Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ, հիմնադրվել է 1937 թվականին։ 1961 թվականից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Հովհաննես Չեքիջյանը։

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հյուրախաղերը Գյումրիում։ 30.03.2017
Հիմնական տվյալներ
Ժանրերդասական երաժշտություն
Գործունեություն1937
Կայքanac.am
 Armenian National Academic Choir Վիքիպահեստում

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը գործունեություն է ծավալել Հայաստանի բոլոր շրջաններում, Հայաստանից դուրս հանդես է եկել 180 քաղաքներում 820 համերգով։ Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Պրահայում, Բեյրութում և այլուր երգչախումբը 27 լեզուներով երգել է հայ և համաշխարհային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ[1]։

1969 թվականից երգչախումբն ունի ակադեմիական կոչում, 1975 թվականից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է, 2012 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ շնորհվել է «ազգային» կարգավիճակ[2]։

Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հյուրախաղերը Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում: 30.03.2017

Երգչախումբը ձայնագրել է Եկմալյանի և Կոմիտասի պատարագների սկավառակներ։

Պատմություն

խմբագրել

Հիմնադրվել է 1937 թվականին Երևանում՝ որպես Հայֆիլհարմոնիայի կոլեկտիվ (25–30-հոգանոց)։ Հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը եղել է Թաթուլ Ալթունյան (1937-1940, 1947-1949), որի գործունեության առաջին իսկ տարիները նշանավորվել են ազգային դասական երգարվեստի լավագույն ավանդույթների զարգացմամբ, 1939 թվականին Մոսկվայում մասնակցել է հայ արվեստի ու գրականության առաջին տասնօրյակին, ապա հյուրախաղերով հանդես եկել Լենինգրադում և Բաքվում։ Երգչախմբի ստեղծագործական առաջընթացին, պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, երկացանկի հարստացմանը մեծապես նպաստել է Արամ Տեր-Հովհաննիսյանը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար՝ 1940-1941, 1955-1960): Նրա ղեկավարությամբ հնչել է Վ. Ա. Մոցարտի «Requiem»-ը (1941), Երևանում առաջին անգամ՝ Լ. վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, իրագործվել Պ. Ի. Չայկովսկու «Իոլանտա» օպերայի համերգային կատարումը։

1955 թվականից սկսվել է երգչախմբի ստեղծագործական նոր շրջանը. 1956 թվականին Մոսկվայում մասնակցել է հայ արվեստի և գրականության տասնօրյակին, երկացանկը հարստացվել է Հ. Ստեփանյանի, Ա. Հարությունյանի, Արամ Քոչարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Կարո Զաքարյանի, Մ. Մազմանյանի, Վ. Արարատյանի լավագույն խմբերգերով, Է. Բաղդասարյանի և Ս. Ջրբաշյանի «1905 թվական» վոկալ սիմֆոնիկ պոեմով, ռուս դասական և ժամանակակից կոմպոզիտորների խմբերգային մի քանի գործերով։

Ա. Տեր-Հովհաննիսյանը պատրաստել է համերգային նոր ծրագիր՝ ներառելով հայ դասական երաժշտության՝ համերգասրահներում դեռևս չհնչած լավագույն նմուշներ՝ Կոմիտասի ու Մակար Եկմալյանի հոգևոր երկերը։ Երգչախումբը համերգներով հանդես է եկել Լենինականում, Կիրովականում, հանրապետության շրջաններում։ 1950 թվականին երգչախմբի խմբավարը եղել է Լ. Տումաշևը, 1951 թվականին՝ Էմմա Ծատուրյանն ու Ջեյմս Գյոզալյանը, 1952 թվականին՝ Ա. Աբգարյանը, Է. Ծատուրյանն ու Ջ. Գյոզալյանը, իսկ 1953-1954 թվականներին՝ Ա. Աբգարյանն ու Է. Ծատուրյանը, 1957 թվականին՝ Նուբար Սնկրյանը։

Երգչախմբի ստեղծագործական առաջընթացի առավել նշանակալի շրջանն սկսվել է 1961 թվականից՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։ Շարունակելով հայ դասական խմբերգային երաժշտության լավագույն ավանդույթները՝ երգչախումբը հասել է հայ խմբերգային արվեստի չգերազանցված մակարդակի, դարձել հայկական և համաշխարհային դասական խմբերգային երաժշտության լավագույն մեկնաբանը. երկացանկում ընդգրկվել են Յ. Ս. Բախի, Գ. Հենդելի, Վ. Ա. Մոցարտի, Լ. վան Բեթհովենի, Ֆ. Շուբերտի, Վ. Բելլինիի, Ջ. Ռոսսինիի, Ջ. Վերդիի, Ռ. Վագների, Ֆ. Մենդելսոնի, Յ. Բրամսի, Հ. Բեռլիոզի, Շ. Գունոյի, Գ. Ֆորեի, Բ. Սմետանայի, Ջ. Գերշվինի, Մ. Ի. Գլինկայի, Ա. Պ. Բորոդինի, Մ. Պ. Մուսորգսկու, Պ. Ի. Չայկովսկու, Ս. Ի. Տանեևի, Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Ք. Կարա-Մուրզայի, Բ. Կանաչյանի, Տ. Չուխաճյանի, Ա. Տիգրանյանի, Ա. Սպենդիարյանի, նաև ժամանակակից հեղինակների՝ Դ. Դ. Շոստակովիչի, Տ. Ն. Խրեննիկովի, Գ. Վ. Սվիրիդովի, Դ. Բ. Կաբալևսկու, Ռ. Կ. Շչեդրինի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Ա. Հարությունյանի, Ա. Հովհաննեսի, Է. Միրզոյանի, Է. Հովհաննիսյանի, Գ. Հախինյանի, Ա. Սաթյանի և ուրիշների ավելի քան 700 (այդ թվում՝ շուրջ 40 խոշոր կտավի) ստեղծագործություն (15-ը ԽՍՀՄ-ում կատարվել են առաջին անգամ՝ Հ. Բեռլիոզի «Ռեքվիեմը», 1967, Երևան, Մոսկվա, «Տե Դեում», 1977, Լենինգրադ, «Ռոմեո և Ջուլիետ» դրամատիկական սիմֆոնիան, 1983, Մոսկվա, Գ. Ֆորեի «Ռեքվիեմը», 1971, Երևան, Մոսկվա, Շ. Գունոյի «Մահ և կյանք» օրատորիան, 1971, Մոսկվա, Ջ. Վերդիի «Ազգերի հիմը», Կ. Լամբերտի «Ռիո Գրանդե»-ն, վերջին երկուսը՝ 1982, Լենինգրադ, և այլն)։

Երգչախումբը երգում է 27 լեզվով։ Համերգներով շրջագայել է ԽՍՀՄ-ում, Լիբանանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Հունաստանում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Թուրքիայում, Արգենտինայում, Ավստրալիայում։ Հանդես է եկել աշխարհի բազմաթիվ լավագույն նվագախմբերի, այդ թվում՝ ԽՍՀՄ պետական ակադեմիական, Մոսկվայի Մեծ թատրոնի և Պետ. ֆիլհարմոնիայի ակադեմիական, Լենինգրադի, Բուդապեշտի, Վրոցլավի ֆիլհարմոնիաների, Մարսելի օպերայի սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Երգչախմբի համերգներին մասնակցել են երգիչներ Ի. Արխիպովան, Ե. Օբրազցովան, Ե. Նեստերենկոն, Վ. Ատլանտովը, Մ. Բիեշուն, Մ. Կասրաշվիլին, Հ. Վագները, Պ. Լիսիցյանը, Կ. Զարինշը, Զ. Սոտկիլավան, Պ. Բուրչուլաձեն, Ն. Իսակովան, Ց. Տատիշվիլին, Ա. Վեդերնիկովը, Լ. Իսակաձեն, Ն. Պետրովը, Գ. Ապավանիչյուտեն, նաև Գ. Գասպարյանը, Գ. Գրիգորյանը, Գ. Գալաջյանը, Ա. Կարապետյանը, Լ. Զաքարյանը, Օ. Գաբայանը, Վ. Միրաքյանը, Հ. Պապյանը, Է. Չախոյանը, Վ. Հարությունյանը, Վ. Խաչատրյանը, Ա. Ներսիսյանը, Ա. Նշանյանը, Ն. Հակոբյանը և ուրիշներ, խմբավարներ Խ. Մեյխանեջյանը, Ա. Վերանյանը, Լ. Զեյթաղյանը, Զ. Շեկունցը, Հ. Օդաբաշյանը, Կ. Ալեքսանյանը, կոնցերտմայստերներ Կ. Թոփչյանը, Ս. Երկանյանը, Ա. Տուրաբյանը։

Երգչախումբը համաշխարհային խմբերգային արվեստում միակն է, որը բեմում երգում է առանց նոտաների։ Թողարկել է ձայնասկավառակներ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում։ Ձայնագրություններից մեկն արժանացել է ֆրանսիական «Charles Gros» ակադեմիայի Մեծ մրցանակի (1970, Փարիզ), երգչախումբը՝ Շվեյցարիայի «Montreux» միջազգային փառատոնի մրցանակի (1999)։

Մրցանակներ

խմբագրել
  • Հայաստանի պետական երգչախմբի և Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբերի համատեղ գործունեության ձայնագրություններից մեկը Փարիզում արժանացել է Գրան Պրիի։
  • 1980 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում օլիմպիական խաղերի մշակութային միջոցառումների շրջանակում՝ միության բոլոր անվանի խմբերի մրցակցության արդյունքում՝ Հայաստանի պետական երգչախմբի կատարմամբ հնչեցված Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան ճանաչվել է լավագույնը, և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն արժանացել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանին։
  • ԽՍՀՄ պետական մրցանակ
  • ՀԽՍՀ պետական մրցանակ
  • «Մեսրոպ Մաշտոց» մեդալ
  • «Մովսես խորենացի» շքանշան
  • Մխիթարյան միաբանության ոսկե մեդալ
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • Ֆրիտյոֆ Նանսեն շքանշան
  • ՀՊՄՀ «Խաչատուր Աբովյան» մեդալ
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ
  • ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը 75 տարեկան է
  2. «ՀՀ կառավարության որոշում, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ «ԱԶԳԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.

Գրականություն

խմբագրել
  • Բրուտյանն Մ., Թաթուլ Ալթունյան, Ե., 1962:
  • Բրուտյան Ց., Արամ Տեր-Հովհաննիսյան, Ե., 1962:
  • Հովհանիսյան Ա., Հովհաննես Չեքիջ­յան, Ե., 1984:
  • Դվաթյան Ս., Հովհաննես Չեքիջ­յան. արվեստագետն ու քաղաքացին, Ե., 2000։
  • Ասատրյան Ա., Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ, Ե., 2007:
  • Ասատրյան Ա․, Ամենայն հայոց մաեստրոն. Հովհաննես Չեքիջյան, Ե., 2009:
  • Բախչինյան Ֆ., Մաեստրոն, Ե., 2007:
  • Առաքելյան Ս., Հովհաննես Չեքիջյան, Ալբոմ-ժող., Ե., 2014:
  • Հովհաննես Չեքիջյան-85, Գիտական նստաշրջան՝ նվիրված Հովհաննես Չեքիջ­յանի ծննդյան 85-ամյակին (26–27 սեպտեմբերի, 2014), Նստաշրջանի նյութեր, Ե., 2014:
  • Заслуженный коллектив государственная академическая хоровая капелла Армении, Е., 1989.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 149  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ» հոդվածին։