Հաուլի թափառող դղյակը (անիմե)

«Հաուլի թափառող դղյակը» (ճապ.՝ ハウルの動く城 Հաուրու նո Ուգոկու շիրո, Հաուլի շարժվող դղյակը), լիամետրաժ անիմե-ֆիլմ, որը թողարկել է Գիբլի ստուդիան 2004 թվականին։ Ստեղծել է ճապոնացի ռեժիսոր Հայաո Միյաձակին՝ անգլիացի գրող Դիանա Ուայնն Ջոնսի համանուն վեպի մոտիվներով։

Հաուլի թափառող դղյակը
ハウルの動く城
Հաուրու նո Ուգոկու Շիրո
Ժանրֆենթեզի ֆիլմ, ֆենթեզի անիմե և մանգա, արկածային ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, վեպի էկրանավորում, դրամա և հակապատերազմական ֆիլմ[1]
Երկիր Ճապոնիա[2]
Թվականսեպտեմբերի 5, 2004[3], օգոստոսի 25, 2005[4], նոյեմբերի 20, 2004[3], հունիսի 17, 2005[3] և 2004
Լեզուճապոներեն
ՌեժիսորՀայաո Միյաձակի
ՊրոդյուսերՏոսիո Սուձուկի
Սցենարիստ(ներ)Հայաո Միյաձակի և Դայանա Ուին Ջոնս[5]
ԴերակատարներՔրիստիան Բեյլ
ՕպերատորԱցուսի Օկուի
ԵրաժշտությունՁյո Հիսաիսի
ՄոնտաժՏակեսի Սեյամա
Տևողություն119 րոպե
ԿայքՊաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Հաուլի թափառող դղյակը» (բնօրինակ անվանում — ハウルの動く城
Հաուրու նո Ուգոկու Շիրո)

Անիմեն ներկայացվել է «Օսկարի» 78-րդ մրցանակաբաշխությունում (2006) «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում, բայց զիջել է «Ուոլիսը և Գրոմիտը։ Ճագարի անեծքը» մուլտֆիլմին։ Միյաձակիի խոսքերով Հաուլի տան նախատիպը ռուսական թռչունի ոտքերով խրճիթն է[6]։

Սյուժե խմբագրել

Սոֆին, որը տասնութ տարեկան գլխարկ պատրաստող աղջիկ է, իր կրտսեր քրոջը տեսակցության գնալու ճանապարհին հանդիպում է շատ մեծ ուժի տեր կախարդ Հաուլին։ Ամայադաշտերի Վհուկը, սիրահետելով Հաուլին, գալիս է Սոֆիի մոտ և իր կախարդանքի օգնությամբ նրան իննսունամյա ծեր տատիկ դարձնում։ Կախարդանքից ազատվելու միջոց գտնելու հույսով՝ Սոֆին ճանապարհ է ընկնում դեպի Ամայադաշտերը և հանդիպում է կախարդված կենդանի խրտվիլակի, որին նա Դդմագլուխ է անվանում, և որը նրան հասցնում է Հաուլի դղյակի մոտ։ Այստեղ նա հանդիպում է Հաուլի երիտասարդ օգնական Մարկլին, ինչպես նաև կրակի դև Կալցիֆերին, ով այդ դղյակի էներգիայի և կախարդական ուժի աղբյուրն է հանդիսանում։ Կալցիֆերը առաջարկում է Սոֆիին իր օգնությունը այն պայմանով, որ Սոֆին էլ իր հերթին կօգնի նրան ազատվել այն կախարդանքից, որը իրեն կապում է այդ դղյակին և ստիպում է տեղում մնալ։ Երբ հայտնվում է Հաուլը, Սոֆին նրան հայտնում է, որ նրան կանչել է Կալցիֆերը՝ դղյակի նոր հավաքարարուհին լինելու։

Մինչ այդ Սոֆիի երկիրը կանգնած է լինում հարևան երկրի հետ պատերազմի շեմին, ինչին նպաստում է մյուս երկրի թագաժառանգ արքայազնի անսպասելի անհետացումը։ Թագավորը հրաման է արձակում և պահանջում, որ Հաուլը ներկայանա պալատ և միանա իր զորքերին։ Սակայն Հաուլը որոշում է, որ իր փոխարեն կուղարկի Սոֆիին, ով պետք է ձևացնի, որ նա Հաուլի մայրիկն է և թագավորին պատմի, թե որքան վաղկոտ ու անպիտան է իր որդին։ Սոֆիի մեկնելուց առաջ Հաուլը նրան տալիս է կախարդական մատանի, որը կապում է նրան Կալցիֆերի հետ և ապահովում նրա անվտանգ վերադարձը։ Այնուհետև նա հայտնում է Սոֆիին, որ կհետևի նրան՝ այլ կերպարանք ստացած։ Պալատին հասնելով Սոֆին հանդիպում է աստմատիկ և հազացող Հին անունով շանը և կարծում է, որ նա կերպարանափոխված Հաուլն է։ Նա հանդիպում է նաև Ամայադաշտերի Վհուկին, ում Սալիմանը՝ թագավորի կախարդ խորհրդատուն, պատժում է և զրկում կախարդանքից՝ դարձնելով վհուկին անվնաս ծեր կին։ Սոֆին կտրականապես դեմ է արտահայտվում այդպիսի միջոցներին, վհուկի ստեղծած կախարդանքը մի պահ թուլանում է, ու Սոֆին ժամանակավորապես նորից դառնում է երիտասարդ աղջիկ՝ իր ոգեշնչված խոսքերի ուժի շնորհիվ։ Սալիմանը գլխի է ընկում Սոֆիի զգացմունքների մասին և հասկանում, թե նրա և Հաուլի միջև ինչ կապ կա։ Այնուհետև Հաուլը թագավորի կերպարանքով գալիս է Սոֆիին փրկելու։ Սալիմանը փորձում է նրան թակարդի մեջ գցել, բայց Սոֆիի օգնությամբ նրանք կարողանում են դուրս պրծնել նրա ձեռքերից՝ Հինին և Ամայադաշտերի նախկին վհուկին իրենց հետ վերցնելով։

Հիննը, Մարկլը և Դդմագլուխը Սոֆին պարզում է, որ Հաուլը պատերազմի ընթացքին խանգարելու համար անընդհատ դառնում է թռչունին նմանվող էակ, սակայն ամեն կերպարանափոխումից հետո նա ավելի մեծ դժվարությամբ է նորից մարդ դառնում։ Սոֆին վախենում է, որ Հաուլի՝ մարդու կերպարանքով մնալու ժամանակը կսպառվի և նա կլքի իրենց։ Անսպասելիորեն հայտնվում է Սոֆիի մայրիկը, ով Սալիմանի կամքով նրանց տուն է բերում մի փոքրիկ կապոց, որի մեջ դրված է լինում կախարդական "թռչկոտող որդ", որը ենթարկվում է Սալիմանի հրամաններին։ Ամայադաշտերի նախկին Վհուկը հայտնաբերում է դրան և արագ ազատվում որդից՝ նետելով Կալցիֆերի բերանը։ Սակայն Կալցիֆերը որդին կուլ տալուց ուժասպառ է լինում, և դղյակը պաշտպանող նրա կախարդանքը թուլանում է։

Մի քանի ժամ անց թշնամու օդանավերը ռմբակոծում են քաղաքը, իսկ Սալիմանի օգնականները ներխուժում են Հաուլի՝ Սոֆիի համար պատրաստած ծաղիկների խանութ։ Խանութը ռումբերից պաշտպանելուց հետո Հաուլը բուժում է Կալցիֆերին և քշում Սալիմանի օգնականներին։ Նա Սոֆիին հայտնում է, որ այլևս չի փախչելու, որովհետև այժմ ունի մի բան, որը նա պետք է պաշտպանի․ դա Սոֆին է։ Այնուհետև նա լքում է դղյակը։ Գլխի ընկնելով, որ Հաուլը փորձում է իրենց բոլորին պաշտպանել թշնամու հարձակումներից, Սոֆին բոլորին դուրս է հանում դղյակից և տանում Կալցիֆերին նրա բուխարու վրայից՝ ոչնչացնելով դղյակը։ Նա Կալցիֆերին իր մազերի մի մասն է առաջարկում, որպեսզի դևը նորից շարժման մեջ դնի քանդված դղյակի մի մասը։ Երբ նրանք շարժվում են դեպի Հաուլը, որպեսզի նրան ցույց տան, որ նրանք այլևս կապված չեն դղյակի հետ, Ամայադաշտերի նախկին Վհուկը հանկարծակի գլխի է ընկնում, որ Հաուլը Կալցիֆերին է տվել իր սիրտը նույն կերպ, ինչպես Սոֆին քիչ առաջ նրան տվեց իր մազերը։ Վհուկը վերցնում է Կալցիֆերին և հրաժարվում է նրան հետ վերադարձնել՝ չնայած նրան, որ կրակը վառում է իրեն։ Խուճապի մատնվելով՝ Սոֆին ջուր է թափում Կալցիֆերի վրա՝ զրկելով նրան իր կախարդական ուժից։ Դղյակի մնացորդը երկու մասի է կիսվում և Սոֆին ու Հինը ընկնում են անդունդը, իսկ Մարկլը, վհուկը և Կալցիֆերը շարունակում են ճանապարհը մյուս կեսի վրա։

Սոֆին, հույս դնելով Հաուլի կախարդական մատանու վրա, անցնում է դղյակի կոտրված դռան միջով և, անցնելով մթության մի շերտ, հայտնվում է Հաուլի հիշուղության մեջ ու իմանում, թե ինչպես էին հանդիպել Հաուլն ու Կալցիֆերը։ Մանուկ հասակում Հաուլը հանդիպեց ընկած և համարյա մեռնող աստղի՝ Կալցիֆերին, և, զղջալով դրան, իր սիրտը տվեց նրան։ Դա կապեց Հաուլին և Կալցիֆերին անժամկետ կապերով։Սոֆին գտնում է Հաուլին, ով արդեն համարյա թե կորցրել է իր մարդկային գիտակցությունը՝ թռչունի կերպարանափոխվելով։ Նրանք հասնում են Կալցիֆերի, Մարկլի և վհուկի մոտ, ովքեր մնացած են լինում ժայռի ծայրով քայլող մեկ փայտյա տախտակի վրա, որը դղյակից մնացած միակ մասն է։ Սոֆին վհուկին խնդրում է հետ վերադարձնել Հաուլի սիրտը։ Վհուկը սիրտը հետ է տալիս և Սոֆին այն տեղադրում է Հաուլի մեջ՝ նրան կյանք վերադարձնելով և Կալցիֆերին ազատելով։ Սակայն, քանի որ Կալցիֆերը այլևս այնտեղ չէ, տախտակը քանդվում է և սկսում է ընկնել անդունդը։ Անսպասելիորեն հայտնվում է Դդմագլուխ խրտվիլակը և փրկում նրանց՝ իր փայտյա ոտքով կանգնեցնելով ընկնող տախտակի ընթացքը։ Սոֆին շնորհակալություն հայտնելով ջերմությամբ համբուրում է Դդմագլխի թուշիկը և դրանով քանդում է նրա վրա դրված կախարդանքը։ Դդմագլուխը դառնում է մի երիտասարդ և պարզվում է, որ նա հենց այն հարևան երկրի անհետացած արքայազնն է, ում խրտվիլակ էին դարձրել և ում կարող էր փրկել միայն իսկական սիրո համբույրը։ Չնայած նրան, որ Կալցիֆերը ազատվում է, նա նորից վերադառնում է իր ընկերների մոտ։ Հինը երջանիկ ավարտի և անհետացած արքայազնի հայտնվելու մասին ուրախությամբ հայտնում է Սալիմանին, և վերջինս որոշում է վերջ տալ պատերազմին։

Վերջում Հաուլը, Սոֆին և մնացածը նոր դղյակում թռչում են երկնքով, մինչ նրանց տակով անցնող ռազմանավերը տուն են վերադառնում պատերազմից։

Կերպարներ խմբագրել

Սոֆի Հաթթեր խմբագրել

Սոֆի Հաթթեր (ճապ.՝ ソフィー・ハッタ Սոֆի Հաթթա), ֆիլմի գլխավոր հերոսուհին, աշխատասեր և համեստ տասնութամյա աղջիկ, գլխարկների խանութի վաճառողուհի։ Նա իրեն միամիտ և տգեղ «մոխրագույն մկնիկ» էր համարում։ Նրա փոքր ճարպիկ քույրը՝ Լեթթին, աշխատում էր Ցեզարում՝ քաղաքի ամենալավ հացի փուռ-սրճարանում, որտեղ գրավում էր բազմաթիվ հաճախորդների իր գրավչությամբ։

Ամեն ինչ փոխվում է, երբ Սոֆյան հանդիպում է հանելուկային կախարդ Հաուլին, որից հետո Վայրենի ամայության կախարդը անիծում է նրան և վերածում զառամյալ պառավի։ Նրա ճշգրիտ տարիքը վերադառնում է քնի ժամանակ, այդպես լինում է նաև, երբ աղջկա սիրտը լցվում է սիրով։

Սյուժեի զարգացման ընթացքում կախարդությունը թուլանում է, և Սոֆին ժամանակ առ ժամանակ դառնում է երիտասարդ։ Պատմության վերջում նորից երիտասարդ Սոֆին է՝ մազերը սպիտակած։

Հաուլի շարժվող դղյակում մնալը նրա համար բացահայտում է նոր կյանք և նոր արկածներ։ Սոֆին՝ Միյաձակիի վաղ ֆիլմերին բնորոշ բնավորություն ունի․ ոչ փայլուն գեղեցկությամբ մի աղջկա, ով ուժեղ կամք և համառ բնավորություն ունի՝ արժանապատվությամբ հաղթահարելով դժբախտությունները և անհաջողությունները։

Սեյուն Չիյեկո Բայշոն է։

Հաուլ խմբագրել

Հաուլ (ճապ.՝ ハウル Հաուրու), ֆիլմի գլխավոր հերոսը, Թափառող դղյակի առեղծվածային և գրավիչ տերը։ Հզոր կախարդ, մադամ Սալիմանի վերջին աշակերտը։ Ըստ կարծիքների` Հաուլը գերում է բոլոր գեղեցիկ աղջիկների սրտերը, բայց իրականում նա միայնակ և ամենակարող կախարդ էր, որը դիվային կրակ Կալցիֆերի հետ հանելուկային պայման է կնքել։

Երբ «տատիկ» Սոֆին հայտնվում է նրա կյանքում, առաջինը մաքրություն է մտցնում նրա դղյակում, իսկ հետո փորձում է կռվել Հաուլի՝ դևի փոխակերպվելու դեմ։ Պարզվում է, որ փոքր ժամանակ Հաուլն իր սիրտը տվել է Կալցիֆերին, այդ ժամանակից Կալցիֆերը դարձել է նրա ծառան։ Ժամանակի ընթացքում նա կիսվում է Սոֆիի հետ իր ամենաթանկ գաղտնիքներով և մտքերով, որը չէր վստահել ոչ մեկին։ Վերջիվերջո նրանք հանում են կախարդանքը և զույգ են կազմում։

Սեյուն Քիմուրա Թակույան է։

Ստեղծման պատմությունը խմբագրել

Անիմեի վրա աշխատել են հետևյալ մարդիկ․

  • Կոմպոզիտոր՝ Ջո Հիսաիշի,
  • Ռեժիսոր, սցենարիստ, կատարողական պրոդյուսեր՝ Հայաո Միյաձակի,
  • Պրոդյուսեր՝ Տոշիո Սուձուկի (ճապ.՝ 鈴木 敏夫 Սուձուկի Տոշիո),
  • Բեմադրող նկարիչներ՝
    • Յոջի Տակեշիգե (ճապ.՝ 武重 洋二),
    • Նոբորու Յոշիդա (ճապ.՝ 吉田 昇),
  • Անիմատորներ՝
    • Ակիհիկո Յամաշիտա (ճապ.՝ 山下 明彦),
    • Տաքեշի Ինամուրա (ճապ.՝ 稲村 武志),
    • Կացույա Կոնդո (ճապ.՝ 近藤 勝也),
    • Կիտարո Կոսակա (ճապ.՝ 高坂 希太郎),
  • Մոնտաժ՝ Տաքեշի Սեյամա (ճապ.՝ 瀬山 武司),
  • «Աշխարհի խոստումը» երգի տեքստը՝ Շունտարո Տանիգավա (ճապ.՝ 谷川 俊太郎)

Տարբերություններ գրքի հետ խմբագրել

Դիանա Ուայնն Ջոնսը հանդիպում է ունեցել Գիբլի ստուդիայի ներկայացուցիչների հետ, բայց ֆիլմի սցենարի և նկարահանման գործընթացի մեջ ոչ մի փոփոխություն չի մտցրել։ 2004 թվականին Միյաձակին անձամբ այցելեց նրան Անգլիայում և ցույց տվեց ավարտած ֆիլմը։ Դիանան այն մեկնաբանեց այս խոսքերով․

  Հիանալի է։ Ո՛չ, ես ոչ մի դիտողություն չունեմ։ Ես գրքեր եմ գրում, ոչ թե ֆիլմեր։ Այո, սա կտարբերվի գրքից և, փաստորեն, դրանք կլինեն երկու շատ տարբեր բաներ, և ես համարում եմ, որ այդպես էլ պետք է լինի։ Բայց այս ֆիլմը միևնույն է ֆանտաստիկ է։
- Դիանա Ուայնն Ջոնս
 

Ֆիլմը շատ է տարբերվում օրիգինալ գրքից։ Սյուժեն մնացել է նույնը, սակայն համեմվել է Միյաձակին հատուկ ոճով և հերոսներով, և մի-քանի բացակայող կամ լիովին փոփոխված գրքի մասերով։ Ֆիլմում պահպանված է գրքի գլխավոր դիպաշարը, որտեղ Սոֆին աստիճանաբար դադարում է իր մասին մտածել, որ նա անհետաքրքիր, գորշ ու տգեղ աղջիկ է, և կամաց-կամաց սկսում է ինքն իրեն ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա և վերաբերվել իրեն որպես մի գեղեցիկ կնոջ։ Սակայն ֆիլմում դեպքերը տեղի են ունենում պատերազմի ժամանակ և պատմությունը կենտրոնանում է Հաուլի՝ պատերազմում մասնակցելուց խուսափելու փորձերի վրա։ Ֆիլմում Հաուլի և Սոֆիի հարաբերությունները նույնպես տարբերվում են գրքում նկարագրվածներից։ Գրքում նրանց հարաբերությունները զարգանում են աստիճանաբար՝ բազմաթիվ բախումների և վեճերի ուղեկցությամբ, իսկ ֆիլմում այդ ասպեկտը ընդգծված չէ։

Մյուս կողմից էլ, գիրքը կենտրոնանում է Հաուլի՝ կանանց հանդեպ մեծ հակվածության վրա և նկարագրում է նրա՝ իր վրա դրած կախարդանքից ազատվելու փորձերը (հետագայում բացահայտվում է, որ նրա հետ պատահած անախորժությունները կապված են կորած կախարդի և արքայազնի ճակատագրերի հետ), ինչպես նաև այն, թե նա իչպես է փախչում հզոոր և շատ գեղեցիկ Ամայադաշտերի Վհուկից, ով պատմության գլխավոր բացասական կերպարն է, այլ ոչ թե անկարող ծեր կին, ինչպիսին նա ցուցադրված է ֆիլմում։ Գրքի վերջում Հաուլը սպանում է Վհուկին, մինչ այդ ֆիլմում նա ողջ է մնում՝ թեև շատ ծերացած և ուժերից զրկված։

Մեկ այլ շատ կարևոր տարբերությունը, որը կա գրքի և ֆիլմի միջև, կայանում է նրանում, որ օրիգինալ պատմությունում Սոֆին ինքը, նույնիսկ չնկատելով դա, ունի կախարդական ուժ, որը կայանում է անշունչ առարկաներին կյանք պարգևելու մեջ։ Այսպես, նա խոսում է առարկաների հետ, ինչպիսիք են նրա գլխարկները կամ նրա ձեռնափայտը, և որքան ավելի շատ է նա ուշադրություն հատկացնում դրանց, այդքան շուտ են առարկաները աստիճանաբար սկսում իրենց կյանքով ապրել։

Գրքի գլուխներից մեկում իրադարձությունները տեղի են ունենում 20-րդ դարի Ուելս քաղաքում, որտեղ Հաուլը հայտնի է Հոուելլ Ջենկինս անունով։ Այնտեղ ապրում է նրա քույրը՝ իր երկու երեխաների հետ միասին։ Հաուլի խճճված անցյալի այս պատկերը ցուցադրված չէ ֆիլմում, բայց փոխարենը այստեղ նրա բազմաթիվ անուններից մեկը "Հզոր Կախարդ Ջենկինս" է։

Սոֆին գրքում մեկի փոխարեն ունի երկու քույր՝ Լեթթի և Մարթա, Մարկլի անունը Մայքլ է, նա 15 տարեկան է և սիրահարված է Սոֆիի կրտսեր քրոջը՝ Մարթային (գրքում Հաուլը որոշ ժամանակ սիրահետում է մյուս քրոջը՝ Լեթթիին)։ Սալիմանը իրականում ոչ թե կին է, այլ տղամարդ՝ Բեն Սալլիվան անունով, ով Ուելսի բնակիչ է։ Գիրքը պատկերում է Սալլիվանի՝ ինքնուրույն կյանք վարող և Ամայադաշտերի Վհուկի հետ պայքար մտած ու կորած հզոր կախարդի, և Հաուլի նախկին ուսուցչուհի՝ Միսսիս Փենսթեմմոնի հակամարտությունը։ Նրանցից ոչ մեկը Սոֆիի թշնամիները չեն։ Մարթայից բացի մի քանի այլ հերոսներ նույնպես ներկա չեն ֆիլմում։

Արձագանքը խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • 2004՝ Golden Osella մրցանակը Վենետիկի կինոփառատոնում։
  • 2004՝ հանդիսատեսի մրցանակ լավագույն ֆիլմի համար Սիդջեսի Կատալոնական կինոփառատոնում (Հայաո Միյաձակի)։
  • 2005՝ Tokyo Anime Awards մրցանակ լավագույն անիմե ֆիլմի համար։
  • 2006՝ «MTV-Россия» լավագույն անիմացիոն ֆիլմի համար
  • 2006՝ «Օսկարի» նոմինացիա լավագույն անիմացիոն ֆիլմի համար (Հայաո Միյաձակի)
  • 2006՝ «Սատուրնի» նոմինացիա լավագույն անիմացիոն ֆիլմի համար
  • 2006՝ երեք անվանակարգ «Էննի» մրցանակաբաշխությունում. լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն ռեժիսուրա (Հայաո Միյաձակի), լավագույն սցենար (Հայաո Միյաձակի, Դոնալդ Հյուիթ, Սինդի Դևիս Հյուիթ)
  • 2006՝ Իտալական ազգային կինոլրագրողների սինդիկատի «Արծաթե ժապավեն» մրցանակի նոմինացիա լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (Հայաո Միյաձակի)
  • 2007՝ «Նեբուլա» մրցանակը լավագույն սցենարի համար (Հայաո Միյաձակի, Դոնալդ Հյուիթ, Սինդի Դևիս Հյուիթ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. anti-war - Tag - Anime - AniDB
  2. Movie Walker (яп.)
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. Internet Movie Database — 1990.
  5. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  6. «Հարցազրույց պրոդյուսերի հետ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաուլի թափառող դղյակը (անիմե)» հոդվածին։