Հաճնի հերոսամարտ, Հաճն քաղաքի հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերը թուրքական կանոնավոր զորքերի դեմ։

Հաճնի հերոսամարտ
Հայոց ցեղասպանություն

Հաճնի հերոսամարտին նվիրված հուշարձան Նոր Հաճնում
Թվական ապրիլի 1-հոկտեմբերի 15, 1920 թ.
Վայր Հաճն, Լեռնային Կիլիկիա
Պատճառ Հայոց ցեղասպանություն
Արդյունք Հաճնի հայաթափում
Հակառակորդներ
Հաճնի հայ բնակիչներ Թուրքիա Թուրքիա
Հրամանատարներ
Սարգիս Ճեպեճյան Կոզան օղլու Դողան
Կողմերի ուժեր
Փոքրանակ Գերազանցող
Ռազմական կորուստներ
6000 խաղաղ բնակչություն -

Նախապատմություն խմբագրել

Հաճնը հայկական քաղաք է պատմական Կիլիկիայում։ 1915 թ-ի տվյալներով Հաճն քաղաքի 35.000 բնակիչներից 30.000-ը հայեր էին։ Սակայն 1915Հայոց Ցեղասպանության ժամանակ Հաճնի հայերը բռնությամբ տեղահանվել և աքսորվել են Դեր Զոր, որտեղ նրանց մեծ մասը զոհվել է։ 1918-ին Կիլիկիայի վրա հաստատվեց Անտանտի երկրների հսկողությունը և թուրքական զորքերը դուրս բերվեցին (Մուդրոսի զինադադար) այնտեղից։ Հաճնի նախկին 30 հազար հայ բնակիչներից մոտ 8 հազարը վերադարձան։ 1920-ի սկզբին քեմալականների ճնշման տակ ֆրանսիացիները սկսեցին զորքերը դուրս բերել Կիլիկիայից։ Թուրքերը մեկը մյուսի հետևից գրավեցին Ուրֆան, Այնթապը, Մարաշը, Սիսը՝ դաժան հաշվեհարդար տեսնելով տեղի հայ բնակիչների հետ։

Ինքնապաշտպանության նախապատրաստումը խմբագրել

Զգալով վերահաս վտանգը Հաճնի հայերը իրենց կառավարիչ, փաստաբան Կարապետ Չալյանի նախաձեռնությամբ կազմեցին ինքնապաշտպանության բարձրագույն խորհուրդ (նախագահ՝ Հաճնի հոգևոր առաջնորդ Պետրոս Սարաճյան)։ Պաշտպանության հրամանատար նշանակվեց զորավար Անդրանիկ Օզանյանի զինակից, սպա Սարգիս Ճեպեճյանը, տեղակալ՝ Արամ Թերզյանը։ Կազմակերպվեց 4 վաշտ (հրամանատարներ՝ Կ. Օղուլլուքյան, Մ. Շխըրտմյան, Մ. Մանասյան, Վ. Ալթունյան), 60 հեծյալից բաղկացած էսկադրոն (հրամանատար Պ. Թերզյան)։ Ստեղծվեցին Կարմիր խաչի կազմակերպություն, պաշտպանությունն ապահովող այլ մարմիններ։ 16-50 տարեկան տղամարդկանց բաժանվեց 132 հրացան, հետագայում ևս՝ 300 հրացան և 200 ռումբ։ Հաճնը և շրջակայքը բաժանվեցին պաշտպանական 4 շրջանի, փորվեցին խրամատներ, կառուցվեցին դիրքեր և այլ ամրություններ, քաղաքում մտցվեց պարետային ժամ։ Ֆրանսիացի զինվորական ներկայացուցիչները բավարարվեցին մի քանի հարյուր հրացան տալով, և միաժամանակ թուրքերին տեղյակ պահեցին հայերի ինքնապաշտպանական քայլերի մասին։

Հարձակման նախապատրաստում խմբագրել

Քեմալական էմիսարները Հաճնցիների դեմ էին տրամադրում շրջակայքի թուրք ու քուրդ բնակչությանը, հրահրում ընդհարումներ։ Քաղաքամերձ գյուղերի վրա թուրքերի ավազակային հարձակումից հետո, մարտի 9-ին հաճնցիները պատվիրակություն ուղարկեցին Կիլիկիայի գլխավոր կառավարիչ նահանգապետ Բրեմոնի մոտ՝ խնդրելով օգնություն և զենք, սակայն մերժում ստացան։ Գրավելով շրջակա գյուղերը և կոտորելով բնակիչներին՝ թուրքերը շարժվեցին դեպի Հաճն։

Հերոսամարտը խմբագրել

Մարտի 17-ին թուրքական զորքերի հրամանատար Կոզան օղլու Դողանը Հաճնի պաշտպանության ղեկավարներին ներկայացրեց վերջնագիր՝ պահանջելով հանձնել քաղաքում գտնվող նախկին կամավորներին, 1000 հրացան և ուղարկել 3 բանագնաց՝ իբր խաղաղություն հաստատելու նպատակով։ Հայերը մերժեցին վերջնագիրը, ապրիլի 1-ին թուրքերն անցան հարձակման, քաղաքը գրեթե շրջապատվեց։ Ապրիլի 10-ին թուրքական զորքը գրոհեց Գոփուշ կոչվող թաղամասի վրա, իսկ 12-ին՝ Կիլիկիա թաղամասի և Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ։ Կատաղի մարտերից հետո գրավեցին վանքը, սակայն լիակատար շրջապատման մեջ քաղաքը հերոսաբար պաշտպանվում էր։ Ծանր մարտերը շարունակվեցին մինչև հուլիսի 12-13-ը, երբ թուրքական հրամանատարությունը փորձեց բանակցությունների միջոցով ծնկի բերել Հաճնցիներին, սակայն՝ ապարդյուն։ Օգոստոսի 5-ին մոտ 200 կամավորներ Կայծակ Արամի (Թերզյան) ղեկավարությամբ աննկատ մոտեցան թուրքական դիրքերին, ոչնչացրին մի ամբողջ դասակ, գրաված ծանր հրանոթը տեղափոխեցին Հաճնի հրապարակ և կրակ բացեցին թուրքերի վրա։ Սեպտեմբերի 20-ին պաշտպանները գրավեցին Ռումլու գյուղը։ Ստանալով համալրումներ՝ թուրքական զորքն աստիճանաբար սեղմեց օղակը։ Մուստաֆա Քեմալի հրամանով թուրքական զորքերը հոկտեմբերի 14-ին անցան նոր հարձակման, հոկտեմբերի 15-ին գրավեցին Հաճնը, հրկիզեցին այն և կոտորեցին 6000 հայերի։ Միայն 365 հոգու հաջողվեց դուրս գալ շրջապատումից։ Հաճնի հերոսամարտը թուրքական ջարդարարների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի հերոսական էջերից է։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 85