Հայերն Աֆղանստանում, Աֆղանստանի Իսլամական Հանրապետության ազգային փոքրամասնություններից մեկը, Հայկական սփյուռքի մասը։

Աֆղանահայեր
Աֆղանստանի դրոշը
Ընդհանուր քանակ

անհայտ

Բնակեցում
Աֆղանստան Աֆղանստան
Իրան Իրան
Հնդկաստան Հնդկաստան
Հայաստան Հայաստան
Ավստրալիա Ավստրալիա
Լեզու(ներ)
հայերեն, փաշթո
Հավատք(ներ)
Քրիստոնեություն

Աֆղանստանի հայ գաղթօջախները, որոնք սովորաբար Իրանի գաղթօջախի մի ճյուղն են համարվում, ունեցել են երեք տարբեր շրջաններ։

Պատմություն

խմբագրել

Առաջին շրջան

խմբագրել

Աֆղանահայ գաղութի հնագույն ճյուղը վերաբերում է Արշակունյաց ժամանակաշրջանին։ Պարսիկների կողմից բազմաթիվ հայեր են տարվել և բնակեցվել Խուժաստանում, Սագստանում, Խարասանում, Նիշապուրում և այլուր։

Հայ գաղթականների այս զանգվածների զգալի մասը հետագայում շարժվել է դեպի արևելք և մշտական բնակություն հաստատել ներկայիս Աֆղանստանի տարածքում։

Երկրորդ շրջան

խմբագրել
 
Լենկթեմուր

Դեպի Աֆղանստանի ժամանակակից տարածք դարձյալ բռնի տարված հայ գաղթականության երկրորդ շրջանը վերաբերում է 14-րդ դարին։ Այս շրջանում բռնի գաղթած հայերը հիմնականում եղել են Հայաստանի հարևան Աղվանքի սահմանակից շրջաններից։ Աղվանքից Լենկթեմուրի տարած հայ և աղվան գերիներն այնքան շատ են եղել, որ տեղիք է տրվել այն ավանդության, թե երկիրն Աֆղանստան է կոչվել մեր հարևան Աղվանքից տարված գերիների նախկին հայրենիքի անունով[1]։ Այս երկրորդ խմբի հայ գաղթականների մի զգալի մասը բնակեցվել է Ղանդահարում և Քաբուլում, մնացածները՝ երկրի հյուսիսում։

18-րդ դարի 60-ական թվականներին, Սիմեոն Երևանցին խոսելով Աֆղանստանի հայերի մասին, իր «Հիշատակարանում» հայտնում է, որ Ղանդահարի հայերին գերավարել է Լենկթեմուրը։

Վերջին աղվանական խռովություններից ամենից հզոր խռովությունը, ինչպես հայտնի է, եղել է Ղզլայ ռազմատենչ ցեղի ապստամբությունը, որը նպատակ է ունեցել տապալել էմիր Աբդուլ Ռահման խանին և նրան փոխարինելու Էուբ խանով։ Եվրոպական թերթերի թղթակիցները, որոնք անձամբ եղել են ղզլայների մեջ, ականատես են եղել դեպքեր, միաբերան պնդում են, որ ղզլայները, որոնք բաղկացած են 10 000 ընտանիքներից, ունեն բուն հայկական ծագում[2]։ Անգլիական թերթերից մեկի թղթակիցը, որպես հավաստի աղբյուր է բերում ղզլայների ազգագրական կենցաղային բազմաթիվ սովորություններ, որոնք իրենց վրա կրում են հայկական դրոշմ (հիվանդների և խմորի վրա խաչակնքելու սովորություն, ուխտատեղերում կամ տանը խաչով նշանների դնելը և այլն)։ Լրագրողի պնդմամբ, հենց իրենք՝ ղզլայները ընդունում են, որ իրենց նախնիները հայեր են եղել[3]։

Հայտնի է նաև մի ավանդություն, որ իբր թե Լենկթեմուրի տարած հայ գաղթականները ապրում էին Աֆղանստանի լեռնադաշտային շրջանում և զբաղվում խաշնարածությամբ՝ հիմնական սնունդ ունենալով մսեղենը և կաթնեղենը։ Մի անգամ, երբ նրանց հոգևոր հովիվը մեծ պասին արգելում է կաթնեղեն և մսեղեն ուտել, ժողովուրդը խռովություն է բարձրացնում և իսլամ ընդունում։ Նրանք կազմում են մի առանձին ցեղ և կոչվում «ղզլայի»[4]։

Երրորդ շրջան

խմբագրել

Երրորդ շրջանի հայ գաղթականությունը կապված է 17-րդ դարի երկրորդ կեսի հետ։ Հայ հաղթականությունը, որը հիմնականում հաստատված էր Ղանդահար և Քաբուլ քաղաքներում, այլ պատճառներ էլ ուներ։ Արևելքին քաջագիտակ հայ, հատկապես ջուղահայ առևտրականները չէին կարող աչքաթող անել այդ քաղաքները, որոնցով անցնում էր Արևելքի առևտրական խոշոր զարկերակներից մեկը։

Դեռևս Կոստանդ վարժապետ Ջուղայեցին, իր առևտրական «Դավթարում», Ղանդահարը և Քաբուլը հիշում է այն քաղաքների թվում, ուր հայերը առևտուր էին անում[5]։ Երբ ստեղծվեց Նոր Ջուղան, որն անհամեմատ մոտ էր աֆղանական քաղաքներին, դեպի այնտեղ տանող ուղիներին քաջածանոթ հայերը ավելի հաճախ սկսեցին հայտնվել այդ քաղաքներում։ 1670-ական թվականներին Քաբուլում և Ղանդահարում արդեն կային հաստատուն հայ գաղօջախներ[6]։ Նրանք բաղկացած էին գլխավորապես առևտրականներից և արհեստավորներից։

1722 թվականին Սպահանը գրաված և ավերած աֆղան Միր Մահմուրդը կողոպտեց նաև Նոր Ջուղան և իր հետ բռնի տարավ նորջուղայեցի 60 հայ արհեստավորական ընտանիքներ[7]։

Մի քանի տարի անց, Նադիր շահը դարձյալ Սպահանից, իր նախորդի օրինակով, տարավ 200 տուն հայ արհեստավորներ[8]՝ մոտ 500 մարդ[9] և բնակեցրեց Քաբուլում։ Ավելի ուշ Նադիր շահը տասնյակ հազարավոր հայեր և վրացիներ բռնի քշեց Թուրքեստան և Աֆղանստան[10], ու նրանք հիմնականում բնակություն հաստատեցին գյուղերում։ Հայտնի է, որ 1750 թվականին նրանք դեռևս կային, բայց արդեն կանգնած էին ձուլման ճանապարհին[11]։

Աֆղանստանի այս շրջանի գաղթականության մասին շատ քիչ տեղեկություն է մեզ հասել։ Հայտնի է միայն, որ Սիմեոն Երևանցու կարգադրությամբ նրանք պետք է ենթարկվեին Աղվանից կաթողիկոսին, սակայն հավանաբար դա եղել է ձևական կարգադրություն։ Իրականում հայկական այս հատվածները ոչ մի կապ չեն ունեցել Աղվանից կաթողիկոսության հետ և, առանց հոգևոր հովվի ու եկեղեցու, արագորեն ընդունել են իսլամ ու ձուլվել տեղական ժողովուրդների հետ։

Աֆղանահայերի վիճակը մխիթարական չի եղել նաև քաղաքներում։ Եկեղեցուց և հովվից զուրկ, հայերն ստիպված դիմել են կաթոլիկ միսիոներներին և դավանափոխ եղել։ Ոչ Էջմիածինը և ոչ նրա գահակալները բացարձակ ոչինչ չեն ձեռնարկել այստեղ հոգևոր հովիվ ուղարկելու ուղղությամբ։

Քաբուլի գաղթօջախ

խմբագրել

Շատ թե քիչ մխիթարական վիճակ են ունեցել Քաբուլի հայ գաղթականները։ Այսետղ հաստատված մի բուռ հայ արհեստավորներն ու առևտրականները, իրենց հավաքած միջոցներով, Բալա-հիսար փողոցի վրա, Ջելելաբադ ամրոցի դարպասի մոտ, 1737 թվականին կառուցել են հայկական եկեղեցի։ Այս փողոցի վրա են գտնվել հայ արհեստավորների արհեստանոցներն ու վաճառականների խանութները։ Քաղաքից մոտ մի մղոն հեռավորության վրա հայերն ունեցել են գերեզմանատուն։ Ըստ տեղեկությունների՝ հայերն այդ ժամանակ վայելում էին կրոնական ազատություն։

  Քաբուլի մեջ գտնվող հայերը, այս ժամանակ աֆղանական կառավարության բարձր պաշտոններու գլուխ անցան, շատերը պատերազմական բանակներու գլուխ եղած են։
- Րաֆֆի, «Հայերը Քաբուլի մեջ», Մշակ, № 101, 1880:
 

Սակայն, համեմատաբար, բավարար կյանք ունեցող այս գաղթօջախը շատ կարճ միջոցում անկում է ապրել և նրա անդամների մեծ մասը ցրվել է այլ վայրեր։

Խոջա Մկրտում Թիֆլիզեցին 1763 թվականին Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսին գրած նամակում տագնապով նշում է, որ Ղանդահարում, Քաբուլում, Բուխարայում տնավորված հայ բնակչություն է տեսել[12]։

1763 թվականին Աֆղանստան է ուղարկվում Անանիա վարդապետը։ Նրա հիմնական առաջադրանքն է եղել այս խուլ ու անծանոթ երկրում մանուկներին մայրենի լեզվով գրագիտություն ուսուցանել և ի մի հավաքել ու համախմբել հայրենիքից հեռացված և հավաքական կյանքից զրկված հայերին։ Քաբուլի ճանապարհին Անանիան վախճանվում է։ Հաջորդ տարի նույն նպատակով Աֆղանստան է ուղարկվում Գրիգոր վարդապետ Սանահնեցին։

Աֆղանստանի հայության թվի մասին այս շրջանում բացարձակ ոչ մի տեղեկություն չկա։ Ըստ երևույթին, այդ թիվը բավականին մեծ եղած պետք է լիներ, որ Անանիան առաջադրանք ունենար Աֆղանստանի հայաշատ վայրերում կառուցել եկեղեցիներ և տեղ հայության համար ձեռնադրել քահանաներ[12]։

Աֆղանստանի հայերին ուղարկված իր կոնդակում կաթողիկոսը պատվիրել էր հնազանդվել Էջմիածնի իրենց առաջնորդ Գրիգորին և թույլ չտալ օտար կրոնավորների մուտքը հայկական համայնքը։

Հայտնի չէ, թե արդյոք հաջողություն ունեցավ Գրիգոր Սանահնեցին, թեև ասվում է, որ նա հայկական երկու եկեղեցի է կառուցել Աֆղանստանում[13]։ Նա այդտեղ ոչ կարճ ժամանակ մնալուց հետո մեկնել է Բուխարա, սակայն տեղ չհասած վախճանվել է ճանապարհին։

Սա վերջին փորձն էր, որ Էջմիածինը աշխատել է կամուրջ գցել Աֆղանստանի հայկական գաղթականների ու հայրենիքի միջև։

Իրար հաջորդող անբարենպաստ քաղաքական դեպքերը փակեցին Պարսկաստանի (այժմ՝ Իրանի Իսլամական Հանրապետություն) վրայով Աֆղանստան տանող ճանապարհները և կտրվեց կապող վերջին թելը աֆղանահայերի հետ։ Որոշ ժամանակ կարծես Աֆղանահայերի գոյությունն իսկ մոռացվեց։ Միայն տարիներ անց, երբ Միջին Ասիան դարձավ Աֆղանստան տանող միակ անվտանգ ճանապարհը, հայ առևտրականները նորից երևացին նոր շուկաներում։ Դարձյալ նրանք էին, որ նամակներում կամ անձամբ սկսեցին տեղեկություններ հաղորդել մոռացված այս հայ գաղթավայրի մասին։

Ինչպես Քաբուլում ապրող 150 տունը, այնպես էլ մյուս քաղաքներում և գյուղերում ապրող հայությունը կանգնած էր ձուլման վտանգի առջև։ Զրկված հայրենիքի հետ ունեցած կապից, իսլամանալուց բացի այլ ելք չունեին նրանք[14]։

Հավսեփ Արղությանի գործունեությունը Քաբուլի գաղթօջախում

խմբագրել
 
Աֆղանստանի Քաբուլ քաղաքն այժմ

Աֆղանստանի հայ գաղութի այս ծանր վիճակի մասին հայտնի դարձավ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանին։ Նա էր, որ օգտվելով Բուխարայում վախճանված ոմն մեծահարուստ վաճառական Բեժանյանի կտակից, ձեռք մեկնեց Միջին Ասիա և Քաբուլ[15]։

Հովսեփ Արղությանը ձեռնարկում է անենաակտիվ միջոցառումներ Քաբուլի գաղութի հետ կապերը վերականգնելու համար։ Էջմիածին ուղարկած նամակների մեջ նա խնդրում է կաթողիկոսին մտահոգվել Աֆղանստանի հայերի վիճակով և միջոցներ ձեռնարկել ու փրկել նրանց ձուլումից։ Արղությանը չսպասելով Էջմիածնի միջոցառումներին, ինքն անձամբ սկսում է փոխհարաբերություններ ստեղծել աֆղանահայ համայնքի հետ, գրագրության մեջ մտնելով բուխարաբնակ հայ խոջա Սաֆարի հետ։

Նրա ստացած լուրերը հայ համայնքից սպասածից առավել անմխիթար էին։ Նամակներում աֆղանահայերը հայտնում էին իրենց անտերունչ լինելը և խնդրում էին հոգևոր հովիվներ ուղարկել։ Սիմեոն Երևանցին փորձում է բավարարել Աֆղանստանի հայերի խնդրանքը, բայց անհաջող․ ճանապարհների դժվարությունները թույլ չէին տալիս Էջմիածնից հոգևորականներ ուղարկել Քաբուլ։ Անհաջող է անցնում նաև նրա փորձերը՝ Նոր Ջուղայի առաջնորդի կողմից մարդիկ ուղարկել։ Երևանցին ստիպված դիմում է Հովսեփ Արղությանին և բացատրելով գործի էությունը, խնդրում է նրան բավարարել աֆղանահայոց խնդրանքը[16]։

Ձեռներեց Արղությանը շուտով նամակ է ուղարկում Էջմիածին, որով հայտնում է, որ կատարելով կաթողիկոսի հանձնարարությունը՝ Աստրախանի վրայով երկու հոգևորական է ուղարկել Աֆղանստան։ Երկու տարի սպասելուց հետո Արղությանը նրանց անունով Քաբուլ ուղարկած նամակում հիշեցնում է, որ նրանց պարտականությունն է Քաբուլում քահանայագործությունից բացի, հայ մանուկներին մայրենի գրագիտություն սովորեցնել։

Արղությանը միաժամանակ պահանջում է նրանից հաղորդել տեղեկություններ։

  ․․․ զամենայն որպիսութիւն նոցա, թե որպէ՞ս են, ի՞նչ արհեստ ունեն, զի՞նչ են անունք երևելիոցն, որդիք նոցա կարդալո՞ց են, թե չէ, դովթալու շահն ողորմութիւն ունէ դոցա վերայ, թե չէ․․․  

Դժբախտաբար հայտնի չէ, թե ինչ են պատասխանել Արղությանի ներկայացուցիչները․ պատասխան գրությունը մեզ չի հասել։

1775 թվականին Լահոռից, ապա նաև՝ Շահջհանաբադից, բազմաթիվ հայ զինագործներ են տեղափոխվել Քաբուլ՝ աֆղանական բանակի զենքեր պատրաստելու և զինման գործը գլուխ բերելու նպատակով։

18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբներին Քաբուլի հայ գաղութը նվազել, հասել էր 30-40 տան Ղանդահարի հայությունն ավելի քիչ էր, իսկ մնացած վայրերի հայությունը գլխովին ձուլվել էր, բացի առանձին անհատների։

Գաղթօջախը 19-րդ դարում

խմբագրել

19-րդ դարի հատկապես 30-40-ական թվականների հայ համայնքների մասին տեղեկությունները համեմատաբար շատանում են։ Դրանք հիմնականում հաղորդում են անգլիական ճանապարհորդները և Քաբուլ մտած անգլիական սպաներն ու նրանց ուղեկցող հոգևորականները։

Մեզ են հասել 19-րդ դարի 70-ական թվականներին կաթոլիկ միսիայի կողմից գրված մի քանի հաշվետվություն՝ Քաբուլի հայերի մասին։ Այդ զեկուցագրերը մեծ մասամբ հրատարակել է Մ․ Ս․ Սեթը։ Զեկուցագրերի հեղինակը որոշ տեղեկություններ է ուղարկել նաև գաղթավայրի անցյալի վերաբերյալ։

1832 թվականին Քաբուլ այցելած Ժոզեֆ Վոլֆը եղել է համայնքնում և հոգացել տեղի հայերի հոգևոր հոգսերը, հաղորդում է, որ այնտեղ ապրում են միայն մի քանի տասնյակ կղզիացած հայ ընտանիքներ, գրեթե կտրված արտաքին աշխարհից։

  Այս փոքր համայնքը տարիներ շարունակ կողոպտվել և սնանկացվել է կառավարության կողմից․․․ նա մեծապես վնասել է այդ երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից, անօրինականություններից և արյունահեղություններից։ Հենց միայն անցյալ տարի բազմաթիվ հայեր ամիրի կողմից բանտեր էին նետվել և Փոշեւարի միսիայի միջնորդության շնորհիվ է, որ նրանք բանտից ազատվել են։  

1842 թվականին քարոզիչ Ջ․ Ն․ Ալլենիի և կապիտան Բալվելլի «Հայ քրիստոնյա փոքրիկ համայնքի մասին» զեկուցագրից երևում է, որ հայերը շարունակում էին կղզիացած կյանք վարել Բալհիսար ամրոցին կից մի նեղ փողոցում։ Նրանց հիմնական զբաղմունքը Շիրազի գինի պատրաստելն էր, կային նաև այլ արհեստավորներ։ Ոչ այս և ոչ էլ մյուս զեկուցագրերում հայ առևտրականներ չեն հիշատակվում։ Հայերի կյանքը շարունակում է մնալ անապահով․

  Նրանք [հայերը] ասում էին, որ բազմապիսի հալածանքներ էին կրում աֆղաններից և հաճախակի ենթարկվում ծանր հարստահարությունների և բռնությունների։
- Ջ․ Ն․ Ալլենի[19]
 

Նման պայմաններում, իհարկե հայ գաղութը զարգանալ չէր կարող։

 
Կալկաթա քաղաքը

Մեսրոպ Թաղիադյանը, ով ժամանակին տեղեկություններ է հավաքել աֆղանահայերի մասին, ամենամռայլ գույներով է նկարագրել նրանց վիճակը 40-ական թվականներին։ Նա հայտնում է, որ Քաբուլում մնացել է ընդամենը 30 տուն հայեր[20]։

Յոթ-ութ տարի հետո «Ազգասեր»-ը մեջբերում է արել Դելիի թերթերից մեկի հաղորդումը՝ Աֆղանաստանի հայ համայնքի մասին, ուր ասվում է․

  Ցայդ ևս անխնամ մնացեալ է, որ ցրուեցալ և է, որ ուրացեալ խառնեցան յայլազգիս։  

1876 թվականին Էմիրի հատուկ հրամանով հայերը, հրեաների հետ միասին, որոնք մինչև այդ ազատ էին ամեն տեսակ զինվորական ծառայություններից և հարկերից, ենթակա դառան զինակոչման և հարկադրվեցին։

Աբդուլ Ռահման խանի նամակը Կալկաթայի հայերին

խմբագրել
 
Աբդուլ Ռահման խան
 
Նասր ադ Դին Շահ

1890-ական թվականներին Աֆղանստանում աննշան թվով հայեր էին մնացել։ Մեզ է հասել Աբդուլ Ռահման խանի մի ֆերմանը, որը նա ուղղել է Կալկաթայի հայերին։

  Շատ բարևներից և երախտիքներից հետո, թող հայտնի լինի Կալկաթայի հայ հասարակությանը, որ հանգուցյալ նադիր շահի գահակալության տարիներին (թող աստված նրան հանգիստ շնորհի) ոչ մեծ թվով ընտանիքներ, որոնց մեջ հաշվվում էին մոտ հինգ հարյուր հայազգի մարդիկ, եկան այս երկիրը․․․

Չնայած այդ բանին, որ ինչպես մեծ նախորդների, այնպես էլ այժմ մեր գահակալության տարիներին, նրանք չեն զգացել և չեն զգա որևէ անհանգստություն և վնաս։ Ընդհակառակը, նրանք բոլորը, մեծ և փոքր զբաղեցնում են նշանակալից պաշտոններ և աֆղանական քաղաքական կառավարությունից ստանում են աշխատավարձ, այնպես, որ նրանք բարեհաջողությունների են հասել կյանքում, այնուամենայնիվ նրանք իրենց դժբախտ են զգում սեփական ազգի հասարակության պակասի պատճառով։

Ցանկալի է, որ դուք ելնելով ձեր ազգային և կրոնական զգացմունքներից և համակրանքից, տաս-տասներկու կրթված կամ արհեստի գիտակ հայ ընտանիքներ տեղափոխեք Աֆղանստանի տերության սահմանները և այդպիսով մխիթարեք տեղի հայրենակիցներին իրենց մենության մեջ և հենց իրենք էլ իրենց կյանքն անցկացնեն բարեկեցության մեջ։
 

Նա այդ նամակում խոստում է տվել, որ Հնդկաստանից Աֆղանստան տեղափոխվել ցանկացող հայերին մինչև տեղ հասնելը բոլոր պահակային կետերում կապահովեն սննդամթերքով և գիշերելու տեղերով, և տեղ հասնելիս նրանցից յուրաքանչյուրը կաշխատի իր մասնագիտությամբ։ Էմիրը վստահեցնում էր, որ հայերն իր երկրում կապրեն «ապահով և խաղաղ կյանքով»։

Աբդուլ Ռահմադ խանը իր հրավերն ավելի հեղինակավոր դարձնելու համար նամակը Կալկաթա է ուղարկում իր վառոդապետ Սերվուրդին խանի (ազգությամբ հայ Ղուկաս Հովսեփյանի) միջոցով։

1896 թվականի մայիսի 25-ին Կալկաթայի հայերը ուղարկել են իրենց պատասխանը Էմիրին․

  Ոչ միայն Կալկաթայի, այլև Հայաստանի, Թուրքիայի և Իրանի համառորեն աշխատող և հավատարիմ ծառայող շատ հայեր անշուշտ կհավաքվեն Ձերդ բարձրության գահի շուրգ, որին թող անփորձ պահի աստված։ Բայց մենք շատ ենք ցավում, որ հենց հիմա, որևէ ընտանիք հազիվ թե ցանկություն հայտնի հեռանալ այստեղից, քանի որ նրանք բարեհաջող գործում են զանազան ասպարեզներում և գրեթե բոլորը կապված են բարեկամական կապերով, որից հազիվ թե ցանկանան կտրվել․․․  

Նրանք այնուհետև խորհուրդ են տալիս Էմիրին ավելի բարելավել տեղի հայերի վիճակը, որն օրինակ կհանդիսանա մյուս հայերին։ Նույն պատասխան նամակում հայերը գրում են․

  Մենք թույլտվություն ենք խնդրում ներկայացնելու Ձերդ բարձրության ուշադրությանը հետևյալ հարցը, որ Ձերդ բարձրությունը, համաձայնվի Աֆղանստանի հայ մանուկներին ուսման ուղարկել Հնդկաստան, գուցե՝ Կալկաթա, ընդհանուր կրթության և մասնագիտական ուսուցման համար։ Ավարտելուց հետո նրանք կվերդառնան տուն, որպեսզի հատուցեն հարազատ կառավարությանը ազնիվ և հավատարիմ ծառայությամբ․․․  

Հետագայում միայն երկու հայ գնաց Քաբուլ, որոնք կարճ ժամանակում արտաքսվեցին։

1897 թվականին Էմիրի վերաբերմունքը դեպի իր հպատակ հայերը փոխվեց։ Անհասկանալի պատճառով Աբդուլ Ռահմանը, որը շահագրգռված էր հայերի Աֆղանստան գնալով և բարելավում էր նրանց վիճակը, հատուկ հրամանով երկրից բռնի ուժով արտաքսեց բոլոր հայերին։ Նրանք ամբողջությամբ անցան Հյուսիսային Հնդկաստան և հաստատվեցին Փեշեվարում[23]։

Կարճ ժամանակ անց միայն հայտնի դարձավ, որ Էմիրը կատարել է իր բարեկամ սուլթան Աբդուլ Համիդի ցանկությունը, որը հատուկ նամակով խնդրել էր արտաքսել հայերին որպես անհավատարիմ հպատակների։ Սուլթանը նույնանման նամակով դիմել էր նաև պարսից Նասր ադ Դին Շահին, որը չկատարեց խնդրանքը։

Փեշեվար արտաքսված հայ գաղթականներով չզբաղվեցին ոչ Էջմիածինը և ոչ Նոր Ջուղան։ Նրանց բախտին և ճակատագրին անտարբեր գտնվեցին նաև Կալկաթայի և Հնդկաստանի մյուս հայ համայնքների եկեղեցիներն ու մեծահարուստները։

Մ․ Սեթը իր «Հայերը Հնդկաստանում» գրքում ասում է, որ Փեշեվարում հաստատված հայերն իրենց հետ Քաբուլից բերել էին պատկառելի հնության ձեռագրերի մի մեծ ժողովածու։

  Նրանք այնքան հին են իրականում, որ նրանց տերերից և ոչ մեկը կարող չէ կարդալ նրանք։
- M. Seth, Armenians in India, p. 189:
 

Աֆղանստանի մյուս գաղթօջախները

խմբագրել

Աֆղանստանի մյուս վայրերի հայկական համայնքների մասին եղած տեղեկությունները կցկտուր են․ Հենրի Ռավլինսոնը «Անգլիացիները և ռուսներն Արևելքում» գրքում տվել է Չինաստանին սահմանամերձ աֆղանական Չաշխա քաղաքի մարդահամարը․ այնտեղ քաղաքի բնակիչների թվում նշված էին նաև 300 հայեր[24]։ Ռավլինսոնի հաղորդումը հավաստի է, քանի որ գեներալը ձեռքի տակ է ունեցել անգլիական գաղութային զորքերի հաղորդման տվյալները և ինքն էլ անձամբ եղել է Ղաշխայում։

Չինաստանին սահմանակից այս փոքրիկ քաղաքում 300 հայերից բաղկացած համայնքի գոյությունը զարմանալի չէ․ Ղաշխան առևտրական քաղաք-հենակետ էր Չինաստանի հետ կատարվող մետաքսի առևտրում[25]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ալ․ Երիցյան, «Հնից և նորից» (Նյութեր ազգային պատմության համար), «Արձագանք», 1886, № 86
  2. «Արձագանք», 1887, № 17, էջ 253։
  3. ՀՀ ԳԱ Պատմության ինստիտուտի արխիվ, № 63 (Աֆղանստան), էջ 1։
  4. Ա․ Գ․ Աբրահամյան, Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, Գիրք Բ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1967
  5. ՄԱՄ, ձեռագիր № 5994, էջ 1ա-բ:
  6. J.M. Seth, Armenians in India., p. 187.
  7. ՀՀ ԳԱ Պատմության ինստիտուտի արխիվ, գործ № 63, Աֆղանստան, էջ 2։
  8. J.M. Seth, Armenians in India., p. 198.
  9. Մ․ Թաղիադեանց, Պատմութիւն Հին Հնդկաստանի, Կալկաթա, 1848, էջ 174:
  10. ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի արխիվ, գործ № 63, Աֆղանստան, էջ 3։
  11. «Արձագանք» Թիֆլիզ, 1897, № 17:
  12. 12,0 12,1 Դիւան Հայոց պատմութեան, հատոր III, էջ 533։
  13. «Արձագանք», Թիֆլիզ, 1896, էջ 7։
  14. «Ավետիք», Գ տարի, 1938, էջ 290։
  15. «Արձագանք», 1898, № 86, հուլիսի 28։
  16. ՄԱՄ, ձեռագիր № 4501, թ․ 135ա։
  17. «Արձագանք», 1896, № 86, օգոստոսի 6։
  18. M. Seth, Armenians in India, p. 188:
  19. «Ազգասեր», 1850, հատոր Դ, № 108, էջ 184։
  20. «Բազմավեպ», 1878, էջ 351։
  21. «Արձագանք», 1887, էջ 17։
  22. Աֆղանստանի էմիրի նամակի թարգմանությունը հրատարակվել է «Մուրճ»-ում, 1896, № 6, «Արձագանք»-ում, 1897, էջ 253-256 և այլն։
  23. 23,0 23,1 23,2 M. Seth, Armenians in India, p. 189
  24. Major-General sir Henri Ravliston, England and Russia in the East, London, 186, p. 241:
  25. Ողեւորութիւն Թ․ Տեր-Հովհանեանի, Կալկաթա

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել