Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։ ՄԻՊ-ին ընտրում է Աժ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով՝ 6 տարի ժամկետով։ ՄԻՊ-ն օժտված է Ազգային ժողովի պատգամավորի համար նախատեսված անձեռնմխելիությամբ։ Նրա գործունեության այլ երաշխիքներ սահմանվում են օրենքով։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպաններ են եղել Լարիսա Ալավերդյանը (2004-2006 թթ.), Արմեն Հարությունյանը (2006-2011 թթ.), Կարեն Անդրեասյանը (2011-2016 թթ.), Արման Թաթոյանը (2016-2022 թթ.), Քրիստինե Գրիգորյան (2022-2023 թթ.) և Անահիտ Մանասյանը (2023 թվականի ապրիլից)։

ՀՀ վերահսկիչ պալատը խմբագրել

ՀՀ վերահսկիչ պալատը (ՎՊ) անկախ մարմին է, որը, «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի (2006) համաձայն, վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ։ Պալատի գործունեության ծրագիրը հաստատում է Աժ-ն։ ՎՊ-ն տարեկան ոչ պակաս քան մեկ անգամ Աժ է ներկայացնում իր վերահսկող, աշխատանքների հաշվետվությունը։ ՎՊ-ի նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի առաջարկությամբ՝ Աժ-ի կողմից՝ 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ նշանակվել ՎՊ-ի նախագահ։ 2007-ից ՎՊ-ի նախագահը Իշխան Զաքարյանն է։

ՀՀ հանրային խորհուրդը խմբագրել

ՀՀ հանրային խորհուրդը (ՀԽ) ՀՀ նախագահի կողմից կազմավորվող ապաքաղաքական, խորհրդակցական մարմին է, որի նպատակը ժողովրդավար, համակարգի զարգացմանը պետական իշխանության մարմինների ու քաղաքացիների, հասարակության և իշխանության միջև երկխոսության ու վստահելի գործընկերային հարաբերությունների ձևավորմանը, հասարակական վերահսկողության իրականացմանը, ինչպես նաև մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների ապահովմանը նպաստելն է։ ՀՀ ՀԽ-ն ստեղծվել է 2008 թվականի հուլիսի 12-ին, կանոնադրությունը և առաջին 12 անդամների կազմը հաստատվել է 2009 թվականի մարտի 11-ին, մայիսի 29-ին ամրագրվել է ՀՀ նախագահի հրամանագրով։ ՀԽ նախագահին (2009 թվականից Վագգեն Մանուկյան) նշանակում է ՀՀ նախագահը։ ՀԽ-ի որոշմամբ՝ փորձաքննություն է իրականացվում ՀՀ օրենքների և Սահմանադրության մեջ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող՝ գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության, բնապահպանության և մարդու իրավունքների, հասարակական անվտանգության ու կարգի պահպանման բնագավառներում պետական քաղաքականության նախագծերի վերաբերյալ։ ՀԽ-ն կազմված է 36 անդամից, որոնցից 12-ին նշանակում է ՀՀ նախագահը, 12-ին ընտրում են հանձնաժողովները։ Հետագայում 24 անդամից յուրաքանչյուրն առաջադրում է ՀԽ-ի մեկական թեկնածու, որոնցից առավել շատ ձայներ ստացած 12 անձի առաջարկվում է անդամակցել ՀԽ-ին։ Ներկայումս ՀԽ-ում գործում են 66 ենթահանձնաժողով և բազմաթիվ աշխատանքային խմբեր։ 12 ոլորտային հաձնաժողովներում ընդգրկված 1950 անդամները ներկայացնում են ավելի քան 1200 հասարակական կազմակերպություններ, միություններ, ընկերակցություններ և հիմնադրամներ։ Այս հանձնաժողովներում ընդգրկված են գիտնական 329 թեկնածու, պրոֆեսոր։ Մարզերը ներկայացված են 422 անդամով (21,7 %), կանայք՝ 635-ով (32,7 %)։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։