Հայկական կիսակոպտաբուրդ ոչխարի ցեղ

Հայկական կիսակոպտաբուրդ ոչխարի ցեղ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս ոչխարներ
Լատիներեն անվանում


Հայկական կիսակոպտաբուրդ ոչխարի ցեղ, մսաբրդակաթնատու կիսակոպտաբուրդ, ճարպապոչավոր ոչխարներ։ Ստացվել է 1931-1984 թվականներին կոպտաբուրդ բալբաս և նրբագեղմ ու կիսանրբագեղմ ցեղերի տրամախաչումից (Ա. Ռուխկյանի ղեկավարությամբ)։ Ցեղի ներսում տարբերում են արագածյան և մարտունու ներցեղային տիպերը։ Ցեղը բուծվել է Արագածի (Արագածոտնի մարզ) և Ծակքարի (Գեղարքունիքի մարզ) տոհմային գործարաններում, Զոլաքարի, Ձորաղբյուրի, Վարդենիկի (Գեղարքունիքի մարզ) և Գնդեվազի (Վայոց ձորի մարզ) տոհմային, ինչպես նաև Վայոց ձորի ու Արարատի մարզերի մի շարք տնտեսություններում։ Խոշոր են, ունեն ամուր մարմնակազմ։ Խոյերի կենդանի զանգվածը՝ 80-90, մաքիներինը՝ 50-55 կգ (առավելագույնը, համապատասխանաբար՝ 137 և 73)։ Բրդածածկը սպիտակ է, ծամիկային և ծամիկահյուսիկային, գլխին և ոտքերին՝ մուգ նշաններով։ Խոյերի բրդատվությունը՝ 4, 6-5, 5, մաքիներինը՝ 2, 3-3, 2 կգ (առավելագույնը, համապատասխանաբար՝ մինչև 8 և 5), բրդի ելքը՝ 60-75%։ Կաթնատվությունը 110-120 կգ է, պտղատվությունը՝ 110-115%։ Հարմարված են լեռնային պայմաններին։ Պահպանում են ելակետային ցեղերի կենսաբանական ու տնտեսական դրական հատկանիշները։ ՀՀ-ում բուծվել է շուրջ 110 հազար (1999) ոչխար։

Ցեղի ստացումը խմբագրել

Հայկական կիսակոպտաբուրդ ցեղի ոչխարները ստացվել են 1931-1984 թվականներին նախկին Թալինի, Մարտունու, Եղեգնաձորի, Վայքի, Արարատի, Արտաշատի, Աշտարակի, Ապարանի և Արագածի շրջաններում և այժմ էլ բուծվում են այդ տարածաշրջաններում։ Վերջին տարիներին այդ ցեղի ոչխարները բուծվում են նաև հանրապետության մյուս տարածաշրջաններում և օգտագործվում են տեղի խառնացեղ ոչխարների բարելավման աշխատանքներում։ Ներկայումս այդ ցեղի ոչխարների ընդհանուր գլխաքանակը մոտավոր հաշվարկներով կազմում է հանրապետության ոչխարների շուրջ 25-30% (մոտավորապես 130-150 հազար)։ Հայկական կիսակոպտաբուրդ ցեղի ոչխարները ստացվել են նախկին տեղական կոպտաբուրդ բալբաս ցեղի մաքիների, ամերիկյան ռամբուլյե և անգլիական լինկոլն ցեղերի խոյերի տրամախաչումից երկու ներցեղային տիպերով արագածի և մարտունու։

Առանձնահատկություններ խմբագրել

Այդ ցեղի ոչխարների բնորոշ առանձնահատկություններն են՝ կիսակոպիտ, գորգագործության համար առավել պիտանի, բարձր միահավասարվածություն ունեցող, սպիտակ, երկար, ծամիկային կառուցվածքի բրդածածկ և մուգ գույնի նշանների առկայությունը աչքերի շուրջը, դնչի, ականջների և ոտքերի վրա։ Ունեն միջին մեծության, երկբարձիկանի, մինչև ցատկիչ հոդերը իջնող ճարպապոչ։ Խոշոր են, աչքի են ընկնում մսային լավագույն ցուցանիշներով (սպանդային ելունքը 46-52 %), բարձր կաթնատվությամբ (110-120 կգ) և պտղատվությամբ (110-115%)։ Վաղահասությունը բավարար է։

Արագածի տիպ խմբագրել

Արագածի տիպի ոչխարները ունեն – խոյերը 80-90 կգ, մաքիները՝ 52-58 կգ կենդանի զանգված, բրդատվությունը ֆիզիկական քաշով համապատասխանաբար՝ 5-6 և 3-4 կգ, բրդի մաքուր ելունքը՝ 60-70, 68-72 %, բրդի երկարությունը ծամիկում՝ 15-20, 12-15 սմ, աղվամազային գոտում՝ 12-15, 10-11 սմ։ Այս տիպի ոչխարների բրդածածկը համապատասխանաբար խիտ է, մազերը բարակ, հյուսիկա-ծամիկային կառուցվածքի, որովայնը և ոտքերը լավ են բրդակալված։

Մարտունու տիպ խմբագրել

Մարտունու տիպի ոչխարները աչքի են ընկնում նախկին կոպտաբուրդ բալբաս ցեղին բնորոշ արտաքին նշանների, մարմնակազմի, բրդածածկի տիպի մեծ նմանությամբ և բարձր կաթնատվությամբ (110-120 կգ)։ Այս տիպի խոյերը ունեն 75-85 կգ, մաքիները 50-55 կգ կենդանի զանգված, բրդատվությունը ֆիզիկական քաշով համապատասխանաբար՝ 4-5 և 2, 5-2, 7 կգ, բրդի մաքուր ելունքը՝ 60-70, 62-75 %, բրդի երկարությունը ծամիկում՝ 17-25, 13-17 սմ, աղվամազային գոտում՝ 14-18, 10-13 սմ։ Բրդածածկը բավարար խտության է, սպիտակ, լավ արտահայտված ծամիկային կառուցվածքով։ Որովայնը և ոտքերը ունեն բավարար բրդակալվածություն։ Հայկական կիսակոպտաբուրդ ցեղի ոչխարները լավ են հարմարված բարձր լեռնային պայմաններին, կարող են բուծվել նաև տարբեր բնակլիմայական պայմաններում՝ սկսած տափաստանային գոտուց վերջացրած բարձր լեռնային գոտին։ Ունեն կենսաբանական արժեքավոր հատկություններ, կայուն ժառանգականություն։ Իրենց բնորոշ հատկությունները լավ են փոխանցում սերունդներին, ինչպես մաքուր բուծման, այնպես էլ տրամախաչման ժամանակ։ Վերջին տարիներին կատարելագործվում են գերազանցապես մսային մթերատվության ուղղությամբ։

Գրականություն խմբագրել

  • Новая парода овец армянская полугрубошерстная и перспективы ее разведения, Тез. Докл. V съезда Армян. общества генетиков и селекционеров им. Вавилова, Ереван, 1987. – 68 с. (ռուս.)
  • Рухкян А.А., Мелконян М.С., Мкртчян Г.А. Армянская полугрубошерстная парода овец, Книга, Ереван:,, Айастан,, 1989.- 187 с. (ռուս.)
  • Մարմարյան Յու. Գ., Ստեփանյան Մ.Ս., Բաղդասարով Գ.Ն., Հայաստանի ոչխարաբուծության զարգացման հիմնահարցերը, «Ագրարային գիտությունը և բարեփոխումները XXI դարի նախաշեմին>», Միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 1998, էջ 404-406
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։