Հայրենական Մեծ պատերազմի տարիների հայ գրականություն
Հայրենական մեծ պատերազմի տարիների գրականություն (1941–1945) Հայրենական մեծ պատերազմի շրջանում խորհրդային գրականության հիմնական թեման դարձավ ժողովրդի պայքարը ֆաշիզմի դեմ։ Հանրապետության, շրջանային և ռազմաճակատային հայերեն թերթերում վկայակոչվում էին հայ դասականները, հերոսությունը, հայրենասիրությունը և մայրենի լեզուն փառաբանող նրանց թևավոր դարձվածքները, ազգային պատմության հայրենասիրական Էջերը։
Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից Երևան եկան հայ բանաստեղծների ատելության ու սիրո կանչերը, որոնց մեջ էին ժողովրդի պատգամախոսի՝ Ավետիք Իսահակյանի, 1941 թվականի հունիսի 29-ին գրած «Ռազմակոչը», Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտը»։
Պատկերային համակարգ
խմբագրելԳրականության պատկերային համակարգում տեղ գտան անեծքն ու ատելության կոչը, կռվի հրավերն ու վրեժի պատգամը, ինչպես և օրհնանքն ու մաղթանքը, հերոսության գովքն ու հայրենի հողը պաշտպանելու կանչը։
Ինչպես միշտ եղել է պատմության մեծ ցնցումների ժամանակ, կռվի առաջին գիծ դուրս եկավ բանաստեղծությունը (Նաիրի Զարյան, Հովհաննես Շիրազ, Գուրգեն Բորյան, Սուրեն Վահունի, Թաթուլ Հուրյան, Գեղամ Սարյան)։ Ռազմակոչերի, պատգամների, «բարի երթի» խոսքերի, հայրենասիրական հրովարտակների բանաստեղծական ձևերն իրենց հռետորական հնչերանգով, լարված ռիթմով, անմիջական պաթոսով, ժողովրդի բանահյուսության կերպարների ու դարձվածքների կիրառությամբ նոր բարձունքի հասցրին քաղաքացիական բանաստեղծության ավանդույթները։
Պատերազմի առաջին արձագանքներից՝ պատգամ–հրովարտակներից ու մարտաշունչ կոչերից հետո բանաստեղծության ծանրության կենտրոնը դարձավ կռվող զինվորների ներաշխարհը։ Քնարական սկզբունքի ուժեղացումով բանաստեղծությունն ամենևին չկորցրեց իր մարտական շեշտը։ Նոր որակի համար առանձնացվեց «ռազմաճակատային քնարերգություն» հասկացությունը։
Պատերազմի բարոյական իմաստավորման շեշտերը տեղ գտան ինչպես «ռազմաճակատային», այնպես էլ «թիկունքային քնարերգության» մեջ։ Հայրենական տան պատկերի կոնկրետացումով խորհրդահայ բանաստեղծությունը «վերադարձավ» դեպի իր ակունքները, տեղ բացելով և՛ ազգային պատմության ու բնանկարի խորհրդանիշների, երկրի յուրօրինակ օրնամենտի և՛ սոցիալիստական կեցության նոր գծերի, սովետական ժողովուրդների հոգևոր դաշինքը մարմնավորող երևույթների համար։
Բանաստեղծական մտածողություն
խմբագրելԲանաստեղծական մտածողության մեջ կառուցվեց հայրենիքի նոր պատկերը՝ «միասնական ընտանիք»։ Սրանով են շնչում ժամանակի շատ ու շատ բանաստեղծական գործեր, ինչպես Գևորգ Էմինի «Կռունկը․․․»՝ հայոց ավանդական անտունիների նոր իմաստավորումը, Հովհաննես Շիրազի «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք․․․» բանաստեղծությունը, նաև ուրիշ գործեր, որոնց մեջ է Նաիրի Զարյանի՝ հայրենասիրական պաթոսով տոգորված «Ձայն հայրենական» (1942) պոեմը։
Այս շրջանի գրական նշանակալի երևույթներից է Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» (1944) պատմադիցաբանական ողբերգությունը, որտեղ տարբեր գաղափարախոսությունների, ընդդիմադիր հոսանքների բախումը ներկայացվում է իբրև կառուցումի և գոյության գոտեմարտ։ Հայոց պատմության հայրենասիրական, հերոսական և կենսասիրական–բարոյական ավանդույթների յուրացումը եղավ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» (գիրք 1–2, 1944–1946]]) պատմավեպը, որն իր մեջ կրում է խոր ու հավերժական բովանդակություն՝ պատերազմների՝ կյանքի թշնամու դատապարտման միտքը։
Պատմության բարոյական խորհուրդների մյուս իմաստավորումն էր Ստեփան Զորյանի «Պապ թագավորը» (1944), որտեղ հեղինակը ազգի ստրկացման սպառնալիքներին հակադրել է ազգային ինքնուրույնության երազանքը։ Հայոց պատմության յուրօրինակ արդիական իմաստավորում էր նաև Վիգեն Խեչումյանի (1916–1975) «Զվարթնոց» (1945) նովելների ժողովածուն, այստեղ հիմնականը այն միտքն է, որ ժողովուրդն իր գոյությունը պահել է ոչ միայն ազատագրական կռիվներով, այլև մարդու և կյանքի իր մեծարումով, շինարարության ու արվեստների պաշտամունքով, միջնադարյան դոգմաների դեմ ծառացումով։
Ռազմաճակատային ակնարկներ ու պատմվածքներ
խմբագրելԿյանքի մեծարումը լայնորեն արտացոլվեց ռազմաճակատային ակնարկներում ու պատմվածքներում, ինչպես նաև հրապարակախոսության մեջ։ Հրաչյա Քոչարի (1919–1965) պատումներում, որոնք տեղ գտան «Նախօրյակին» (1942), «Հերոսների ծնունդը» (1942) և «Սրբազան ուխտը» (1946) ժողովածուներում, հայրենիքի զինվորների հերոսությունը ներկայացվում է իբրև աշխատանքի ու խաղաղության, արդար գոյության ու ժողովուրդների եղբայրության համար կատարվող սխրագործություն։ Բարոյախոսական շեշտերով ընդգծվեցին նաև մյուս զինվորական թղթակիցների՝ Վախթանգ Անանյանի (1905–1980), [[Հարություն Մկրտչյան (գրող)|Հարություն Մկրտչյանի (ծնվել է 1903), Գարեգին Բեսի (1910–1986) և այլոց պատումները, ինչպես և Դերենիկ Դեմիրճյանի մանրապատումները, Ստեփան Զորյանի «Պարզ հոգիներ»-ը (1945, պատմվածքներ)։
Գեղարվեստական-գրական ժանրեր
խմբագրելԺամանակն իր կնիքը դրեց գեղարվեստական-գրական բոլոր ժանրերի ներքին կառուցվածքի վրա․ ավանդական պատմավեպը, դրաման, պոեմն ու բալլադը՝ ի դեմս «Վարդանանքի», «Պապ թագավորի», «Արա Գեղեցիկի», «Բիբլիականի», «Ձայն Հայրենականի», Գեղամ Սարյան բալլադների, հարստացան նոր գծերով, ջնջվեցին ակնարկի ու պատմվածքի դասագրքային սահմանագծերը, առաջ եկան նոր գրական տեսակներ։
Հովսեփ Օրբելու (1887–1961), Ավետիք Իսահակյանի, Հ․ Գյուլիքևխյանի (1886–1951) հակաֆաշիստ, հոդվածների կողքին հրապարակախոսության ժանրի զարգացման մեջ մեծ դեր խաղացին ռադիոկանչերը, հարազատներից զինվորներին հղված նամակները, մանավանդ հայկ․ հին հրովարտակների ոգուն հարազատ այնպիսի պատգամախոսություններ, ինչպիսիք էին հայ ժողովրդի նամակը (1943)՝ ուղղված ռազմաճակատում մարտնչող իր զավակներին, Խորհրդային Հայաստանի մշակույթի ականավոր գործիչների դիմումը արտասահմանի հայ առաջադեմ ուժերին (1941), հայ ժողովրդի դիմումը ուկրաինական ժողովրդին՝ «Ուկրաինացի եղբայրներ և քույրեր, հայ Ժողովուրդն ամբողջապես ձեզ հետ է» (1942), 89-րդ Հայկական հրաձգային Թամանյան դիվիզիայի նամակը հայ ժողովրդին (1945)։
Հայրենական մեծ պատերազմը խորհրդային ժողովրդի պատմության մեջ մտավ որպես տառապանքի ու սխրագործության շրջան, որպես ժողովուրդների նյութական ու հոգևոր ուժերի քննություն։ Հայ գեղարվեստ, գրականության շատ գործեր, թափանցված այդ հերոսական օրերի շնչով, մտան ժողովրդի հոգևոր գանձարանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |