Հայաստանի շախմատային ֆեդերացիա
Հայաստանի շախմատային ֆեդերացիա (կրճատ՝ ՀՇՖ), հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է Հայաստանում շախմատ խաղի զարգացման հարցերով։ Կազմակերպում է տղամարդկանց և կանանց Հայաստանի անհատական և ակումբային առաջնություններ, հանրապետական նշանակության և միջազգային տարբեր մրցաշարեր, ձևավորում է Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները։ Կազմակերպության ղեկավարն է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը (2004 թվականից), պատվավոր նախագահը՝ Վանիկ Զաքարյանը։
Հայաստանի շախմատային ֆեդերացիա | |
---|---|
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը, որտեղ գտնվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան | |
Տեսակ | շախմատի ֆեդերացիա |
Երկիր | ![]() |
Հապավում | ՀՇՖ |
Նախորդող | շախմատի սեկցիա |
Հիմնադրված | 1927 թ. |
Նպատակներ | Շախմատ խաղի զարգացումը Հայաստանում |
Գլխադասային գրասենյակ | Երևան |
Տարածաշրջան | Հայաստան |
Հիմնական մարմին | Խորհուրդ |
Կայք | chessfed.am |
Պատմություն Խմբագրել
Հիմնադրվել է 1927 թվականին որպես շախմատի սեկցիա։ 1959 թվականին վերածվել է ֆեդերացիայի։ 1958 թվականից Հայաստանի հավաքականը մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին։
Ֆեդերացիան ամեն տարի կազմակերպում է տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնություններ։ Առաջին առաջնությունն անցկացվել է 1934 թվականին։ Հայաստանի առաջին չեմպիոնը Հենրիկ Գասպարյանն է։ Հետագայում նա երկրի չեմպիոն է դարձել ևս ինը անգամ։ Գասպարյանը հայ առաջին վարպետն է, շախմատային կոմպոզիցիայի գծով՝ աշխարհում առաջին գրոսմայստերը։ Մինչև այժմ անցկացվել է Հայաստանի 75 առաջնություն։
Հայաստանը ՖԻԴԵ-ի անդամ է 1992 թվականից։ Հենց այդ թվականից Հայաստանի շախմատի հավաքականները մասնակցում են միջազգային թիմային մրցաշարերին և հասել են զգալի հաջողությունների։
Հայաստանում անցկացվել են ՀՇՖ-ի կազմակերպած բազմաթիվ խոշոր միջազգային մրցաշարեր, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններ։ 1996 թվականին Երևանում անցկացվել է 32-րդ համաշխարհային օլիմպիադան, 2001 թվականին՝ աշխարհի 5-րդ թիմային առաջնությունը։ 2014 թվականի մարտին Երևանում կայացավ Եվրոպայի անհատական առաջնությունը։
1970 թվականից Երևանում գործում է շախմատի տունը, որը 1984 թվականից կոչվում է Տիգրան Պետրոսյանի անունով։ Խանջյան փողոցում գտնվող հենց այդ շենքում է տեղակայված ՀՇՖ-ն։ 1971-ին հիմնվել է շախմատի մասնագիտացված դպրոցը, որը կոչվում է Հենրիկ Գասպարյանի անունով։ 1972 թվականից լույս է տեսնում «Շախմատային Հայաստան» հանդեսը։ 2002 թվականին հիմնադրվել է Հայաստանի շախմատի ակադեմիան։
Ղեկավար կազմ Խմբագրել
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի ղեկավարը նախագահն է, որն ընտրվում է երկու տարով ֆեդերացիայի հաշվետու-ընտրական ժողովում։ 2004 թվականից Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահն է Սերժ Սարգսյանը՝ ընտրվելու պահին Հայաստանի պաշտպանության նախարար, այնուհետև Հայաստանի վարչապետ, ապա՝ Հայաստանի նախագահ[1]։ 2006, 2009, 2011, 2013, 2017[2] և 2022[3] թվականներին նա վերընտրվել է այդ պաշտոնում։
ՀՇՖ-ի ղեկավար մարմինը խորհուրդն է, որի կազմը հետևյալն է.
- Սերժ Սարգսյան, ֆեդերացիայի նախագահ[2]
- Սմբատ Լպուտյան, նախագահի առաջին տեղակալ[2][3]
- Լևոն Յոլյան, նախագահի տեղակալ[3]
- Մարիա Գևորգյան, գլխավոր քարտուղար[3]
- Հրաչիկ Թավադյան, գործադիր տնօրեն[3]
- Վանիկ Զաքարյան, պատվավոր նախագահ[4]
ՀՇՖ-ի նախագահությունը կազմված է 59 անդամից[5]։
Հանձնաժողովներ Խմբագրել
ՀՇՖ-ն ձևավորում է հանձնաժողովներ, որոնք համակարգում են շախմատի տարբեր բնագավառներ և կայացնում են համապատասխան որոշումներ[6]։
- Ակումբների հետ տարվող աշխատանքի հանձնաժողով (նախագահ՝ Հովիկ Խալիկյան)
- Գրոսմայստերների խորհուրդ (նախագահ՝ Ռաֆայել Վահանյան)
- Էթիկայի հանձնաժողով (նախագահ՝ Լևոն Յոլյան)
- Լրատվության հանձնաժողով
- Կանանց շախմատի հանձնաժողով (նախագահ՝ Արգեն Գեղամյան)
- Կոմպոզիցիայի հանձնաժողով (նախագահ՝ Ալեքսեյ Գասպարյան)
- Շախմատում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հանձնաժողով (նախագահ՝ Հաջյան Արամ)
- Մասսայական աշխատանքի հանձնաժողով (նախագահ՝ Սմբատ Լպուտյան)
- Մարզչական (մանկապատանեկան) խորհուրդ (նախագահ՝ Հրաչիկ Թավադյան)
- Մրցավարական հանձնաժողով (նախագահ՝ Արմեն Նիկողոսյան)
- Որակավորման հանձնաժողով (նախագահ՝ Գագիկ Գևորգյան)
- Վարկանիշների հանձնաժողով (նախագահ՝ Աշոտ Վարդապետյան)
- Վետերանների հանձնաժողով (նախագահ՝ Յուրի Առուստամյան)
- Վերստուգիչ հանձնաժողով (նախագահ՝ Արմեն Գևորգյան)[7]
Աղբյուրներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Հայաստանի շախմատային ֆեդերացիա»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-30-ին։ Վերցված է 2014-03-01
- ↑ 2,0 2,1 2,2 «Տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-14-ին։ Վերցված է 2017 Հուլիս 10
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
- ↑ Ֆեդերացիայի խորհրդի կազմը
- ↑ Նախագահության կազմը
- ↑ «Հանձնաժողովների որոշումները»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-10-ին։ Վերցված է 2014-03-01
- ↑ Հանձնաժողովների կազմեր, որոշումներ, արձանագրություններ