Հայկական տպագրություն
Հայկական տպագրություն հայերեն բնագրերի (ինքնուրույն և թարգմանական) տպագրական վերարտադրությունն ու բազմացումը։ Հայկական տպագրություն են նաև այլալեզու հրատարակությունների մեջ հայերեն տպված հատվածները։ Հաճախ Հայկական տպագրություն են համարում մեսրոպատառ ամեն մի տպագրություն (նաև հայատառ թուրքերեն, քրդերեն և այլն)։
Հայկական տպագրությունը զարգացման 3 շրջան է ունեցել.
- 1512-1800 թվականները՝ հնատիպ գրքի շրջան,
- 1801-1920 թվականները՝ նոր շրջան,
- 1920 թվականից հետո՝ խորհրդային և սփյուռքահայ տպագրության շրջան։
Հայերեն առաջին տպագիր տեքստը 1475 թվականին Մայնցում լույս տեսած Յոհան Շիլդբերգերի[1] «Ուղեգրություններ» գրքում (մի քանի գլուխ նվիրված է Հայաստանին) զետեղված լատինատառ «Հայր մեր» աղոթքն է։ 1486 թվականին նույն քաղաքում Բրայդենբախի հրատարակած գրքերից մեկում տեղ է գտել հայերեն փայտափորագիր այբուբենը, որը մեսրոպյան տառերի առաջին տպագիր օրինակն է[2]։
1771 թվականին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը Էջմիածնում հիմնադրեց տպարան, որը 1772 թվականին լույս ընծայեց կաթողիկոսի «Զբօսարան հոգևոր» գիրքը, դա Հայաստանի հողում կատարված անդրանիկ հրատարակությունն է։ Դրանով հայկական տպագրությունը իր սկզբնավորումից 260 տարի անց հաստատվեց հայրենիքում։ Տպարանում տառերի ու պատկերների պատրաստման գործում մեծ աշխատանք է կատարել Հարություն էջմիածնեցին։
Մինչև դարավերջ տպարանը լույս ընծայեց տասնյակից ավելի գրքեր։ 1772 թվականին հայկական տպագրությունը հաստատվեց նաև Հնդկաստանում՝ Մադրաս քաղաքում, ուր 1794-1796 թվականներին Հարություն Շմավոնյանը հրատարակեց առաջին հայերեն պարբերականը՝ «Ազդարար» ամսագիրը։
Նախապատմություն
խմբագրելՀայերի ամենավաղ առնչությունը տպագրական արվեստի հետ վերաբերում է 14-րդ դարը, երբ վենետիկցի հայազգի նավապետ Անտոն Հայը (Հայկազունը) ի թիվս այլոց (Մարկո Պոլո և ուրիշներ) Չինաստանից Եվրոպա բերեց շարժական տառերով գիրք տպագրելու չինական «գաղտնիքը», որը նախադրյալ եղավ 1440-ական թվականներին եվրոպական տպագրության սկզբնավորման[3]։ 15-րդ դարում և հաջորդ երկուսուկես հարյուրամյակի ընթացքում Հայաստանում տպագրություն հիմնելը հնարավոր չէր՝ քաղաքական տարափոխիկ պայմանների, ավերածության և եվրոպական մշակութային կենտրոնների հետ անհրաժեշտ մերձավոր կապեր չլինելու պատճառով։
Հայերի ամենավաղ առնչությունը տպագրության ավարտին եղել է 14-րդ դարում, երբ վենետիկցի հայ նավապետ Անտոն Հայկազունը Մարկո Պոլոյի, Հայր Օդերիկի և ուրիշներ հետ մասնակցել է գրքեր տպագրելու մեջ, «գաղտնիքը» Արևմտյան Եվրոպա բերելու արշավանքին։
15-րդ դարի կեսերին գերմանացի Յոհան Գուտենբերգի տպագրության գյուտը խոշոր հեղաշրջում էր հասարակական և տնտեսական կյանքում։ Տպագրության սկզբնավորումից մինչև 1500 թվականը անվանվում է խանձարուրային (լատին․՝ ինկունաբուլա) շրջան, իսկ գրքերը՝ խանձարուրային գրքեր։ Խանձարուրային հայերեն հրատարակչություններ չկան։
Հայերեն առաջին տպագիր տեքստը 1475[4] թվականին Մայնցում լույս տեսած Յոհան Շիլդբերգերի «Ուղեգրություններ» գրքում (մի քանի գլուխ նվիրված է Հայաստանին) զետեղված լատինատառ «Հայր մեր» աղոթքն է։ Հայերեն «Հայր մեր» աղոթքը Յոհան Շիլդբերգերին սովորեցրել են ղարաբաղի հայերը 1420 թվականին[5]։
|
1486 թվականին նույն քաղաքում Բրայդենբախի հրատարակած գրքերից մեկում տեղ է գտել հայերեն փայտափորագիր այբուբենը, որը մեսրոպյան տառերի առաջին տպագիր օրինակն է[7]։
16-րդ դար։ Առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտը
խմբագրելՄինչդեռ Հայաստանը հայերեն գրքի սուր պակաս ուներ, գրչության միջոցով մեսրոպատառ մատյանների բազմացումը արդեն 16-րդ դարում խիստ անբավարար էր դարձել։ Կար մի հնարավորություն՝ հայերեն գրքերի տպագրություն կազմակերպել Եվրոպայում։ Մի շարք հայ մտավորականներ 16-17-րդ դարերում այդպիսի փորձեր են արել։
Հայ գրքի հնատիպ շրջանը հայերեն գրքերի առաջին տպագրիչը Հակոբ անունով մի հայ հոգևորական է եղել, որի անվանը հետո ավելացվել է «Մեղապարտ» մականունը (ըստ նրա թողած հիշատակարանի)[8]։ Հռոմի պապից հայերեն գրքեր տպագրելու թույլտվություն ստանալով՝ Հակոբ Մեղապարտը Վենետիկում[9][10] (այս քաղաքն իր ավելի քան 200 տպարաններով 16-րդ դարի սկզբին դարձել էր Եվրոպայի տպագրության կենտրոնը) կահավորել է տպարան, ըստ իր գծագրած նմուշների՝ ձուլել է տվել հայերեն տպատառեր և սկսել տպագրել իր մոտ եղած ձեռագիր մատյանները։
1512 թվականին Մեղապարտը լույս է ընծայել հայերեն առաջին տպագիր գիրքը՝ Ուրբաթագիրքը, որը միջնադարյան աղոթագիրք-բժշկարան է. գրքում, ի թիվս այլ բնագրերի, զետեղված է նաև Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի 41-րդ գլուխը։
«Պատարագատետր»-ը՝ Հայաստանյան եկեղեցու պատարագի գիրքը, «Տաղարան»-ը՝ հոգևոր և աշխարհիկ երգերի ժողովածու, «Աղթարք»-ը՝ աշխարհիկ բնույթի գիրք, «Պարզատումար»-ը՝ և՝ աշխարհիկ, և՝ եկեղեցական։ Հակոբ Մեղապարտի գրքերը տպագրված են բարձր որակով, ունեն զարդեր, պատկերներ։ Հակոբ Մեղապարտի տպագրական ավանդները շարունակեցին Աբգար Թոխաթեցին, Սուլթանշահ Թոխաթեցին, Հովհաննես Տերզնցին[11]։
Եվ քանի դեռ Հայաստանում տպարաններ չկային, ստիպված էին գրքեր տպագրել Եվրոպայում և փոխադրել Հայաստան ու հայաբնակ այլ վայրեր։ 1513 թվականին Հակոբ Մեղապարտը հրատարակել է ևս 4 գիրք (ըստ տպագրման հերթականության)՝ Պատարագատետր (պատարագի արարողության ծիսակարգային ձեռնարկ), Աղթարք (պարունակում է աստղագուշակություն, միջնադարյան զանազան սնահավատություններ և բժշկարան), Պարզատումար (36 տարիների օրացույց է և գուշակություններ), Տաղարան (միջնադարյան հայ հեղինակների՝ Ներսես Շնորհալիու, Ֆրիկի, Մկրտիչ Նաղաշի, Հովհաննես Թլկուրանցու և ուրիշներ ստեղծագործությունների ժողովրդական)։ Պատարագատետրի վերջում կա հիշատակարան.
Հակոբի տպագրած գրքերի վերջում կա խաչաձև տպարանանիշ, լատիներեն չորս տառերով՝ D. I. Z. A., որոնք վերծանվում են հետևյալ կերպ՝ Dei servus - աստծու ծառա, Iakobus - Հակոբ, Zanni - Ծաննի (յան), թարգմանված Հովհաննիսյան, Armenius - հայ։ Հակոբ Մեղապարտի հրատարակությունները երկգույն են՝ սև ու կարմիր, նկարազարդ, նրանցում բազմիցս դրոշմված են 24 վերնախորագրային զարդ-շրջանակներ և 4 քառանկյուն զարդեր։
Աբգար Թոխաթեցին, որ սերում էր հայոց թագավորական տոհմից և 16-րդ դարի հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ էր, քաղաքական նպատակներով Իտալիա կատարած իր այցելությունն օգտագործեց հայ տպագրական գործը շարունակելու համար[12][13]։ Հռոմի Պիոս 4-րդ պապից հայերեն գրքեր տպագրելու իրավունք ստանալով, 1565 թվականին Վենետիկի իր տպարանում լույս ընծայեց մի օրացույց և Սաղմոսարան։
Առաջինը 1565 թվականին Վենետիկում մեկ օրացույց և Սաղմոսարան տպագրելուց հետո տպարանը փոխադրեց հայաշատ Կոստանդնուպոլիս ու սկիզբ դրեց այստեղի հայկական տպագրությանը։ Սուլթանշահը 1579 թվականին Հռոմում պատրաստել տվեց տպատառեր, որոնք դարձան հայերեն ամենից ավելի տարածված տպագիր տառատեսակի՝ հասարակ բոլորգրի (կորպուս) նախօրինակը։ Հովհաննես Տերզնցին Հռոմում, 1584 թվականին Սուլթանշահի տառերով «Տօմար Դրիգորեան» գիրքը տպագրելուց հետո, անցավ Վենետիկ, ձուլել տվեց նոր տպատառեր և հրատարակեց մի Սաղմոսարան (1586-1587)։
16-րդ դարի հայ տպագրիչների լույս ընծայած գրքերից այժմ պահպանված են 19-ը։ Հայկական տպագրության առաջին դարում եվրոպացի հրատարակիչների լույս ընծայած այլալեզու մոտ մի տասնյակ գրքերում կան հայերեն տպագրություններ, դրանցից անդրանիկ հրատարակություններն են Դուլիելմ Պոստելի Linguarum-ը (Փարիզ, 1538) և Ամբրոսիոս Թեզեոսի Introduetio-ն (Բավիա, 1539),
Հայերեն շարժական տառերով տպագիր հատվածներ կան իտալացի արևելագետ Թեզեոս Ամբրոսիոսի «Ներածություն» լատիներեն աշխատության մեջ (Բավիա, 1539) և գերմանացի Լեոնարդ Թուրնայզերի գրքերում (Բեռլին, 1583, Քյոլն, 1587) և այլն։ Հայկական տպագրության առաջին դարում, ըստ եղած տվյալների, լույս են տեսել 32[14] անուն հայերեն և հայատառ հատվածներ ունեցող գրքեր (15-րդ դարի վերոհիշյալ հայերեն տպագիր այբուբենի հետ՝ 33), որոնցից 19-ը հայ տպագրիչների լույս ընծայած զուտ հայերեն հրատարակություններ են։
Գիրք անվանում | Հրատարակման վայրը | Հրատարակիչ, տպագրություն | Տարի |
---|---|---|---|
Ուրբաթագիրք | Վենետիկ | Հակոբ Մեղապարտ | 1512 |
Պատարագատետր | > | > | 1513 |
Աղթարք | > | > | > |
Պարզատումար | > | > | > |
Տաղարան | > | > | > |
* Դ․ Պոստելի, Linguarum | Փարիզ | Դուլիելմ Պոստելի | 1538 |
* Ամբրոսիոս Թեզեոսի, Introduetio | Բավիա | Ամբրոսիոս Թեզեոսի | 1539 |
*Կոնրադ Հեսներ, Mithridat | Ցյուրիխ | 1555 | |
Զանազան օրացույց | Վենետիկ | Աբգար Թոխաթեցին | 1565 |
Սաղմոսարան | > | > | > |
Փոքրիկ քերականություն | Կոստանդնուպոլիս | > | > |
Կրոնական տոների օրացույց | > | > | > |
Պարզատումար | > | > | > |
Պատարագամատյան-Աղոթամատյան | > | > | > |
Տաղարան | > | > | > |
Մաշտոց ծիսարան | > | > | 1569 |
Հայկական տառեր (Նմուշներ) | Հռոմ | Սուլթանշահ Թոխաթեցին | 1579 |
* Հովհաննես Տերզնց, KAI' EPMHNEIA | Բեռլին | Վոլտսեն | 1583 |
* Լեոնարդ Թուրնայզեր, МЕГАЛН ХУМIA | > | > | > |
Գրիգորյան օրացույց | Հռոմ | Հովհաննես Տերզնցի, Սուլթանշահ | 1584 |
Ուղղափառ կրոն | > | > | > |
Օրհնությունների կանոն | > | Սուլթանշահ | 1586 |
* Բլեզ դը Վիժներ, Ձեռնարկ գրերի | Փարիզ | Ա․ Լ․ Անժելյե | > |
* 2-րդ հրատարակություն | > | > | > |
Սաղմոսարան | Վենետիկ | Հովհաննես Տերզնց | 1587 |
*Լեոնարդ Թուրնայզեր, Magna Alchimia | Քյոլն | Ցոհան Գիմնիցիում | 1587 |
* Մ․ Պանսա, Della Libraria | Հռոմ | Ջ․ Ռուֆինելլո | 1590 |
Ռոկկա, Առաքելական գրադարան | Հռոմ | Վատիկանի տպագրություն | 1591 |
* Lords Prayer | Ֆրանկֆուրտ | 1593 | |
Կարճառօտ ի դաւանութենէ | Հռոմ | Հովհաննես Ղոփուզենց 1596 | 1596 |
* Պիտեր Գ․ Պալմա, Նմուշներ | Փարիզ | Ս․ Պրոյոստո | > |
* Th. De Brey, Alphabeta | Ֆրանկֆուրտ | > |
* - Այլալեզու հրատարակություններ են հայատառ հատվածներով:
17-րդ դար։ Ոսկանյան տպարան
խմբագրել17-րդ դարի սկզբներին Վատիկանը սկսել էր ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել արևելյան ազգերի, այդ թվում հայերի նկատմամբ՝ ջանալով կաթոլիկական դավանանքը տարածել Արևելքի երկրներում։ Այդ նպատակով 1627 թվականին Ուրբանոս 8-րդ պապը Հռոմում հիմնեց հատուկ տպարան (Ուրբանյան), որտեղ 17-րդ դարի ընթացքում տպագրվեցին շուրջ 30 անուն հայերեն գրքեր՝ հիմնականում դավանաբանական բնույթի, նաև՝ բառարաններ ու հայոց լեզվի ձեռնարկներ՝ այլազգի քարոզիչներին հայոց լեզվին վարժեցնելու նպատակով[15]։
Հայկական տպագրության կարևոր դրվագներից են հետևյալները.
1616-1618 թվականներին Հովհաննես Քարմատանենցը Լվովում իր հիմնած տպարանում լույս է ընծայել հայերեն գրքեր (այդ թվում՝ «Սաղմոսարան»)՝ նախատեսված Հարավ-Արևելյան Եվրոպայի հայկական ստվարացող բնակչության համար[16][17]։
1636-1638 թվականներին Նոր Ջուղայում Խաչատուր Կեսարացին և իր օգնականները, առանց եվրոպացի որևէ տպագրիչի օգնության, պատրաստեցին տպատառեր, տպագրական մամուլ, այլ պարագաներ, թուղթ և 1639-1642 թվականներին հրատարակեցին 4 հայերեն գիրք, այդ թվում՝ «Սաղմոսարան» (1638), «Հարանց վարք» (1641)։ Դա տպագրության հայկական ինքնուրույն գյուտն էր և առաջին տպագրությունը Իրանում[18]։ Նոր Ջուղայում հայկական տպագրությունը շարունակեցին Հովհաննես Ջուղայեցին (1647 թվականից) և ուրիշներ[19]։
1658-1660 թվականներին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի հրամանով Մատթեոս Ծարեցին Ամստերդամում հիմնեց Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի անվան տպարանը, որի ղեկավարը 1664 թվականից դարձավ Ոսկան Երևանցին։
1669 թվականին տպարանը փոխադրվեց Լիվոռնո, 1672 թվականին՝ Մարսել, մինչև 1686 թվականը երեք քաղաքներում լույս ընծայեց 40 անուն գիրք՝ բարձրորակ տպագրությամբ, այդ թվում առաջին անգամ հայերեն Աստվածաշունչ (1666-1668), Վարդան Այգեկցու առակները («Աղուէսագիրք», 1668-1669), Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց»-ը (1669), առաջին աշխարհաբար գիրքը՝ «Արհեստ համարողութեան» (1675), Այբբենարան, Շարակնոց, Ժամագրքեր, Սաղմոսարաններ և այլն[19]։ Այս տպարանը սկիզբ դրեց անընդմեջ գործող հայկական տպագրությանը, քանի որ Ոսկան Երևանցու աշակերտները տպագրական գործը շարունակեցին այլ քաղաքներում։
Ոսկանյան տպարանը հայերեն հրատարակությունների տպաքանակը մի քանի հարյուրից հասցրեց մի քանի հազարի, և վերացվեց հայ գրքի սուր պակասը Հայաստանում ու հայաբնակ այլ վայրերում։ 16-18-րդ դարերում Հռոմի վատիկանյան տպարանը շուրջ 5 տասնյակ անուն հայերեն գրքեր է լույս ընծայել՝ մեծ մասամբ դավանաբանական, նաև՝ հայերենի դասագրքեր, բառարաններ և այլն։
1685-1717 թվականներին Ամստերդամում գործել է Թովմաս, Մատթեոս, Ղուկաս Վանանդեցիների տպարանը, որն ի թիվս մի շարք բարձրորակ գրքերի, լույս ընծայեց նաև Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ի անդրանիկ հրատարակությունը (1695) և հայերեն առաջին տպագիր քարտեզը («Համատարած աշխարհացոյց», 1695)։ Հայ հնատիպ գրքի գլխավոր կենտրոնը (հրատարակությունների քանակի տեսակետից) եղել է Կոստանդնուպոլիսը, որտեղ մինչև 1800 թվականը լույս է ընծայվել շուրջ 350 անուն հայերեն գիրք։ Երկրորդ տեղում է Վենետիկը՝ շուրջ 260 անուն։ Կոստանդնուպոլսում Աբգար Թոխաթեցու (1568-1569) և Երեմիա Քյոմուրճյանի (1677-1678) տպագրական կարճատև գործունեություններից հետո՝ անընդմեջ գործող հայկական տպագրությանը 17-րդ դարի վերջում հիմնել են Սարգիս Եւդոկացին, Գրիգոր Մարզվանեցին, Աստվածատուր Կոստանդնուպոլսեցին։ Վերջին երկուսը 18-րդ դարում Կոստանդնուպոլսի հայկական տպագրության գլխավոր դեմքերից են։ Այդ դարում Կոստանդնուպոլսի հայ ականավոր տպագրիչներից են եղել նաև Սարգիս Դպիրը, Մարտիրոս Դպիրը, Չնչին Հովհաննեսը, Ստեփանոս Պետրոսյանը, Պողոս Արապյանը և ուրիշներ։ Վենետիկում Հովհաննես Անկյուրացին տպագրել է Սաղմոսարան (1642) և Ներսես Շնորհալու «Յիսուս որդի»-ն (1643), ապա Գասպար Սահրատյանի և Խոջա Նահապետ Գուլնազարի տպարաններում լույս են ընծայվել «Ճաշոց» (1686), «Պարզաբանութիւն» (1687, աշխարհաբար) և այլն։ Այնուհետև, Վենետիկում հայերեն գրքերի հրատարակությունն իրենց ձեռքը վերցրին իտալացի տպագրիչները՝ Միքելանջելո Բարբոնին, Անտոնիո Բորտոլին, Ջիովաննի Բաշոն, Ստեֆանո Օրլանդոն և ուրիշներ[20]։
17-րդ դարի հայկական տպագրության ժամանակագրական պատկերը
խմբագրելՏպագրություն | Քաղաք | Հիմնադրման տարի |
---|---|---|
Հովհաննես Քարմատանենց | Լվով | 1616 |
Խաչատուր Կեսարաց | Նոր Ջուղայում | 1636-1638 |
Մատթեոս Ծարեցին | Ամստերդամ | 1658-1660 |
Թովմաս, Մատթեոս, Ղուկաս Վանանղեցիներ | Ամստերդամ | 1685 |
Երեմիա Քյոմուրճյան | Կոստանդնուպոլիս | 1677 |
Սարգիս Եվդոկացի | Կոստանդնուպոլիս | 17-րդ դարի վերջ |
Գրիգոր Մարզվանեցի | Կոստանդնուպոլիս | 17-րդ դարի վերջ |
Աստվածատուր Կոստանդնուպոլսեցի | Կոստանդնուպոլիս | 17-րդ դարի վերջ |
18-րդ դար
խմբագրելՄխիթար Սեբաստացին և նրա աշակերտները Վենետիկում հաստատվելուց հետո իտալական տպարաններում հրատարակում էին հայերեն հոգևոր և աշխարհիկ գրքեր։ Դրանցից էին Մխիթար Սեբաստացու «Դուռն քերականութեան աշխարհաբար լեգուին հայոց»-ը (1727), որ արևմտահայերենի առաջին քերականությունն է, «Բառգիրք հայկազեան լեզուի» 1-ին հատորը (1749) և այլն։ Լույս ընծայվեցին նաև Աստվածաշունչ (1733), Մ․ Չամչյանի «Պատմութիւն Հայոց»-ը (1784-1786)։ 1789 թվականին Մխիթարյանները Սուրբ Ղազարում հիմնեցին սեփական տպարան և ավելի մեծ թափ ստացավ նրանց գրահրատարակչական աշխատանքը։ Մխիթարյանների մյուս ճյուղը, որ առանձնացել էր 1772 թվականին, Իտալիայի Տրիեստ քաղաքում 1776 թվականին հիմնեց իր տպարանը[21]։ Մինչև Վիեննա տեղափոխվելը, 35 տարվա ընթացքում նրանք լույս ընծայեցին շուրջ 70 անուն գիրք (որոնցից 25-ը՝ հայատառ թուրքերեն՝ թուրքախոս հայերի համար)։
17-րդ դարի վերջերից սկսած հայկական տպագրությունն արևմտյանից տեղաշարժվում է դեպի արևելյան, և նրա գլխավոր կենտրոնն էր դառնում հայաշատ Կոստանդնուպոլիսը։ Այս քաղաքը մինչև 1800 թվականը տպագրված հայերեն գրքերի քանակով առաջին տեղում է․ նրանում լույս է ընծայվել շուրջ 350 անուն հայերեն գիրք։ Երկրորդ տեղում է Վենետիկը՝ շուրջ 260 անուն։ 1677-1678 թվականներին Կոստանսնուպոլսի իր տպարանում երկու գիրք հրատարակեց Երեմիա Քյոմուրճյանը, իսկ 17-րդ դարի վերջում այստեղ հայկական տպարաններ հիմնեցին Սարգիս Եւդոկացին, Գրիգոր Մարզվանեցին, Աստվածատուր Կոստանդնուպոլսեցին։ Վերջին երկուսը 18-րդ դարի 1-ին կեսում Կոստանդնուպոլսի հայկական տպագրության գլխավոր դեմքերը դարձան։ Այդ դարում Կոստանդնուպոլսի հայ տպագրիչներից էին նաև Սարգիս Դպիրը, Մարտիրոս Դպիրը, Չնչին Հովհաննեսը, Ստեփանոս Պետրոսյանը և Թուրքիայի արքունի տպարանապետ Պողոս Սրապյանը (1742-1835), որ 70 տարի աշխատել է որպես տառաձուլիչ ու տպագրիչ և հռչակված էր Օսմանյան կայսրության մեջ։ Նա Թիֆլիսում կահավորել է արքունի տպարան ու վրացերեն գրքեր տպագրել (1781-1783), օգնել Էջմիածնի հայկական տպարանի կատարելագործմանը։
Կոստանդնուպոլսում գործել են Սրապյանների մի քանի տպարաններ, որոնք 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի 1-ին կեսին լույս են ընծայել շուրջ 150 անուն բարձրորակ տպագրությամբ հայերեն գրքեր։ 18-րդ դարում Կոստանդնուպոլսում գործել են ավելի քան երկու տասնյակ հայկական տպարաններ[22], որոնք առաջինն են լույս ընծայել հայ պատմիչներ Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ստեփանոս Օրբելյանի երկերը, փիլիսոփաներ Դավիթ Անհաղթի, Գրիգոր Տաթևացու, Սիմեոն Ջուղայեցու և այլոց աշխատությունները։ Տպագրվել են նաև հայերեն այբբենարաններ, օրացույցներ, տաղարաններ, քերականության դասագրքեր և հոգևոր ու եկեղեցական գրքեր։
19-րդ դարի 2-րդ կեսին հայկական տպագրությունը մուտք գործեց Հայաստան, Հնդկաստան ու Ռուսաստան։ 1771 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսը Էջմիածնում հիմնեց տպարան, որտեղ 1772 թվականին լույս տեսավ նրա «Զբօսարան հոգեւոր» գրքույկը, որ Հայաստանի հողում կատարված անդրանիկ հրատարակությունն է։ Հայկական տպագրությունն իր սկզբնավորումից 260 տարի անց հաստատվեց հայրենիքում։ Հայաստանի առաջին տպարանի տպատառերը, տպագրական մամուլը, մյուս պարագաները պատրաստվել էին տեղում, գլխավորապես ոսկերիչ Հարություն Էջմիածնեցու կողմից։ Այստեղ ստեղծվեց նաև թղթի գործարան։ Մինչև դարավերջ Էջմիածնի տպարանը լույս ընծայեց 13 անուն գիրք։
Նույն ժամանակ հայկական տպագրությունը սկիզբ առավ նաև Հնդկաստանի Մադրաս քաղաքում, որտեղ վաճառական Շահամիր Շահամիրյանի սարքավորած տպարանում 1772 թվականին լույս տեսավ նրա որդու՝ Հակոբ Շահամիրյանի «Նոր տետրակ» աշխատությունը[23], իսկ հաջորդ տարին իր՝ Շ․ Շահամիրյանի «Որոգայթ փառաց» գիրքը։ Սրանք Հայաստանի պետականությունը վերականգնելու հարցերին էին նվիրված։ Ապա հայկական տպագրությունն անցավ նաև Կալկաթա։ Հնդկաստանում հայերը հրատարակեցին քերականական, փիլիսոփայական, պատմության, եկեղեցական գրքեր։ Մադրասում է լույս տեսել նաև հայ առաջին պարբերականը՝ «Ազդարար»-ը (1794-1796), որի հրատարակիչն ու խմբագիրն էր հայ լրագրության ռահվիրա Հարություն Շմավոնյանը։
1781 թվականին, Պետերբուրգում, նորջուղայեցի վաճառական Գրիգոր Խալդարյանցի հիմնադրած տպարանում լույս տեսավ «Տետրակ այբբենական» մայրենի լեզվի դասագիրքը, որը Ռուսաստանում տպագրված առաջին հայերեն գիրքն է։ Մինչև 1788 թվականը այս տպարանը լույս ընծայեց շուրջ 15 անուն հայերեն գիրք, այդ թվում՝ Ներսես Շնորհալու «Յիսուս Ռրդի»-ն, Եղիշեի «Պատմութիւն Վարդանանց»-ը, իր՝ Խալդարյանցի, կազմած հայ-ռուսական բառարանը և այլն։ Խալդարյանցի մահից հետո տպարանն անցավ Էջմիածնի տնօրինությանը, և կաթողիկոսի ներկայացուցիչ Հովսեփ Արղությանն այն տեղափոխեց Նոր Նախիջևան (1790), ապա՝ Աստրախան (1796)։ Այս երեք քաղաքներում մինչև դարավերջ տպարանը լույս ընծայեց շուրջ 50 անուն հայերեն գրքեր։
1512-1800 թվականները հայկական տպագրություն եղել է հետևյալ քաղաքներում․ Վենետիկ, Կոստանդնուպոլիս, Հռոմ, Փարիզ, Բավիա, Ցյուրիխ, Բեռլին, Քյոլն, Ֆրանկֆուրտ (Մայնի), Լվով, Նոր Ջուղա, Լիվոռնո, Ամստերղամ, Մարսել, Լոնդոն, Լայպցիգ, Պադուա, Պարմա, Հարլեմ, Նյուրնբերգ, Զմյուռնիա, Էջմիածին, Մադրաս, Տրիեստ, Կալկաթա, Պետերբուրգ, Նոր Նախիջևան, Աստրախան։ Այդ ժամանակամիջոցում տպագրվել է ավելի քան 1000 անուն հայերեն գիրք։ Հայ տպագրության այս առաջին փուլում չկար հրատարակչության և տպարանի բաժանում, տպագրիչը նաև խմբագիր էր, սրբագրիչ, հրատարակիչ։
-
Գրիգորյան օրացույց, Հռոմ, 1584 թվական
-
«Ձմեռային հատոր» Գրիգոր Տաթևացի, Կոստանդնուպոլիս, 1740 թվական
-
«Հռետորական արվեստ» Հովհաննես Հոլով,Մարսել, 1674 թվական
-
«Մաթեմատիկա», Մարսել, 1675
-
Մխիթար Սեբաստացի Հայոց լեզվի քերականություն, Վենետիկ 1730
19-րդ դար
խմբագրել19-րդ դարի 1-ին կեսը բնորոշ էր տպագրության ասպարեզում գրաբար-աշխարհաբար հրատարակությունների մրցությամբ։ 17-րդ դարում տպագրվել է 3 անուն աշխարհաբար գիրք, 18-րդ դարում շուրջ 20 անուն, իսկ 19-րդ դարի 1-ին կեսում շուրջ 320 անուն։ Այս դարի երկրորդ կեսում բացարձակ գերակշռությունն անցավ աշխարհաբար հրատարակություններին։
1801-1920 թվականներին հայկական տպագրությունը շարունակում էր զարգանալ հիմնականում Հայաստանից դուրս։ Կարևոր էր Թբիլիսիում Ներսիսյան տպարանի ստեղծումը, որ գործեց 1823 թվականից մինչև 1860-ական թվականները և բազմաթիվ գրքերի հետ միասին տպագրեց «Կովկաս», «Մեղու Հայաստանի» պարբերականները, առաջին անգամ լույս ընծայեց Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» (1858)։ Թբիլիսիում մինչև 1920 թվականը հայերեն գրքեր հրատարակվել են մի քանի տասնյակ տպարաններում, այդ թվում՝ Դ․ Պատկանյանի, Դ․ Մելքումյանի և Հ․ Էնֆիաճյանի, Հ․ Մարտիրոսյանի, Մ․ Վարդանյանի, Տ․ Ռոտինյանի, Տ․ Նազարյանցի, Ն․ Աղանյանցի, «Էպոխա», «Հերմես» և այլն։ Դրանցում, բացի հարյուրավոր գրքերից, տպագրվել են ավելի քան 170 անուն հայերեն պարբերականներ։ Նույն ժամանակամիջոցում հայկական տպագրություն է եղել ռուսական պետության նաև ուրիշ քաղաքներում՝ Մոսկվայում, Պետերբուրգում, Բաքվում, Թեոդոսիայում, Օդեսայում, Նոր Նախիջևանում, Ախալցխայում, Սուխումում, Անապայում, Արմավիրում, Եկատերինբուրգում, Կիևում, Պյատիգորսկում, Սարատովում, Աշխաբադում և այլուր։
19-րդ դարում Կոստանդնուպոլիսն իր 130-ից ավելի հայկական տպարաններով մնում էր առաջատար։ Մինչև 1920 թվականը այստեղ լույս են ընծայվել ավելի քան 350 անուն հայերեն պարբերական հրատարակություններ։ Թուրքիայում[24] հայկական տպագրության կարևոր կենտրոն էր նաև Զմյուռնիան, որտեղ շուրջ 50 հայերեն պարբերականներից բացի․ տպագրվել են հարյուրավոր անուն հայերեն գրքեր։ Հայկական տպագրություն եղել է նաև Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում (Պարտիզակ, Նիկոմեդիա, Բրուսա, Եթովպիա, Մարզվան, Ռոդոսթո, Տրապիզոն, Սամսուն, Ադաբազար, Ադանա, Կոնիա և այլն)։
1801-1920 թվականներին Վենետիկի Մխիթարյան գրահրատարակչությունը վերելք ապրեց։ Սուրբ Ղազարում լույս ընծայվեցին հայ մատենագիրների երկերը, հայագիտական աշխատություններ, այդ թվում Գ․ Ավետիքյանի, Մ․ Ավգերյանի, Խ․ Սյուրմելյանի հեղինակած «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» (1836-1837) երկհատոր բառարանը, որ իր արժեքով մնում է չգերազանցված։ Հրատարակվեցին նաև միաբանգիտնականներ Ա․ Բագրատունու, Ղ․ Ալիշանի, Գ․ Զարբհանալյանի, Ա․ Ղազիկյանի և այլոց աշխատություններն ու գեղարվեստական երկերը։ Մոտ 200 տարի այդ տպարանը գործել է անընդմեջ, որով և ամենաերկարակյացն է հայկական տպագրության պատմության մեջ։ 1811 թվականին Տրիեստից Վիեննա փոխադրված Մխիթարյանների միաբանությունը հրատարակում էր հայագիտական, բնագիտական, գեղարվեստական և այլ բնագավառների վերաբերյալ գրքեր, մի քանի պարբերական, այդ թվում՝ «Հանդես ամսօրյա» հայագիտական ամսագիրը (1887 թվականից), ականավոր հայագետներ Ա․ Այտնյանի, Հ․ Տաշյանի, Հ․ Կարաոի, Հ․ Հյուբշմանի, Հ․ Պետերսոնի, Հ․ Աճառյանի, Ս․ Մալխասյանի և այլոց աշխատությունները։
Նույն ժամանակամիջոցում հայկական տպագրություն կար Երուսաղեմում, Եգիպտոսում (Կահիրե, Ալեքսանդրիա), Սիրիայում (Հալեպ, Դամասկոս), Իրանում (Նոր Ջուղա, Թեհրան, Թավրիզ), Ֆրանսիայում (Փարիզ, Մարսել, Մոնպելյե), Անգլիայում (Լոնդոն, Մանչեստր), Բուլղարիայում (Վառնա, Ռուսչուկ, Ֆիլիպե, Սոֆիա և այլն), Ռումինիայում (Բուխարեստ, Դալաց և այլն), Կիպրոսում (Նիկոզիա), Շվեդիայում (Ստոկհոլմ), ԱՄՆ-ում (Նյու Յորք, Բոստոն, Վոթերթաուն, Ֆրեզնո, Չիկագո, Դետրոյտ և այլն), Կանադայում (Պրովիդենս, Ջորջթաուն), Հունաստանում (Աթենք), Շվեյցարիայում (Ժնև, Լոզան), Գերմանիայում (Բեռլին, Մարբուրգ), Հունգարիայում (Բուդապեշտ) և այլուր։
1801-1920 թվականներին Հայաստանում հայկական տպագրության գլխավոր կենտրոնը մնում էր Էջմիածինը, որտեղ հրատարակվում էին դասագրքեր, կրոնական-եկեղեցական գրքեր, հայ մատենագիրների երկեր, հայագիտական աշխատություններ, «Արարատ» հայագիտական հանդեսը և այլն։
Այդ ժամանակաշրջանում հայկական տպագրությունը թափանցեց Հայաստանի այլ վայրեր․ 1827 թվականին՝ Շուշի, 1858 թվականին՝ Վան, 1863 թվականին՝ Մուշ, 1876 թվականին՝ Ալեքսանդրապոլ, 1890 թվականին՝ Նոր Բայազետ, 1909 թվականին՝ Գորիս, ինչպես նաև՝ Կարին, Խարբերդ, Գանձակ, Շատախ, Դիարբեքիր, Երզնկա, Կարս, Ախալքալաք, Աշտարակ։ Երևանում 1875 թվականին տպարան է հիմնել Զաքարիա Գևորգյանը (Հակոբյան), որին միացել է գրող Էմին Տեր-Գրիգորյանը։
Երևանում տպագրված առաջին գիրքը Աբգար Գուլամիրյանի կազմած 1876 թվականի օրացույցն է, տպված 1875 թվականի վերջին։ Երկրորդ գիրքն է Տեր-Գրիգորյանի «Թռչնիկ» բանաստեղծությունների ժողովածուն (1876)։ Այս տպարանում է հրատարակվել նար Երևանի առաջին պարբերականը՝ «Պսակ» (1880-1884) լրագիրը։ Մինչև հաջորդ դարի սկզբները Երևանում գործել են նաև այլ ապարաններ՝ Կուլտուրա, Ուրարտիա, Լույս և այլն։
1801-1920 թվականներին տպագրված հայերեն գրքերի մոտավոր քանակն է 15 հազար անուն, պարբերական հրատարակություններինը՝ մոտ 2 հազար անուն։ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո հայերեն գրքի գլխավոր կենտրոն է դառնում Երևանը, թե գրահրատարակչության ծավալի, թե հայ գրքի վաճառքի և թե գրադարաններում ու անհատների մոտ պահվող հայերեն գրքերի քանակի տեսակետից։
20-րդ դար
խմբագրել1921 թվականին Երևանում կազմակերպվեց Պետական հրատարակչություն (Պետհրատ), որն ստանձնեց տարբեր բնույթի գրքերի խմբագրման և հրատարակման գործը։ Կազմակերպվեցին այլ հրատարակչություններ՝ Երևանի համալսարանի, հողժողկոմատի, ավելի ուշ՝ ՀԽՍՀ ԳԱ, «Լույս», Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի, «Գիտելիք» ընկերության և այլն։
1967 թվականից գործում է Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը։ 1964 թվականին Հայպետհրատը վերանվանվեց «Հայաստան» հրատարակչության, 1976 թվականին նրանից անջատվեց «Խորհրդային գրող» հրատարակչությունը, որը զբաղվում է գեղարվեստական և գրականագիտական երկերի հրատարակությամբ։ 1987 թվականին ստեղծվել է մանկապատանեկան «Արևիկ» հրատարակչությունը։ ՀԽՍՀ-ում 1920-ական թվականների տպագրությունը և տպարանը անջատվել են հրատարակչությունից։ Տպարանն այժմ պատվերակատար արդյունաբերական ձեռնարկություն է։ Ներկայումս Հայկական ԽՍՀ-ում գործում է 30 տպարան, որից 14-ը՝ Երևանում։ Տպարաններ կան նաև Հայկական ԽՍՀ բոլոր շրջկենտրոններում և քաղաքներում։
1920-1986 թվականներին Հայաստանում տպագրվել է շուրջ 60 հազար անուն հայերեն գիրք, գրքույկ և այլն։ Այժմ Հայաստանում ամեն տարի լույս է տեսնում ավելի քան 1100 անուն գիրք և գրքույկ, դրանցից հայերեն՝ շուրջ 750 անուն, պարբերական հրատարակություններ՝ 166 անուն, որից հայերեն՝ շուրջ 127։ Անցած ավելի քան վեց տասնամյակների ընթացքում Հայաստանում հրատարակված գրքերը և պարբերականները բազմաբնույթ են իրենց բովանդակությամբ՝ հասարակական ընդհանուր բնույթի թերթեր ու ամսագրեր, հայ դասականների և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, ռուս և ուրիշ ժողովուրդների գրողների երկեր, գրական պարբերականներ, գիտության և մշակույթի բազմաթիվ բնագավառների վերաբերյալ աշխատություններ ու պարբերականներ, դասագրքեր են։ Հատկապես մեծ տեղ է գրավում Մարքսի, Էնգելսի, Լենինի երկերի, առհասարակ քաղաքական գրականության հրատարակությունը։
Լույս են տեսնում նաև նոտաներ, օրացույցներ․ նկարների վերարտադրություններ, ալբոմներ և այլն։ 1920 թվականից ԽՍՀՄ-ում հայերեն գրքեր ու պարբերականներ տպագրվել են նաև Մոսկվայում, Խարկովում, Թբիլիսիում, Բաքվում, Սիմֆերոպոլում, Նոր Նախիջևանում, Արմավիրում, Պյատիգորսկում, Տուապսեում, Աուխումում, Ախալքալաքում, Բաթումում, Ստեփանակերտում և այլ քաղաքներում։
1920-1986 թվականներին սփյուռքում հայկական տպագրության գլխավոր կենտրոններ են եղել Կոստանդնուպոլիսը, Կահիրեն, Բեյրութը։ Նույն ժամանակաշրջանում հայկական տպագրություն է կատարվել նաև Նոր Ջուղայում, Թավրիզում, Թեհրանում, ինչպես և Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի, Աֆրիկայի շատ այլ քաղաքներում։ Հայերեն բոլոր տպագրված գրքերի ու գրքույկների քանակն այժմ ավելի քան 100 հազար անուն է, պարբերականներինը՝ մոտ 4 հազար անուն։
Նորագույն շրջան
խմբագրելՀայաստանի Հանրապետության անկախացումից հետո վերացվեց հրատարակչական գործի նկատմամբ պետական մենաշնորհը և ստեղծվեցին նաև բազմաթիվ մասնավոր հրատարակչություններ (շուրջ 150, 1999)[25]։ Պետական ենթակայության հրատարակչությունների և տպարանների մեծ մասը սեփականաշնորհվել կամ մասամբ սեփականաշնորհվել ու վերածվել են բաժնետիրական ընկերությունների։ Երկրում գրահրատարակչական գործի խթանման համար պարբերաբար հատկացվում է պետական միջոցներ՝ պետական պատվերի ձևով։
Ազգային գրապալատի տվյալներով՝ 1997-1998 թվականներին երկրում լույս են տեսել ավելի քան 954 անուն գիրք, 245 անուն թերթ, 137 անուն ամսագիր։ Սփյուռքում 1997-1998 թվականներին լույս է տեսել 69 անուն գիրք։
Եթե 1999 թվականին տպագրվել է 577 անուն գիրք, արդեն 2004 թվականին՝ 1078, 2005 թվականին՝ 1089, իսկ 2009 թվականին տպգրության թիվը հասել է 2027 անուն։ Ներկայումս Հայաստանում կան մոտ 140 հրատարակչություններ։ 2000-2011 թվականներին Հայաստանում տպագրվել է 17,000 անուն գիրք։ Մեր օրերում ստեղծվել են նաև առցանց տպարաններ։ 2014 թվականին հիմնադրվել է առաջին հայկական օնլայն տպարանը` Տպարան.am-ը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ George M. Eberhart. The Whole Library Handbook 4: Current Data, Professional Advice, and Curiosa about Libraries and Library Services. — American Library Association, 2006. — Vol. 4. — P. 211.
- ↑ Henri-Jean Martin. The History and Power of Writing / Пер. Lydia G. Cochrane. — University of Chicago Press, 1995. — С. 388.Բնօրինակ տեքստ (անգլ.)
Unlike the Greek clergy, the Armenian clergy helped to found a number of printshops in the sixteenth and seventeenth centuries. Because the Ottoman government tolerated the printing of Armenian books only in Constantinople and only during certain periods, Armenian priests and bishops were sent to the West to establish printshops to provide books for the entire diaspora. These printshops were financed by the merchant bourgeoisie of the Armenian colonies of Europe, who served as middlemen for an international trade with merchants in the Philippines, China, Indonesia, India, and Persia. The largest of these colonies - Livorno, Marseille, Venice, and Amsterdam - were thus the first to have Armenian printshops (Venice, 1511; Livorno, 1643; Amsterdam, 1658; Marseille, 1672). Their press runs were at times astonishingly high, and they had the benefit of an exceptional network, both ecclesiastical and commerial, to distribute their books. Print was clearly instrumental in the conservation of the Armenian cultural heritage.
- ↑ Спафарий Н. Г. Описание первыя части вселенныя, именуемой Азии, в ней же состоит Китайское государство с прочими его города и провинции. Казань, 1910. С. 25. Цитируется по: «Знали ли в Европе о дальневосточном книгопечатании?»(չաշխատող հղում)
- ↑ Русский перевод: «Путешествие Ивана Шильтберхера по Европе, Азии и Африке с 1394 по 1427 г.» Перевёл с немецкого и снабдил примечаниями Ф. Брун, Одесса, 1866. Ср.: Johannes Schiltberger, Als Sklave im Osmanischen Reich und bei den Tataren: 1394-1427 (Stuttgart: Thienemann Press, 1983
- ↑ Путешествие Ивана Шильтбергера по Европе, Азии и Африке, с 1394 года по 1427 год // Записки императорского Новороссийского университета. Том 1. 1867Բնօրինակ տեքստ (ռուս.)
Я также провел много времени в Армении. По смерти Тамерлана, попал я к сыну его, владевшему двумя королевствами в Армении. Этот сын, по имени Шах-Рох, имел обыкновение зимовать на большой равнине, именуемой Карабаг (Karawag) и отличающейся хорошими пастбищами. Ее орошает река Кур (chur), называемая также Тигр (tigris), и возле берегов сей реки собирается самый лучший шелк 163. Хотя эта равнина лежит в Армении, тем не менее она принадлежит язычникам, которым армянские селения принуждены платить дань. Армяне всегда обходились со мною хорошо, потому что я был Немец, а они вообще очень распоюжены в пользу Немцев (nymitch), как они [111] нас называют 164. Они обучали меня своему языку и передали мне свой pater noster.
- ↑ Текст воспроизведен по изданию: Г. Абгарян. Предыстория армянского книгопечатания. Ер., 2001, стр., 55 (հայ.)
- ↑ Армянская книга и книгопечатание // Армянская советская энциклопедия. —Ер., 1987. — Т. 13. — С. 462.
- ↑ «Книга пятницы». World Digital Library. 1512. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
- ↑ История армянского народа. — 1972. — Т. IV. — С. 609.
- ↑ Eric Dursteler. A Companion to Venetian History, 1400-1797. — BRILL, 2013. — P. 458-459.Բնօրինակ տեքստ (անգլ.)
The Armenian presence in Venice dates back to at least the 13th century. In his will of 1253, Marco Ziani, a descendent of Doge Pietro Ziani, expressed his desire that the Armenians be able to stay "in perpetuity" in the house in which they then dwelled at San Zulian (San Giuliano), in the Calle dei Lanterne, eventually called Calle dei Armini, near San Marco, and that any necessary maintenance be undertaken at his expense. By 1341 the Armenian house (domus Arminorum) existed as a organized structure while the Armenians possessed a cemetery on the island of San Giorgio that was later covered up when the church still standing there was constructed, and the presence of a figure called the archiepiscopus Armenirum (archbishop of the Armenians) seems to suggest the existence of an ecclesiastical hierarchy. Then in 1348, they acquired a church and convent of San Giovanni Battista dei Frati Armeni in Castello. By 1434, the Armenians possessed a small church in the Calle degli Armeni, in which they worshipped accirding to the Armenian Christian rite. In 1497 it was restored, and an ospizio was constructed nest to it. An important result of the Armenian settlement in Venice was the development of Armenian printing in the city, and the first book in Armenian was published in Venice in 1512.
- ↑ История армянского народа. — 1972. — Т. IV. — С. 610.
- ↑ Ronald G. Suny, Michael D. Kennedy. Intellectuals and the Articulation of the Nation. — University of Michigan Press, 2001. — С. 89.:Բնօրինակ տեքստ (անգլ.)
In this memory, rumors about the Armenian catholicos’s participation in efforts «to liberate» Armenia allege that the first political move was made in 1547, when Catholicos Stepanos Salmasdetsi sought relief from Persian rule at a moment of crisis in that empire. Emboldened by a civil war that strained Shah Tahmasp’s power even as it brought misery to Armenians, Salmasdetsi is said to have consulted with clerical and lay notables - all «the coherence of will» needed in that still-feudal society- before setting out with his retinue on a difficult journey to the European West and the Armenian diaspora there. He met with Pope Julius III in Rome, visited the court of the Habsburg emperor, dealt at length with representatives of the Venetian republic, and finally went to meet King Sigismund II of Poland in Lviv (now a Ukrainian sity), where there was an influential community of Armenian merchants. This diplomatic journey brought no visible results, but in 1562 the next catholicos, Mikayel Sebastatsi, convened a secret gathering of clerical and lay notables in Sebastia, now Sivas, his hometown in the Ottoman Empire. After eliciting an invitation to travel to Venice, he declined to go and instead sent a spokesman, Apkar Tokatetsi, who died in Venice before he could report any results. Subsequently, in 1575, the catholicos Tadeos visited the prosperous diaspora in Lviv, probably to raise funds, but also to interest the Poles in military intervention. No action followed.
- ↑ История армянского народа. — 1972. — Т. IV. — С. 611.
- ↑ Armenology Research National Center
- ↑ 15,0 15,1 Армянская книга и книгопечатание // Армянская советская энциклопедия. —Ер., 1987. — Т. 13. — С. 463.
- ↑ Дашкевич Я. Р. Первый армянский книгопечатник на Украине Ованес Карматенянц // Историко-филологический журнал (Ереван), 1976, № 1, с. 221-236
- ↑ Дашкевич Я. Вірменія і Україна, Львів; Нью-Йорк 2001, с. 152-154.(ուկր.)
- ↑ Рафаел Ишханян. История армянской книги, Т. 1, Ер., 1977, стр. 351-379 (հայ.);см. комм. 14
- ↑ 19,0 19,1 История армянского народа. — 1972. — Т. IV. — С. 613-614.
- ↑ Армянская книга и книгопечатание // Армянская советская энциклопедия. - Ер., 1987. - Т. 13. - С. 464.
- ↑ История армянского народа. — 1972. — Т. IV. — С. 620.
- ↑ История армянского народа. — 1972. — Т. IV. — С. 619.
- ↑ История армянского народа. — 1972. — Т. IV. — С. 621.
- ↑ Армянская книга и книгопечатание // Армянская советская энциклопедия. —Ер., 1987. — Т. 13. — С. 464-465.
- ↑ 2006 թ. Առաջին ինն ամիսներին Հայաստանի ազգային գրապալատում նախնական գրանցման և ինդեքսավորման է ենթարկվել 1058 անուն գիրք
Գրականություն
խմբագրել- Հայկական համառոտ հանրագիտարան, 1995 ։ Հ. 2 (Զարբանալյան Գարեգին (4.12.1827, Կ. Պոլիս - 13.2.1901, Վենետիկ], գրականության պատմաբան, մատենագետ, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1848))։
- Լեո (Ա․ Բաբախանյան)։ Հայկական Տպագրություն, Թբիլիսի, 1905
- Թեոդիկ Տիպ և տառ, 1913
- Գ․ Լևոնյան Հայկական գրքերը և մշակույթի տպագրությունը։ Երևան, 1946։ (հայ.)
- Ա․ Բաբայան Հայկական գիրք։ Երևան, 1956:
Արտաքին հղումներ
խմբագրել- Armenian Rare Books 1512-1800
- The Art of The Book. Printing and Engraving Արխիվացված 2009-09-12 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 191)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |