Հայերն Աստրախանում
Հայերն Աստրախանում բնակություն են հաստատել նախքան դրա՝ Ռուսական կայսրության մեջ մտնելը։ Ներկայիս Ռուսաստանի Դաշնության Աստրախանի մարզում հայերի մասին առաջին հիշատակությունները վերագրվում են 14-րդ դարի առաջին կեսին (1331), երբ Զաքարյան իշխանապետության կործանումից հետո Անիի հայերի մի մասը հաստատվել է այստեղ: Աստրախանը Ռուսաստանին միանալուց (1556) հետո ռուսներն ամրոցը և քաղաքը Վոլգայի աջ ափից տեղափոխել են ձախ ափ: Լինելով Ռուսաստանի դարպասը դեպի Կասպից ծով՝ քաղաքը վերածվել է ռազմական, վարչական ու տնտեսական խոշորագույն կենտրոնի: Դարերի ընթացքում Ասարախանում ընդունելություն են գտել հարավից եկող բազմաթիվ հայ գաղթականները:
Աստրախան քաղաքի հայ գաղութը սկսել է ձևավորվել 17-րդ դարում: Հայերը բնակություն են հաստատել այսպես կոչված «Սպիտակ» քաղաքի սահմաններից դուրս, Սադովի թումբ կոչվող շրջանում: Այստեղ էլ ձևավորվել է քաղաքի առաջին հայկական թաղամասը: 18-րդ դարի սկզբին կառուցվել է սուրբ Աստվածածին քարե եկեղեցին, 18-րդ դարի երկրորդ կեսին՝ սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին: Հետագա տարիներին կառուցվել են ևս երկու հայկական եկեղեցիներ՝ սուրբ Կատարինե և սուրբ Գրիգոր Լուսավորիչ: 17-րդ դարի սկզբին Աստրախանում ապրել է մոտ 200, 18-րդ դարի սկզբին՝ 5 հազար, 19-րդ դարի վերջին՝ 7,5 հազար, 1911 թվականին՝ շուրջ 10 հազար հայ: 2021 թվականի համառուսաստանյան մարդահամարով Աստրախանի մարզում բնակվել է 5824 հայ, մեծ մասը՝ Աստրախան քաղաքում։ Գործում է միայն մեկ՝ սուրբ Հռիփսիմե եկեղեցին։
Պատմություն
խմբագրելՊետրոս I-ը և նրա հաջորդները, առևտրին և արհետագործությանը զարկ տալու նպատակով, հայերին արտոնագրերով հրավիրել են Աստրախան: Տեղի հայ վաճառականները կարևոր դեր են խաղացել ռուս-իրանական և հատկապես Ռուսաստանով կատարվող տարանցիկ առևտրում (նրանց առևտրական գործարքների տեսակարար կշիռն այդ առևտրում կազմել է 50 %-ից ավելին): 18-րդ դարում Աստրախանը մետաքսի ու բամբակի արդյունաբերական համառուսաստանյան նշանակություն ունեցող կենտրոն էր, իսկ ջուլհակային ձեռնարկությունների 90 %-ը պատկանում էր հայերին:
Հայերը պաշտոնապես ազատվել են հարկերից, օգտվել առևտրական և արդյունաբերական գործունեության, դավանանքի ազատության և համայնքի ներքին կյանքը տնօրինելու արտոնություններից: 1746 թվականին ստեղծվել է հայկական դատարան (ռատհաուգ): 1765 թվականին Աստրախանի բնակիչներ Եղիազար Գրիգորյանը, Գրիգոր դի Սաֆար Կամպանյանը և Օհանի որդի Սարգիսը կազմել են «Աստրախանի հայոց դատաստանագիրքը»՝ օրենքների ժողովածու, որը կիրառվել է Աստրախանի, ինչպես նաև Ռուսաստանի մյուս հայ համայնքների (Նոր Նախիջևան, Մոզդոկ, Ղզլար) դատարաններում: 19-րդ դարի սկզբից Աստրախանի տնտեսական նշանակության նվազմամբ հայերի արտոնությունները աստիճանաբար սահմանափակվել են, ապա վերացվել:
Աստրախանում հատկապես հայտնի էին Սարգիս Օհանյանի, Պյոտր Վարդանյանի, Առաքել Իսայանի, Ռևազ Զալիևի գործարանները: Մեծ դեր էին խաղում նաև հայ արհեստավորները: Աստրախանի հայերը Ռուսաստան են ներմուծել նաև բամբակ, մանվածք, ներկեր, բրինձ, չիր մրգեր:
Եկեղեցի
խմբագրել1717 թվականին կազմավորվել է Հայ առաքելական եկեղեցու Աստրախանի թեմը՝ առաջինը Ռուսաստանի Հայ եկեղեցու թեմերից: Այն միավորում էր Ռուսաստանում գործող բոլոր հայկական եկեղեցիները: 1917 թվականի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Աստրախանի թեմի իրավասության տակ են մնացել միայն Հյուսիսային Կովկասի և Պովոլժիեի տարածքները: Թեմը կոչվում էր Հայ եկեղեցու Հյուսիսային Կովկասի և Ասարախանի թեմ, իսկ նրա կենտրոնը տեղափոխվել է Արմավիր քաղաք (Հյուսիսային Կովկաս):
Հասարակական և քաղաքական ականավոր գործիչներից էր ռուսահայ թեմի առաջնորդ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը, որը մեծ դեր է խաղացել հայ ազատագրական շարժման, Ռուսաստանում հայկական նոր բնակավայրերի հիմնադրման գործում: Նա Աստրախանում հիմնել է հոգևոր կոնսիստորիա (թեմական հոգևոր մարմին, 1781) և հայկական առաջին տպարանը (1796):
Ասարախանում էին տեղաբաշխվել հայկական էսկադրոնների զորամասերը, որոնք 18-րդ դարի առաջին կեսին ռուսական բանակի կազմում մարտնչել են պարսիկ և թուրք նվաճողների դեմ: 1769 թվականին Աստրախանում է ծնունդ առել Հայաստանի ազատագրման նախագծերից մեկը, որի հեղինակն էր տեղաբնակ խոշոր վաճառական Մովսես Սարաֆյանը (Բաղրամյան):
Հասարակական կյանք
խմբագրելԱստրախանի հայերն ակտիվորեն մասնակցել են ինչպես համայնքի, այնպես էլ երկրի հասարակական կյանքին: 19-րդ դարի երկրորդ կեսին տեղի մի խումբ երիտասաևդներ ստեղծել են նարոդնիկական կազմակերպություն՝ Ֆորտակով եղբայրների գլխավորությամբ: Շատ հայեր բարեկամական հարաբերություններ են պահպանել Աստրախանում աքսորի մեջ գտնվող Ն. Չեռնիշեսկու հետ:
Աստրախանում առաջին հայկական դպրոցը կազմակերպվել է 1780-ական թվականներին՝ Հովսեփ արք. Արղությանի նախաձեռնությամբ: Հոգևոր այդ դպրոցը գոյատևել է մի քանի տարի: 1810 թվականին վաճառական Նիկողայոս Աղաբաբյանի միջոցներով բացվել է նոր դպրոց (կոչվել է Աղաբաբյան դպրոց): Գործել են նաև հայկական այլ ուսումնական հաստատություններ՝ սեմինարիան (1906), արական ծխական (1851), իգական ծխական (1870), արհեստագործական (1877) դպրոցներ, որոնք գոյատևել են մինչև 1920-ական թվականները:
Մշակույթ
խմբագրել1795 թվականին Հովսեփ արքեպիսկոպոս Արղությունի ջանքերով Նոր Նախիջևանից Աստրախան է բերվել թեմական տպարանը, որտեղ 1796-1800 թվականներին տպագրվել են մի քանի գրքեր: Աստրախանում հրատարակվել են «Արևելյան ծանուցմունք» (1816), «Լրաբեր» (1908-1909), «Մեր կյանքը» (1910-1912), «Բանբեր» (1915) հայերեն պարբերականները:
1868 թվականին հիմնադրվել է Աստրախանի հայկական թատրոնը (գործել է մինչև 1930-ական թվականները): Առաջին հայկական թատերական բեմադրությունները կազմակերպել են Կոստանդնուպոլսից ժամանած դերասաններ Ֆասուլաճյան ամուսինները: 1908 թվականին ստեղծվել է Հայ գրականության և արվեստի սիրողների ընկերություն՝ ճանաչված փաստաբան և հասարակական գործիչ Ռոմանոս Աստվածատրյանի գլխավորությամբ: Աստրախանի հայ համայնքը տվել է օպերային բեմի այնպիսի երևելի երգիչներ, ինչպիսիք են Պետերբուրգի և Փարիզի օպերաների երգչուհի Նադեժդա Պապայանը և երգիչ Ալեքսանդր Կարատովը (Կարապետով):
Աստրախանի հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներից են 1812 թվականի Հայրենական պատերազմի մասնակից և պատմաբան գեներալ Դմիտրի Ախշարումովը, նրա որդիները՝ պետրաշեական խմբակի անդամ բժիշկ Դմիտրի Ախշարումովը և գրող Նիկոլայ Ախշարումովը, 1812-ի պատերազմի մասնակից գեներալ Դավիթ Դելյանովը (Դիլանչյան) և նրա որդին՝ Ռուսաստանի ժողովրդական լուսավորության նախարար Իվան Դելյանովը, բժշիկներ Մարգար Առուստամովը և Իվան Քուրդովը, ժուռնալիստ-հրատարակիչ Հարություն Կոտելնիկյանը, գիտնականներ Պետրոս, Մելքում ու Տիգրան Տուրպաևները և ուրիշներ:
Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների տարիներին ուժեղացել է Արևմտյան Հայաստանից և Անդրկովկասից հայ փախստականների հոսքը Աստրախան. քաղաքի հայ բնակչությունն աճել է՝ հասնելով 10-11 հազարի: Սակայն այդ տարիներին ազգային կյանքի վերելքը երկարատև չի եղել:
1991 թվականից սկսել են գործել հայոց լեզվի ուսուցման դասընթացներ և խմբակներ, ստեղծվել է հայ մշակույթի «Արև» ընկերությունը, որն աշխատանք է ծավալել քաղաքի հայության համախմբման, ազգային ավանդույթների վերականգնման ուղղությամբ: Ընկերության նախագահն է բժիշկ, պրոֆեսոր Ս. Զուռնաչյանը: 1996 թվականին քաղաքային իշխանությունները հայ համայնքին են վերադարձրել նախկին Աղաբաբյան դպրոցի շենքը: 1990-ական թվականներին հայերի թիվն Աստրախանում ավելացել է Ադրբեջանից եկած հայ փախստականների հաշվին: 21-րդ դարի սկզբին հայերի թիվը շուրջ 4 հազար է եղել:
Գրականություն
խմբագրել- Հ․ Զաքարյան, Աստրախանի հայ գաղթօջախի պատմությունից(չաշխատող հղում)
- Армяне в Астрахани во второй половине XVIII в.
- Армяне в Астрахани. Как появилась одна из старейших армянских диаспор России?