Հայաստանի էստրադային նվագախումբ

Հայաստանի էստրադային նվագախումբ, Հայաստանի պետական էստրադային նվագախումբը կազմակերպվել է 1938 թվականին, Երևանում (մինչև 1948 թվականը՝ Հայաստանի ջազ-նվագախումբ)՝ Արտեմի Այվազյանի (գեղարվեստական ղեկավար), Ցոլակ Վարդազարյանի (դիրիժոր), Ա․ Մարտիրոսյանի (ռեժիսոր) համագործակցությամբ։ Մինչև 1956 թվականը նվագախումբն ունեցել է նաև դիրիժորներ՝ Ցոլակ Վարդազարյանը (1938-1942), Մ․ Թադևոսյանը (1942-1949), Կոնստանտին Օրբելյանը (1949-1952), Գ․ Խաչատրյանը (1954-1956)։

Պատմություն

խմբագրել

Առաջին մենակատարներից են եղել՝ երգչուհի Լ․ Լազարևան, երգիչներ՝ Ա․ Սամվելյանը, Ս․ Փերիյանցը, հետագայում՝ Մ․ Հովհաննիսյանը, Ռ․ Բեյբութովը, Կ․ Տոնիկյանը, Բ․ Մավիսակալյանը, պարողներ Բ․, Լ․ և Գ․ Օրդոյան եղբայրներ (պարախումբ), Գ․ Այվազյանը, թմբկահար Ռ․ Յոլչյանը, պարուհի-երգչուհի Ա․ Մալխասյանը։ 1956-1992 թվականներին գեղարվեստական ղեկավար է եղել Կոնստանտին Օրբելյանը, որը կազմի, գործիքավորման ոճի փոփոխություններով նվագախմբի կատարողական արվեստը հասցրել է նոր մակարդակի։ Տարբեր տարիներին հանդես են եկել մենակատարներ՝ երգչուհիներ Բելլա Դարբինյանը, Ռաիսա Մկրտչյանը, Լոլա Խոմյանցը, Զառա Տոնիկյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Նադեժդա Սարգսյանը, Գայանե Հովհաննիսյանը, Լարիսա Դոլինան, Իրինա Ալլեգրովան, Ալլա Պուգաչովան, երգիչներ Էդգար Կարապետյանը, Ժակ Դուվալյանը, Ժան Թաթլյանը, Արտաշես Ավետյանը, կլարնետահար Հ․ Անսուրյանը, ստեղնավոր գործիքներ նվագող Թ․ Մադաթյանը, սոլո կիթառահար Բորիս Անդրեասյանը, փողհար Հ․ Պետրոսյանը, պարուհի Ա․ Հարությունյանը և նվագախմբի վետերան Ռ․ Յոլչյանը։ Նվագացանկը ընդգրկել է հայկական ժողովրդական, արտասահմանյան, ջազային դասական և արդի կոմպոզիտորների երկեր։ Նվագախումբը ելույթներ է ունեցել ԱՊՀ, մերձբալթյան երկրների քաղաքներում, Իրանում, Լեհաստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Գերմանիայում, Սիրիայում, Լիբանանում, Հարավսլավիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլուր։ Գործել է մինչև 1992 թվականի վերջը։ 1997 թվականից կազմակերպվել է Հայաստանի ջազ-նվագախումբ (ղեկավար՝ Արմեն Մարտիրոսյան)։

1997 թվականին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր է դարձել երաժիշտ, կոմպոզիտոր և գործիքավորող Արմեն Մարտիրոսյանը, իսկ երաժշտական ղեկավար՝ ջազ փառատոների դափնեկիր, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը։ Բազմաթիվ ելույթներ է ունեցել Հայաստանում և արտերկրում։ 2000 թվականին մասնակցել է «Երևան 2000» միջազգային 2-րդ ջազ փառատոնին և ելույթ է ունեցել դաշնակահար, կոմպոզիտոր և գործիքավորող Չիկ Կորեայի հետ։ 2001 թվականին ձայնագրել է առաջին՝ «Մաունթին դանս» ձայնասկավառակը, որը նույն թվականին Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն ֆյուժն-ալբոմ» մրցանակին։ Ելույթներ է ունեցել արտերկրում կայացած հայկական երեկոների ժամանակ։ 2008 թվականին Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ջազ նվագախումբ» մրցանակին։ 2010 թվականին գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Արմեն Մարտիրոսյանին փոխարինել է Արմեն Հյուսնունցը։ Թողարկել է 3 ձայնասկավառակ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 138