Հաննիբալյան (Հաննիբալի) երդում, թևավոր արտահայտություն, որը նշանակում է հաստատակամություն պայքարելու մեկի դեմ և հաղթելու, մինչև կյանքի վերջը պահված երդում։

Ըստ ավանդության, երբ լրանում է Հաննիբալի ինը տարին, հայրը՝ Կարթագենի նշանավոր զորավար ու պետական գործիչ Համիլկարը, նրան իր հետ տանում է Իսպանիա, որտեղ ցանկանում է փոխահտուցել իր քաղաքի կորուստը, ինչը եղել էր Առաջին փյունիկյան պատերազմի ժամանակ։ Արշավ մեկնելուց առաջ հայրը աստվածներին զոհեր է մատուցում, իսկ զոհաբերությունից հետո իր մոտ է կանչում Հաննիբալին ու հարցնում, թե արդյոք ցանկանում է գալ իր հետ։ Երբ տղան ուրախությամբ համաձայնվում է, Համիլկարը տանում է Հադեսի տաճարի զոհասեղանի մոտ և հորդորում երդվել, որ երբեք Հռոմի հետ չի հաշտվի, կմնա նրա թշնամին։ Տաճարում փոքրիկ Հաննիբալը երդվում է աստվածների առաջ և խոստանում, որ սրբությամբ կկատարի հորը տված երդումը։

Հաննիբալը մոտ քսան տարի ահ ու սարսափի մեջ է պահում Հռոմը։ Հաննիբալի բանակներն անցնում են Իսպանիա, Գալիա, անցնում Ալպերը, մտնում Իտալիա և մոտենում Հռոմին։ Չնայած Կարթագենը երեք փայլուն հաղթանակ է տանում, սակայն Հռոմի ուժերի գերակշռությունը, ինչպես նաև թշնամու երկրում գտնվելը և այլ դժվարություններ արագացնում են Կարթագենի կործանումը։ Բայց Հաննիբալը չի հաշտվում՝ հավատարիմ մնալով իր երդմանը։

Պոլիբիոսի և որոշ այլ պատմաբանների խոսքերով՝ Հաննիբալն ինքն է պատմել այս պատմությունը սելևկյան արքա Անտիոքոս III-ին[1][2]։

Ներկայումս «Հաննիբալյան երդում» արտահայտությունը թևավոր խոսքի ուժ է ստացել[3] և փոխաբերական իմաստով նշանակում է տալ հանդիսավոր և անխախտ երդում ու հավատարիմ մնալ այդ երդմանը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Тит Ливий, История от основания города, XXI, 1, 4.
  2. Պոլիբիոս. Ընդհանուր պատմություն, III, 1.
  3. Аннибалова клятва // Энциклопедический словарь крылатых слов и выражений / Составитель В. В. Серов. — М.: Локид-Пресс, 2003.
  4. Ավետիսյան, Կամսար (1973). Իմաստուն խոսքերի աշխարհում. Երևան: «Հայաստան». էջեր 69–70.