Հայերի ծագման մասին ավանդազրույցներ

Հայերի ծագման մասին ավանդազրույցներ կան մի շարք գրավոր աղբյուրներում, որոնցից հատկապես մեծ կարևորություն ունեն հայկական, հունական, վրացական ավանդազրույցները, քանի որ դրանք կարևոր սկզբնաղբյուրներ են։

Հայ ժողովրդի կազմավորումԽմբագրել

Հայերը պատկանում են էթնիկ խմբի, որը Ուրարտուի կործանումից հետո, մ.թ.ա. 7-րդ դարի վերջում կամ 6-րդ դարի սկզբում կենսագործում է Հայկական լեռնաշխարհում և Հարավային Կովկասում[1][2]: Հայերը իրենց անվանում են «հայ», իսկ երկիրը` «Հայաստան» կամ «Հայք»: Մինչդեռ բոլոր ժողովուրդները, բացի վրացիներից, հայերին անվանում են «արմեն», իսկ նրանց երկիրը` «Արմենիա»: Վրացիները հայերին անվանում են «սոմեխի», երկիրը` «Սոմխեթի»:

Հայերի ծագման մասին ավանդազրույցներԽմբագրել

Հայկական ավանդազրույցԽմբագրել

 
Հայ ժողովրդի նախահայր Հայկ Նահապետը, որը, հաղթելով Բելին, հաստատվեց Հայկական լեռնաշխարհում

Ավանդազրույցների մեջ ամենահինը և արժեքավորը հայկական ավանդազրույցն է, որը հայտնի է նաև «Հայկ և Բել» առասպել անունով: Այս ավանդազրույցը մեզ է հասել երկու սկզբնաղբյուրներից` Մովսես Խորենացու և Սեբեոսի աշխատություններից:

Առաջին աստվածներից առաջացած հաղթանդամ Հայկը ընդդիմանում է բոլոր նրանց, ովքեր ձգտում էին իշխանություն ձեռք բերել հսկաների և դյուցազունների վրա: Բաբելոնում աշտարակաշինության անհաջող փորձից հետո հսկաներից մեկը` Տիտանյան Բելը, բռնանում է բոլորի վրա և իրեն հայտարարում արքա: Հայկը չի կամենում հնազանդվել Բելին և իր որդիների, դուստրերի ու թոռների հետ` մոտ 300 հոգի, Բաբելոնից հեռանում, գնում է Այրարատի երկիրը և բնակվում է մի լեռնադաշտում, որն այնուհետև կոչվում է Հայք: Իմանալով Հայկի անհնազանդության մասին` Բելը պահանջում է նրանից ետ վերադառնալ և հնազանդվել իրեն, սակայն Հայկը մերժում է այդ պահանջը: Բելը զայրացած հետևակ զորքերի բազմությամբ գալիս հասնում է Այրարատի երկիրը: Հայկը հարձակման լուրն իմանալով՝ հավաքում է իր քաջորդիներին ու շարժվում Բելի դեմ: Վանա լճի մոտ Հայկը և նրա ուղեկիցները հանդիպում են Բելի զորքին: Երկու կողմի հսկաները մարտընչում են իրար հետ և այդ ընդհանրումից բարձրանում է ահագին դղրդյուն: Մարտի ընթացքից սարսափած Բելը որոշում է իջնել բլրից և ամրանալ զորքի մեջ: Աղեղնավոր Հայկը այդ բանը նկատելով, առաջ է անցնում և մոտենում Բելին պինդ քաշում է իր լայնալիճ աղեղը և երեքթևյան նետը արձակում նրա կրծքի զրահատախտակին: Նետը` թափով անցնելով և թիկունքից դուրս գալով, ընկնում է գետնին և այսպես հպարտ Բելը տապալվում է, իսկ նրա զորքը դիմում է փախուստի:

Հայկը հաղթանակի առիթով ճակատամարտի տեղում շինում է դաստակերտ և անվանում է Հայք: Հենց Հայկի անունից էլ մեր ազգը անվանվեց հայ, իսկ երկիրը՝ Հայաստան[3]։ Բուն Հայոց թվականը սկսվում է հենց այդ օրից՝ Ք․ա 2492 թվականի օգոստոսի 11-ից։

Ավանդազրույցի մեջ պատմվում է նաև, թե ինչպես Հայկի որդին` Արմենակը, և նրա հաջորդ սերունդները, շարժվելով դեպի հյուսիս, բնակություն են հաստատում Արարատյան դաշտում և Հյուսիսիային Հայաստանի տարբեր մասերում, որտեղ և նրանց անունով են կոչվում առանձին գավառների և բնակավայրերի անունները: Այսպես, օրինակ` Արմենակի անունով է կոչվում Արագած լեռը և Արագածոտն գավառը, Արամայիսի անունով` Արմավիրը, Շարայի անունուվ` Շիրակը, Գեղամի անունով` Գեղարքունիքը, Սիսակի անունով` Սիսականը, Արայի անունով` Այրարատը և այլն: Ըստ ավանդության, Հայկի սերնդից էր նաև Արամը, որի կատարած քաջագործությունների համար էլ օտարները հայերին սկսում են անվանել արմեն, իսկ երկիրը` Արմենիա:

Հունական ավանդազրույցԽմբագրել

 
Արգոնավորդները, որոնց մեջ էր գտնվում նաև հայերի նախահայրը (ըստ հունական ավանդազրույցի)։

Հայ ժողովրդի ծագման մասին մեզ է հասել նաև հունական ավանդազրույց, ըստ որի՝ հայերը ծագում են հույների մեջ մեծ սերը վայելող արգոնավորդներից մեկից։ Յասոնը և մնացած արգոնավորդներն իրենց Արգոն նավով ուղևորվում են Կոլխիդա, որտեղ փորձում են գտնել ոսկե գեղմը, ինչը համարվում էր անմահության և հավերժության խորհրդանիշը։ Արգոնավորդներից մեկը՝ Արմենոսը, որը Հունաստանի Թեսալիա մարզից էր, մնացած արգոնավորդների հետ միասին չի վերադառնում Հունաստան, այլ մնում է Հայկական բարձրավանդակում, որտեղ էլ ստեղծված պետությունը նրա անունով կոչվում է «Արմենիա», իսկ այդ երկրի բնակիչները՝ «արմեններ»։

Ք․ա․ I դարի հույն մատենագիր Ստրաբոնն ավելի մանրամասն է անդրադարձել այս պատմությանը՝ նշելով, որ իր սկզբնաղբյուրները Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների պատմություններն են: Դրա վառ ապացույցներից է նաև այն, որ Հելլենիզմի ժամանակաշրջանում հայտնվեցին և սկսեցին շրջանառվել նաև Պարսիկների ու մարերի հունական ծագման մասին նույնանման ավանդազրույցներ` Բալկանյան թերակղզուց գաղթած լինելու մասին:

Վրացական ավանդազրույցԽմբագրել

Վրացական ավանդազրույցը գրի է առնվել վրաց մի շարք հեղինակների կողմից 9-11-րդ դարերում։ Ըստ այս ավանդազրույցի՝ հայերի նախահայր Հայկը, վրացիների նախահայր` Քարթլոսը, աղվանների նախահայր` Ռանոսը, եգերների նախահայր` Եգրեսը և կովկասյան մի քանի այլ ցեղերի նախահայրերը եղել են եղբայրներ, սերելով մի հորից` Թորգոմից: Բաբելոնի աշտարակաշինությունից և լեզուների բաժանումից հետո` Թորգոմը, որդիներով և իր ամբողջ ժողովրդով հեռանում է Բաբելոնից և բնակություն է հաստատում Մասիս և Արագած լեռների միջև: Սակայն շուտով Թորգոմի ժողովուրդը բազմանում է և տարածքը որտեղ բնակվում էին չի տեղավորում նրանց, ինչի պատճառով էլ նրանք ընդարձակում են իրենց բնակության սահմանները Սև ծովից մինչև Կասպից ծովն ու Կովկասյան լեռները: Թորգոմի որդիները իրենց հոր մահից հետո մի քանի տարի անց ապստամբություն են բարձրացնում բռնակալ Նեբրովթի դեմ և մարտում սպանում նրան: Նեբրովթին հաղթելուց հետո դյուցազն եղբայրները սկսում են հանգիստ և անկախ կերպով իշխել իրենց երկրներում փոխադարձաբար օգնելով միմյանց:

Այս ավանդազրույցի հիմնական արժեքը այն է, որ այնտեղ հիանալի կերպով արտահայտված է հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նրանց փոխադարձ օգնությունը և համատեղ պայքարը օտար նվաճողների դեմ:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Armenia: Ancient and premodern Armenia»։ Encyclopædia Britannica Online։ [։ Վերցված է 17 հուլիսի 2018։ «The Armenians, an Indo-European people, first appear in history shortly after the end of the 7th century BCE[, d]riving some of the ancient population to the east of Mount Ararat [...]» 
  2. Tiratsʻyan Gevorg Artashesi (2003)։ Vardanyan Ṛuben, ed.։ From Urartu to Armenia: Florilegium Gevork A. Tiratsʻyan in Memoriam (English)։ Neuchâtel / University of Michigan: Recherches et publications։ էջ 51։ Վերցված է 29 Հունվարի 2019։ «In the early 6th century BC, the Urartian state was replaced by the Armenian kingdom in the territory of the Armenian Highlands.» 
  3. Հայոց պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ \Դասագիրք բուհերի համար (Մ․ Ա․ Կատվալյան, Պ․ Հ․ Հովհաննիսյան, Է․ Գ Մինասյան և ուրիշներ)։ Երևան: «Երևանի պետական համալսարան» հրատարակչություն։ 2012։ էջ 18 

ԱղբյուրներԽմբագրել