Ջալալ Ա (Հասան-Ջալալ[2] - 1261, Ղազվին, Իրան), Խաչենի իշխանության ամենանշանավոր տիրակալներից մեկը։ 1214 թ.-ին հաջորդել է հորը՝ Վախթանգ-Տանգիկ Բ-ին, որպես Խաչենի գահերեց իշխան։ Նրա իշխանության շրջանում նկատվել է մշակութային և տնտեսական մեծ վերելք, որը 13-րդ դարի սկզբում ընդհանուր էր հայ և վրաց ժողովուրդների համար։ Հասան-Ջալալը զգալիորեն ամրապնդել է Խաչենի իշխանությունը։ Նա իշխել է որպես Արցախի թագավոր[3] և սկիզբ է դրել Հասան-Ջալալյանների տոհմի, որի պայազատները մինչև 1827 թ իշխել են Արցախի Խաչեն գավառում։

Հասան-Ջալալ
Ջալալ Ա-ի պատկերի վերակազմություն՝ Գանձասարի խորաքանդակի հիման վրա (1238),
որի արձանագրության մեջ նա կոչվում է «բնակաւոր
ինքնակալ բարձր \և մեծ Արցախական աշխարհի»[1]
Խաչենի և Առանի իշխան
Արցախի թագավոր
Նախորդող Վախթանգ Բ Տանգիկ
Հաջորդող Աթաբեկ-Իվանե
 
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Վախճանի օր 1261
Վախճանի վայր Ղազվին, Իրան
Դինաստիա Հասան-Ջալալյաններ
Հայր Վախթանգ Տանգիկ
Մայր Խորիշահ
Զավակներ Մինախաթուն և Իվանե-Աթաբակ Ա
Հասան-Ջալալի գրաբար արձանագրությունը, Գանձասար, 1238 թ.

Հասան-Ջալալը Խաչենի իշխանական տոհմի շառավիղն էր, որը իշխել է Արցախում դեռևս 9-րդ դարից և համարվում է Առանշահիկների թագավորական տոհմի շարունակությունը։ Հասան-Ջալալի կենակիցն էր Սյունիքի իշխանադուստր Մամքանը։ Նրանց երեք դուստրերն էին. Մամախաթունը, Մինախաթունը և Ռուզուդանը, իսկ միակ զավակն էր Աթաբակ-Իվանեն, որը և գահաժառանգն էր (հաջորդել է հորը 1261 թ.-ին)։ Մոր կողմից Արցախի թագավորը ազգակից էր Զաքարյաններին, Զաքարե և Իվանե եղբայրների քեռորդին էր։

Իշխանության առաջին շրջան խմբագրել

 
Ջալալի կառուցած Գանձասար վանքը
 
Թարխան սարը Գանձասարի դիմաց, որի գագաթին գտնվում էր Իշխանաբերդը։

Հասան-Ջալալը հայտնի է եղել որպես իմաստուն, բարեպաշտ և ուսումնասեր իշխան։ Իր կառավարման սկզբնական շրջանում նա կարգավորել և ամրապնդել է իշխանության ներքին կյանքը։ Զբաղվել է նաև շինարարական գործունեությամբ։ Ամենանշանավորը Գանձասարի հռչակավոր մայր տաճարն էր, որի շինության սկիզբը դրվեց 1216 թ.-ին և ավարտվեց 1238 թ.-ին։ Վանքից հարավ՝ անտառապատ Թարխան սարի գագաթին, Հասան-Ջալալը կառուցեց Իշխանաբերդ անառիկ ամրոցը[4], իսկ Իշխանաբերդից հյուսիս, գեղատեսիլ, հսկա ժայռազանգվածի վրա Դարպասները՝ Խաչենի տոհմական ապարանքը։ Այս երեք կառույցները, նրանց միջև տարածվող բնակավայրի հետ միասին[5], ստանալով ընդհանուր «Գանձասար» անվանումը, այնուհետև դարձան Արցախ նահանգի իշխանանիստ կենտրոնը։

 
Հասան-Ջալալի խորաքանդակը Գանձասարի վանքում, 1238 թ

Հասան-Ջալալի հանձանարարությամբ և հովանավորությամբ Տեր-Իսրայել եպիսկոպոսը Գանձասարում ստեղծել է հայկական «Հայսմավուրքը»։ Շինարարական և մշակութային գործունեություն ծավալել նաև Արցախից դուրս։ Այսպես 1248 թ.-ին Հասան-Ջալալը վերականգնել է թաթարների ավերած Կեչառիսի վանական համալիրը[6]։

Մոնղոլական տիրապետություն խմբագրել

Դարասկզբի տնտեսական և մշակութային բուռն վերելքը մասամբ կասեցրեցին մոնղոլ-թաթարների արշավանքները ու ասպատակությունները։ 1236 թ.-ին մոնղոլական արյունարբու բանակի ներխուժմանն է ենթարկվում Արցախը։ Մոնղոլները սպանում ու գերում են հարթավայրում բնակվողներից շատերին, նրանց ձեռքն է ընկնում նույնիսկ անառիկ Հավքախաղաց բերդը։ Հասան-Ջալալը Իշխանաբերդում պատսպարեց շրջակա ողջ ազգաբնակչությանը։ Երբ մողոլները եկան այն պաշարելու, տեսան, որ այդ ամրությունները հնարավոր չէ գրավել և խաղաղության առաջարկություն արեցին։ Կայացավ հաշտության համաձայնություն, որով մոնղոլները ճանաչեցին Խաչենի ինքնիշխանությունը և նույնիսկ մեծացրեցին նրա սահմանները։ Հասան-Ջալալը պարտավորվեց իր բանակով նրանց հետ պատերազմի գնալ ընդդեմ սելջուկների։

Արևմտյան արշավանքներ խմբագրել

Այնուհետ Հասան-Ջալալը իր զորքով ստիպված էր մասնակցել թաթար-մոնղոլների արշավանքներին դեպի արևմուտք (Երզնկա, Սեբաստիա, Կեսարիա և այլն)։ Նրա հետ էր Վերին-Խաչենի իշխան Գրիգոր Ա-ը, ինչպես նաև այլ հայկազուն իշխաններ՝ Ավագ և Շահնշահ Զաքարյանները, Վահրամ իշխանը։ Կիրակոս Գանձակեցու վկայությամբ այս իշխանների հետ Հասան-Ջալալը և Գրիգոր Ա-ն գնեցին և ազատ արձակեցին գերի ընկած բազմաթիվ տղամարդկանց, կանանց, մանուկների ու ծերերի։ Նրանք գնում էին նաև ձեռագիր մատյաններ, որոնք չնչին գնով վաճառվում էին դրանք հափշտակած այլազգիների կողմից[7]։ Այս շրջանին է վերաբերում նաև Հասան-Ջալալի այն գործարար միջնորդությունը, որի շնորհիվ Կլիկիայի հայոց թագավոր Հեթում-ի և մոնղոլների միջև ստեղծվեց բարեկամական հարաբերություն և Կիլիկիան փրկվեց հարևան երկրներին վիճակված ավերածություններից[8]։

Ճամփորդություն Մոնղոլիա խմբագրել

 
Մամքանի խորաքանդակը Գանձասարի վանքում։
 
Հասան֊Ջալալի տապանաքարը Գանձասարի վանքում՝ «Այս է հանգիստ մեծին Ջալալին։ Աղաիթս յիշեցեք։ ԹՎ։ ՊՁ» գրությամբ։

Վերադարձից հետո Հասան-Ջալալը առերեսում է տեղական իսլամադավան իշխողների թշնամանքին, որոնց դուր չէր գալիս, որ քրիստոնյա մի իշխան պահպանել է իր երկրի ինքուրույնությունը և գլուխ չի խոնարհում իրենց առջև։ Դրությունը հատկապես ծանրանում է, երբ Մանգու մեծ խանի հրամանով Անդրկովկաս է գալիս Արղուն ոստիկանը՝ որպես անսահմանափակ իրավունքներ ունեցող վերակացու։

1255 թ.-ին Հասան-Ջալալը ճանապարհորդում է դեպի հեռավոր Մոնղոլիայի մայրաքաղաք Կարակորում՝ Մանգու խանի մոտ։ Այստեղ նա հանդիպեց նաև Սարթախ զորավարին՝ քրիստոնյա մի մոնղոլ, որին Մանգու խանը նշանակեց Ոսկե հորդայի տիրակալ։ Հասան-Ջալալը Սարթախից ստացավ պաշտոնական գրություն, որը ևս մեկ անգամ հաստատում էր Արցախի իշխանության և ինքնուրույնության իրավունքը[9]։

1261 թ.-ին նրա պատվերով ընդօրինակված մի ավետարանի հիշատակարանում Հասան-Ջալալը հիշում է իր հեռավոր ճամփորդությունը , այն վիշտը, որ պատել էր նրան, կնոջ մահվան պատճառով. «Եվ ես եկեալ գտի զպայծառ տուն իմ լի սգով, արտասուաւք անմխիթարելի. զի նա էր ամենայն զաւրաց և հեծելոց, նաև եկեղեցոյ և քահանաից սփոփիչ և մխիթարություն»[10]։

Վերադարձից ընդամենը մեկ տարի անց, վրացական մի հարձակումից հետո, Արղուն ոստիկանը ձերբակալում է Հասան-Ջալալին, Զաքարե Բ Զաքարյանին, և այլ քրիստոնյա իշխանների։ Հատկապես Հասան-Ջալալի նկատմամբ բոլոր մուսուլմանները ատելությամբ էին լցված։ Նրան անասելի խոշտանգումների են ենթարկում, ապա Ղազվին քաղաքում մահապատժի են ենթարկում՝ անդամ-անդամ հոշելով[11]։

Հասան-Ջալալի մահը ժամանակակիցների կողմից ընդունվեց որպես քրիստոնեական նահատակություն։ Նրա զավակ Աթաբեկը հավատարիմ մարդկանց ուղարկեց ու գողանալ տվեց հոր մարմինը։ Արցախի թագավորի սուրբ մասունքները ամփոփվեցին Գանձասարի վանքի գավթում։

Գրականություն խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մակար եպիսկոպոս Բարխուդարյանց, Արցախ. «Ամարաս» տպարան - Երևան 1996, էջ 111։ Այս արձանագրության մեջ Հասան-Ջալալը շեշտում է Արցախ նահանգի լիիանկախ իշխանությունը և իր՝ հայրենի երկրի բնիկ («բնակավոր») զավակ, և ոչ օտար բռնակալ լինելը։
  2. Միջնադարյան աղբյուրներում կոչվել է նաև Հասան Ջալալ Դաւլա (արդի ուղղագրությամբ՝ Հասան Ջալալ Դոլա)։ Այս անվան ծագման և նշանակությունների մասին տե՛ս Գանձասար կայքը։
  3. Баграт Улубабян. "Княжество Хачена в X-XVI веках", Издательство АН Армянской ССР, Ереван, 1975 (отрывки)
  4. Իշխանաբերդը նաև կոչվել է Խոխանաբերդ, Թարխանաբերդ։
  5. Այս բնակավայրը այժմ էլ կա, Խաչեն գետակի ձախ կողմում, և կոչվում է Վանք։ Խաչենի իշխանության ավարտից հետո (1827 թ) տեղափոխվել է փոքր-ինչ արևելք։
  6. Բագրատ Ուլուբաբյան. Եսայի կաթողիկոս Հասան-Ջալալյանցը և իր «Համառոտ պատմությունն Աղվանից»։ Երևան 1979։
  7. Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, գլուխ ԼԴ, ԼԵ։
  8. Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, գլուխ ԼԶ։
  9. Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, գլուխ ԵԹ։
  10. Մատենադարան, ձեռագիր №387, էջ 8բ, 9ա
  11. Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, գլուխ ԿԳ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 246