Հայերը Չիլիում հաստատվել են հայոց ցեղասպանությունից հետո։ Նրանք փոքրաքանակ հայ ընտանիքներ էին, որոնք հաստատվել էին Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում։ Նրանց հաջողվել է նստել դեպի Ամերիկա մեկնող անդրատլանտյան նավեր՝ նույնիսկ չիմանալով, որ նպատակակետը լինելու է Լատինական Ամերիկան։ Վերջինս Երևանից ամենահեռու գտնվող երկրորդ մայրաքաղաքն է, միաժամանակ հեռավորությամբ երկրորդը, որտեղ հայեր են բնակվում։

Հայոց տունը Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939-1945) Չիլիում հայերի թիվը չի անցել 2000-ից, նրանք գլխավորապես 1915 թվականի Մեծ Եղեռնից փրկված բալուցիներ էին։ 1950-ական թվականներին այստեղ են գաղթել հայեր Հունաստանից, Թուրքիայից, Պաղեստինից (արաբախոս հայեր, որոնք միայն կրոնով են կապված հայության հետ), ինչպես նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներից։ Ներկայումս Չիլիում բնակվում է շուրջ 1500 հայ[1], որոնք մեծ մասամբ սեփական գործատերեր էին, արհեստավորներ ու առևտրականներ։ Ազգային կյանքը գլխավորում է գաղութային վարչությունը (որին կից գործում է Տիկնանց միությունը)։ Հայերը բնակություն են հաստատել հիմնականում այն վայրերում, որտեղ գտնվել են նաև ռուս ուղղափառ ծագում ունեցող այլ ներգաղթյալներ և հույներ։

1988 թվականն հայ համայնքը ֆինանսավորեց «Plaza República de Armenia»-ի և հայոց տան ստեղծումը։ Հայերի հավաքատեղին է Հայոց տունը, 1960 թվականից գործում է հայկական մեկօրյա դպրոց։ «Հայոց տան» սենյակներից մեկը վերածված է մատուռի, որտեղ կատարվում են եկեղեցական արարողություններ, համայնքը Էջմիածնապատկան է. ժամանակին այն ներգրավված էր Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակության կազմում, իսկ 1983 թվականից՝ Արգենտինայի հայոց թեմի[2]։ 1975 թվականին Սանտյագոյում կանգնեցվել է հայոց ցեղասպանության հուշակոթող, տասը տարի անց՝ ևս մեկը։

Գործում է երգչախումբ (ղեկավար՝ Կարո Լոթիկյան), գրադարան։ Չիլիի հայերը ներգրավված են տարբեր պաշտոններում ու աշխատանքներում[3]։

2011 թվականի մայիսին Չիլի այցելեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ լինելով առաջինը հայոց պատրիարքի կողմից ազգային պատմության մեջ։ Երկու տարի անց նա նշանակեց Հայ առաքելական եկեղեցու Չիլիի առաջին քահանային։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հարավային (Լատինական) Ամերիկայի hայ hամայնքների kրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագիրը». Government of Armenia. 2009 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում, արտաքին հղում
  3. Անի Պողոսյան (6 դեկտեմբերի, 2019 թվական). ««Չիլիի հայ համայնքը մեծ չէ, բայց շատ կարևոր է» - ՀՀ-ում Չիլիի Հանրապետության դեսպան». ysu.am.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։