Համախտանիշը (սինդրոմ) բժշկական նշանների և ախտանիշների խումբ է, որոնք փոխկապակցված են միմյանց հետ և հաճախ առնչություն են ունենում որևէ հիվանդության կամ խանգարման հետ[1]։ «Սինդրոմ» բառն առաջացել է հունարեն σύνδρομο բառից, որը նշանակում է «միահոսում», «համադրություն»[2]։ Որոշ դեպքերում որևէ համախտանիշ այնքան սերտորեն է առնչվում կոնկրետ ախտաբանական վիճակի ախտածնության կամ պատճառի հետ, որ այդ դեպքերում ի վերջո համախտանիշ, հիվանդություն և խանգարում բառերն օգտագործվում են միմյանց փոխարինաբար։ Սա հատկապես բնորոշ է գենետիկական հիվանդություններին։ Օրինակ՝ Դաունի համախտանիշը, Վոլֆ-Հիրշհորնի համախտանիշը, Անդերսենի համախտանիշը խանգարումներ են, որոնց պաթոգենեզը հայտնի է, այսպիսով դրանցից յուրաքանչյուրը, չնայած համախտանիշ կոչվելուն, իրենից ներկայացնում է ավելին, քան ուղղակի նշանների ու ախտանիշների խումբ։ Այլ դեպքերում համախտանիշը սպեցիֆիկ չի լինում կոնկրետ հիվանդության, և, փոխարենը՝ միևնույն համախտանիշը դիտվում է տարբեր հիվանդությունների դեպքում։ Օրինակ՝ տոքսիկ շոկի համախտանիշը կարող է առաջանալ տարբեր տեսակի տոքսինների ազդեցության հետևանքով, պրեմոտոր համախտանիշի առաջացման պատճառ կարող են լինել գլխուղեղի տարբեր տեսակի ախտահարումներ, իսկ նախադաշտանային համախտանիշը ընդհանրապես հիվանդություն չէ, այլ՝ ուղղակի ախտանիշների խումբ։

Եթե կասկած կա, որ տվյալ ախտաբանության հիմքում ընկած է գենետիկական պատճառ, սակայն դրա առկայությունը հաստատված չէ, ապա ախտաբանական վիճակը կարող է անվանվել ոչ թե համախտանիշ, այլ՝ գենետիկական ասոցիացիա (կամ, կախված կոնտեքստից՝ ուղղակի «ասոցիացիա»)։ Ըստ սահմանման՝ ասոցիացիան մատնանշում է այնպիսի նշանների և ախտանիշների խումբ, որոնք միասին ավելի հաճախ են հանդիպում, քան դա կլիներ զուտ պատահականության դեպքում[3]։

Համախտանիշները հաճախ անվանվում են ի պատիվ բժշկի կամ բժիշկների խմբի, ովքեր դրանք հայտնաբերում են կամ ովքեր առաջինն են նկարագրում ամբողջական կլինիկական պատկերը։ Համախտանիշների այսպիսի անվանումները կոչվում են բժշկական էպոնիմներ։ Վերջին ժամանակներում միտում կա ախտաբանություններն անվանել ոչ թե էպոնիմային անուններով, այլ՝ բնութագրական անուններով (ըստ ախտանիշների կամ հիմքում ընկած պատճառի), սակայն, միևնույն է, խոսակցական կիրառման մեջ էպոնիմները հաճախ պահպանվում են։

Կիրառություն խմբագրել

Ընդհանուր բժշկություն խմբագրել

Բժշկության մեջ համախտանիշ տերմինն օգտագործվում է այն իմաստով, որը բնութագրում է ախտանիշների և նշանների խումբ՝ առանց այն պարտադիր կերպով կապելու որևէ կոնկրետ պաթոգենեզի հետ։ Բժշկական գենետիկայում տերմինը կիրառվում է ավելի նեղ իմաստով, և այդ տերմինով բնութագրվում է բժշկական բոլոր համախտանիշների մի ենթադաս։

Հոգեբուժություն և հոգեպաթոլոգիա խմբագրել

Հոգեբուժական համախտանիշները հաճախ անվանվում են նաև հոգեպաթոլոգիական համախտանիշներ (Հոգեպաթոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է ինչպես հոգեկան խանգարումների դրսևորումը, այնպես էլ դրանց պատճառները, առաջացման և զարգացման մեխանիզմները, ինչպես նաև բուժման տարբերակները)։

Ռուսաստանում այդ հոգեպաթոլոգիական համախտանիշները մինչ օրս կիրառվում են կլինիկական պրակտիկայում և մանրամասն նկարագրված են հոգեբուժական մասնագիտական գրականության մեջ՝ ասթենիկ համախտանիշ, օբսեսիվ համախտանիշ, էմոցիոնալ համախտանիշներ (օրինակ՝ մանիակալ համախտանիշ, դեպրեսիվ համախտանիշ), Քոթարի համախտանիշ, կատատոնիկ համախտանիշ, հեբեֆրենիկ համախտանիշ, զառանցանքային և պատրանքային համախտանիշներ (օրինակ՝ պարանոիդ համախտանիշ, պարանոիդ-պատրանքային համախտանիշ, Կանդինսկի-Կլերամբոյի համախտանիշ, պատրանքներ), պարաֆրենիկ համախտանիշ, փսիխոպաթիկ համախտանիշներ (ներառում են անձի բոլոր խանգարումները), գիտակցության մթագնման համախտանիշներ (օրինակ՝ գիտակցության մթնշաղային մթագնում, ամենցիալ համախտանիշ, դելիրիումային համախտանիշ, գիտակցության շշմածության համախտանիշ, օնեյրոիդ համախտանիշ), հիստերիկ համախտանիշ, նևրոտիկ համածտանիշ, Կորսակովի համախտանիշ, հիպոքոնդրիկ համախտանիշ, պարանոիկ համախտանիշ, սենեսթոպաթիկ համախտանիշ, էնցեֆալոպաթիկ համախտանիշ[4][5]։

Գերմանիայում կիրառվող հոգեպաթոլոգիական համախտանիշներից են՝ փսիխոօրգանիկ համախտանիշը, դեպրեսիվ համախտանիշը, պարանոիդ-պատրանքային համախտանիշը, օբսեսիվ-կոմպուլսիվ համախտանիշը, ավտոնոմ համախտանիշը, թշնամանքի համախտանիշը, մանիակալ համախտանիշը, ապաթիայի համախտանիշը[6]։

Հայտնի հոգեբուժական համախտանիշներից են նաև՝ Մյունխհաուզենի համախտանիշը, Գանսերի համախտանիշը, նեյրոլեպտիկ դեֆիցիտային համախտանիշը, հոտառական ուղղորդման համախտանիշը և այլն։

Պատմություն խմբագրել

Հիմնական հոգեպաթոլոգիական համախտանիշները նախկինում դասակարգվում էին ըստ ծանրության երեք խմբերի՝ համաձայն գերմանացի հոգեբույժ Էմիլ Կրեպելինի (1856—1926) դասակարգման։ Աաջին խմբի (թեթև խանգարումներ) մեջ մտնում է հինգ համախտանիշ՝ էմոցիոնալ, պարանոիդ, հիստերիկ, դելիրիումային, իմպուլսիվ[7]։ Երկրորդ՝ միջին ծանրության խմբի մեջ են մտնում երկու համախտանիշ՝ շիզոֆրենիկ համախտանիշ և խոսքային-պատրանքային համախտանիշը[7]։ Երրորդ խմբի մեջ են դասակարգվում ամենածանր խանգարումները՝ էպիլեպտիկ, օլիգոֆրենիկ և դեմենցիա[7]։ Կրեպելինի ժամանամաշրջանում էպիլեպսիան դիտարկվում էր որպես հոգեկան հիվանդություն; Կառլ Յասպերսը նաև դիտարկում էր «իսկական էպիլեպսիա» և «փսիխոզ» տարբերակները[8], և բնութագրում էր «երեք մեծ փսիխոզներ»՝ շիզոֆրենիա, էպիլեպսիա և մանիակալ-դեպրեսիվ հիվանդություն[8]։

Բժշկական գենետիկա խմբագրել

Բժշկական գենետիկայի ոլորտում «համախտանիշ» տերմինը տրադիցիոն կերպով օգտագործվում է միայն այն դեպքում, եթե հայտնի է լինում ախտաբանության հիմքում ընկած գենետիկական պատճառը։ Այսպես՝ 21 տրիսոմիան հայտնի է որպես Դաունի համախտանիշ։

Մինչև 2005 թվականը՝ CHARGE համախտանիշն ավելի հաճախ անվանվում էր «CHARGE ասոցիացիա»։ Սակայն, երբ հայտնաբերվեց այս ախտաբանական վիճակի առաջացման հիմքում ընկած գենը (CHD7), այն անվանափոխվեց[9]։ VACTERL ասոցիացիայի պատճառը դեռևս հստակ որոշված չէ, և, հետևաբար, այն սովորաբար չի անվանվում «համախտանիշ»[10]։

Այլ ոլորտներ խմբագրել

Կենսաբանության մեջ «սինդրոմ» տերմինն օգտագործվում է ավելի լայն իմաստով՝ տարբեր կոնտեքստներում բնորոշ հատկանիշների խմբերը բնութագրելու համար։ Օրինակներից են՝ վարքագծային սինդրոմները, ինչպես նաև փոշոտման և սերմերի տարածման սինդրոմները (այս և այլ նմանատիպ դեպքերում, բնականաբար, հայալեզու համախտանիշ տերմինը կիրառելի չէ։ Օրպես օրենք, համախտանիշ և սինդրոմ տերմինները փոխադարձաբար կիրառելի են միայն բժշկագիտական կոնտեքստում)։

Օրբիտալ մեխանիկայում և աստղագիտության մեջ, Կեսլերյան սինդրոմ անվանվում է այն էֆեկտը, երբ օբյեկտների խտությունը ցածր երկրային օրբիտայում (LEO) այնքան բարձր է լինում, որ օբյեկտների միջև բախումներն ունակ են լինում առաջացնել իրադարձությունների կասկադ, որում յուրաքանչյուր բախում հանգեցնում է տիեզերական բեկորների առաջացման՝ այսպիսով ինքնին մեծացնելով հետագա բախումների հավանականությունը։

Չինաստանի սինդրոմ է կոչվում այն հիպոթետիկ սցենարը, որը նկարագրում է միջուկային ռեակտորում տեղի ունեցած վթար, որի հետևանքով ռեակտորի միջուկային հալեցում (այսպես կոչված՝ մելթդաուն) է տեղի ունենում, ինչը, հալեցնելով ռեակտորը և այն շրջափակող կառույցները, սկսում է հալեցնել Երկրագնդի կեղևը և ստորադիր զոնաները՝ հասնելով ընդհուպ մինչև աշխարհի հակադիր կողմը (որը ամերիկացիների համար համարվում է Չինաստանը, այստեղից էլ՝ սինդրոմի անվանումը)։

Անվանում խմբագրել

Նոր հայտնաբերվող համախտանիշների անվանակարգման հստակ համակարգ չկա։ Նախկինում առավել հաճախ համախտանիշներն անվանում էին ի պատիվ այն բժիշկների կամ գիտնականների, ովքեր առաջինն էին հայտնաբերում և բնութագրում տվյալ համախտանիշը. այսպես անվանակոչված համախտանիշները կոչվում են «էպոնիմային համախտանիշներ»։ Որոշ դեպքերում համախտանիշները կամ հիվանդություններն անվանվում են այն հիվանդների անունով, ում մոտ որ առաջինը հայտնաբերվել կամ նկարագրվել են[11], կամ այն քաղաքների, որտեղ որ բացահայտվել են (Ստոկհոլմյան համախտանիշ

Պատմություն խմբագրել

Համարվում է, որ Ավիցեննան, իր «Կանոն բժշկության» գրքում (1025թ.), առաջինն է ներկայացրել որ հիվանդությունների ախտորոշման մեջ համախտանիշների օգտագործման գաղափարը[12]։ Բժշկական համախտանիշի գաղափարը հետագայում՝ 17-րդ դարում զարգացվել է անգլիացի բժիշկ Թոմաս Սիդենհեմի կողմից[13]։

Հիմքում ընկած պատճառ խմբագրել

Անգամ այն համախտանիշների դեպքում, որոնց պատճառագիտությունը հայտնի չէ, վիճակագրորեն անհավանական կորելյացիայի դեպքում դիտվող միմյանց հետ առնչվող համախտանիշների առկայությունը թույլ է տալիս հետազոտողներին ենթադրել, որ բոլոր նկարագրված համախտանիշների հիմքում ընկած է որևէ անհայտ պատճառ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The British Medical Association illustrated medical dictionary. London: Dorling Kindersley. 2002. էջեր 177, 536. ISBN 9780751333831. OCLC 51643555.
  2. Dorland's illustrated medical dictionary (32nd ed.). Philadelphia, PA: Saunders/Elsevier. 2012. էջեր 1818. ISBN 9781416062578. OCLC 706780870.
  3. Dorland's Illustrated Medical Dictionary (32 ed.). USA: Elsevier Saunders. էջ 167. ISBN 978-1-4160-6257-8.
  4. Дмитриева, Т. Б.; Краснов, В. Н.; Незнанов, Н. Г.; Семке, В. Я.; Тиганов, А. С. (2011). Психиатрия: Национальное руководство [Psychiatry: The National Manual] (ռուսերեն). Moscow: ГЭОТАР-Медиа. էջեր 306–330. ISBN 978-5-9704-2030-0.
  5. Сметанников, П. Г. (1995). Психиатрия: Краткое руководство для врачей [Psychiatry: A Brief Guide for Physicians] (ռուսերեն). Saint Petersburg: СПбМАПО. էջեր 86–119. ISBN 5-85077-025-9.
  6. P. Pichot (2013). Clinical Psychopathology Nomenclature and Classification. Springer. էջ 157. ISBN 978-1-4899-5049-9.
  7. 7,0 7,1 7,2 Cole, S. J. (1922). «The Forms in which Insanity Expresses Itself [Die Erscheinungsformen des Irreseins]. (Arb. für Psychiat., München, Bd. ii, 1921.) Kraepelin, Emil». The British Journal of Psychiatry. Royal College of Psychiatrists. 68 (282): 296. doi:10.1192/bjp.68.282.295. ISSN 0007-1250.
  8. 8,0 8,1 Ghaemi S. N. (2009). «Nosologomania: DSM & Karl Jaspers' critique of Kraepelin». Philosophy, Ethics, and Humanities in Medicine. 4: 10. doi:10.1186/1747-5341-4-10. PMC 2724409. PMID 19627606.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  9. «#214800 - CHARGE Syndrome». Johns Hopkins University. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  10. «#192350 - VATER Association». Johns Hopkins University. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  11. McCusick, Victor (1986). Mendelian Inheritance in Man (7th ed.). Baltimore: Johns Hopkins University Press. էջեր xxiii–xxv.
  12. Lenn Evan Goodman (2003), Islamic Humanism, p. 155, Oxford University Press, 0-19-513580-6.
  13. Natelson, Benjamin H. (1998). Facing and fighting fatigue: a practical approach. New Haven, Conn: Yale University Press. էջեր 30. ISBN 0-300-07401-8.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համախտանիշ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 203