Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Համո Բաղդասարյան (1895, Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1931, Մոսկվա, ԽՍՀՄ), կուսակցական-մշակութային գործիչ, նկարիչ։

Համո Բաղդասարյան
Ծնվել է1895
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1931
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց
Մասնագիտությունծաղրանկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1895 թվականին Նախիջևանում, գյուղատնտեսի ընտանիքում։ Կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որն ավարտել է 1916 թվականին[1]։ Աշխատանքի է անցել գաղթականական կոմիտեում որպես վիճակագիր։ Դպրոցական տարիներին Համոն մեծ ընդունակություններ է ցուցաբերում որպես նկարիչ, նրա մատիտի ու գրչի արդյունք են Ներսիսյան դպրոցի աշակերտական մամուլում, հատկապես «Ցավոտ ծիծաղներ»-ում զետեղված մեծաքանակ ծաղրանկարները։ Դպրոցում սովորելիս Բաղդասարյանը մասնակցում էր այնտեղ գործող ընդհատակյա մարքսիստական խմբակի պարապմունքներին։

1917 թվականին մի որոշ ժամանակ աշխատել է Էրզրումի շրջանի ինքնավարությունում որպես վիճակագրական բաժնի պետ։ 1919 թվականին ընդունվում է կուսակցության շարքերը։ 1921 թվականին եղել է կարմիր բանակի շարքերում։

Բաղդասարյանն իր ուժերն ու ունակությունները դրսևորում է գլխավորապես արհմիութենական աշխատանքի բնագավառում։ 1921-1923 թվականներին եղել է Ալեքսանդրապոլի գավարհբյուրոյի պատասխանատու քարտուղար և ապա նախագահ, իսկ հաջորդ տարին աշխատել է Էջմիածնում՝ որպես այդտեղի գավարհբյուրոյի նախագահ։ Տարվա վերջին աշխատանքի է հրավիրվում Երևան և ընտրվում հողանտառարհմիության կենտրոնական վարչության նախագահ ու ՀԱՄԿԽ-ի (Համամիութենական արհեստակցական միությունների կենտրոնական խորհուրդ) նախագահության անդամ։

Այս պաշտոնում Բաղդասարյանը մեծ աշխատանք է կատարում Հայաստանի արհմիությունների ամրապնդման և նրանց գործունեության ծավալման գծով՝ 1924-1928 թվականներին։ Նույն տարիներին եղել է հողանտառարհմիության կենտրոնական կոմիտեի անդամ և մասնակցել է արհմիութենական համագումարներին։

1928 թվականին ՀԱՄԿԽ-ի պահանջով Բաղդասարյանը աշխատանքի է փոխադրվում Մոսկվա և նշանակվում է հողանտառարհմիության կենտրոնական կոմիտեի հրահանգիչ, իսկ 1930 թվականին ընտրվում է նրա կուլտսեկտորի վարիչ և այդ պաշտոնում աշխատում է մինչև կյանքի վերջը։

1928-1930 թվականներին նա հողանտառարհմիության հանրապետական համագումարներ է անցկացնում Թուրքմենստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում և Բաշկիրական Ինքնավար Հանրապետությունում։

Ծանր հիվանդությունից հետո Համո Բաղդասարյանը վախճանվել է Մոսկվայում, 36 տարեկան հասակում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 58։
  2. Անմոռաց դեմքեր (Ներսիսյան դպրոցի սաներ), Ե., «Հայաստան», 1965, էջ 24-25։