Հայաստանի առաջին հողագործական և անասնապահական բնակատեղիներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայաստանի առաջին հողագործական, անասնապահական բնակատեղիներ, նեոլիթյան մշակույթի հուշարձաններ, որոնք երևան են եկել ու մասամբ ուսումնասիրվել են վերջին տասնամյակներում։ Այդ հուշարձանները որոշակիորեն կապվում են Կիլիկիայի, Վերին Միջագետքի, Ասորիքի, Պաղեստինի, Փյունիկիայի նեոլիթյան մշակույթի հայտնի հնավայրերի հետ։ Հիշյալ հուշարձանների ժամանակագրական և տերիտորիալ աղերսների հետ կապված բազմաթիվ հարցեր թույլ են լուսաբանված գերազանցապես այն պատճառով, որ Հայաստանի նեոլիթյան հուշարձանների բացարձակ թվագրման հարցը առայժմ լուծված չէ։ Նրանց բացարձակ թվագրման համար էական նշանակություն ունեն Առաջավոր Ասիայի նեոլիթյան մի շարք բնակավայրերի ժամանակագրական տվյալները, որոնք ստացված են ռադիո-ածխածնային մեթոդի օգնությամբ։

Մաշտոցի բլրի և Կղզյակ բլրի նեոլիթյան տիպի նյութական մշակույթ է հայտնաբերված Մերսինի Յումուկ-Թեփե կոչվող բազմաշերտ հուշարձանում։ Այդտեղ շերտերի հաստությունը անցնում է 10 մ-ից և նրանցից ամենաստորինը թվագրվում է մ․ թ․ ա․ 6600 թվականով։ Տերտերի ձորի, Սև բլուր 1-ինի ուշ նեոլիթյան բնակատեղիները կապված են Հաջիլարի շերտերի հետ, որի տարիքը չի անցնում մ․ թ․ ա․ 4976 թվականից։ Այս հուշարձանների հետ ժամանակագրական աղերսներ ունեն Փոքր Ասիայի (Զաթալ-Հույուկ-6500, Կիզիլ-կայա) և Հյուսիսային Միջագետքի (Հասունա-Կալա-աթ-Ջարմո) բնակավայրերը։ Հասունայի բնակատեղին ռադիո-ածխածնային մեթոդով թվագրվում է մ․ թ․ ա․ 5600, իսկ Կալա-աթ-Ջարմոյի բնակատեղին՝ մ․ թ․ ա․ 5707-320, այսինքն մոտ մ․ թ․ ա․ 5400 թվականով։ Այսպիսով, մ․ թ․ ա․ 7-5 հազարամյակներում Արագածի հարավարևմտյան լանջերն և Արարատյան դաշտում արդեն գոյություն ունեին նեոլիթյան բնիկների մշտական բնակավայրեր, որոնք գտնվում էին իրար մոտ՝ Արարատյան դաշտերում և նախալեռներում, և միմյանց հաջորդող մշակութային փուլերի առանձին օղակներ կազմում՝ սկսած վաղ նեոլիթից մինչև պղնձե-քարեդարյան հուշարձանների շրջանը։
Զաղաների մոտի բնակավայր
խմբագրելՍրանցից ամենահինը Զաղաների մոտի բնակավայրն է (Թալինի շրջան), որի բնակիչները շարունակում էին զբաղվել հավաքչությամբ և պատկերացում չունեին կենդանիների ընտելացման, բուծման ու բույսերի մշակման մասին։ Սրանք գտնվում էին ուշ մեզոլիթից վաղ նեոլիթի անցման աստիճանի վրա։
Բառոժի բնակատեղի
խմբագրելԲառոժի բնակատեղի (Թալինի շրջան) բնակիչների մշակութային կյանքում և տնտեսության մեջ կատարվել էին նշանակալից փոփոխություններ։ Հավանաբար մ․ թ․ ա․ 6-րդ հազարամյակի վերջում նրանք այլևս իրենց նախորդների քարային կյանքով չէին ապրում։ Այս բնակատեղիում հայտնաբերվել են բնակարանների հետքեր, որոնց շրջակայքում ռետուշված մակերես ու սայրեր ունեցող նոր խոշոր գործիքների հետ միասին առաջին անգամ հանդիպում են աննախշ, հասարակ ավազի և դարմանի խառնուրդով պատրաստված խեցանոթների բեկորներ, ինչպես նաև ոսկրե ասեղներ ու հերուններ։ Կարևոր է նշել, որ Բառոժում, ինչպես նաև Զաղայի մոտի բնակատեղիում, պարզորոշ ներկայացված է վաղ երկրագործությունը, որի համար դեռևս բնորոշ էին հացահատիկի վայրի տեսակները։ Պետք է ենթադրել, որ նշված ժամանակաշրջանում պրիմիտիվ երկրագործություն է առաջացել նաև Հայաստանի այլ վայրերում։
Բառոժի և Ջուղայի մոտի բնակավայրերի, ինչպես և Արտինի նեոլիթյան կայանի բնակիչների քարի մշակման տեխնիկայում պահպանվել էին հեռավոր անցյալի ավանդույթները։ Նրանք առաջվա նման մշակում էին օբսիդիանե մանր եռանկյու իներ, ծակիչներ, քերիչներ։ Վաղ նեոլիթի վերջում սկսում են լայնորեն օգտագործել քարե խոշոր շինվածքներ, որոնց պատրաստումը պահանջում էր նոր, նեոլիթյան եղանակներ։ Հղկել են կացինների, մուրճերի, քարե աղորիքների, սանդերի ու հավանգների մակերեսը, ռետուշել օբսիդիանե խոշոր շեղբերի և նետի սլաքների մակերեսն ու եզրերը։ Արտին լեռան նեոլիթյան կայանները պատկանում են ընդհանուր առմամբ նախակերամիկական շրջանին, որոնց բնակիչներին հայտնի չէր կավից ամաններ պատրաստելու արվեստը։ Հայաստանի վաղ նեոլիթի բնակատեղիների կավագործության մեջ ամենակարևորը յուրահատուկ տաշտերի կամ չաների պատրաստումն էր։ Սկզբում հողի մեջ փորում էին փոս, որը ծեփվում էր կավով։ Փոսի մեջ կրակ էին վառում և այդպիսով նրա պատերին տալիս էին ամրություն և անջրանցիկություն։ Քարե և ոսկրե գործիքների, ինչպես նաև տնտեսական գույքի բարդացումը կապված է Հայաստանի նեոլիթի բնակիչների կյանքի խոր փոփոխությունների, նոր բնորոշ տնտեսաձևերի՝ հողագործության և անասնապահության հետ։ Հայաստանի վաղ նեոլիթի բնակավայրերին բնորոշ են վայրի կենդանիների ոսկորները։