Հայաստանի վաստակավոր լրագրող

Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող, Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում։ Հիմնադրվել է 2002 թ. ընդունված «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով՝ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր ժուռնալիստ» անվամբ։ Վերասահմանվել է 2004 թ. հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2004 թ. հուլիսի 10-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004 թ. օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով՝ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող» անվամբ (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Կրկին վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Կոչման կարգավիճակը և կոչում ստացողները խմբագրել

2002-2014 թթ. խմբագրել

2002-2014 թթ. վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումը շնորհվում էր մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության բնագավառներում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող, մասնագիտական բարձր վարպետությամբ աչքի ընկած լրագրողներին, հրապարակախոսներին, ովքեր իրենց գործունեությամբ ակտիվորեն նպաստել են ոլորտի զարգացմանը, ինչպես նաև երկրի հասարակական-քաղաքական կյանքի առաջընթացին։

Ներկայումս խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումը շնորհվում է մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության բնագավառներում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող, մասնագիտական բարձր վարպետությամբ աչքի ընկած լրագրողներին, հրապարակախոսներին, խմբագրական այլ աշխատողներին՝ ոլորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար[1]։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Կոչման շնորհման միջնորդությունը խմբագրել

2002-2014 թթ. խմբագրել

2002-2014 թթ. պատվավոր կոչումների ներկայացնելն իրականացնում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաշվի առնելով նաև լիազորված պետական մարմինների, ստեղծագործական միությունների առաջարկությունները՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված գրավոր միջնորդագրերի միջոցով, բացի այդ, անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումներ կարող է շնորհել Հայաստանի Հանրապետության Նախագահը։

Ներկայումս խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհում է պատվավոր կոչումներ անձնական նախաձեռնությամբ, նաև պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Այլ կերպ ասած, միջնորդություն ներկայացնել կարող է ոչ թե Կառավարությունը, այլ պաշտոնատար անձինք։

Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում շնորհելու միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդությունը ներկայացնելու կարգը, պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ ՀՀ Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի ՆՀ-396 հրամանագրի համաձայն, կոչումը շնորհելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[2]։

Շնորհագիր և կրծքանշան խմբագրել

2002-2014 թթ. խմբագրել

2002-2014 թթ. կոչմանն արժանացած անձանց շնորհվում էին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պատվավոր կոչումը հավաստող համապատասխան ձևի շնորհագիր և կրծքանշան։ «ՀՀ վաստակավոր լրագրող» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից։ Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով։

Շրջանի տրամագիծը 36 մմ է։ Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով, և դաջված է 2 գրչածայր։ Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ վաստակավոր լրագրող» գրությամբ

Ներկայումս խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից հետո հանձնվող շնորհագրի և կրծքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ ՀՀ վաստակավոր լրագրողի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից։ Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով։ Շրջանի տրամագիծը 36 մմ է։ Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ դաջված է 2 գրչածայր՝ փայլեցված ողորկ մակերեսով։ Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԼՐԱԳՐՈՂ» գրությամբ[3]։

Կոչման շնորհման վիճակագրությունը խմբագրել

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր) կոչումը շնորհվել է 17 անձի։

Կոչում ստացած 17 անձանցից 16-ը տղամարդ են, 1-ը՝ կին։

Ըստ տարեթվերի կոչումը շնորհվել է.

  • 2008 թ. - 2,
  • 2009 թ. - 4,
  • 2010 թ. - 5,
  • 2011 թ. - 1,
  • 2012 թ. - 1,
  • 2013 թ. - 3,
  • 2014 թ. - 1 անձի։

Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողներ խմբագրել

Հիմնական հոդված՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողների ցանկ

Ծանոթագրություններ խմբագրել