիպված եղան նահանջել։

Անգլոսաքսերը նետվեցին նահանջող նորմանների հեծելազորի հետևից՝ լքելով մինչ այդ անմատչելի դիրքը։ Պատմաբանները վիճում են՝ այդ գրոհը եղել է անգլիացիների անկարգապահության դրսևորում, թե՞ գրոհի հրաման տվել է ինքը՝ Հարոլդը՝ հաղթանակ տոնելու հույս ունենալով։ Անպատրաստ հակահարձակումը քայքայեց անգլիացիների սեփական շարքերը և նրանց համար դարձավ ճակատագրական, քանի որ հետապնդող ջոկատները, լքելով բարձունքը,հակառակորդի հարվածների ներքո հայտնվեցին շրջափակման մեջ։ Տարեգիրներ Գիլիոմ Պուատիեցին և Գի Ամյենացին, և նրանց հետևելով նաև անգլիական պատմաբանների մի քանի սերունդներ, նահանջը համարում են կեղծ։ Նրանց կարծիքով Վիլհելմը փորձել է այդ կերպ թշնամուն խորամանկությամբ դիրքից դուրս բերել։ Սակայն ժամանակակից պատմաբանները այս վարկածը քիչ հավանական են համարում։ Ցանկացած դեպքում, Վիլհելմը օգտվել է իր թշնամու սխալից՝ հետ է շրջել իր ասպետներին և կոտորել է իրեն հետապնդողների մեծ մասին։

Հետագայում Վիլհելմը «կեղծ նահանջի» մարտավարությունը արդեն գիտակցաբար է կիրառել. անգլիացիների դիրքերը գրոհող նորմանական ջոկատները նահանջ են ձևացրել՝ անգլոսաքսոնական հոծ շարքերից «դուրս հանելով» զգալի թվով ստորաբաժանումներ, իսկ հետո, շրջվելով, կոտորել են նրանց։ Այդ ժամանակ Հարոլդի բանակը զրկվեց երկու գլխավոր զորահրամանատարներից՝ Հարոլդի եղբայրներ Գիրտից և Լեոֆինից։ Բայեի գոբելենի ժամանակագրության համաձայն նրանք սպանվել էին դեռ առավոտյան։

Նորմանների հետագա գրոհները թուլացրեցին անգլիացիներին, սակայն նրանց դիմադրությունը շարունակվել է։ Օրվա վերջում անգլոսաքսոնական բանակը պահպանել է մարտական իր դիրքերը և պաշտպանվել է։ Վիլիամ Մալմսբերիսկին այսպես է նկարագրում կատարվածը[22]՝

«Օրվա մեծ մասը անողոք պայքար մղվեց, և կողմերից ոչ մեկը զիջման չէր գնում։ Համոզվելով դրանում՝ Վիլհելմը ռազմաճակատից շինծու փախուստի ազդանշան տվեց:Այս խորամանկության արդյունքում անգլիացիների մարտական շարքերը խախտվեցին՝ փորձելով ոչնչացնել անկանոն նահանջող թշնամուն. դրանով նաև արագացրեցին իրենց սեփական ոչնչացումը, քանի որ նորմանները, կտրուկ շրջադարձ կատարելով, հարձակվեցին մասնատված հակառակորդի վրա և նրանց հարկադրեցին փախուստի դիմել:Այսպիսով, խորամանկորեն խաբված, նրան ընդունեցին փառահեղ մահը՝ վրեժխնդիր լինելով իրենց հայրենիքի համար։ Բայց, այնուամենայնիվ, նրանք իրենց համար էլ վրեժխնդիր եղան, դեռ մի բան էլ ավելին։ Համառորեն դիմադրելով՝ իրենց հետապնդողներից միայն սպանվածների կույտեր էին թողնում:Տիրելով բլրին՝ նրանք հովտափոսի մեջ էին նետում նորմաններին, երբ վերջիններիս, մարտական խանդավառությամբ տոգորված համառորեն ձգտում էին վերև բարձրանալ. նրանք բոլորը՝ մինչև վերջին մարդը, առանց դժվարության ոչնչացվեցին ներքև ուղղված նետերի և քարերի տարափի ներքո։»

Ճակատամարտի վճռական ելքը Հարոլդ արքայի զոհվելն էր։ Նրա մահվան շուրջ կան երկու տարբերակներ։

 
Աղեղը դիպչել է անգլիական զինվորի աչքին

Ճակատամարտի ելքը որոշել է Հարոլդ արքայի մահը։ Կան երկու վարկած նրա մահվան մասին։ Ժամանակակից պատմաբանների կողմից ավելի ճշմարտանման տարբերակը ճակատամարտից անմիջապես հետո գրված՝ Գի Ամյենսկու հեղինակած «Երգ Հասթինգսի ճակատամարտի մասին»աղբյուրի մեջ շարադրվածն է։ Ըստ դրա՝ օրվա վերջում նորամանները հասնում են Հարոլդի ռազմակայանը, որը պաշտպանում էին նրա շուրջ գտնվող հուսկերլները։ Տեսնելով, որ այնտեղ դաժանագույն մարտ է տեղի ունենում, Վիլհելմը Եվստահ Բուլոնացու, Գի դե Պոնտյեի և Գոտիե Ժիֆֆարի որդիներից մեկի ուղեկցությամբ սլացավ օգնության։ Նորմանական ասպետներից մեկի նիզակի հարվածը ծակեց Հարոլդի վահանը և խոցեց կուրծքը, մեկ այլ ասպետ գլխատեց թագավորին, երրորդը նիզակը խրեց որովայնի մեջ, իսկ չորրորդը կտրեց նրա ազդրը[23]։

Ըստ Բոդրի դե Բուրգեյի բանաստեղծության շարադրանքի (գրվել է ճակատամարտից 30 տարի անց) Հարոլդը սպանվել է աչքին հասած պատահական նետից։ Այս տարբերակը հանդիպում է նաև Վիլիամ Մալմսբերիսկու մոտ. «… ընկավ ուղեղը խոցած նետից»։ Հավանական է, որ այս տարբերակը ծագել է Բայեի գոբելենի վրա պատկերված տեսարանից, որտեղ նիզակով և սրով զինված անգլիացի հետևակ զինվորը հավանաբար փորձում է նետը դուրս բերել աչքից[24]։ Կից պատկերված է մեկ այլ զինվորի սպանող մեծ տապարով զինված նորմանական ասպետ։ Նրանցից վերև լատիներենով գրված է՝ «Այստեղ սպանվել է Հարոլդ թագավորը»։ Բոդրի դե Բուրգեյը ծանոթ է եղել Բայեի գոբելենին և, հավանաբար, այդ տեսարանը սխալմամբ մեկնաբանել է որպես Հարոլդ արքայի՝ նետից զոհվելու փաստ։

«Roman de Rou» ժամանակագրությունը միավորում է այս երկու տարբերակները։ Այստեղ հաղորդվում է, որ Հարոլդ թագավորը վիրավորվել է նետով՝ աչքից, բայց հանել է նետը և շարունակել է մարտնչել այնքան, մինչև կընկներ նորմանների հարվածների ներքո[20]։

Թագավորի մահվան լուրը արագ տարածվեց։ Մնալով առանց առաջնորդի՝ անգլոսաքսերի բանակը դիմեց փախուստի, թեպետ թագավորական դրուժինան շարունակեց կռվել արքայի դիակի շուրջմինչև վերջ։ Վիլհելմը լիակատար հաղթանակ տարավ։ Մարտի դաշտում ընկան մի քանի հազար անգլոսաքսեր։ Հարոլդի կողքին գտան նաև իր եղբայրների դիերը։ Վիլիամ Մալմսբերիսկու հաղորդմամբ՝ Հարոլդի խոշտանգված մարմինը Վիլհելմը հանձնել է նրա մորը, որ նա հուղարկավորի։

Պատմական նշանակությունը խմբագրել

 
Հուշահամալիր Հարոլդի զոհված վայրում

Հասթինգսի ճակատամարտը այն եզակի մարտերից է, որոնք արմատապես փոխել են պատմության ընթացքը։ Թեպետ ճակատամարտը փոքր առավելությամբ ավարտվել է հաղթանակով, բայց այդ հաղթանակը Վիլհելմի համար ճանապարհ է բացել դեպի Անգլիա։ Երկրում նորմանների դեմ դիմակայություն կազմակերպող առաջնորդ չէր մնացե։ Հասթինգսի ճակատամարտը շրջադարձային եղավ Անգլիայի պատմության մեջ[25]։ Կարճ դիմադրությունից հետո Լոնդոնը նվաճվեց, իսկ ողջ մնացած անգլոսաքաոնական արիստոկրատիան ճանաչեց Վիլհելմի իրավունքը անգլիական գահի նկատմամբ։

1066 թվականի դեկտեմբերի 25-ին Ուեստմինստերյան աբբայությունում տեղի ունեցավ Վիլհելմի թագադրումը որպես Անգլիայի թագավոր։ Նորմանական նվաճման արդյունքում ոչնչացվեց հին անգլոսաքսոնական պետությունը, որին փոխարինեց ուժեղ թագավորական իշխանությամբ օժտված կենտրոնացված ֆեոդալական միապետություն՝ հիմնված եվրոպական ասպետական մշակույթի և վասալ-ավատառու համակարգի վրա։ Երկրի զարգացման համար նոր խթան տրվեց, որը կարճ ժամանակում Անգլիան դարձրեց Եվրոպայի ուժեղագույն տերություններից մեկը։ Սաքսերի հողերը բռնագրավվեցին և բաժանվեցին նվաճմանը մասնակցած զինվորներին[26]։ Որոշ սաքսեր փախան Բյուզանդիա, ուր ծառայության անցան կայսրական գվարդիայում [27]։

Վիլհելմի բարոնների և ասպետների ժառանգորդները մինչ օրս անգլիական արիստոկրատիայի հենքն են։

Հասթինգսի ճակատամարտի վայրում հիմնվել է Բաթթլ աբբայությունը (անգլ.՝ Battle — «битва»),ընդ որում վանքի գլխավոր եկեղեցու զոհասեղանը գտնվում է ճիշտ Հարոլդ արքայի զոհվելու տեղում[28]։ Ավելի ուշ վանքի շրջակայքում առաջացել է փոքրիկ Բաթթլ քաղաքը։

Ճակատամարտի պատկերումը մշակույթում խմբագրել

 
Ֆրանսուա Դեբոն, «Հասթինգսի ճակատամարտ», 1066 թվական։ (1845 թվական)
Կան, Բո Արթս թանգարան
  Արտաքին տեսաֆայլեր
  Разбор битвы при Гастингсе военным историком Климом Жуковым. Интервьюер — Дмитрий Пучков
Գրականության մեջ

Հասթինգսի ճակատամարտին նվիրված են մի շարք ստեղծագործություններ՝

Երաժշտության մեջ

Իտալական փաուեր-մետալ Thy Majestie խումբը 2002 թվականին թողարկել է Hastings 1066 կոնցեպտուալ ալբոմը՝ նվիրված այս ճակատամարտին։ Ալբոմը բաղկացած է 12թրեքից։

Կինոյում

Յասթինգսի ճակատամարտին նվիրված են 2 գեղարվեստական ֆիլմեր՝

2006 թվականի հոկտեմբերից ճակատամարտի վայրում կանոնավորապես ճակատամարտի պատմական վերակառուցում է անցկացվում[31]։

Ծանոթագրություններ խմբագրել

Ծանոթագրություններ
  1. Об обещании Эдуардом престола Вильгельму известно только по свидетельствам англо-нормандских хронистов.
  2. О том, что Эдуард на смертном одре назначил своим наследником Гарольда известно, в основном, по свидетельствам хронистов, враждебных к нормандским правителям Англии.
Տողատակեր
  1. 1,0 1,1 1,2 Горелов М. М. Датское и нормандское завоевания Англии в XI веке. — СПб.: Евразия, 2007. — С. 32—43. — 176 с. — ISBN 978-5-91419-018-4
  2. The Carmen de Hastingae Proelio of Guy Bishop of Amiens / edited and translated by Frank Barlow. — Clarendon Press, 1999. — 160 p. — ISBN 9780198207580
  3. 3,0 3,1 Histoire des Normands / par Guillaume de Jumièges. Vie de Guillaume le Conquérant / par Guillaume de Poitiers / Traducteur F. Guizot. — Caen, 1826.(ֆր.)
  4. Zamthor P. Guillaume le Conquerant. — Paris: Tallandier, 1964. — 452 p.(ֆր.) Книга переиздавалась на французском в 2003 году. Существует её русскоязычное издание:
  5. Douglas David C. William the Conqueror: The Norman Impact Upon England. — London, 1964.(անգլ.) В 1967 году вышло американское издание. Существует и русскоязычное издание:
  6. M. de Boüard. Guillaume le Conquérant. — Paris: Fayard, 1984. — ISBN 2213013195(ֆր.) Существует русскоязычное издание:
  7. Spatz W. Die Schlacht von Hastings. — Berlin, 1896.(գերմ.)
  8. Lemmon Ch. H. The Battle of Hastings. — 3e edit. — St. Leonards on Sea, 1964.(անգլ.)
  9. Körner Sten. The Battle of Hastings. England and Europe 1035 — 1066. — Lund, 1964.(անգլ.)
  10. Jäschke K. V. Wilhelm der Eroberer. Sein doppelter Herrschaftsantritt im Jahre 1066. — Sigmaringen, 1977.(գերմ.)
  11. Morillo S. The Battle of Hastings: Sources and Interpretations. — Boydell Press, 1996. — 230 p. — ISBN 9780851156194(անգլ.)
  12. «The Battle Conference on Anglo-Norman Studies» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.
  13. Джуэтт С. О. Завоевание Англии норманнами. — С. 234.
  14. Девриз К. Великие сражения средних веков. 1000—1500. — М.: Эксмо, 2007. — С. 23—26.
  15. «William's Battle Force» (անգլերեն). Battle of Hastings. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  16. 16,0 16,1 «The Conqueror and His Companions» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  17. Норманн А.В.Б. Средневековый воин. — С. 104—105.
  18. Альманах «Новый Солдат» № 88. Саксы, викинги, норманны. — Артемовск: Солдат, 2002. — С. 9.
  19. Норманн А.В.Б. Средневековый воин. — С. 106—112, 115.
  20. 20,0 20,1 20,2 Роберт Вас, Roman de Rou, 1160—1170 гг.
  21. «William's Battle Force» (անգլերեն). Battle of Hastings. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  22. Вильям Мальмсберийский. История английских королей, кн.3, 242.
  23. Guy of Amiens. The Carmen de Hastingae Proelio. — London: Clarendon Press 1999.
  24. Исследователи не уверены, что воин именно вытаскивает стрелу, так как до реконструкции гобелена изображение стрелы отсутствовало, если срисовка с гобелена в XVIII веке было выполнена точно.
  25. Дуглас Д. Ч. Норманны от завоеваний к достижениям. — С. 77—79.
  26. Джуэтт С. О. Завоевание Англии норманнами. — С. 257—258.
  27. Франкопан, 2018, էջ 56
  28. «1066 Battle of Hastings, Abbey and Battlefield» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.
  29. 1329539/ 1066(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  30. 1018103/ 1066(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  31. «Битва при Гастингсе. Реконструкция сражения» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել