Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մորգենթաու (այլ կիրառումներ)

Հանս Հոակիմ Մորգենթաու (գերմ.՝ Hans Joachim Morgenthau, փետրվարի 17, 1904, Կոբուրգ, Բավարիա, Գերմանիա - հուլիսի 19, 1980, Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ[1][2][3]), ամերիկացի քաղաքագետ, պրագմատիզմի և քաղաքական ռեալիզմի հիմնադիր, արտաքին քաղաքականության հարցերի առաջատար տեսաբան։ Դասավանդել է ԱՄՆ-ի բազմաթիվ համալսարաններում, ինչպես նաև՝ Չիկագոյի հայտնի համալսարանում։ Մորգենթաուն նշանակալի ներդրում է ունեցել միջազգային հարաբերությունների տեսության և միջազգային իրավունքի ուսումնասիրության ոլորտներում։ Նրա առավել հայտնի աշխատություններից է «Քաղաքական հարաբերությունները ազգերի միջև» գիրքը, որը հրատարակվել է 1948 թվականին։ Այս գրքում նա պնդում էր, որ քաղաքականությունը ղեկավարվում է բնության հստակ, անփոփոխ օրենքներով, և պետություններն, առաջնորդվելով այդ օրենքներով, կարող են իրականացնել բանական և օբյեկտիվորեն ճիշտ գործողություններ[3]։

Հանս Մորգենթաու
Hans Morgenthau
Ծնվել էփետրվարի 17, 1904
ԾննդավայրԿոբուրգ, Բավարիա, Գերմանիա
Մահացել էհուլիսի 19, 1980
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ
ՔաղաքացիությունԳերմանիա Գերմանիա,
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունհրեա, գերմանացի
ԿրթությունԺնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտ և Gymnasium Casimirianum Coburg?
Երկեր«Քաղաքական հարաբերությունները ազգերի միջև»
Մասնագիտությունքաղաքագետ, միջազգայնագետ
ԱշխատավայրՉիկագոյի համալսարան, Նյու Յորքի քաղաքային համալսարան և Ժնևի համալսարան
ԱմուսինԻրմա Մորգենթաու (Տորման)
Պարգևներ և
մրցանակներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներՄեթյու Մորգենթաու, Սյուզաննա Մորգենթաու

Մորգենթաուն հիմնականում գրում էր միջազգային քաղաքականության և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մասին և թղթակցում էր իր դարաշրջանի առաջատար մտավորականներից և գրողներից շատերի հետ, ինչպիսիք են Ռեյնհոլդ Նիբուրը[4], Ջորջ Ֆ․ Քենանը[5], Կարլ Շմիդտը[6] և Հանա Արենդտը[7][8]։ Նա Սառը պատերազմի սկզբնական շրջանում՝ Քենեդու և Ջոնսոնի կառավարության ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտում խորհրդական էր։ Մորգենթաուն, սակայն Ջոնսոնի կառավարության ժամանակ սկսեց քննադատել Վիետնամի պատերազմում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը, ինչի պատճառով պաշտոնից հեռացվեց[9]։

Կենսագրություն խմբագրել

Հանս Մորգենթաուն ծնվել է 1904 թվականի փետրվարի 17-ին՝ Գերմանիայի Կոբուրգ քաղաքի աշկենազների հրեական ընտանիքում։ Կրթությունը ստացել է Ֆրանկֆուրտի և Մյունխենի համալսարաններում, ինչպես նաև հետագայում Մյունխենի համալսարանում իրավագիտություն է դասավանդել։ 1923 թվականին Մորգենթաուն առաջին անգամ լրացուցիչ դասընթացների է հաճախել Ֆրանկֆուրտի համալսարանում, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Մյունխենի համալսարան, 1932-1935 թվականներին Ժնևի համալսարանում ուսումնասիրել է հանրային իրավունք, իսկ 1935-1936 թվականներին սովորել է Մադրիդում։ 1937 թվականին Մորգենթաուն, փախչելով նացիստներից, բնակություն է հաստատել ԱՄՆ-ում[3]։ Նացիստական Գերմանիայում ապրած տարիները իրենց ազդեցությունն են թողել միջազգային հարաբերությունների տեսության ոլորտում ունեցած նրա հետագա աշխատանքների վրա, որոնց մեջ նա կրքոտ կերպով պաշտպանում էր քաղաքականության գիտական մոտեցումը, հակառակ նացիստական քաղաքականության տեսությանը, որը հագեցած էր ազգայնականությամբ և այլատյացությամբ։

ԱՄՆ տեղափոխվելուց հետո Մորգենթաուն դասավանդել է Բրուքլինի (1937-1939), Կանզաս Սիթիի (1939-1943) համալսարաններում, 1943-1971 թվականներին Չիկագոյի համալսարանում դասավանդել է միջազգային քաղաքականություն, իսկ 1975 թվականից միչև իր մահը դասախոսել է Սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում[10]։ 1944-1961 թվականներին գլխավորել է Չիկագոյի Ամերիկյան արտաքին և ռազմական քաղաքականության ուսումնասիրման կենտրոնը, բազմիցս հանդես է եկել որպես ԱՄՆ կառավարության արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական[10]։

Մորգենթաուն ամուսնացել է Իրմա Մորգենթաուի (Տորմանի) հետ։ Նրանց որդին՝ Մեթյուն, ծնվել է 1942 թվականին, երբ Մորգենթաուն 38 տարեկան էր։ 1944 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Սյուզաննան[10]։

1979 թվականի հոկտեմբերի 7-ին Swissair DC-8 ինքնաթիռը, փորձելով վայրէջք կատարել Աթենքի Էլլինիկոն միջազգային օդանավակայանում, վթարի ենթարկվեց։ Նախատեսված դեպի Մումբայ և Պեկին թռիչքի 154 ուղևորներից և անձնակազմից 14-ը զոհվեցին։ Փրկված ուղևորների թվում էր նաև Հանս Մորգենթաուն[11]։

Հանս Մորգենթաուն մահացել է ստամոքսի խոցից, Նյու Յորքի Լենոքս Հիլ հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո՝ 1980 թվականի հուլիսի 19-ին[12]։ Նա թաղվել է Մոնտեֆիոր գերեզմանատանը[13]։

Գիտական գործունեություն խմբագրել

Գիտական գործունեությունը Եվրոպայում խմբագրել

1920-ականնների վերջին Մորգենթաուն Գերմանիայում ավարտեց իր դոկտորական ատենախոսությունը, որը 1929 թվականին որպես գիրք հրատարակվեց․ «Արդարադատության միջազգային վարչակազմը, դրա էությունը և սահմանները»[14], որի մասին Կարլ Շմիդտը, ով այդ ժամանակ դասավանդում էր Բեռլինի համալսարանում, գրախոսություն գրեց։ Կյանքի վերջում գրված ինքնակենսագրական ակնարկում Մորգենթաուն նշում է, որ Բեռլին կատարած այցի ժամանակ, չնայած՝ Շմիդտի հետ հանդիպմանը անհամբերությամբ սպասելուն, վերջինիս հետ ունեցած հանդիպումը շատ վատ անցավ, և Մորգենթաուն հեռացավ՝ մտածելով, որ ինքը հանդիպել է «սատանային»։

Հաբիլիտացիոն դիսերտացիան (համալսարաններում դասավանդելու համար), որը հետագայում հրատարակվել է ֆրանսերեն, ավարտելու նպատակով Մորգենթաուն տեղափոխվեց Ժնև։ Իրավաբան, պրոֆեսոր Հանս Կելզենը, ով Ժնև նոր էր ժամանել, դառնում է Մորգենթաուի դիսերտացիայի խորհրդականը։ Վերջինս Կարլ Շմիդտի գլխավոր քննադատներից էր։ Հետագայում Կելզենը և Մորգենթաուն տեղափոխվեցին են ԱՄՆ։

1933 թվականին Մորգենթաուն հրատարակեց ֆրանսերեն երկրորդ գիրքը՝«La notion du politique»(«Քաղաքական» հասկացությունը), որը անգլերեն է թարգմանվել միայն 2012 թվականին[15]։ Այս գրքում Մորգենթուն փորձում էր ներկայացնել ազգերի միջև տեղի ունեցող իրավական վեճերի, դատակն գործերի և քաղաքական վեճերի միջև եղած տարբերությունը։ Հետազոտության մեջ առկա են հետևյալ հարցերը. ո՞վ իրավասություն ունի վիճարկվող օբյեկտների կամ խնդիրների նկատմամբ, ինչպե՞ս կարող է փոխվել կամ պատասխանատվության ենթարկվել այդ իրավասության իրավատերը, ինչպե՞ս կարող է լուծվել վեճը, որի օբյեկտը իրավական ուժի հետ է կապված և ինչպե՞ս է պաշտպանվելու իրավական ուժի սեփականատերը այդ լիազորությունն իրականացնելիս։ Ըստ Մորգենթաուի՝ այս համատեքստում ցանկացած իրավական համակարգի վերջնական նպատակը «արդարության և խաղաղության» ապահովումն է։

1920-ական և 1930-ական թվականներին Մորգենթաուն «ֆունկցիոնալ իրավագիտության» մեջ միջազգային օրենքին ռեալիստական այլընտրանք էր որոնում։ Նա 1940 թվականին սահմանեց իրավական ֆունկցիոնալիզմի հետազոտական ծրագիր «Պոզիտիվիզմ, ֆունկցիոնալիզմ և միջազգային իրավունք» հոդվածում[16]։

Գիտական գործունեությունն ԱՄՆ-ում խմբագրել

Մորգենթաուն հիմնականում ուշադրությունը կենտրոնացնում էր ռեալիզմի տեսության հիմունքների զարգացման վրա, որը, ըստ նրա, ոչ միայն կարող էր բացատրել միջազգային հարաբերությունները, այլև կարող էր իր ազդեցությունը ունենալ արտաքին քաղաքականության ձևավորման վրա։ Նա նաև ուսումնասիրում էր միջուկային սպառազինությունների մրցավազքի պայմաններնում գույություն ունեցող միջազգային հարաբերությունների հիմնախնդիրները, ամերիկյան ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, ներքաղաքական խնդիրները։ Զինված լինելով Նիցշեի, Մաքիավելիի, Հոբսի գիտական մտքերով՝ Մորգենթաուն քննադատում էր ամերիկյան քաղաքական և սոցիալական փիլիսոփայությանը բնորոշ լավատեսությունը մարդու բնության, բանականության ամենակարողության, ամերիկյան արժեքների և շահերի համընդհանրության նկատմամբ։ Նրա կարծիքով հենց դրանք էլ հանգեցրել էին ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ իդեալիզմի, բարոյականության, սենտիմենտալիզմի և մեկուսացման գերակայմանը, մինչդեռ անհրաժեշտ էր դրանք հակադրել այլ պետությունների շահերին ու հնարավորություններին։

Մորգենթաուի՝ արտաքին աշխարհի և արտաքին աշխարհը ղեկավարող օրինաչափությունների մասին ընկալումը, կազմված է երեք հիմնական գաղափարներից․ միջազգային հարաբերությունների հիմնական սուբյեկտը համարվում է սեփական շահերն ու իշխանությունն ունեցող պետությունը (այսինքն պետությունները գնահատվում են ըստ իրենց ունեցած ուժի, իշխանության)։ Ինչի հետևանքով միջազգային հարաբերությունները վերածվում են պետությունների միջև պայքարի, երբ պետություններից յուրաքանչյուրը ձգտում է իր ազդեցությունը արտաքին միջավայրում առավելագույնի հասցնել։ Դրա օպտիմալ վիճակը ուժերի հավասարակշռությունն է, որը կանխում է ազգային կամ կոալիցիոն ուժերի ձևավորումը, որոնք կարող են գերազանցել գոյություն ունեցող պետությունների և դրանց կոալիցիոն ուժին, ինչին կարելի է հասնել ուժերի հավասարակշռության քաղաքականության շնորհիվ։ Այս գաղափարները՝ առավել համակարգված տեսքով, Մորգենթաուն ներկայացրել է իր «Քաղաքական հարաբերությունները ազգերի միջև» աշխատության մեջ, որը հրատարակվել է 1948 թվականին ԱՄՆ-ում և վերահրատարակվել է ավելի քան 20 անգամ։ Կարևոր է նշել Մորգենթաուի ձգտումները հիմնավորելու այն միտքը, որ միջազգային քաղաքականության տեսության հիմքում ընկած է քաղաքական վարքագծի օրենքները, որոնց արմատները պետք է փնտրել մարդկային բնության մեջ։

Մորգենթաուն, աջակցում էր ԱՄՆ նախագահներ Ռուզվելտի և Թրումանի վարչակազմերին, իսկ 1960 թվականին, երբ նախագահ ընտրվեց Քենեդին, նրա վարչակազմում խորհրդական ընտրվեց։ Իսկ երբ նախագահ դարձավ Ջոնսոնը, Մորգենթաուն սկսեց ավելի շատ բարձրաձայնել իր անհանգստությունները կապված ԱՄՆ-ի միջամտությանը Վիետնամի պատերազմում[17], ինչի պատճառով էլ 1965 թվականին խորհրդատուի պաշտոնից հեռացվեց[9]։

Մորգենթաուն շարունակեց իր բեղմնավոր գրական կարիերան, և «Քաղաքական հարաբերությունները ազգերի միջև» աշխատությունից բացի, 1962 թվականին հրատարրակեց իր երեք հատորից բաղկացած գրքերի ժողովածուն։ Առաջին հատորը կոչվում էր «ժողովրդավարական քաղաքականության անկումը»[18], երկրորդը՝ «Ամերիկյան քաղաքականության փակուղին»[19] և երրորդը՝ «Ամերիկյան քաղաքականության վերականգնումը»[20]։ Մորգենթաուն քաղաքական հարաբերությունների վերաբերյալ աշխատություններից բացի գրել է նաև փիլիսոփայության և ժողովրդավարական տեսության մասին[21]։

Քաղաքական ռեալիզմի վեց սկզբունքները խմբագրել

Ըստ Մորգենթաուի՝ քաղաքական մտքի պատմությունը պայքար է երկու տեսակետների՝ մարդու (հասարակության) և քաղաքականության բնույթների միջև։ Առաջին տեսակետի կողմնակիցները պնդում են, որ հնարավոր է ռացիոնալ և բարոյական սկզբունքների վրա հիմնված քաղաքական համակարգի գոյությունը։ Վերջիններս հավատում են մարդկային բնության առաջնային առաքինությանը և կրթության ու բարեփոխումների միջոցով հասարակությունը կատարելագործելու հնարավորությանը։ Երկրորդի՝ քաղաքական ռեալիզմի հայեցակարգի կողմնակիցները գտնում են, որ աշխարհը անկատար է և ռացիոնալ հիմնավորված քաղաքական համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մարդու անկատար բնույթը։

«Քաղաքական հարաբերությունները ազգերի միջև» գրքի երկրորդ հրատարակությունից սկսած՝ Մորգենթաուն «Քաղաքական ռեալիզմի վեց սկզբունքները» վերնագրով մեկ այլ բաժին ավելացրեց[22], որտեղ խոսվում էր այդ վեց սկզբունքների մասին․

  • Քաղաքական ռեալիզմի առաջին սկզբունքը միջազգային հարաբերությունների շրջանակում քաղաքական գործունեության հավանական բնույթի հետ է կապված։ Մորգենթաուն, ասելով քաղաքական ռեալիզմ, հասկանում էր քաղաքական այնպիսի հայեցակարգ, որը ձևավորվել է հաշվի առնելով մարդկային բնույթի հակասական կողմերը և ընդունելով, որ արդար ու բարոյական համակարգ կառուցելու համար հնարավորությունները սահմանափակ են։ Համաձայն քաղաքական ռեալիզմի՝ հասարակության կատարելագործման համար կատարված յուրաքանչյուր գործողություն ռիսկային գործունեության տեսակ է։
  • Քաղաքական ռեալիզմի երկրորդ սկզբունքը իշխանության և հզորության սահմանմամբ ազգային շահի սկզբունքն է։ Ազգային շահի գաղափարը հնարավորություն է տալիս միջազգային քաղաքականությունը համարել համեմատաբար անկախ այնպիսի ոլորտներից ինչպիսիք են՝ տնտեսությունը, կրոնը, էթնիկական հարաբերությունները։ Մորգենթաուն նշում է, որ առանց նմանատիպ տեսական ենթադրությունների անհնար է ստեղծել քաղաքականության տեսությունը։ Եվ հենց շահի հասկացությունը իշխանության և հզորության մեկնաբանմամբ հնարավորություն է տալիս տեսականորեն հասկանալ միջազգային հարաբերությունները և միջազգային քաղաքականությունը։
  • Համաձայն երրորդ սկզբունքի քաղաքական ռեալիզմը միջազգային հարաբերությունների տեսության մեջ առանձնացնում է երկու թյուր կարծիք՝ քաղաքական գործողությունների հիմքում ընկած մտադրությունների և դրդապատճառների հետազոտումը, ինչպես նաև միջազգային հարաբերությունների սուբյեկտների գաղափարական նախասիրությունների ուսումնասիրությունը։ Այն տեսակետը, համաձայն որի արտաքին քաղաքականությունը հասկանալու բանալին բացառաապես պետական գքրծչի մտադրություններն են, սխալ է։ Արտաքին քաղաքականությունը չի կարելի դիտարկել որպես հոգեբանական երևույթ։
  • Չորրորդ սկզբունքը ընդունում է քաղաքական գործողությունների բարոյական նշանակությունը և բարոյական հրամայականի ու հաջողակ քաղաքական պահանջների անխուսափելի անհամապատասխանությունը։

Ռեալիզմը պնդում է, որ վերացական ձևակերպված համընդհանուր բարոյական սկզբունքները անհամատեղելի են պետական գործունեության հետ։ Անհատը կարող ասել՝ «Fiat justitia, pereat mundus» («Թող աշխարհը կորչի, բայց օրենքը հաղթի»), սակայն պետությունն այդպես արտահայտվելու իրավունք չունի։ Եվ՛ անհատը, և՛ ազգը պետք է բնութագրեն պետության գործողությունները՝ հիմնվելով համընդհանուր բարոյական սկզբունքների վրա, որոնցից է, օրինակ, ազատությունը։ Միևնույն ժամանակ, եթե անհատը բարոյական իրավունք ունի իրեն զոհաբերելու այդ սկզբունքներին, ապա ազգը իրավունք չունի բարոյականությունը բարձր դասել անհրաժեշտ նպաստավոր քաղաքականությունից, որն ինքնին հիմնված է ազգի գոյատևման բարոյական սկզբունքի վրա։ Խելամտությունը՝ որպես քաղաքական գործողությունների հետևությունների արդյունք, քաղաքական բարոյականության և քաղաքականության մեջ առկա առաքինության մաս է կազմում։

  • Հինգերորդ սկզբունքը նշում է, որ քաղաքական ռեալիզմը բացասում է կոնկրետ ազգի բարոյականության և համընդհանուր բարոյական օրենքների նմանությունը։
  • Համաձայն վեցերորդ սկզբունքի քաղաքական ռեալիմի և տեսական այլ դպրոցների միջև գոյություն ունի հսկայական տարբերություն։ Հաճախ քաղաքական ռեալիզմի տեսությունը սխալ են հասկանում և մեկնաբանում, չնայած, որ չկա հակասություն ռացիոնալ պահանջների և բարոյականության միջև։ Քաղաքագետ ռեալիստը պնդում է, որ քաղաքականությունը ունի իր առանձնահատկությունը, ճիշտ այնպես, ինչպես տնտեսագիտությոունը, իրավաբանությունը և այլ ոլորտներ։ Այն գործում է շահի՝ որպես իշխանության սահմանումով, ինչպես տնեսագետը՝ շահույթի՝ հարստության, իրավաբանը՝ իրավաբանական նորմերի գործողությունների համապատասխան։ Տնտեսագետը հարցնում է․ «Այս քաղաքականությունը ինչպե՞ս կազդի հասարակության հարստության վրա»։ Իրավաբանը հարցնում է․ «Այս քաղաքականությունը համատասխանո՞ւմ է օրենքներին»։ Իսկ քաղաքագետ ռեալիստը՝ «Այս քաղաքականությունը ի՞նչ ազդեցություն կունենա ազգի ուժի, իշխանության վրա»։ Իհարկե քաղաքագետ ռեալիստը ընդունում է ոչ քաղաաքական երևույթների առկայությունն ու կարևորությունը, բայց նա դիտում է դրանց քաղաքականության տեսանկյունից, ինչպես նաև, ընդունում է, որ այլ գիտություններն էլ կարող են քաղաքականությանը դիտել իրենց տեսանկյունից։

Այս սկզբունքները ընդհանրացրած հետևյալն են[23]

  1. Համաձայն քաղաքական ռեալիզմի՝ քաղաքականությունը, ինչպես նաև հասարակությունը, ղեկավարվում է մարդու անփոփող և անկատար բնության մեջ արմատավորված օբյեկտիվ օրենքներով, որոնք փոփոխելու փորձերը միշտ ավարտվելու են անհաջողությամբ․ հնարավոր է ստեղծել քիչ թե շատ այս օրենքները արտացոլող տեսություն։
  2. Քաղաքական ռեալիզմը քաղաքական գործողության կարևորությունը որոշում է բարոյական տեսանկյունից։ Այն նաև հաշվի է առնում բարոյական ցուցումների և քաղաքական պահանջների միջև անխուսափելի հակասության առկայությունը։
  3. Քաղաքական ռեալիզմի հիմնական նշանը՝ սահմանված որպես իշխանություն, ուժ՝ շահի գաղափարն է, որը ռացիոնալ կերպով կարգավորում է քաղաքականության առարկան, դարձնելով հնարավոր նրա տեսական հասկացությունը։
  4. Շահը՝ որպես իշխանություն, ուժ, համընդհանուր հիմնավորված կատեգորիա է, բայց ոչ թե այն պատճառով, որ այն իբր հաստատված է ընդմիշտ, այլ բովանդակությունը և իշխանության միջոցը պայմմանավորված են քաղաքական և մշակութային համատեքստով։
  5. Մերժումը կոնկրետ պետության բարոյական ձգտնումները նույնացնելու բարոյականության համըդհանուր օրենքներին․ այսինքն ոչ մի պետություն մենաշնորհային իրավունք չունի սահմանելու «ինչն է լավ, ինչը՝ վատ» բարոյական տեսանկյունից, հենց շահի գաղափարն էլ կանխում է նմանատիպ չարաշահումը։
  6. Քաղաքական շրջանակը անկախ է․ քաղաքական գործչի համար շահի սահմանումը որպես իշխանություն, ուժ, նույնն է, ինչ տնտեսագետի համար շահույթի սահմանումը՝ որպես հարստություն։

Քննադատություն խմբագրել

1920-ական թվականների սկզբին Մորգենթաուի դիսերտացիայի վերաբերյալ Կարլ Շմիդտի գրախոսությունը երկարատև բացասական ազդեցություն ունեցավ։ Այդ շրջանում Գերմանիայում աճող ազգային սոցիալիստական շարժման համար Շմիդտը դարձել էր ուղղորդող իրավաբանական ձայն։ Մորգենթաուն, սակայն հինգ տարի հետո, երբ սովորում էր Ժնևի համալսարանում, հանդիպեց Հանս Կելզենի հետ, ում վերաբերմունքը Մորգենթաուի աշխատանքների նկատմամբ դրական ազդեցություն ունեցավ երիտասարդ քաղաքագետի ամբողջ կյանքում։ 1920-ական թվականներին Կելզենը Շմիդտի ամենախիստ քննադատներից էր։

Մորգենթաուի «Քաղաքական հարաբերությունները ազգերի միջև» գիրքը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային քաղաքականության և միջազգային իրավունքի գիտնականների սերնդի վրա։ Քենեթ Վոլցը, ելնելով իրատեսական մոտեցումից առաջարկում էր ավելի մեծ ուշադրություն դարձնել միջազգային համակարգի զուտ «կառուցվածքային» տարրերին, հատկապես պետությունների միջև կարողությունների բաշխմանը։ Վոլցի նեոռեալիզմը ավելի գիտական մոտեցում էր, քան՝ Մորգենթաուի ռեալիզմի վարկածը[24]։

Մորգենթաուի՝ միջուկային զենքի և սպառազինությունների մրցավազքի նկատմամբ ունեցած անհանգստությունը[25] հաճախ հանգեցնում էր բանավեճերի Հենրի Քիսինջերի և այլոց հետ[26]։ Ըստ Մորգենթաուի՝ միջուկային սպառազինությունների մրցավազքը իռացիոնալ խենթություն էր, որը պատասխանատու դիվանագետների, պետական գործիչների և գիտնականների ուշադրությունն էր պահանջում[27]։

Աշխատություններ խմբագրել

  • Hans Morgenthau, «The Concept of the Political» (1933)
  • Hans Morgenthau, «Politics Among Nations. The Struggle for Power and Peace» (1948)
  • Hans Morgenthau, «The Decline of the Democratic Politics: Politics in the Twentieth Century» (1962)
  • Hans Morgenthau, «The Impasse of American Foreign Policy: Politics in the Twentieth Century»  (1962)
  • Hans Morgenthau, «The Restoration of American Politics: Politics in the Twentieth Century» (1962)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hans Joachim Morgenthau Find A Grave(անգլ.)
  2. Morgenthau, Hans Joachim American National Biography(անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 Hans Morgenthau, German-American Political Scientist Encyclopedia Britanica(անգլ.)
  4. Rice, Daniel. Reinhold Niebuhr and His Circle of Influence, University of Cambridge Press, 2013, complete chapter on Hans Morgenthau.
  5. Rice, Daniel. Reinhold Niebuhr and His Circle of Influence, University of Cambridge Press, 2013, complete chapter on George Kennan.
  6. E., Scheuerman, William (2006 թ․ սեպտեմբերի 22). «Carl Schmitt and Hans Morgenthau: Realism and Beyond» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Klusmeyer, Douglas. "Beyond Tragedy: Hannah Arendt and Hans Morgenthau on Responsibility, Evil and Political Ethics." International Studies Review 11, no.2 (2009): 332–351.
  8. Rösch, Felix (2013 թ․ նոյեմբերի 1). «Realism as social criticism: The thinking partnership of Hannah Arendt and Hans Morgenthau». International Politics (անգլերեն). 50 (6): 815–829. doi:10.1057/ip.2013.32. ISSN 1384-5748.
  9. 9,0 9,1 Zambernardi, L. (2011). «The Impotence of Power: Morgenthau's Critique of American Intervention in Vietnam». Review of International Studies. 37 (3): 1335–1356. doi:10.1017/S0260210510001531.
  10. 10,0 10,1 10,2 Guide to the Hans Morgenthau Collection, 1904-1980 Leo Baeck Institute – New York|Berlin(անգլ.)
  11. Small amount of plutonium missing from crashed jet
  12. «Hans Morgenthau dies; noted political scientist» The Telegraph, July 21, 1980
  13. Research Results
  14. Hans Morgenthau, «Die internationale Rechtspflege, ihr Wesen und ihre Grenzen, in the Frankfurter Abhandlungen zum Kriegsverhütungsrecht» book series, Leipzig, Universitätsverlag Noske, 1929(գերմ.)
  15. Hans Morgenthau, «The Concept of the Political», Palgrave Macmillan, 2012(անգլ.)
  16. Hans J. Morgenthau, «Positivism, Functionalism, and International Law», American Journal of International Law, vol 34, 2, 1940, p․260–284(անգլ.)
  17. Hans Morgenthau, 1973, «The Lessons of Vietnam» in John H. Gilbert, ed.; «The New Era in American Foreign Policy» New York, St Martin's Press, 1973; Hans Morgenthau, 1975, «The Intellectual, Political, and Moral Roots of US Failure in Vietnam», in William D. Coplin and Charles W. Kegley, Jr., eds.; «Analyzing International Relations: A Multimethod Introduction», New York, Praeger, 1975; Hans Morgenthau, 1975, «The Real Issue for the US in Cambodia․ The New Leader», vol. 58, issue 6, March 17, 1975, pp. 4–6.
  18. Hans Morgenthau, «The Decline of the Democratic Politics: Politics in the Twentieth Century», Volume 1, Chicago, University of Chicago Press, 1962
  19. Hans Morgenthau, «The Impasse of American Foreign Policy: Politics in the Twentieth Century», Volume 2, Chicago, University of Chicago Press, 1962
  20. Hans Morgenthau, «The Restoration of American Politics: Politics in the Twentieth Century», Volume 3, Chicago, University of Chicago Press, 1962
  21. Hans Morgenthau, «Democracy and Totalitarianism», (n.d.) MS in HJMP, Container No 110
  22. Hans J. Morgenthau, «Politics Among Nations: The Struggle for Power and Peace», Second Edition, New York, Alfred A. Knopf, 1954
  23. Six Priciples Of Political Realis Արխիվացված 2019-12-22 Wayback Machine Hans J. Morgenthau, Politics Among Nations: The Struggle for Power and Peace, Fifth Edition, Revised, (New York: Alfred A. Knopf, 1978, pp. 4-15)(անգլ.)
  24. Behr Hartmut and Amelia Heath, «Misreading in IR Theory and Ideology Critique: Morgenthau, Waltz and Neo-Realism» Review of International Studies 35, 2009
  25. Hans Morgenthau, «Some Political Aspects of Disarmament», in David Carlton and Carlo Schaerf, eds., The Dynamics of the Arms Race, London, Croom Helm, 1975
  26. Hans Morgenthau, «Henry Kissinger, Secretary of State», Encounter, vol. 43, no. 6, November 1974, pp. 57–61.
  27. Hans Morgenthau, «Superpower Politics», The New Leader, vol. 55, issue 13, June 26, 1972, pp. 11–12; Joel Rosenthal, «Righteous Realists», 1991