Հաշվապահական հաշվեկշիռ
Հաշվապահական հաշվեկշիռը կազմակերպության տնտեսական միջոցների և դրանց գոյացման աղբյուրների արտացոլումն է որոշակի ժամկետում դրամական արտահայտությամբ։ Այն կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր կազմակերպության տնտեսական գործունեությունը հաշվառելու, կառավարելու, վերահսկելու և համապատասխան օգտագործողներին հաշվետվություն ներկայացնելու համար։
Փոփոխությունները լինում են 4 տեսակի`
1-ակտիվային փոփոխություն
2-ակտիվապասիվային փոփոխություն ավելացումով
3-ակտիվապասիվային փոփոխություն նվազեցումով
4-պասիվային փոփոխություն
Փոփոխություններն իրենց շարժով փոփոխություն են ավելացնում հաշվեկշռի կամ ակտիվային կամ պասիվային մասում կախված գործարքի տեսակից։ Ինչպիսի փոփոխության էլ ենթարկվի հաշվեկշիռը թվարկված փոփոխություններից մեկը պետք է պարտադիր լինի։
Հաշվապահական հաշվեկշիռ
խմբագրելՅուրաքանչյուր կազմակերպության հաշվետու ժամանակաշրջանի վերջում կազմում է ֆինանսական հաշվետվություն, որը կազմված է մի շարք ձևերից։ Հաշվետվության ձևերից առաջինը հաշվապահական հաշվեկշիռն է։ Ֆինանսական հաշվետվության նպատակը կազմակերպության ֆինանսական վիճակի, գործունեության արդյունքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության ներկայացնում է այդ հաշվետվությունը օգտագործողներին (բաժնետերերը, կառավարող անձնակազմը, կազմակերպության աշխատողները, պետական մարմինները և այլն), որը նրանց անհրաժեշտ է տնտեսական որոշումներ կայացնելու համար։ Ֆինանսական հաշվետվությունը բացի հաշվապահական հաշվեկշռից ընդգրկում է նաև հաշվետվության մի շարք այլ ձևեր, որոնք արտացոլում են կազմակերպության հաշվետու ժամանակաշրջանի տնտեսական գործունեության կարևոր կողմերը։ Կազմակերպության տնտեսական գործունեության գործընթացում անընդհատ փոփոխությունների են ենթարկվում նրա ակտիվները, սեփական կապիտալը և պարտավորությունները։ Այդ փոփոխությունների ընթացիկ հաշվառումը կազմակերպելու նպատակով ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների առանձին խմբերի, ենթախմբերի և տեսակների համար բացվում են առանձին հաշվապահական հաշիվներ։ Դրանք հատուկ ձևի և բովանդակության, 2 կողմից բաղկացած աղյուսակներ են, որոնց մեջ գրանցվում են մնացորդները և կատարված փոփոխությունները։ Հաշվետու ժամանակաշրջանի վերջում որոշվում է յուրաքանչյուր հաշվի մնացորդը և ստացված մնացորդներով կազմվում է հաշվեկշիռ։ Հաշվապահական հաշիվներում տնտեսական գործառնությունների հետևանքով առաջացած փոփոխությունները գրանցվում են կրկնակի գրանցման եղանակով, այսինքն՝ գործառնությոն գումարը միաժամանակ գրանցվում է 2 տարբեր հաշիվներում։ Հաշիվներում գրանցումներ կատարելու այս եղանակը յուրահատուկ է միայն հաշվապահական հաշվառմանը։ Կրկնակի գրանցման եղանակը հնարավորություն է ստեղծում ստուգելու կատարված գրանցումների ճշտությունը և ապահովում է գործառնությունների փոխադարձ կապի արտացոլումը։ Կազմակերպությունում կատարված յուրաքանչյուր գործառնության համար լրացվում է համապատասխան ձևի փաստաթուղթ։ Գործառնությունների առաջացրած փոփոխությունները հաշիվներում գրանցվում են այդ փաստաթղթերի հիման վրա։ Փաստաթղթերի կազմումը կոչվում է փաստաթղթավորում կամ սկզբնական հաշվառում։ Կազմակերպության միջոցների կազմում առաջացած որոշ փոփոխություններ հաշվառելու, դրանց առկա չափը որոշելու համար կատարվում է գույքագրում։ Գույքագրումը հատկապես կարևոր նշանակություն ունի ապրանքանյութական, գույքային և դրամական միջոցների չափը որոշելու, նյութական պատասխանատու անձանց, վստահված արժեքների պահպանումը ստուգելու համար՝ օգտվելով ընթացիկ հաշվառման տվյալներից կարելի է պատասխանել այն հարցին, թե տվյալ պատասխանատու անձի մոտ որքան արժեքներ պետք է լինեն այս կամ այն պահին, բայց թե իրականում որքան են այդ արժեքները, կարելի է պարզել միայն գույքագրման միջոցով։
Հաշվապահական հաշվեկշռի կառուցվածքը և բովանդակությունը
խմբագրելԱյս կամ այն կազմակերպությանը ծանոթանալու, այն մոտիկից ճանաչելու համար ամենից առաջ անհրաժեշտ է իմանալ, թե ինչքան և ինչպիսի ակտիվներ ունի, որոնք են այդ ակտիվների առաջացման աղբյուրները։ Նշված հարցերի պատասխանը ստանալու համար պետք է ուսումնասիրել տվյալ կազմակերպության հաշվեկշիռը։ Հաշվապահական հաշվեկշիռը արտացոլում է կազմակերպության տնտեսական միջոցները և դրանց գոյացման աղբյուրները որոշակի ժամկետում դրամական արտահայտությամբ։ Հաշվապահական հաշվեկշիռը եկկողմանի մի աղյուսակ է, որի ձախ կողմը կոչվում է ակտիվ, իսկ աջ կողմը՝ պասիվ։ Հաշվեկշռի ակտիվ կողմում արտացոլվում են տնտեսական միջոցները՝ ըստ կազմի և տեղաբաշխման։ Հաշվեկշռի ակտիվ կողմը կազմված է 2 բաժնից՝
- ոչ ընթացիկ ակտիվներ
- ընթացիկ ակտիվներ
Հաշվեկշռի պասիվ կողմն արտացոլում է կազմակերպության տնտեսական միջոցների գոյացման աղբյուրները։ Հաշվեկշռի պասիվ կողմը կազմված է 3 բաժնից.
- Սեփական կապիտալ
- Ոչ ընթացիկ պարտավորություններ
- Ընթացիկ պարտավորություններ
Հաշվեկշռի ակտիվ և պասիվ կողմերի հանրագումարը միշտ պետք է լինի իրար հավասար, այսինքն՝ այն պետք է բավարարի՝ Ակտիվը=Սեփական կապիտալ + պարտավորություն հաշվեկշռային նույնությանը։
Տնտեսական գործառնությունների հետևանքով հաշվեկշռում տեղի ունեցող փոփոխություններ
խմբագրելՏնտեսական գործառնությունների հետևանքով հաշվեկշռում տեղի ունեցող փոփոխությունները դասակարգվում են 4 խմբի՝
- Ակտիվային
- Պասիվային
- Ակտիվապասիվային ավելացում
- Ակտիվապասիվային նվազեցում
Ակտիվային կոչվում է այն փոփոխությունը, որի դեպքում փոփոխության են ենթարկվում հաշվեկշռի ակտիվ կողմում գտնվող 2 հոդվածները, ինչի դեպքում մի հոդվածում գումարն ավելանում է, իսկ մյուսում՝ նվազում՝ պահպանելով 2 կողմերի միջև հավասարակշռությունը։ Օրինակ, հաշվարկային հաշվից ստացվել և մուտքագրվել է դրամարկղ 500 հազար կանխիկ դրամ՝ աշխատավարձ վճարելու նպատակով։ Պասիվային կոչվում է այն փոփոխությունը, որի դեպքում փոփոխության են ենթարկվում հաշվեկշռի պասիվ կողմում գտնվող 2 հոդվածները՝ մի հոդվածում գումարն ավելանում է, իսկ մյուսում՝ նվազում, պահպանելով 2 կողմերի հավասարակշռությունը։ Օրինակ, շահույթի հաշվին ավելացել է կանոնադրական կապիտալը 200 հազար դրամով։ Ակտիվապասիվային կոչվում է այն փոփոխությունը, որի դեպքում փոփոխության են ենթարկվում հաշվեկշռի և ակտիվ, և պասիվ կողմերում գտնվող 2 հոդվածները միաժամանակ։, որի հետևանքով հաշվեկշռի և ակտիվ, և պասիվ կողմերի հանրագումարը ավելանում կամ նվազում է միևնույն գումարի չափով։ Օրինակ, հաշվարկային հաշվում ստացվել է բանկի երկարաժամկետ վարկ 5 միլիոն դրամ։ Օրինակ, դրամարկղից վճարվել է աշխատողների աշխատավարձը՝ 500 հազար դրամ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 239)։ |