Հանրալեզվաբանություն

Հանրալեզվաբանություն (սոցիոլինգվիստիկա), միջճյուղային գիտակարգ, որը հասարակության բոլոր ասպեկտների, այդ թվում՝ մշակութային նորմերի, համատեքստի, լեզվի օգտագործման ձևի և հասարակության՝ լեզվի վրա ունեցած ազդեցության նկարագրական ուսումնասիրությունն է։ Հանրալեզվաբանությունը զգալիորեն համընկնում է գործաբանության հետ և սերտորեն կապված է լեզվաբանական մարդաբանության հետ։

Հանրալեզվաբանության կապը մարդաբանության հետ կարող է դիտարկվել այն ուումնասիրություւններում, թե ինչպես են լեզվի տարբերակները տարբերվում սոցիալական փոփոխականներով առանձնացված խմբերում (օրինակ էթնիկ պատկանելություն, դավանանք, կարգավիճակ, սեռ, կրթական մակարդակ, տարիք և այլն)[1]։ Նմանատիպ ուսումնասիրություններով ցույց են տրվում սոցիալական կամ սոցիալ-տնտեսական դասերը։ Քանի որ լեզվի գործառումը տարբերվում է մի վայրից մեկ այլ վայրում, այն նաև տարբերվում է տարբեր սոցիալական դասերի շրջանակներում և հանրալեզվաբանությունը ուսումնասիրում է այս սոցիոլեկտները։

Լեզվի սոցիալական ասպեկտները առաջին անգամ ուսումնասիրվել են հնդիկ և ճապոնացի լեզվաբանների կողմից 1930-ականներին, ինչպես նաև Լուիս Գաուշատի կողմից Շվեյցարիայում՝ 1900-ականների սկզբին, բայց ոչ ոքի կողմից շատ ուշադրության չի արժանացել Արևմուտքում մինչև շատ ավելի ուշ շրջան։ Լեզվի՝ սոցիալական շարժառիթներով պայմանավորված փոփոխության ուսումնասիրությունը մյուս կողմից իր հիմքը ունի 19-րդ վերջի մոդելի մեջ։ Հանրալեզվաբանություն տերմինի առաջին հաստատված օգտագործումը եղել է Թոմաս Քալլան Հոդսոնի կողմից իր 1939-րդ հոդվածի վերնագրում՝ «Հանրալեզվաբանությունը Հնդկաստանում», որը տպագրվել է հենց Հնդկաստանում[2][3]։ Արևմուտքում հանրալեզվաբանությունը առաջին անգամ ի հայտ եկավ 1960-ական թվականներին և զարգացավ այնպիսի լեզվաբանների կողմից ինչպիսիք են Վիլիամ Լաբովը Միացյալ Նահանգներում և Բասիլ Բեռնշտայնը Մեծ Բրիտանիայում։ 1960-ական թվականներին Վիլիամ Ստյուարտը և Հայնց Քլոսը ներկայացրին բազմակենտրոն լեզուների հանրալեզվաբանական տեսության հիմնական հասկացությունները, որոնք նկարագրում են, թե ինչպես են լեզվի ստանդարտ տարբերակները տարբերվում ազգերի միջև (օրինակ՝ ամերիկյան,բրիտանական, կանադական անգլերեն)[4]։

Ընդհանուր ակնարկԽմբագրել

Օրինակ հանրալեզվաբանը սոցիալական վերաբերմունքի ուսումնասիրության միջոցով կարող է որոշել, որ որևէ ժողովրդական լեզու չի կարող համարվել համապատասխան լեզու մասնագիտական շրջանակներում կիրառվելու համար։ Հանրալեզվաբանները կարող են նաև ուսումնասիրել քերականությունը, հնչյունաբանությունը, բառապաշարը և սոցիելեկտի այլ ասպեկտներ, ինչպես որ բարբառագետները նույնը կուսումնասիրեն տարածաշրջանային բարբառի համար։ Լեզվի տարբերակների ուսումնասիրությունը կապված է սոցիալական սահմանափակումների հետ, որոնք և որոշում են լեզուն համատեքստի մեջ։ Լեզվական կոդի փոխարկումը տարբեր սոցիալական իրավիճակներում լեզվի տարատեսակների օգտագործմանը տրվող տերմինն է։ Հանրալեզվաբանությունը զարգացել է XX դ. 50-70-ական թվականներին։ Մինչ այդ հանրալեզվաբանության մի շարք խնդիրներով զբաղվել են սովետական լեզվաբաններ Վ. Ժիրմունսկին, Բ. Լարինը, Լ. Ցակուբինսկին, Ե. Պոլիվանովը, Պրագայի գործառական լեզվաբանության դպրոցը, ֆրանսիական սոցիոլոգիական դպրոցը։ Հանրալեզվաբանությունն առավել զարգացման է հասել ԱՄՆ-ում (Գ. Հայմս, Ջ. Գամպերց, Ու. Լաբով, Ու. Բրայթ, Չ. Ֆերգյուսոն, Մ. էրվին֊Թրիւի, Ջ. Ֆիշման, Ռ. Շայ)։ Վիլիամ Լաբովը հաճախ համարվում է որպես հանրալեզվաբանական ուսումնասիրության հիմնադիր։ Նա հատկապես նշանավորվեց լեզվական տարբերությունների քանակական վերլուծությունը ներմուծելու համար՝ դարձնելով սոցիոլոգիան գիտական առարկա[5]։

Հանրալեզվաբանական հարցազրույցԽմբագրել

Հանրալեզվաբանական հարցազրույցը հիմնարար մեթոդ է հանդիսանում հանրալեզվաբանական ուսումնասիրություններից ստացված տվյալների հավաքագրման համար, և այն թույլ է տալիս հետազոտողին հավաքել մեծ քանակությամբ խոսք ուսումնասիրվող լեզվի կամ բարբառի կրողներից։ Հարցազրույցը զարգանում է հետազոտողի և հարցմանը մասնակցողի միջև տեղի ունեցող երկար զրույցով, որտեղ հետազոտողի հիմնական նպատակն է դուրս բերել ժողովրդական խոսքի ոճը, այն հատվածը, որը կապված է ամենօրյա, սովորական զրույցի հետ։ Այս նպատակին հասնելը որոշ չափով բարդանում է դիտորդի պատճառով։ Հետազոտողը փորձում է դուրս բերել խոսքի այն ոճը, որը որ կօգտագործվեր, եթե հարցազրուցավարը ներկա չլիներ։ Երբեմն կիրառվում է նաև «միկրոֆոնի էֆեկտը», որը այս կամ այն կերպ կաշկանդում է հետազոտվող անձանց վարքը։ Այն լիովին վերանում է ձայնագրող սարքի գաղտնի կիրառման ժամանակ, երբ հարցազրույցին մասնակցող անձը անտեղյակ է դրա օգտագործման մասին, այս դեպքում ստացված տվյալները ներկայացնում են լեզվակրի բնական, անբռնազբոսիկ խոսքային վարքը։

Հիմնարար հասկացություններԽմբագրել

Չնայած սոցիալեզվաբանության ուսումնասիրությունը շատ լայն է, կան մի քանի հիմնարար հասկացություններ, որոնցից կախված են բազմաթիվ սոցիալեզվաբանական հետազոտություններ։

Խոսքի համայնքԽմբագրել

Հանրալեզվաբանության մեջ խոսքի համայնքը հասկացություն է, որը նկարագրում է մարդկանց հստակ մի խմբի, ովքեր օգտագործում են լեզուն իրենց համար յուրօրինակ և փոխընդունելի ձևով։

Խոսքի համայնքի մաս կազմելու համար յուրաքանչյուրը պետք է ունենա հաղորդակցման կարողություն։ Այսինքն ցանկացածը ունի հնարավորություն օգտագործել լեզուն այնպես, ինչպես որ տեղին է տվյալ իրավիճակում։ Հնարավոր է, որ խոսակիցը տիրապետի մեկից ավելի լեզուների[6]։

Խոսքային համայնքները կարող են լինել մասնագիտության անդամներ իրենց հատուկ ժարգոնով, տարբեր սոցիալական խմբերով։ Այս համայնքի անդամները հաճախ մշակում են ժարգոն կամ բառապաշար, որպեսզի ծառայի խմբի հատուկ նպատակներին և առաջնահերթություններին։

Պրակտիկան թույլ է տալիս հանրալեզվաբանությանը ուսումնասիրել սոցիալականացումը, իրավասությունը և ինքնության միջև կապը։ Քանի որ ինքնությունը շատ բարդ կառույց է, լեզվի սոցիալականացումը ուսումնասիրելը միջոց է առօրյա գործունեության փոխազդեցության մակարդակը ուսումնասիրելու համար։ Լեզու սովորելը մեծապես կախված է ընտանիքից, այդ գործում իր դերն ունի նաև միջավայրը՝ դպրոցը[6]։

Սոցիալական ցանցԽմբագրել

Հասարակության մեջ լեզուն հասկանալը նշանակում է, որ պետք է նաև հասկանալ սոցիալական ցանցերը, որոնց մեջ լեզուն է ներառված։ Սոցիալական ցանցը որոշակի խոսքի համայնքը նկարագրելու մեկ այլ միջոց է՝ համայնքի առանձին անդամների միջև հարաբերությունների տեսանկյունից։ Օրինակ՝ գրասենյակը կամ գործարանը կարող է համարվել խիտ համայնք, քանի որ բոլոր անդամները այս կամ այն կերպ փոխազդեցության մեջ են միմյանց հետ[7]։ Մինչդեռ հարյուր և ավելի ուսանողներով դասընթացը ավելի ազատ համայնք է, քանի որ ուսանողները կարող են շփվել միայն դասավանդողի և միգուցե մեկ կամ երկու ուսանողի հետ։

Սոցիալական ցանցը կարող է տարածվել մի երկրի կամ քաղաքի մակրո մակարդակի վրա, բայց նաև հարևանների կամ մեկ ընտանիքի միջանձնային մակարդակի վրա։ Վերջերս սոցիալական ցանցերը ձևավորվել են ինտերնետի միջոցով՝ զրուցարանների, ֆեյսբուքյան խմբերի, և առցանց ծանոթությունների ծառայությունների միջոցով։

Տարբերություններ ըստ դասիԽմբագրել

Հանրալեզվաբանությունը՝ որպես բարբառագիտությունից տարբերվող ոլորտ, ստեղծվել է քաղաքային բնակավայրերում լեզվական տատանումների ուսումնասիրության միջոցով։ Հանրալեզվաբանության հիմնարար հայտնագործություններից մեկը, որը դժվար է հերքել, այն է, որ դասը և լեզվի բազմազանությունը կապված են իրար հետ։ Բանվոր դասակարգի անդամները հակված են խոսել ավելի քիչ ստանդարտ լեզվով, մինչդեռ միջին և բարձր խավերն, իրենց հերթին, կխոսեն ստանդարտին ավելի մոտ։ Ուսումնասիրությունները, ինչպիսին որ Վիլիամ Լաբովինն էր 1960-ականներին ցույց են տվել, որ սոցիալական նկրտումները ազդում են խոսքի օրինաչափությունների վրա։ Որոշ խավի պատկանող անհատների հետ շփում հաստատելու համար, մարդիկ, ովքեր սոցիալ-տնտեսական առումով շարժվում են այդ ուղղությամբ, կարող են իրենց խոսքը նմանեցնել վերջիններիս խոսքի ձևին։

Կոդեր և երեխաների զարգացումԽմբագրել

Բերնշտայնը բացատրում է լեզվի զարգացումը ըստ երկու կոդերի՝ հաշվի առնելով դրանց հիմնովին տարբեր արժեքները։ Օրինակ՝ երեխան, որը ենթարկվում է բացառապես սահմանափակ կոդերի, սովորում է արտաբերական հաղորդակցություն բանավոր խոսակցությունների միջոցով և, հետևաբար, կարող է ունենալ ավելի քիչ բառապաշար, քան երկու կոդերի ազդեցության տակ մեծացած երեխան։ Մշակված ծածկագիրը չհասկացող երեխան կարող է դժվարություններ ունենալ պաշտոնական կրթություն ստանալու ժամանակ, որի ընթացքում ստանդարտ, հստակ բանավոր շփումն ու ըմբռնումը անհրաժեշտ են ինչպես ուսուցիչների, այնպես էլ այլ ուսանողների հետ սովորելու և արդյունավետ փոխգործակցության համար։ Սահմանափակ ծածկագրին տիրապետող երեխաներին ձեռնտու է անցնել նախադպրոցական դասընթացներ, որպեսզի ձեռք բերեն կրթական միջավայրում նպատակահարմար համարվող խոսքի ձևը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Gumperz John J., Cook-Gumperz Jenny (2008)։ «Studying language, culture, and society: Sociolinguistics or linguistic anthropology?»։ Journal of Sociolinguistics 12 (4): 532–545։ doi:10.1111/j.1467-9841.2008.00378.x 
  2. Paulston, Christine Bratt and G. Richard Tucker, eds. Sociolinguistics: The Essential Readings. Malden, Ma.: Wiley-Blackwell, 2003.
  3. T. C. Hodson and the Origins of British Socio-linguistics by John E. Joseph Archived 2009-02-10 at the Wayback Machine. Sociolinguistics Symposium 15, Newcastle-upon-Tyne, April 2004
  4. Stewart William A (1968)։ «A Sociolinguistic Typology for Describing National Multilingualism»։ in Fishman Joshua A։ Readings in the Sociology of Language։ The Hague, Paris: Mouton։ էջ 534։ ISBN 978-3-11-080537-6։ OCLC 306499։ doi:10.1515/9783110805376.531 
  5. Paolillo, John C. Analyzing Linguistic Variation: Statistical Models and Methods CSLI Press 2001, Tagliamonte, Sali Analysing Sociolinguistic Variation Cambridge, 2006
  6. 6,0 6,1 Deckert, Sharon K. and Caroline H. Vikers. (2011). An Introduction to Sociolinguistics: Society and Identity. Page 59
  7. Wardhaugh, Ronald (2006), An Introduction to Sociolinguistics, New York: Wiley-Blackwell