Հայրենականք
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հայրենականք, հողի նկատմամբ ֆեոդալական սեփականատիրության գերիշխող ձև միջնադարյան Հայաստանում։ Համապատասխանում է արևմտաեվրոպական «ալլոդին», ռուսական «վոտչինային»։
«Հայրենականք» նախարարական տոհմի ժառանգական և լիակատար սեփականությունն էր։ Այն միաժամանակ ձևավորված ֆեոդալական իշխանություն էր՝ ճանաչված և հաստատագրված արքունի գահակարգում։ «Հայրենականք»-ի տեր էին դիտվում տոհմի նահապետ նախարարները, որոնք ունեին իրենց վասալ ազատները։ Արշակունյաց և մարզպանական ժամանակներում նախարարը իրավասու էր ամբողջ տոհմի հողային սեփականության նկատմամբ։ «Հայրենականք» չէր բաժանվում տոհմի տարբեր ճյուղերի միջև։ Հողային տիրույթների ժառանգման իրավունքը կատարվում էր ավագության սկզբունքով՝ ուղիղ գծով անցնելով հորից ավագ որդուն։ «Հայրենականք»-ը նպաստում էր ֆեոդալների կենտրոնախույս հակումներին։ 4-րդ դարում Արշակունիների հզորացման ժամանակ, երբ արքունիքը փորձել է սահմանափակել նախարարների իրավունքները, հանդիպել է դիմադրության։ Այդ «Հայրենականք» պայքարում բնաջնջվել են որոշ նախարարական տոհմեր (Բզնունի, Որդունի, Մանավազյան)։ Զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում (9-10 դարեր) ավելի է ամրապնդվում «Հայրենականք» (աղբյուրներում անվանվում է նաև «հայրենական սեփականություն», «բնիկ տերություն»)։ «Հայրենականք»-ը արդեն ենթակա էր բաշխման տվյալ տոհմի բոլոր ճյուղերի միջև։ Տոհմի անդամ սեպուհները ինքնուրույնանալով, ստեղծում էին նոր տոհմաճյուղ, ժառանգաբար տիրելով «Հայրենականք»՝ որպես իրենց հատկացված հողատիրույթ։ Նոր առաջացած տոհմաճյուղերում պահպանվում է ժառանգման իրավունքի անցումը հորից ավագ որդուն։ «Հայրենականք»-ի մի մասում ձևավորվում է ֆեոդալական կալվածքը, մյուս՝ ավելի մեծ մասի վրա բնակվում են շինականները, որոնք մշակում են իրավաբանորեն ֆեոդալ հողատիրոջ սեփականությունը կազմող իրենց հողաբաժինը փոխարենը վճարելով հողային ռենտա։ Հաճախ ֆեոդալը ընդարձակում էր «Հայրենականք»՝ ազատ համայնքների հողերի հաշվին։ Սելջուկ-թուրք ցեղերի տիրապետության պայմաններում հայ ֆեոդալները գրեթե զրկվեցին իրենց հայրենական տիրույթներից։ 12-րդ դարի վերջից Զաքարյանները վերականգնեցին «Հայրենականք» որպես հողատիրության ձև (այս շրջանում «Հայրենականք» անվանվել է նաև «ժառանգություն», «բաժին», «հայրենաբաժին»)։ «Հայրենականք» էին դիտվում նաև «քսակագին», «դրամագին» կամ «գանձագին» կալվածները, զենքի ուժով ձեռք բերված հողերը։ Մոնղոլիա տիրապետության շրջանում հայ ֆեոդալների հայրենական տիրույթները հիմնականում պահպանվեցին՝ մոնղոլների համար զինվորական և վարչական ծառայություն կատարելու պայմանով։ Կիլիկյան Հայաստանում հաստատված հայ իշխանների ձեռք բերած հողատիրույթները վերածվեցին «Հայրենականք»-ի։ 12—13-րդ դարերում Կիլիկիայում «Հայրենականք» աճում է ապստամբ վասալների, նաև գյուղացիների հողերը բռնագրավելու միջոցով։ 16-19 դարերում Հայաստանում «Հայրենականք»-ին համապատասխանող հողատիրության ձև էր մուլքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 211)։ |