Հայերը Բյուզանդիայում
Հայերը Բյուզանդիայում, Բյուզանդական կայսրության ազգային փոքրամասնություններից մեկը։
Բյուզանդահայեր | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բյուզանդիայի դրոշը | |||||||||||||||
Ընդհանուր քանակ | |||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||
| |||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||
հունարեն | |||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||
Ուղղափառություն |
Պատմություն
խմբագրելԱռաջացում
խմբագրելՍկսած 4-րդ դարի վերջերից հայ բնակչության մեծաթիվ զանգվածներ թողնում են իրենց հայրենի երկիրը և գաղթում Բյուզանդիա։ Հայ գաղթականության այդ հոսանքը անընդմեջ շարունակվում է մինչև 13-րդ դարը։ Հայ տարեգիրները Բյուզանդիայի տարբեր բնակավայրերում ստեղծում են ստվար գաղթօջախներ և գործուն դեր կատարում կայսրության կյանքում՝ տալով աչքի ընկնող բազմաթիվ ներկայացուցիչներ քաղաքականության, զինվորականության, տնտեսության և գիտության բնագավառներում։ Բյուզանդիայի բնակչության հիմնական տարրը հույներից հետո հանդիսացել են հայերը։ Բյուզանդիայում այդ ժամանակաշրջանում հիշվում են երեսունի մոտ հայազգի կայսրերի և հարյուրավոր զորահրամանատարների անուններ։ Բյուզանդական բանակներում հայկական ամբողջական լեգեոններ են գործել։ Երկրի կյանքում մեծ դեր են ունեցել նաև հայ վաճառականներն ու արհեստավորները։
Հիշատակումներ
խմբագրելԲյուզանդահայ գաղթավայրի պատմական աղբյուրների առաջին խումբը՝ հայ պատմիչների ու ժամանակագիրների գործերն են։ Բյուզանդիայի հայ գաղթօջախի որևէ ժամանակաշրջանի պատմություն ոչ մի հայ պատմիչ և տարեգիր չի անդրադարձել։ Հայ պատմիչները գաղթօջախի մասին խոսում են գլխավորապես Հայաստանի նկատմամբ կայսրության վարած քաղաքականության և հայ բնակչության դեպի Բյուզանդիա կատարած գաղթի կապակցությամբ․ հայկական սկզբնաղբյուրների տեղեկություններն առավելապես վերաբերում են հայ բնակչության գաղթերին։
Առաջին հայ հեղինակը, որն անդրադարձել է Բյուզանդիայի հայությանը՝ հայ բնակչության գաղթի կապակցությամբ, 7-րդ դարի պատմիչ Սեբեոսն է։ Նրա «Պատմութիւն Հայոց»-ը հիմնականում ընդգրկում է Հերակլիոս Ա կայսեր գահակալության շրջանը (610-641) և որոշ ձեռագիր ընդօրինակություններում անգամ վերնագրված է «Պատմութիւն ի Հերակլն»։
Բյուզանդիայի հայ գաղթականության և գաղթավայրերի մասին տեղեկություն հաղորդող հաջորդ հեղինակը Ղևոնդն է (8-րդ դար), ով իր «Պատմութիւն Հայոց»-ի մեջ հայ գաղթականության և Բյուզանդիայի մի շարք գործիչների մասին խոսում է Բյուզանդիայի՝ Արաբական խալիֆայության դեմ արևելքում վարած պատերազմների կապակցությամբ։
10-13-րդ դարերի հայ պատմիչներից Բյուզանդիայի հայ գաղթօջախների մասին տեղեկություններ կան Հովհաննես Դրասխանակերտցու (10-րդ դար) «Պատմութիւն Հայոց»-ի, Ստեփանոս Ասողիկի «Պատմութիւն տիեզերական»-ի, Մատթեոս Ուռհայեցու (12-րդ դար) «Ժամանակագրութեան», Արիստակես Լաստիվերցու (11-րդ դար) «Պատմութեան», Կիրակոս Գանձակեցու (13-րդ դար) «Հայոց պատմութեան» և այլ հեղինակների մոտ։ Բացի այդ, բյուզանդահայ գրչության օջախներից մեզ են հասել մի քանի հիշատակարաններ և հիշատակագրություններ։
6-րդ դարի բյուզանդական պատմիչներից հայ գաղթավայրի մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Պրոկոպիոս Կեսարացին իր երեք աշխատությունների մեջ՝ «Պատերազմների պատմություն» (550-555), «Գաղտնի պատմություն» (550) և «Կառուցումների պատմություն» (558-560)։
Բյուզանդահայ զինվորականության մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդում Պրոկոպիոսին ժամանակակից Ագաթիոս Միրինացին, ով բյուզանդական բանակի հայ զորավար Նարսես կամ Ներսես Պատրիկի անձնական քարտուղարն էր։ Նա իր «Հուստինիանոսի գահակալությունը» խորագրով աշխատության մեջ կանգ է առել գլխավորապես Ներսես Պատրիկի՝ 552-558 թվականներին վանդալների, ֆրանկների և պարսիկների դեմ վարած ռազմական գործողությունների վրա, որին մասնակցել են նաև հայկական զորամասեր։
7-9-րդ դարերի բյուզանդական սկզբնաղբյուրներից հայ գաղթօջախների պատմության համար կարևոր սկզբնաղբյուրներ են Թեոփիլակտես Սիմոկատտեսի (7-րդ) «Պատմությունը», որն ամբողջապես ընդգրկում է Մորիկի գահակալության շրջանը, Թեոֆանեսի (8-րդ դարի վերջեր, 9-րդ դարի սկզբներ) «Ժամանակագրություն»-ը, Պետրոս Սիցիլացու (9-րդ դար) «Մանիքեականների պատմությունը», որն արժեքավոր տեղեկություններ է պարունակում պավլիկյան շարժումների և նրանց գաղափարախոսության մասին, Գեորգի Մարտոլի (9-րդ դար) «Ժամանակագրությունը», Կոնստանտին Ծիրանածինի (912-959), «Հռոմեական կայսր Վասիլ Առաջինի պատմությունը», «Կայսրության կառավարման մասին» և «Թեմերի մասին» և Հովսեփ Գենեզիոսի (10-րդ դար) «Հինգ կայսրերի պատմությունը» աշխատությունները։
Ասորական պատմական սկզբնաղբյուրներից Բյուզանդիայի հայ գաղթօջախների պատմության համար կարևոր են Հովհաննես Եփեսացու «Եկեղեցական պատմություն»-ը (6-րդ դար) և Միքայել Ասորու (12-րդ դար) «Ժամանակագրություն»-ը։
Բյուզանդիայում հայ համայնքների խաղացած դերի մասին կայսրության պատմության մասին գրել են բյուզանդագետներ պրոֆեսոր Ա․ Վասիլևը, ակադեմիկոս Ֆ․ Ուսպենսկին, պրոֆեսոր Հ․ Գելցերը, պրոֆեսոր Շ․ Դիլը, պրոֆեսոր Ֆ․ Բիսըլը և ուրիշներ։
Բյուզանդիայի հայ գաղթօջախների պատմության վերաբերող մասնագիտական առաջին լուրջ ուսումնասիրությունը կատարել է Նիկողայոս Ադոնցը։ Նա հրապարակել է հայերեն և ֆրանսերեն լեզուներով մի շարք մենագրություններ, որոնք նախ լույս են տեսել պարբերական մամուլում, իսկ հետագայում այն հավաքվել է առանձին հատորի մեջ և հրատարակվել Փարիզում 1948 թվականին՝ «Պատմական ուսումնասիրություններ» ընդհանուր խորագրի տակ։
Բյուզանդիայի հայ գաղթօջախների պատմության վերաբերյալ ուշագրավ ուսումնասիրություններ են հանդիսանում բանասեր Գ․ Ֆնտըկլյանի «Հայազգիներ ի Բյուզանդիոն» խորագրով հոդվածաշարը, որը տպագրվել է «Հայաստանի կոչնակ»-ի 1935 թվականի համարներում և «Հայ իշխանավորք ի Ռավեննա» Թեոդիկի «Ամենուն տարեցույց»-ի 1926 թվականի մեջ[1]։
Գաղթօջախին է անդրադարձել նաև Գ․ Կ․ Հովսեփյանն իր «Հայոց դերը Բյուզանդական կայսրության մեջ» վերնագրով աշխատության մեջ, որը լույս է տեսել «Հասկ» ամսագրում 1953 թվականի հունիս-հուլիս ամսիների համարներում։
Առաջին հոսանքները դեպի Բյուզանդիա
խմբագրելՀայ բնակչության զանգվածային արտագաղթի առաջին հոսանքը դեպի Բյուզանդիա սկսել է 4-րդ դարի վերջերից՝ այն ժամանակից, երբ Արևմտյան Հայաստանը ընկել է Բյուզանդիայի գերիշխանության տակ և ջնջվել Հայաստանը Բյուզանդիայից բաժանող սահմանագիծը։ Այդ ժամանակ սկսել է հայ բնակչության դանդաղ և առանց ընդհատման հոսքը դեպի Արևմուտք։
Հայերի «կամավոր» գաղթերին սակայն զուգակցել են նաև կայսրության ծրագրով իրագործվող բռնի գաղթերը։ Պատմիչների տեղեկություններից երևում է, որ բյուզանդական արքունիքը դարեր շարունակ սիստեմատիկաբար բռնի գաղթեցրել է հայերին դեպի Թրակիա և Մակեդոնիա։ Բյուզանդիան այս քաղաքականությունը կիրառել է նաև իր տիրապետության տակ գտնվող մյուս ժողովուրդների նկատմամբ։ Ռուս բյուզանդագետ Ա․ Վասիլևն, անդրադառնալով կայսրության որդեգրած բռնագաղթի այս քաղաքականությունը գրել է․
Ինչպես հայտնի է, բյուզանդական պետության շատ սիրած միջոցառումներից մեկը տարբեր ժողովուրդների մի շրջանից մյուսը գաղթեցնելն է եղել։ Այսպես, օրինակ՝ սլավոններին փոխադրել է Փոքր Ասիա, իսկ հայերին՝ Բալկանյան թերակղզի։ - [2]
|
Պատմական աղբյուրներում պահված հայկական գաղթի մասին հնագույն տեղեկությունը վերաբերում է 5-րդ դարի 60-ական թվականներին։ Ըստ այդ տեղեկությունների՝ Ավարայրի ճակատամարտից հետո, երբ դրությունը Հայաստանում անհուսալի է դառնում, երկու հայ իշխաններ՝ Արտավանն ու Գազրիկը, իրենց ընտանիքներով և հետևորդներով, 460-ական թվականներին փախչում և ապաստանում են Բյուզանդիայում։ Լևոն I կայսրը (457-474) նրանց թույլ է տալիս բնակություն հաստատել Մակեդոնիայի Նիկիա քաղաքում։ Հետագայում հայ Արշակունիների այս սերունդը տեղափոխվում է Ֆիլիպոպոլիս, իսկ այնտեղից՝ Ադրիանապոլիս։ Մակեդոնիայում հաստատված այս հայ Արշակունիներից է սերվել Բարսեղ I կայսրը, ով Հայկական կամ Մակեդոնական կոչված հարստության (դինաստիայի) հիմնադիրն է Բյուզանդիայում[3]։
Քաղաքական փախստականների մի այլ խոշոր խումբ Արևելյան Հայաստանից Բյուզանդիա է տեղափոխվել 573-578 թվականներին՝ Հայաստանում Վարդան Մամիկոնյանի ղեկավարությամբ պարսիկ նվաճողների դեմ բռնկված ապստամբության անհաջող վախճանից հետո։ Ստեփանոս Ասողիկն այս մասին գրում է․
Իսկ Վարդանայ առեալ զընտանիս իւր և զայլ պայազատսն՝ փախստեալ անկանի յաշխարհն Յունաց ի թագաւորեալ քաղաքն Կոստանդնուպօլիս։ - [4]
|
Արևելյան Հայաստանից Բյուզանդիա փախած վտարանդիների թիվն այնքան մեծ է եղել, որ 578 թվականին երբ հաշտության բանակցություններ են տեղի ունեցել Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև, պարսիկները հարց են առաջադրել փախածներին վերադարձնելու մասին[5]։ Ըստ Հովհաննես Եփեսացու տեղեկության՝ բյուզանդական բանակը 576 թվականին պարսիկների դեմ վարած վարած պատերազմի ժամանակ, Աղձնիքից տարել է մեծ թվով հայ բնակչություն և տեղավորել Կիպրոսում[6]։ Պրոկոպիոսը ևս վկայում է, որ մեծ թվով հայ բնակչություն է գերեվարվել բյուզանդացիների կողմից Հուստինիանոս Ա-ի ժամանակ․
Հուստինիանոսը Սիտտայի և Բելասարիոսի գլխավորությամբ մտավ պարսիկների գերիշխանության տակ գտնվող Հայաստանը, ամայացրեց լայնածավալ երկիրը, գերի վերցրեց բազմաթիվ հայերի և ետ վերադարձավ։ - [7]
|
Արևմտյան Հայաստանը Բյուզանդիայի կողմից նվաճվելուց հետո մինչև 5-րդ դարի 80-ական թվականները պահպանում էր իր ներքին անկախությունը։ Բյուզանդական գերիշխանության տակ անցան Մեծ Հայքի հարավարևմտյան նահանգների նախարարությունները, որոնք մի ընդհանուր անունով կոչվում էին «Սատրապական Հայաստան», գրեթե անկախ էին։ Նրանց նախարարներն իրենց տիրույթներում փոքրիկ թագավորներ էին․ իրենք էին հայկական զորքերի և՛ հրամանատարները, և՛ վարչական կառավարիչները։ Նրանց վասալական կախվածությունը Բյուզանդիոնից արտահայտվում էր նրանով, որ վճարում էին նախապես սահմանված հարկը և պատերազմի ժամանակ պարտավոր էին կայսրության տրամադրության տակ դնել իրենց զորամասերը։
Հայ նախարարների իրավական այս վիճակը շարունակվեց մինչև Զենոն կայսրը (474-491)։ Պրոկոպիոս Կեսարացին վկայում է, որ Զենոնը զրկեց հայ նախարարներին ժառանգական իրավունքից և կարգադրեց, որ նախարարությունների կառավարչությունը հանձնվի Բյուզանդիայի պետական տնօրինությանը[8]։
Հայ նախարարությունները վերացնելու համար վճռական միջոցառումների դիմեց Հուստինիանոս Ա-ն։ Նա 529 թվականին Արևմտյան Հայաստանում զինվորական ռեֆորմ կատարեց․ Մեծ Հայքի, Սատրապական Հայաստանի և Փոքր Հայքի իշխանություները միավորելով կազմվեց զինվորական մի շրջան՝ մագիստրոսի հրամանատարության տակ։ 536 թվականին Արևմտյան Հայաստանում կատարվեց նաև վարչական բաժանում․ այն բաժանվեց չորս վարչական միավորների՝ Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք և Չորրորդ Հայք, որտեղ Հուստինիանոսը կառավարիչներ նշանակեց Բյուզանդիային հավատարիմ պետական պաշտոնյաների։ Ըստ պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցի՝ այս ռեֆորմների վերջնական նպատակն էր․
Փշրել երկրի առանձնահատուկ հասարակարգը և հռոմեականացնել։ - [9]
|
Արևմտյան Հայաստանում 6-րդ դարում տեղի են ունենում մի շարք ապստամբություններ ընդդեմ Բյուզանդիայի։ 536 թվականին Փոքր Հայքի բնակչությունը հարձակվում է բյուզանդական պաշտոնեության վրամ սպանում պրոկոնսուլ Ակակիոսին և Փոքր Հայքն անկախ հայտարարում։ Բյուզանդացիների դեմ սպաստամբություններ են տեղի ունենում Արևմտյան Հայաստանի այլ վայրերում ևս։ Բյուզանդական արքունիքը արյան մեջ ճնշում է այս ապստամբությունը և աշխատում հիմնովին ջնջել հայերի ներքին անկախության վերջին մնացորդները։
4-րդ դարի վերջերից սկսած հայ բնակչությունը մաս առ մաս սկսում է հեռանալ հայրենի երկրից։ Պրոֆեսոր Լեոն ուսումնասիրելով հայ ժողովրդի համար աղետաբեր այս երևույթը, արձանագրում է, որ «Հայությունը դանդաղ և կամաց շարժվում էր դեպի Արևմուտք»[10]։
Առաջին հայ գաղթօջախները
խմբագրելԲյուզանդիա գաղթած հայ բնակչության որոշ մասն առաջին հերթին զինվորագրվում էր։ Ֆրանսիացի բյուզանդագետ Շարլ Դիլը՝ հիմնվելով Բյուզանդիայում պաշտոնավարող հայ զինվորականների և վարչական աշխատողների մասին աղբյուրների տեղեկությունների վրա, նշում է․
Նախաձեռնող հայ ազնվականությունը կամովին ծառայության էր մտնում բյուզանդական բանակում․․․ Բյուզանիան Հայաստանից ստացել է հրաշալի շատ զորահրամանատարներ և գերազանց վարչական աշխատողներ։ Հայկական ծագում ունեին նույնիսկ որոշ կայսրեր․ Հերակլը՝ 7-րդ դարում, Լեոն Հայկազնը՝ 9-րդ դարում, Ռոմանոս Լեկաբենոսը և Հովհաննես Չմշկիկը՝ 10-րդ դարում։ Բյուզանդիան Հայաստանին է պարտական այդ ժամանակ իր հրաշալի զինվորների համար, որովհետև հայկական ջոկատները 10-րդ դարում համարվում էին բյուզանդական բանակի լավագույն զորամասերը։ Ուստի դժվար չէ հասկանալ, թե ինչո՞ւ կայսրության կառավարությունը երազում էր այդ բնակչությանը, որն ամբողջապես գտնվում էր բյուզանդական ազդեցության տակ, որ հպատակը դարձնել։ - [11]
|
Հայկական խոշոր զորամասեր գտնվում էին Սիրիայում, Կիլիկիայում, Կապադովկիայում և Պոնտոսում՝ խնդիր ունենալով պաշտպանել կայսրությունը արևելյան սահմանները պարսիկներից։ Հայ բնակչության խոշոր կենտրոնացումներ կատարվել էին «Արմենիկոն» և «Անատոլիական» բանակաթեմերում։ Բանասեր Գ. Ֆնտըկլյանը նշել է.
Հայ մարտավարժ նախարարները, ազատականներն իրենց զորականներով, հետևողներով, շինականներով կուգային հաստատվելու Արմանյան և Անատոլիկ բանակաթեմերուն հողերը։ Հայաստանն ամենեն արդյունատու հողն էր զորք հավաքելու համար և ամենից քաջամարտիկ տեսակեն։ - [12]
|
Հայկական խոշոր մի զորամաս մշտապես գտնվում էր Կոստանդնուպոլսում։ Ըստ պատմիչների հաղորդած տեղեկության՝ մինչև Զենոն կայսրը՝ արքունի պահակազորն ամբողջապես կազմված է եղել հայ զինվորականներից։ Պրոկոպիոսն այդ մասին ասել է.
Կ. Պոլսի մյուս զինվորները, որոնց թիվը 3 500 հոգուց պակաս չէր, հենց սկզբից ունեին արքունի պալատի պաշտպանության պաշտոն։ Նրանք կոչվում են սքուլարիոս։ Անցյալ ժամանակներում նրանք, սովորաբար, պետական գանձարանից ավելի ավելի բարձր ռոճիկ ստանում, քան մյուսները։ Նախկին կայսրերը նրանց ընտրում էին հայերից՝ ըստ քաջությահն և զինվորական վաստակի։ Բայց սկսած այն ժամանակից, երբ կայսերական իշխանության գլուխն անցավ Զենոնը, բոլորն էլ, նույնիսկ վախկոտները և ոչ զինվորականները, իրավունք ստացան այդ պահակազորի մեջ մտնելու։ Նրա մեջ դրամի ուժով մուտք գործեցին նույնիսկ ռազմագերիները։ - [13]
|
Հայ զինվորական մի այլ օջախ 6-րդ դարում գտնվել է Իտալիայի Ռավեննա քաղաքում, որը Իտալիայի էկզարխության կենտրոնն էր։ Հայկական այդ զորամասերը Իտալիա են տեղափոխվել բյուզանդական հայ զորահրամանար Ներսեսի հետ միասին, որին Հուստինիանոս Ա-ն 550 թվականին նշանակել էր բյուզանդական բանակի գլխավոր հրամանատար Իտալիայում՝ գոթերի դեմ վարվող ռազմական գործողությունների ժամանակ[14]։ Ներսեսին հաջողվում է հաղթանակ տանել գոթերի դեմ, դուրս հանել նրանց Իտալիայի սահմաններից և նշանակվել Իտալիայի կառավարիչ։ Ըստ Մարքսի․
552-553 թվականներից Իտալիան դարձավ Արևելյան հռոմեական կայսրության նահանգ, նրան կառավարում էր Ներսեսը ընդհանրապես այնպես, ինչպես առաջներում կառավարում էին Օդոկրը և Թեոդորիխը։ - [15]
|
Իտալիայի նվաճումից հետո Ռավեննայում գտնվել է հայկական 3 հեծելազոր գունդ, որոնք կոչվել են «Numerum Aemeniorum»։ Նրանք խնդիր ունեին պահպանել Իտալիան բարբարոսների հարձակումից[16]։ Հայկական այդ զորամասերի հայ հեծելազորի այս երեք գնդերը Ռավեննայում մնացել են ավելի քան երկու դար և ունեցել են իրանց հատուկ եկեղեցին ու պանթեոնը[17]։ Ամենից խոշոր հայկական զինվորական գաղթօջաները գտնվել են Թրակիայում։ Կայսրությունը ջանք և եռանդ չէր խնայում հայ գաղթականությունն այստեղ բերելու և ռազմական խոշոր ճամբարներ ստեղծելու ուղղությամբ։ Բուլղարացի պրոֆեսոր Գ․ Իբիչքը նշում է, որ 6-րդ դարում Ֆիլիպոպոսի բյուզանդական զորամասի մեջ զգալի թիվ էին կազմում հայերը[18]։ Պրոկոպիոսի հաղորդած տեղեկություններից հայտնի է դառնում, որ 6-րդ դարում հայկական մի զորամաս գտնվել է Սիցիլիայում։ Այդ զորամասը ղեկավարել է Դորիֆեյ անունով բարձրաստիճան մի զինվորական[19]։ Հայ զինվորականների մի մեծ խումբ երկար ժամանակ գտնվել է Աֆրիկայի հյուսիսային շրջաններում և Եգիպտոսում։ Այդ մասին վտակում են մեզ հունական և լատինական մի շարք արձանագրություններ, որոնք թողել են հայ բարերարները՝ իրենց կառուցած եկեղեցիների և հասարակական այլ շինությունների վրա[20]։
Հայկական գաղթօջախների մասին տեղեկություններ կան նաև Պերգամոնում, Կրետե կղզում և այլ վայրերում։ Նիկողայոս Ադոնցը պնդում է․
Հայ հեծելազորը կռվում էր պետության հեռավոր մասերում կայսրության փառքի և ռազմական ձեռնարկումների հաջողությունների համար։ - [21]
|
Աֆրիկայում գտնվող բյուզանդական բանակում հայկական փոքրիկ զորամասեր են ունեցել հայ բարձրաստիճան զինվորականներ Հովհաննես և Արտավան Արշակունիները, Հովհաննես Տրոգլիտը (Կրեսկոնիոս Կոիպպոսի դյուցանզավեպի հերոսը) և նրա եղբայր Պապոսը։ Հայկական զորամաս է ունեցել 557 թվականին Կովկասում գործող բյուզանդական բանակի հայ հրամանատար Հովհաննես Կամսարականը և ուրիշներ։
Բյուզանդական հայ գաղթօջախների բնակչությունը միայն զինվորականներից չէր բաղկացած, այնտեղ եղել են նաև մեծ թվով գյուղացիներ, արհեստավորներ, առևտրականներ և սոցիալական այլ խավերի ներկայացուցիչներ։ Անգլիացի բյուզանդագետ Ռենսիմանը, իր «Բյուզանդիայի քաղաքակրթությունը» խորագրով աշխատության մեջ նշում է, որ «Հայերը ոչ միայն իրեն [Բյուզանդիային] պարգևել են բազմաթիվ կորովի հայեր, այլև՝ իրենց լավագույն գործի մարդկանց մի մասը»[22]։
Ըստ Պրոկոպիոսի տեղեկության՝ 6-րդ դարում միջազգային առևտրի կենտրոն էր նաև Դվինը։ Հեղինակը նշում է․
Այստեղ դաշտերը հարթ են և հարմար ձիու երթևեկության համար։ Բազմամարդ գյուղերը, որոնք գտնվում են իրար շատ մոտիկ, զբաղեցված են առևտրականներով, որովհետև Հնդկաստանից, հարևան Իբերիայից և Պարսկաստանի գերիշխանության տակ գտնվող գրեթե բոլոր ժողովուրդներից, նույնիսկ հռոմեացիները, բերում են այստեղ իրենց ապրանքները, որոնցով առևտուր են անում։ - [23]
|
Հովհաննես Եփեսացի պատմիչը՝ խոսելով բյուզանդիայի հայ գաղթականության մասին, հայտնում է, որ Բյուզանդիա եկող հայ գաղթականները հաստատվել էին կայսրության բոլոր մասերում, և «Գլխավոր քաղաքներից շատերը հայկական գաղթօջախներ և եկեղեցական համայնքներ ունեին»[24]։
Բյուզանդիայի գաղթօջախները 8-9-րդ դարերում
խմբագրելԽալիֆայության և Սասանյան Պարսկաստանի միջև Քադեսիայում 637 և Նեհավենդում 642 թվականին տեղի ունեցող արյունահեղ պատերազմից հետո, երբ Սասանյան բանակները պարտություն կրեցին և Պարսկաստանն ընկավ խալիֆայության գերիշխանության տակ, բուֆերային վիճակ ունեցող Հայաստանի համար մրցակցող երկրների կազմը փոխվեց․ նախկին պարսկաբյուզանդական մրցակցությունը փոխարինելու եկավ արաբ-բյուզանդական մրցակցությունը։
Բյուզանդական բանակներն առաջին անգամ բախվելով արաբական զորքերի հետ, պարտություն կրեցին։ Շուտով խալիֆայության զորաբանակները նվաճեցին փոքրասիական մի շարք երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստանը։
Խալիֆայության կողմից Փոքր Ասիան նվաճելուց հետո, սկսվեցին արյունահեղ պատերազմները, որոնք տեղի էին ունենում կա՛մ Հայաստանում, կա՛մ հարևան երկրներում։ Այս մրցակցության մեջ մինչև 9-րդ դարի 80-ական թվականները, հաջողությունը հիմնականում խալիֆայության կողմն էր։ Սակայն 9-րդ դարի 80-ական թվականներից սկսած բյուզանդական բանակների հարվածների տակ արաբները սկսում են դանդաղորեն ետ նահանջել ճիշտ այն ուղիով, որով առաջացել էին։
Հայաստանի՝ խալիֆայության գերիշխանության տակ ընկնելուց հետո ևս շարունակեց մեծ թվով գաղթականության հոսքը դեպի Բյուզանդիա։ Հայ ժողովրդի նոր գաղթականության առաջացման պատճառը կապված էր գլխավորապես Հայաստանի նկատմամբ խալիֆայության վարած դաժան քաղաքականության հետ։ Խալիֆայությունը Հայաստանը նվաճելուց հետո, սկզբնական շրջանում վարեց համեմատաբար մեղմ քաղաքականություն․ նա պահպանեց հայ նախարարների ներքին անկախությունը, ժողովրդի վրա չափավոր հարկեր նշանակեց և ի հաշիվ վճարելիք հարկերի թույլ տվեց Հայաստանում պահել 15 000 հոգուց բաղկացած հեծելազոր։ Խալիֆ Մռավիան հայ նախարարների հետ նույնիսկ պայմանագիր կնքեց և խոստացավ ռազմական օգնություն ցույց տալ Հայաստանին, եթե նա հարձակման ենթարկվի։
Կայսրության ձեռնարկած քաղաքականության կիրառողներից մեկը հանդիսացավ Հերթ ոստիկանը, ով 725 թվականին աշխարհագիր կատարեց Հայաստանում և ծանրացրեց հարկերը։ Ըստ Ղևոնդ պատմիչի հաղորդած տեղեկության՝ հարկերը վճարելու համար ժողովուրդը հարկադրված եղավ վաճառել իր լծկան անասունները և գույքը։ Չվճարող հարկատուի վզից կապարյա կնիք էին կախում և տանջում անասելի չարչարանքներով[25]։
Ստեփանոս Ասողիկը հայտնում է, որ բյուզանդական բանակը 688 թվականին, երբ մտել է Անդրկովկաս, վերադառնալիս ասպատակել է Հայաստանի 25 գավառները և 8 000 ընտանիք գերի է տարել ու վաճառել բյուզանդական շուկաներում՝ որպես ստրուկներ[26]։
7-րդ դարի առաջին տասնամյակում գաղթականության մի մեծ խումբ Հայաստանից Մելիտինե, իսկ այնտեղից Չորրորդ Հայք է փոխադրել Ֆիլիպիկ կայսրը (711-713)։ Այդ մասին Թեոֆան պատմիչը հետևյալ տեղեկությունն է հաղորդում․
Ֆիլիպիկը քշեց հայերին իրենց սեփական երկրից և հարկադրեց նրանց վերաբնակվել Մելիտինեում և Չորրորդ Հայքում։ - [27]
|
Այս գաղթականության մասին խոսում է նաև Միքայել Ասորին․
Այդ ժամանակ հռոմեական կայսր Ֆիլիպիկը երկրից դուրս քշեց հայերին։ Նրանք դուրս եկան և ապաստան գտան արաբների մոտ։ Վերջիններս նրանց բնակեցրին Մելիտինեում, նրա մոտակայքում և Չորրորդ Հայքում։ |
752 թվականին Կոնստանտին կայսը արաբներից խլեց Կարինը և նրա մոտի գավառները, սակայն չկարողացավ դրանք իր ձեռքում պահել և հարկադրված եղավ նահանջել․ այդ ժամանակ տեղի հայ բնակչությունը, վախենալով արաբների վրեժխնդրությունից, դիմեց կայսրին և խնդրեց իրեն բյուզանդական հպատակության տակ առնել ու տանել արևմուտք․
Եւ բազումք ի բնակչաց գաւառացն խնդրեալ յարքայէն, զի ընկեսցեն զանուր զծոյ ծառայութեանն Իսմայելի յանձանց եւ գնասցեն զկնի նորա։ Թողին զերկիրն ծննդեան իւրեանց եւ հատուածեալք անկան ի կողմն արքային բարեպաշտի։ - [28]
|
Կայսրը համաձայնվեց և բյուզանդական բանակը նահանջելիս հայ բնակչության մի զանգված գաղթեցրեց Բյուզանդիա։
Սկզբնաղբյուրներում տեղեկություններ կան, որ 778 թվականին արաբա-բյուզանդական պատերազմի ժամանակ Լևոն Գ-ն հայ գաղթականության մի խոշոր խումբ Մարաշից տեղափոխել է Թրակիա[29]։
Ղևոնդը վկայում է, որ 775-780 թվականներին, երբ խալիֆայության՝ Հայաստանում կատարած կեղեքումներն այնպիսի չափերի հասան, որ ապրուստը Հայաստանում անտանելի դարձավ, ապա բազմաթիվ հայեր իրենց ֆիզիկական գոյությունը պահպանելու համար հարկադրված եղան գաղթել և ապաստանել Բյուզանդիայում[30]։ Այս ֆաղթականության ղեկավարներն են եղել Շապուհ Ամատունին և նրա որդին՝ Համամը։ Կոստանդին կայսրը գաղթող հայ բնակչությանն ընդունել է մեծ սիրով և բնակություն հատկացրել «ի բարւոք և յարգաւանդ երկրի»[31]։
Բյուզանդական իշխանությունները 8-րդ դարի վերջին քառորդում ստեղծված նոր իրադրության մեջ, գործող հայ բնակչության հողամասեր են հատկացնում գլխավորապես արաբական սահմանագլխի վրա։ Նրանք ցանկանում էին հայ բնակչությունից պաշտպանողական հզոր թումբ ստեղծել խալիֆայության դեմ։ Բյուզանդիայի վարած այս խաղաքականության շնորհիվ 8-րդ դարում հայ գաղթականության այնքան մեծ խմբեր կենտրոնացան Կապադովկիայում, Պոնտոսում և Տավրոսում, որ շուտով այդ վայրերի բնակչության մեծամասնությունը կազմեցին հայերը։ Հույն պատմիչ Կեդրենոսը հայտնում է, որ Պոնտոսում այնքան շատ հայեր էին կենտրոնացել, որ այդ երկրի նախկին անունը մոռացության էր տված և այժմ «Հայաստան է կոչվում»[32]։ Այս և այլ պատմիչների տեղեկությունների հիման վրա անգլիացի բյուզանդագետ Բիսըլը հանգել է այն եզրակացության, որ 8-9-րդ դարերում Փոքր Ասիայի բնակչության «իրական մեծամասնությունը հայեր են եղել»[33]։
Հայկական, ինչպես սլավոնական խոշոր գաղթականական օջախների առկայությունը Բյուզանդիայում պարտավորեցնում էր կայսրությանը օրենսդրական որոշ պարզություն մտցնել հողօգտագործության իրավունքի մեջ, կարգավորել գյուղական ազատ համայնքների և վարձակալների հարաբերությունները։ Այս նպատակն էր հետապնդում Լևոն Գ-ի հրապարակած «Nomos georgikos»-ը (թարգմ․՝ «Երկրագործության օրենքները»)։ Ըստ այս նոր օրենքի՝ գաղթականները հողին ամրացված ազատ համայնքներ են ճանաչվում ի տարբերություն բնիկների, որոնց զգալի մասը զուրկ էին անձնական ազատությունից, և հողատիրության իրավունք են ստանում։
8-րդ դարում ևս Բյուզանդիայի հայ բնակչությունը սկսում է մեծ չափերով զինվորներ մատակարարել բյուզանդական բանակներին։ Հայ զորամասերը Բյուզանդիայի ներքին կյանքում վճռական ուժ են դառնում և սկսում ակտիվ միջամտություններ կատարել քաղաքական կյանքում։ Բյուզանդագետ Շլյումբերժեն, հիմնվելով Աբու Ֆարաջի տեղեկության վրա, գտնում է, որ «այդ դարաշրջանում բյուզանդական լավագույն գնդերը հայերից էին կազմված»[34]։
778 թվականին, երբ բյուզանդական բանակները ռազմական գործողություններ սկսեցին խալիֆայության դեմ, Բյուզանդիայի փոքրասիական հինգ զորախմբերից չորսի հրամանատարները հայեր էին՝ Արտավազդ Մամիկոնյան, Տաճատ Անձևացի, Վարազ-Տիրոց Բագրատունի և Գրիգոր-Մուշեղիկ Մամիկոնյան[35]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Թեոդիկ, «Ամենուն տարեցույց», 1926, 355-367 էջեր։
- ↑ А. А. Васильев, Византия и крестоносцы, СПБ, 1923, էջ 17։
- ↑ Georgii Cedreni, Historiarum compendium, էջ 437, 557։ (հմտտ․ Միքայել Չամչյան, Պատմութիւն Հայոց, հատոր II, էջ 148։
- ↑ Ստեփանոս Ասողկան, Պատմութիւն տիեզերական, Պետերբուրգ, 1885, էջ 85։
- ↑ «Հանդէս ամսօրեայ», 1911, էջ 154։
- ↑ Հովհաննես Եփեսացի, Եկեղեցական պատմություն, հատոր VI, ԺԵ, 34։ (հմմտ․ ՊՀԳ, հատոր I, էջ 164։
- ↑ Прокопий Кесарийский, История войн римлян с персами, СПБ, 1876, I, 12։
- ↑ Прокопий Кесарийский, О постройках („ВДИ“, 1939, №4) III, I։
- ↑ Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908, էջ 201։
- ↑ Լեո, Հայոց պատմություն, հատոր II, Երևան, 1947, էջ 181։
- ↑ Шарл Диль, Основные проблемы византийской истории, Москва, 1947, стр. 140։
- ↑ Գ. Ֆնտըքլյան, Հայազգիներ ի Բյուզանդիոն (տես «Հայաստանի կոչնակ», 1935, էջ 354)։
- ↑ Прокопий Кесарийский, Тайная история, XXIV (տես „ВДИ“, 1938, №4, էջ 16-18)։
- ↑ Прокопий Кесарийский, Война римлян с готами, VIII, 15, 25։
- ↑ Մարքսի և Էնգելսի արխիվ, V հատոր, էջ 24։
- ↑ Ղևոնդ Ալիշան, Հայ-Վենետ, Վենետիկ, 1869, էջ 13։
- ↑ Գ․ Ֆնտըքլյան, Հայ իշխանազունք ի Ռավեննա (տես «Ամենուն տարեցոյց»-ը, 1936, էջ 357-360։
- ↑ «Փարոս», 1939, սեպտեմբերի 29, №21։
- ↑ Պրոկոպիոս Կեսարացի, Հռոմեացիների ընդդեմ բարբարոսների պատերազմների պատմություն, Սանկտ Պետերբուրգ, 1891, հատոր I, 14։
- ↑ Հ․ Հապշեշյան, Ափրիկեն արաբական տիրապետության նախընթօրին (տես «Անապատի հուշարձան», Ա․, էջ 113-116)։
- ↑ Նիկողայոս Ադոնց, Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, էջ 204։
- ↑ Սթիվեն Ռենսիման (տես ՀԳՊ, 1-ին հատոր, էջ 319)։
- ↑ Անանիայի Շիրակացւոյ համարողի մատենագրութիւնք, Երևան, 1944, էջ 2։
- ↑ Հավհաննես Եփեսացի, Եկեղեցական պատմություն, II, էջ 18-24։
- ↑ Պատմութիւն Ղևոնդեայ, Սանկտ Պետերբուրգ, 1887, էջ 127։
- ↑ Ստեփանոս Ասողիկ, էջ 100։
- ↑ Բյուզանդական տարեգիրք, VIII, էջ 127։
- ↑ Ղևոնդ, էջ 129։
- ↑ Նիկոֆոր, Համառոտ պատմություն (տես «Բյուզանդական տարեգիրք», Հատոր 3-րդ, էջ 377։
- ↑ Ղևոնդ, էջ 168-169։
- ↑ Ստեփանոս Ասողիկ, էջ 134։
- ↑ Georgii Cedrini (հմմտ․ ՊՀԳ, Հատոր 1-ին, էջ 249)։
- ↑ F.N.Bussell, The Roman Empire from 81 to 1081, 340։
- ↑ Schlumberger, L'épopée byzantine, I, 115 (հմմտ․ ՊՀԳ, հատոր 1-ին, էջ 239)։
- ↑ Նիկողայոս Ադոնց, Պատմական ուսումնասիրություններ, Փարիզ, 1948, էջ 361-362։