Վիեննայում բնակվում է Ավստրիայի հայության ճնշող մեծամասնությունը։ Այստեղ են գտնվում Մխիթարյան միաբանության վանքը՝ իր եկեղեցիով, Ս. Փրկիչ մատուռը և Ս. Հռիփսիմե եկեղեցին, հայ համայնքի ղեկավար մարմինները և բոլոր կազմակերպությունները, Ավստրիաի միակ հայկական շաբաթօրյա դպրոցը (դասընթացներ)։ Համայնքում գործող կազմակերպությունների և առանձին բարերարների հանգանակած միջոցներով 1984 թվականին Վիեննայի Ս. Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրվել է հուշարձան՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին [հեղինակ՝ Ռազմիկ (Բերանժ) Թամրագյան-Հարությունյան]։ Ավստրո-Հայկական Մշակութային Ընկերութեան ջանքերով 1998 թվականին Վիեննայի կենտրոնում կանգնեցվել է ավստրիացի գրող, հայ ժողովրդի բարեկամ Ֆրանց Վերֆելի հուշարձանը (քանդակագործ՝ Օհան Պետրոսյան, ճարտարապետ՝ Ռոլանդ Մարտիրոսյան)։ 2001 թվականին եկեղեցու մերձակա հրապարակը կոչվել է Հայկական հրապարակ։ Այստեղ տեղադրվել է Հայաստանից բերված խաչ-հուշարձան։ Փոքրաթիվ հայ բնակչություն ունեն Ավստրիայի Լինց, Զալցբուրգ, Գրաց քաղաքները։ Գրացում 1958-1978 թվականներին գործել է Հայ ուսանողական միությունը՝ իր երգչախմբով՝ Հովիկ Խուղաբախշյանի ղեկավարությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։