Համաչափություն (իրավունք)

Համաչափությունը սահմանադրական իրավունքի սկզբունք է, որը պահանջում է սահմանադրորեն պաշտպանվող իրավունքների  սահմանափակման հիմնավորվածություն։ Այն իրավական և մեթոդոլոգիական գործիք է։  Համաչափության սկզբունքը կազմված է չորս տարրերից՝ պատշաճ նպատակ (անգլերեն՝ proper purpose), պիտանիություն (անգլերեն՝ suitability), միջոցների անհրաժեշտություն (անգլերեն՝ necessity), խիստ իմաստով համաչափություն (անգլերեն՝ proportionality stricto sensu)։

Պատմությունը խմբագրել

Համաչափության սկզբունքը ծագել է գերմանական իրավունքում՝ ոստիկանական իրավունքի ոլորտում պրուսական վարչական դատարանների կողմից զարգացրած անհրաժեշտության սկզբունքից։ 1882 թվականի հունիսի 14-ի Կրոյցբերգի որոշումից հետո Պրուսիայի բարձրագույն վարչական դատարանը քննել է այն հարցը, թե արդյոք ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցները դուրս չեն այն շրջանակից, ինչն անհրաժեշտ էր համապատասխան նպատակին հասնելու համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր համաչափության սկզբունքը կիրառվել է ոչ միայն վարչական իրավունքի բնագավառում, այլև հանրային իրավունքի բոլոր ոլորտներում և որպես այդպիսին ձեռք է բերել սահմանադրական բնույթ[1]։

Իրավական աղբյուրները խմբագրել

1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 29 (2)-րդ հոդվածը նախատեսում է. «Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք պետք է ենթակա լինի միմիայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են բացառապես ուրիշների իրավունքների և ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգանքն ապահովելու և ժողովրդավարական հասարակարգում բարոյականության արդարացի պահանջները, հասարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը բարելավելու նպատակով»[2]։ Իրավունքների և ազատությունների կանադական խարտիայի 1-ին հոդվածը սահմանում է. «Իրավունքների և ազատությունների կանադական խարտիան երաշխավորում է, որ իրավունքներն ու ազատությունները ենթակա է միայն օրենքով սահմանված այնպիսի ողջամիտ սահմանափակումների, որոնք հստակորեն արդարացված են ազատ և ժողովրդավարական հասարակության մեջ»[3]։ ՀՀ Սահմանադրության «Համաչափության սկզբունքը» վերտառությամբ 78-րդ հոդվածը սահմանում է. «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»[4]։

Համաչափության տարրերը խմբագրել

Պատշաճ նպատակ խմբագրել

Պատշաճ նպատակի տարրը ուսումնասիրում է, թե արդյոք օրենքը (ստատուտը կամ ընդհանուր իրավունքը), որը սահմանափակում է սահմանադրական իրավունքը հետապնդում է այնպիսի նպատակ, որը արդարացնում է նման սահմանափակումը[5]։ Սահմանադրական իրավունքները սահմանափակող օրենքի նպատակը կարող է բխել պետության ժողովրդավարական արժեքներից. այդ արժեքները կարող են սահմանված լինել սահմանադրությամբ։ Այդպիսի ժողովրդավարական արժեքներ են մարդու իրավունքների պաշտպանությունը, պետության գոյության շարունակականությունը, ազգային անվտանգությունը, հասարակական կարգը, հանդուրժողականությունը[6]։

Պիտանիություն խմբագրել

Պահանջն այն է, որ սահմանափակող օրենքի օգտագործած միջոցները համապատասխանում են այն նպատակին, որին հետապնդում է օրենքը։ Այսինքն՝ սահմանափակող օրենքի ընտրած միջոցները կարող են իրականացնել կամ աջակցել այդ օրենքի նպատակը, այդ միջոցների օգտագործումը ողջամտորեն հանգեցնելու է օրենքի նպատակի իրականացմանը։

Անհրաժեշտություն խմբագրել

Այս տարրը հաճախ անվանվում է նաև «ավել քիչ սահմանափակող միջոցի» պահանջ[7]։ Այս տարրի էությունը կայանում է նրանում, որ օրենսդիրը պատշաճ նպատակի իրականացման համար պիտանի բոլոր միջոցներից պետք է ընտրի այն, որը ամենաքիչը կսահմանափակի մարդու իրավունքները։

Սահմանադրական իրավունքի գրականության մեջ ընդունված է այն մոտեցումը, որ անհրաժեշտության տարրը կամ ամենաքիչ սահմանափակող միջոցի պահանջը համաչափության սկզբունքի «սիրտն է»[8]։ Այս մոտեցումն ընդուվել է նաև համեմատական իրավունքում։ Պիտեր Հոգը Իրավունքների և ազատությունների կանադական հռչակագրի համատեքստում նշել է. «Ավելի քիչ ծանրաբեռնող միջոցի պահանջը Առաջին բաժնի սիրտն ու հոգին է ... գործերի ճնշող մեծամասնությունում քննարկման առարկան   ... ամենաքիչ ծանրաբեռնող միջոցն է»[9]։

Խիստ իմաստով համաչափություն խմբագրել

Սա համաչափության սկզբունքի ամենկարևոր տարրն է։ Խիստ իմաստով համաչափության համաձայն, որպեսզի սահմանադրական իրավունքի սահմանափակումն արդարացվի, պետք է լինի պատշաճ հարաբերակցություն նպատակի իրականացման արդյունքում ձեռք բերվող արդյունքների և նպատակի իրականացման արդյունքում սահմանադրական իրավունքներին պատճառվող վնասի միջև։ Համապատասխանաբար, օրենսդիր մարմնի կողմից ընտրած միջոցը խիստ առումով համաչափ կլինի, եթե այդ միջոցի կիրառման արդյունքում ձեռք բերված օգուտը գերազանցում է սահմանադրական իրավունքին պատճառված վնասը։

Իրավաբանական գրականության մեջ այս տարրը հաճախ անվանվում է «հավասարակշռում»։ «Հավասարակշռումը» բնութագրվում է որպես տրամաբանական գործընթաց, որը պատշաճ նպատակը դնում է մի նժարի վրա, իսկ սահմանափակվող իրավունքը մյուս նժարին՝ հավասարակշռելով պատշաճ նպատակի օգուտները դրա՝ իրավունքին պատճառված վնասի հետ[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ARAI-Takahashi, Yutaka (2012 թ․ մարտի 7). «Proportionality – a German approach». Amicus Curiae. 1999 (19). doi:10.14296/ac.v1999i19.1458. ISSN 2048-481X.
  2. [UN General Assembly Res. 217A (III), UN Doc. A/810, 71 «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. Branch, Legislative Services (2015 թ․ հուլիսի 30). «Consolidated federal laws of canada, Access to Information Act». laws-lois.justice.gc.ca. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն - Գրադարան - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. Law, Rights and Discourse : The Legal Philosophy of Robert Alexy. Hart Publishing. ISBN 978-1-4725-6398-9.
  6. Aharon Barak, Proportionality: Constitutional and their limitations. Cambridge Studies in Constitutional Law, Cambridge University Press; 1 edition (March 19, 2012).
  7. Aharon Barak, Proportionality: Constitutional and their limitations. Cambridge Studies in Constitutional Law, Cambridge University Press; 1 edition (March 19, 2012).
  8. Aharon Barak, Proportionality: Constitutional and their limitations. Cambridge Studies in Constitutional Law, Cambridge University Press; 1 edition (March 19, 2012),.
  9. Hudon, Edward G. (1978). «Peter W. HOGG, Constitutional Law of Canada, Toronto, The Carswell Co. Ltd., 1977, xlii, 548 pp». Les Cahiers de droit. 19 (2): 568. doi:10.7202/042256ar. ISSN 0007-974X.
  10. Alexy, Robert (2003-12). «On Balancing and Subsumption. A Structural Comparison». Ratio Juris. 16 (4): 433–449. doi:10.1046/j.0952-1917.2003.00244.x. ISSN 0952-1917.