Բացել գլխավոր ցանկը

Հասարակածային գոտի, հասարակածային գոտու բնական զոնա՝ ցամաքի 5—8°, երբեմն մինչև 11° հյուսիսային և հարավային լայնությունների միջև։ Բնորոշվում է մշտական շոգ և խոնավ կլիմայով, ջրագրական խիտ ցանցով, փարթամ բուսականությամբ ու հարուստ կենդանական աշխարհով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 25—28 °C է, տեղումները՝ 1400— 3000 մմ, ունեն տեղատարափ բնույթ և հաճախ ուղեկցվում են ամպրոպներով ու արևադարձային փոթորիկներով։ Հարաբերական խոնավությունը 70—90% է։ Օդի հոսանքները մեծ մասամբ վերընթաց են, հողերը՝ հիմնականում լատերիտային։ Հողմահարման և հողառաջացման պրոցեսներն ինտենսիվ են և թափանցում են մեծ խորություններ։ Բուսական աշխարհը բազմազան է, մշտականաչ։ Անտառները խիտ են, բազմահարկ (մինչև 11 հարկ), որոշ բուսատեսակներ ունեն մինչև 60 մ բարձրություն։ Վեգետացիան տեղի է ունենում ամբողջ տարվա ընթացքում։ Տարածված են «հացի ծառը», կարմրածառը, արմավենիների բազմաթիվ տեսակներ, կաուչուկատուներ, լիաններ, մերձօվկիանոսյան շրջաններում մանգրովային անտառներ և այլն։ Առավել խիտ է ճահճային շրջանների բուսածածկույթը։ Հարուստ է կենդանական աշխարհը։ Տարածված են փիղը, ռնգեղջյուրը, գետաձին, գետակինճը, ջրավազաններում՝ կոկորդիլոսը և այլն։ Շատ են թռչունները, միջատները։ Հասարակածային զոնայի մեծ մասում բուսածածկույթն ու կենդանական աշխարհը պահպանվում են իրենց սկզբնական վիճակով։ Խիտ բնակեցված երկրներում մեծ տարածություններ օգտագործվում են գյուղատնտեսության նպատակներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 247 CC-BY-SA-icon-80x15.png