Համախարբերդցիական Միություն

Համախարբերդցիական Միություն, խարբերդցի հայերի հայրենակցական միություն։ Հիմնվել է 1926-ին՝ դեռևս 1880-ական թթ. Բոստոնում (ԱՄՆ) գործող Խարբերդի, Հյուսեյնիկի, Քեսիրիկի, Բազմաշենի և այլ կրթասիրաց և ուսումնասիրաց ընկերությունների, «Եփրատ» սանուց միության միավորումով։ Նպատակն էր Հայաստանում հիմնել Նոր Խարբերդ ավան։ 1928մարտի 21-ին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ 1091 հա հողատարածություն է հատկացվել այդ ավանի կառուցման համար, ուր բնակություն են հաստատել (այժմ՝ Հայաստանի Արարատի մարզում) Հունաստանից (1932), Ֆրանսիայից (1936), Սիրիայից, Լիբանանից, Ռումինիայից, Բուլղարիայից ներգաղթած խարբերդցիներ։ Համախարբերդցիական Միության կենտրոնը Բոստոնում է, մասնաճյուղեր ունի ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Սիրիայի, Լիբանանի քաղաքներում, սերտ կապերի մեջ է Նոր Խարբերդի հետ։ Միությունը հրատարակել է «Խարբերդ և անոր ոսկեղեն դաշտը» (1959, կազմել է Վահե Հայկը) պատմական, մշակութային և ազգագրական հուշամատյանը։

Համախարբերդցիական Միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1926
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։