Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական թանգարան

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական թանգարան, բուհական թանգարան է, որը հիմնադրվել է 2004 թվականին որպես համալսարանի պատմության թանգարան։ Թանգարանի ներկայիս ցուցադրությունը բացվել է  2012 թվականի նոյեմբերի 19-ին` համալսարանի 90-ամյակի տոնակատարությունների շրջանակում։  Թանգարանը ակտիվ գործող կրթամշակութային կենտրոն է, որն իրականացնում է տարաբնույթ ծրագրեր ու միջոցառումներ տարբեր տարիքի լսարանների համար` ակտիվորեն համագործակցելով մի շարք հաստատությունների հետ։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Հիմնադրվել էմայիսի 11, 2004
Մակերես248 քառակուսի մետր
Կայքaspu.am/hy/page/tangaran/
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն իր 90-ամյա պատմության ընթացքում չուներ թանգարան, ուր ներկայացված կլիներ մոտ մեկդարյա հարուստ անցյալ ունեցող բուհի պատմությունը։ 2010 թվականին բուհի ղեկավարության կողմից որոշում ընդունվեց ստեղծել թանգարանի նոր ցուցադրություն և վերանայել թանգարանի գործունեությունը, որպեսզի՝

1. Բուհի ուսանողները ծանոթանան իրենց բուհի հարուստ պատմությանն ու ավանդույթներին, ինչը կպարտավորեցներ ու հպարտության զգացում կառաջացներ հենց այս ուսումնական հաստատությունում սովորելու համար։

2. Թանգարանը դառնար լրացուցիչ կրթական տարածք, որտեղ համալսարանի բոլոր 10 ֆակուլտետների ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը հնարավորություն կունենան իրականացնելու  գիտահետազոտական աշխատանքներ, գործնական պարապմունքներ, ինչպես հետաքրքիր ու բազմաբովանդակ ժամանակ անցկացնել։

Դրված խնդիրները պետք էր տրամաբանական հանգուցալուծմանը հասցնել կարճ ժամանակահատվածում և բուհի աշխատակազմը 1.5 տարվա ընթացքում կազմեց ապագա թանգարանի թեմատիկ և ցուցադրական պլանները և նկարիչ ձևավորող Հայկազ Քոչարի, ինչպես նաև բուհի թանգարանագիտության ամբիոնի օժանդակությամբ ստեղծվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական թանգարանը։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2012 թվականի նոյեմբերի 19-ին` Համալսարանի 90-ամյակի տոնակատարությունների շրջանակում։ Մինչև 2012 թվականի ավարտը թանգարանն ունեցավ ավելի քան 7000 այցելու։ Թանգարանը ունի հարուստ ֆոնդ, որտեղ պահվում է 8000-ից ավելի նյութեր։

Թանգարանի առաջին տնօրեն է նշանակվել պատմության ֆակուլտետի դասախոս, պատմաբան, հնագետ Վարշամ Ավետյանը։

2008 թվականին թանգարանի տնօրեն նշանակվեց Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դոցնետ, մ.գ.թ. Ալվարդ Գրիգորյանը։

Ցուցադրություն խմբագրել

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական թանգարանում ներկայացված է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմությունը, գործունեությունը՝ հիմնադրման պահից առ այսօր։ Ցուցադրությունը սկսվում է նախասրահից, որտեղ ներկայացված է հայ կրթական մտքի ձևավորումը և զարգացումը միջնադարում, թանգարանի առաջին սրահում նեկայացված է Մանկավարժական ինստիտուտի հիմնադրումը և գործունեությունը, մասնակցությունը Հայրենական և Արցախյան պատերազմին, երկրորդ սրահում՝ ռեկտորները և նրանց դերը բուհի զարգացման գործում, որին հաջորդում է Մանկավարժական համալսարանի 10 ֆակուլտետների պատմությունը, իսկ վերջին սրահում ներկայացված է Մանկավարժական համալսարանի ուսանողների առօրյան, համալսարանի նշանավոր շրջանավարտները և բուհի համագործակցությունը այլ կազմակերպությունների և հաստատությունների հետ։

Հայ կրթական մտքի ձևավորումը և զարգացումը միջնադարում խմբագրել

Հայ ժողովրդի վերածնունդը սերտորեն կապված է հայ գրերի ստեղծման հետ, որը հայ ժողովրդի պատմության մեջ մտել է ոսկեդար անվանումով՝ ի նշանավորումն հոգևոր աննախադեպ վերելքի։

Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ հիմնադրվեցին առաջին հայկական դպրոցները, որոնց զարգացումը արդեն 10-11-րդ դարերում հանգեցրեց բարձր տիպի դպրոցներ ստեղծելու պահանջին (մինչ գրերի գյուտը Հայաստանում կային դպրոցներ, բայց ոչ հայատառ)։

11-13-րդ դարերում աչքի էին ընկնում այնպիսի բարձրագույն կրթական հաստատություններ, ինչպիսիք Հաղպատի, Սանահինի, Գոշավանքի, Հաղարծինի, Այրիվանքի (Գեղարդ), Սաղմոսավանքի, Կեչառույքի, Աղջոց վանքի, Խոր Վիրապի, Գլաձորի, Տաթևի նշանավոր բարձրագույն տիպի կրթական կենտրոնները` վարդապետարանները, որոնք վերածվեցին ուսումնագիտական խոշոր օջախների։

Հայաստանի բարձրագույն կրթական կենտրոններում իբրև դասընթացներ կարդացվել են մատենագրություն, պատմագրություն, քերականություն, տոմարագիտություն, աստղաբաշխություն, երկրաչափություն, թվաբանություն, երաժշտություն և փիլիսոփայություն առարկաները։

Միջնադարի ուսումնագիտական կենտրոնների շարքում ուշագրավ երևույթ էր Գլաձորի համալսարանը, որն լիովին համապատասխանում էր միջնադարում եվրոպական երկրներում ծնունդ առած մտավոր համալսարանական հաստատություններին։

14-15-րդ դարերում մեծ համբավ ձեռք բերեց Տաթևի վանքի համալսարանը։ Դրա համբավն այնքան մեծ էր, որ այստեղ ուսանելու էին գալիս նույնիսկ հարևան երկրներից։

Բարձր տիպի այս կրթական կենտրոնները, որոնք հայտնի են նաև միջնադարյան համալսարաններ անվանումով, դեռ այն համալսարանները չէին, որ ունենք այսօր, բայց այդ ժամանակի մեջ դրանց կարգավիճակը գրեթե նույնն էր, ինչ մերօրյա համալսարաններինը։ Հենց այդ դպրոցներում էլ դրվեցին այսօրվա բարձրագույն կրթության հիմքերը։  

Մանկավարժական ինստիտուտի հիմնադրումը և գործունեությունը խմբագրել

Հայկական դպրոցները բարձրագույն կրթություն ունեցող որակյալ ուսուցչական կադրերով ապահովելու խնդրի իրականացումը դրվեց 1920 թվականին հիմնադրված Երևանի պետական համալսարանի վրա։ 1921 թվականի հոկտեմբերին բացվում է համալսարանի մանկավարժական ֆակուլտետը։ Նրա կազմակերպման ու ամրապնդման գործում մեծ ծառայություն ունեցան համալսարանի հիմնադիր դասախոսներ մանկավարժ-հոգեբան Գուրգեն Էդիլյանը, որը դարձավ ֆակուլտետի առաջին դեկանը և մանկավարժ Արշավիր Շավարշյանը[1]։

Սակայն Երևանի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի փորձը ցույց տվեց, որ նա չէր կարողանում բավարարել ուսուցչական կադրերի պատրաստման պահանջը, ուստի 1922 թվականի սեպտեմբերի 30-ին որոշում ընդունվեց այդ ֆակուլտետի բազայի վրա բացել ինքնուրույն մանկավարժական ինստիտուտ՝ եռամյա դասընթացով։

Երևանի հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պաշտոնական բացումը հայտարարվեց 1922 թվականի նոյեմբերի 7-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության հինգերորդ տարեդարձի օրը[2]։

Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում 1922թ. նոյեմբերի 1-ից դասախոսական աշխատանքի  են հրավիրվում հանրապետությունում լայն ճանաչում գտած մանկավարժ-գիտնականներ` Արսեն Տերտերյանը, Դրաստամատ Տեր-Սիմոնյանը, Տիգրան Մուշեղյանը, Հայկ Ազատյանը, Գրիգոր Չուբարյանը, Ստեփան Ներսիսյանը,Կարապետ Մելիք-Օհանջանյանը, Բահաթուր Բահաթրյանը, Ռոմանոս Մելիքյանը, Վահան Ռշտունին և ուրիշներ[3]։

1930-33 թվականներին Մանկավարժական ինստիտուտում աշխատում էին ականավոր գիտնականներ ու հմուտ մանկավարժներ Հակոբ Մանանդյանը, Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Արսեն Տերտերյանը, Աշոտ Տեր-Մկրտչյանը, Գրիգոր Ղափանցյանը և շատ ուրիշներ։

Մասնակցություն Հայրենական պատերազմին խմբագրել

Հայրենական պատերազմի առաջին օրերից մեր ժողովուրդն իր մասնակցությունը բերեց հաղթանակ նվաճելու համար։ Մանկավարժական համալսարանը ևս իր դերակատարումն ունեցավ այդ պատերազմում տարած հաղթանակի մեջ։ Պետերազմի տարիներին ռազմաճակատ մեկնեցին հարյուրավոր ուսանողներ և երիտասարդ դասախոսներ։

        Ռազմական իրադրության պայմաններին համապատասխան վերանայվեցին ուսումնական պլաններն ու ծրագրերը, այն հաշվով, որպեսզի ավելի արագ ապահովվեր տարբեր մասնագիտությունների գծով կադրերի պատրաստումը։ Ուսուցումը չորսից դարձավ երեք տարի, իսկ 1945 թվականից կրկին 3 տարի[4]։ Պահպանվել է ուսանողների այդ տարիների ստուգման գրքույկներ, լուսանկարներ արված հենց ռազմի դաշտում, նամակներ, որոնք ցուցադրվում են թանգարանում։ Այդ ուսանողների մի մասը հետագայում դարձան նշանավոր դասախոսներ, նկարիչներ, երաժիշտներ, շատերը ստացան նաև զիվորական կոչումներ։

Մասնակցություն Արցախյան հերոսամարտին խմբագրել

Մեր համալսարանի շատ ուսանողներ մասնակցել են Արցախյան գոյամարտին։ Թանգարանում ներկայացված են  պատերազմում զոհված մեր համալսարանի ուսանողների լուսանկարները։ Նրանց շարքերում են եղել ազգային ազատագրական շարժման ակտիվ մասնակից Մովսես Գորգիսյանը, Մեխակ Մեխակյանը, Գևորգ Համբարձումյանը, Աշոտ Բարսեղյանը և ուրիշներ։

   Թանգարանում ցուցադրվում են պատերազմին մասնակից և այսօր էլ մեր համալսարանում դասավանդող դասախոսների անձնական իրերից. կողմնացույց, ատրճանակի պատյան, եղնիկի ոտքից պատրաստված դանակ և մի շարք այլ իրեր։

   Ներկայացված են մեր բուհի շրջանավարտ, ինչպես նաև բուհի 40 տարվա աշխատակից Սիսյան Բենիամինի ինքնակենսագրական նամակը։ Սիսյան Բենիամինը եղել է գրականագետ, հրապարակախոս, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Ազատամարտի վետերանների միության պատվավոր անդամ, Արցախյան շարժման առաջին մասնակիցներից մեկը, կազմակերպել է հայրենի  Գետաշենի ինքնապաշտպանությունը, բանտարկվել ու հենց բանտում էլ գրել այս ինքնակեսնագրական նամակը։

Ռեկտորները և նրանց դերը բուհի զարգացման գործում խմբագրել

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ողջ գործունեության ընթացքում անգնահատելի է համալսարանի ռեկտորների դերը, ովքեր իրենց մասնագիտական, կազմակերպչական և մանկավարժական հմտությունների և գիտելիքների շնորհիվ մեծ ավանդ են ունեցել հարազատ կրթօջախի կայացման գործում։ Թանգարանում ներկայացված են բուհի ռեկտորների լուսանկարները։ Առաջին ռեկտորն է եղել մանկավարժ, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արշավիր Շավարշյանը։ Ներկայիս՝ 18-րդ ռեկտորն է պատմական գիտությունների դոկտոր, մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Միրզախանյանը։

Աբովյանի ուղերձը խմբագրել

 
Խ. Աբովյանի 3D պատկերը

1948 թվականից, Մեծ գրող, մանկավարժ, լուավորիչ Խ. Աբովյանի 100-ամյա տարելիցի կապակցությամբ, Մանկավարժական ինստիտուտը կոչվեց նրա անունով։ Թանգարանում ներկայացված է Խ. Աբովյանի 3D անիմացիան։ Նա իր պատգամն է հղում ապագա մանկավարժներին։ Ֆիլմում հնչում է Կոմիտասի ձայնը։

Ֆակուլտետներ խմբագրել

Թանգարանում ներկայացված են համալսարանի 10 ֆակուլտետները

  1. Բանասիրական ֆակուլտետ
  2. Պատմության և իրավագիտության ֆակուլտետ
  3. Սկզբնական կրթության ֆակուլտետ
  4. Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ
  5. Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ
  6. Օտար լեզուների ֆակուլտետ
  7. Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
  8. Գեղարվեստական կրթության ֆակուլտետ
  9. Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ
  10. Կուլտուրայի ֆակուլտետ

Համալսարանի նշանավոր շրջանավարտները խմբագրել

Մանկավարժական ինստիտուտը 1925 թվականին տվեց իր առաջին շրջանավարտները։ 1925 թվականից մինչև այսօր համալսարանի շրջանավարտներն անուրանալի ավանդ են ունեցել երկրի կրթության գործի կազմակերպման, մշակույթի և տնտեսության զարգացման գործում։ Համալսարանի շրջանավարտները արժանացել են գիտության, մշակույթի, հանրապետության վաստակավոր ուսուցչի, բարձրագույն դպրոցի վաստակավոր գործչի,  վաստակավոր գրադարանավարի, ժողովրդական արտիստի, վաստակավոր արտիստի, վաստակավոր լրագրողի, սպորտի վաստակավոր աշխատողի կոչումների։ Թանգարանի վերջին սրահում ներկայացված են համալսարանի նշանավոր շրջանավարտները, որոնց շարքերում են Մովսես Գորգիսյանը, գեներալ-մայոր Աշոտ Ամատունին, գրողներ Սերո Խանզադյանը, Արամայիս Սահակյանը, Հովհաննես Շիրազը, Խաչիկ Դաշտենցը, Ռազմիկ Դավոյանը, Ոսկե Ծիրան կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը, պետական գործիչ Դարչո Հովհաննիսյանը և ուրիշներ։

Միջազգային համագործակցություն խմբագրել

Թանգարանի վերջին սրահում այցելուներն ծանոթանում են համալսարանի միջազգային համագործակցությանը օտարերկրյա բուհերի հետ։  ՀՊՄՀ-ն անդամակցում և համագործակցում է բազմաթիվ ցանցերի և կազմակերպությունների, ինչպես նաև աշխարհի մի շարք բուհերի և գիտահետազոտական կենտրոնների  հետ։

Նորագույն տեխնոլոգիաները թանգարանում խմբագրել

Ժամանակի պահանջներին համընթաց թանգարանը համալրվել ու համալրվում է տեխնիկական նորամուծություններով (հպազգայուն էկրան, 3D անիմացիա, էկրաններ)։

Համագործակցելով IZI travel[5] միջազգային կազմակերպության հետ, 2014 թվականին թանգարանը Հայաստանում առաջինը գործարկեց IZI.travel ծառայության աուդիոգիդ անվճար ծրագիրը։ Աուդիո ուղեցույցներն աշխատում են iOS , Android և WINDOWS ծրագրերով ապահովված սարքավորումներով, հասանելի է 38 լեզուներով, փակ և բացօթյա տարածքներում, օնլայն և օֆլայն ռեժիմով, QR կոդերի օգնությամբ կամ առանց դրա։ Շրջագայության ընթացքում GPS կողմնորոշիչը, քարտեզի միջոցով, կօգնի այցելուներին հեշտությամբ գտնել դեպի թանգարան բերող ճանապարհը։ Թանգարանի մասին ինֆորմացիան առայժմ հասանելի է 2 լեզուներով՝ հայերենով և անգլերենով https://izi.travel/ru/0b76-museum-of-the-armenian-state-pedagogical-university/en[6]):

Աշխատանք հատուկ կարիքներ ունեցող այցելուների հետ խմբագրել

Իր գործունեության համակարգում մանկավարժական համալսարանի  թանգարանը մեծ տեղ է հատկացնում հատուկ կարիքներ ունեցող այցելուների հետ տարվող ծրագրերին ու աշխատանքներին։

Հաշվի առնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այցելուների հետ տարվող աշխատանքների կարևորությունն ու առաջնահերթությունը, ինչպես նաև օգտվելով izi. TRAVEL ծրագրի ընձեռած լայն հնարավորություններից, թանգարանի էքսկուրսիոն տեքստը հասանելի է նաև լսողության և խոսքի խանգարման խնդիրներ ունեցող մարդկանց համար՝ սուրդոտեքստերի միջոցով, որոնք համապատասխանաբար տեղադրված են ցուցանմուշի վիդեո բաժնում։ Ծրագիրը կարևորվում է նաև տիֆլոմանկավարժության տեսանկյունից, քանի որ էքսկուրսիոն տեքստը՝ աուդիո տարբերակով, թանգարանում առանց հատուկ միջոցների ու հարմարությունների ներդրման, հասանելի է դառնում նաև այս խմբի այցելուների համար։

Մասնագետների խորհուրդով թանգարանը  համագործակցում  է նաև Երևանի  №  14  հատուկ  դպրոցի  հետ, դպրոցի մասնագետների աջակցությամբ թանգարանում  տեղադրվել  են  բրայլյան  տարբերակով  տպագրված  անոտացիոն  տեքստեր,  վահանակներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մելյան, Բալաբեկ (2004). Մեր ռեկտորները։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 80-ամյակի առթիվ. Երևան. էջ 14.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի 50 տարին (1922-1972). Երևան. 1972. էջեր 5–6.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան. Երևան: Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ. 2016. էջ 27.
  4. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի 50 տարին (1922-1972). Երևան. 1972. էջ 27.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. izi.TRAVEL the storytelling platform https://izi.travel/ru. Վերցված է 07.05.2021-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. «Museum of the Armenian State Pedagogical University». izi.TRAVEL the storytelling platform. Վերցված է 07.05.2021-ին.