Հակոբ Մանանդյան

հայ բանասեր, պատմաբան

Հակոբ Մանանդյան (նոյեմբերի 10 (22), 1873[1][2], Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3][1][2] - փետրվարի 4, 1952(1952-02-04)[3][1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]), հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր (1938), պրոֆեսոր (1925), ԽՍՀՄ ԳԱ (1939) և ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)[5]։

Հակոբ Մանանդյան
Ծնվել էնոյեմբերի 10 (22), 1873[1][2]
Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3][1][2]
Մահացել էփետրվարի 4, 1952(1952-02-04)[3][1][2] (78 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, բանասեր և աղբյուրագետ
Հաստատություն(ներ)Գևորգյան Հոգևոր Ճեմարան[1], Թիֆլիսի գիմնազիա[1], Թիֆլիսի 2-րդ գիմնազիա[1], Ներսիսյան դպրոց[1], Բաքվի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետ, Բաքվի առևտրական ուսումնարան[1] և Երևանի պետական համալսարան[2]
Գործունեության ոլորտպատմություն և արևելագիտություն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[2] և ՀՀ ԳԱԱ[2]
Ալմա մատերԹիֆլիսի գիմնազիա (1893)[1], Ենայի համալսարան[1], Լայպցիգի համալսարան[1], Ստրասբուրգի համալսարան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ (1898) և Q117818995? (1909)[1]
Կոչումպրոֆեսոր[1] և ակադեմիկոս
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1] (1938) և փիլիսոփայության դոկտոր (1897)
Տիրապետում է լեզուներինհայերեն[4], գերմաներեն, ռուսերեն և հին հունարեն
Հայտնի աշակերտներՍուրեն Երեմյան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
 Hakob Manandyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Հակոբ Մանանդյանի կիսանդրին Կոմիտասի անվան պանթեոնում

Ծնվել է Ախալցխայում, անտառապետի ընտանիքում[6][7][8]։ 1880-1883 թվականներին սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Կարապետյան վարժարանում։ 1883-1893 թվականներին սովորել է Թիֆլիսի I գիմնազիայում, 1893-1897 թվականներին՝ Ենայի, Լայպցիգի և Ստրասբուրգի համալսարաններում։ 1898 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների, իսկ 1909 թվականին՝ Դորպատի համալսարանի իրավաբանական ֆակուլտետները։

Ստանալով փայլուն և բազմակողմանի կրթություն` Հ. Մանանդյանը 1897 թ. հաջողությամբ պաշտպանում է «Պատմութիւն Աղուանից» աշխատության հեղինակի հարցի շուրջը» ավարտական թեզը Լայպցիգում` ստանալով փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։ Նրա աշխատանքի պաշտոնական ընդդիմախոսներն էին հայտնի գիտնականներ Բ. Դելբրույկը և Հ. Գելցերը, որոնց առաջարկությամբ էլ Հ. Մանանդյանի թեզը ներկայացվում է տպագրության և լույս է տեսնում Լայպցիգում` 1897 թ.:

1901-1903 թթ. պրոֆ. Ֆրանց Ֆինկի և Եզնիկ Գյանջեցյանի հետ միասին երիտասարդ հայագետը նախաձեռնում է Աբգար Հովհաննիսյանի նյութական օժանդակությամբ լույս տեսնող «Հանդէս հայագիտութեան» (հայերեն և գերմաներեն) գիտական պարբերականի հրատարակումը և դառնում է նրա խմբագիրներից մեկը։ 1902 թ. հունվարից նա նշանակվում է «Արարատ» ամսագրի խմբագրի տեղակալ։ Էջմիածնում գտնվելու տարիներին (1900-1905 թթ.) Հ. Մանանդյանը մտերմանում է ճեմարանում դասավանդող ուսուցիչներ Կոմիտասի և Հրաչյա Աճառյանի հետ։ Վերջինիս հետ ուսումնասիրում է Էջմիածնի մատենադարանի իմաստասիրական և պատմագրական ձեռագրերը, ծրագրում է աշխատություն գրել հայոց մշակույթի մասին։ Միաժամանակ նա այստեղ լայն հասարակական և հրապարակախոսական գործունեություն է ծավալում, աշխատակցում է օրաթերթերին, իսկ 1906 թ. մարտի 5-ից դառնում է խմբագիր-հրատարակիչ Գ. Մելիք-Կարագյոզյանի «Արշալույս» հայկական օրաթերթի ժամանակավոր խմբագիրը։

1900-1905 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1905-1907 թվականներին՝ Թիֆլիսի առաջին և երկրորդ արական գիմնազիաներում, 1906-1907 թվականներին՝ Ներսիսյան դպրոցում, 1911-1913 թվականներին՝ Բաքվի ժողովրդական համալսարանում և 1915-1919 թվականներին՝ առևտրական դպրոցում։

Հակոբ Մանանդյանն ապրել է իր ժամանակի հասարակական-քաղաքական կյանքով և արձագանքել դրան։ Դժբախտաբար, նրա, ինչպես այս, այնպես էլ հետագա տարիների հասարակական և հրապարակախոսական գործունեությունը անուշադրության է մատնվել նրա կենսագիրների կողմից, հանգամանք, որն, անշուշտ, ստվերում է Մանանդյան-քաղաքացու դեմքը։ Նրան հատկապես հուզել են Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները։

1919 թվականի դեկտեմբերին հրավիրվել է ԵՊՀ, նշանակվել պատմալեզվագրական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար։ 1920 թ. մայիսից Հ. Մանանդյանը ընդմիշտ տեղափոխվում է Հայաստան։ Նա գործուն մասնակցություն է ունենում համալսարանի ստեղծման ուղղությամբ տարվող նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքներին։ 1921 թ. հունվարին Լուսժողկոմատը հրավիրում է համալսարանի խորհրդի անդրանիկ նիստը` քննարկելու համալսարանի ռեկտորի ընտրության հարցը։ Փակ քվեարկությամբ համալսարանի առաջին ռեկտոր է ընտրվում Հակոբ Մանանդյանը (1921-1922)։ 1921-1923 թվականներին եղել է արևելագիտության և պատմագրական ֆակուլտետների դեկան, 1921-1925 թվականներին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1925-1931 թթ.՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։ ԵՊՀ-ում առաջինն է դասավանդել հայ ժողովրդի հին և միջնադարյան պատմություն։ 1931 թվականին ընդհատել է մանկավարժական աշխատանքը և զբաղվել միայն գիտական գործունեությամբ։

Վախճանվել է 1952թ. փետրվարի 4-ին Երևանում։

Հ.Մանանդյանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանի հիմնադրման, կայացման և համալսարանական գիտության զարգացման գործում։

Գիտական գործունեություն խմբագրել

 
Հակոբ Մանանդյանի հուշաքարը Երևանի Տերյան փողոցում

Հեղինակ է հայերեն, ռուսերեն և գերմաներեն ավելի քան 150 աշխատությունների՝ նվիրված հայոց հին և միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, պատմական աշխարհագրությանը, չափագիտությանն ու մշակույթին։ Զբաղվել է հունական իմաստասիրական երկերի հայերեն թարգմանությունների, հունաբան դպրոցի գործունեության, հատկապես Դավիթ Անհաղթի իմաստասիրական ժառանգության ուսումնասիրությամբ[9]։ Այս բնագավառում հայագիտական մնայուն արժեք է «Հունաբան դպրոցն և նրա զարգացման շրջանները» (Վիեննա, 1928)[10] ուսումնասիրությունը։ Հայ պատմագիտական մտքի մնայուն գործերից են հին և միջնադարյան Հայաստանի հասարակական-տնտեսական հարաբերություններին[11][12] նվիրված «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին» (ռուսերեն, Եր., 1930, 1954, 1985, ֆրանսերեն՝ 1965), «Ֆեոդալիզմը հին Հայաստանում» (Երևան, 1934[13], 1981), «Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում» (Եր., 1930, 1985)[14], «Երատոսթենեսի ստադիոնը և պարսից ասպարեսը»[15], «Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները» (Եր., 1936[16], 1985), «Տիգրան Բ և Հռոմը» (Եր., 1940[17], 1972[18], 1977, ռուսերեն՝ 1943, ֆրանսերեն՝ 1963, անգլերեն՝ 2007), Արմավիրի հունարեն արձանագրությունները[19] և այլ մենագրություններ։

Հակոբ Մանանդյանը հայագիտության ասպարեզ մտավ որպես բանասեր։ Դեռևս Էջմիածնում մանկավարժական աշխատանքին զուգընթաց նա սկսում է բանասիրական առաջին պրպտումները Գևորգյան ճեմարանի հարուստ մատենադարանում և մի շարք ուշագրավ հոդվածներ ու գրախոսականներ տպագրում «Արարատ» ամսագրում։ Ի սկզբանե Հ. Մանանդյանը հանգում է այն ճիշտ հետևությանը, որ հայոց պատմության հարցերը անհնարին է համակողմանի լուսաբանել, առանց ուսումնասիրելու հայկական և օտար աղբյուրները։ Նրա բանասիրական հետազոտությունների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Մովսես Խորենացուն նվիրված ուսումնասիրությունները։

Գիտական մեծ արժեք ունեն Հ. Մանանդյանի հետազոտությունները` նվիրված գրերի գյուտին և Մեսրոպ Մաշտոցի գործունեությանը։ Հայաստանի 4-5-րդ դարերի քաղաքական, սոցիալ – տնտեսական և մշակութային կյանքի հետազոտության վրա հենվող նրա հարցապնդումները բացահայտում են Մաշտոցի կենսագրության և գործունեության, գրերի գյուտի պատմության հետ կապված մի շարք առեղծվածներ։ Նա իրավացիորեն գրերի գյուտը համարում է ոչ միայն մշակութային, այլև քաղաքական նշանակություն ունեցող խոշորագույն իրադարձություն։

Հայաստանի պատմության հելլենիստական ժամանակաշրջանի հարցերի լուսաբանմանն է նվիրված պատմաբանի «Տիգրան Բ և Հռոմը» արժեքավոր մենագրությունը։ Փաստական և աղբյուրագիտական հարուստ նյութերի հիման վրա Հ. Մանանդյանը վեր է հանել Տիգրան Երկրորդի փոթորկալից ժամանակաշրջանի գիտական պատմությունը։ Մանրակրկիտ կերպով համադրելով, գիտականորեն քննելով և վերագնահատելով Տիգրան Երկրորդի ժամանակաշրջանին նվիրված բոլոր սկզբնաղբյուրներն ու առկա գրականությունը` Հ. Մանանդյանը ժխտել է պատմագրության մեջ եղած այն թյուր տեսակետը, ըստ որի, Հռոմեական հանրապետության դեմ Տիգրանի և Միհրդատի մղած պայքարը ոչ այլ ինչ էր, քան «բարբարոս Արևելքի» պայքար «քաղաքակիրթ Արևմուտքի» դեմ։ Միաժամանակ պատմաբանը բացահայտեց հռոմեական նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած հերոսական պայքարի` մինչ այդ մութ մնացած դրվագները։ Սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկությունների վրա կառուցված նրա եզրակացությունները ու հարցապնդումները գիտական մեծ նշանակություն ունեն։

Ընդհանուր պատմագրության մեջ առաջին անգամ Հ. Մանանդյանն ապացուցեց Հռոմի դեմ հայերի մղած պատերազմների ազատագրական բնույթը, ցույց տվեց, որ հայերը մղում էին պաշտպանական-ազատագրական պատերազմներ` հանուն իրենց հայրենիքի անկախության, մինչդեռ պատմագրության մեջ արմատավորվել էր այն սխալ տեսակետը, թե իբր հայ-հռոմեական պատերազմներն իրենց բնույթով եղել են ազգային-կրոնական։ Ակադեմիկոս Մանանդյանի կարևոր ներդրումներից մեկն էլ այն էր, որ նա մեծ վարպետությամբ կարողացավ վեր հանել հելլենիստական մշակույթի, կենցաղի, ինչպես նաև առևտրի, արհեստների, քաղաքների և տնտեսության զարգացման երևույթները Տիգրան Մեծի ժամանակի Հայաստանում։ Նա նկատում է, որ Հռոմը, կործանելով Հայաստանի հելլենիստական մշակույթը, դրանով իսկ ոչնչացնում էր նաև երկրի «տնտեսական ու մշակութային հետագա զարգացման նախադրյալները»։ Մեծ է «Տիգրան Բ և Հռոմ» երկի ճանաչողական նշանակությունը համաշխարհային պատմության հելլենիստական ժամանակաշրջանի հանգուցային հարցերի լուսաբանման բնագավառում։ Անգնահատելի է ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի աշխատությունների գիտական արժեքը հին և միջնադարյան Հայաստանի, Աղվանքի, Վրաստանի ու Առաջավոր Ասիայի այլ երկրների պատմության ուսումնասիրության բնագավառում։ Կեսդարյա գիտական բեղմնավոր գործունեության ընթացքում նա հրատարակել է հարյուրից ավելի աշխատություններ, որոնք նպաստել են պատմագիտության, բանասիրության, պատմական աշխարհագրության և պատմագիտության օժանդակ ճյուղերի զարգացմանը։

Հ. Մանանդեան ձեռնարկել է «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» բազմահատոր աշխատության ստեղծմանը՝ նպատակ ունենալով շարադրել Հայաստանի մ թ.ա. VI - XVI դարերի ամբողջական պատմությունը (հ. I-III, 1945, 1952, 1957, նաև՝ 1977, 1978), որը, սակայն, մնացել է անավարտ։ Դեռևս 1920-ին, Հրաչյա Աճառյանի աշխատակցությամբ, հրատարակել է XII-XIX դարերի հայկական վկայաբանական գրականության հայտնի բոլոր բնագրերը (հ. I-II), գիտական հրատարակության է պատրաստել հին հունական իմաստասերների (Նոնոս, Էլիաս, Զենոն Ստոիկ, Արիստոտել և այլք) երկերի հայերեն թարգմանությունների բնագրերը։

Աշխատություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Հովհաննիսյան Պ., Ակադեմիկոս Հակոբ Մանանդյան։ (Ծննդյան 100-ամյակի առթիվ).- «Երևանի համալսարան» (Լրատու), 1973, N 3, էջ 32-37։
  • Հովհաննիսյան Պ., Հայաստանում ֆեոդալիզմի ծագման պրոբլեմի ուսումնասիրությունը ակադեմիկոս Հ.Մանանդյանի աշխատություններում.- ԵԳԱ, 1975, N 1, էջ 37-45։
  • Հովհաննիսյան Պ., Ակադեմիկոս Հ. Մանանդյանի նամականիից.- ԼՀԳ, 1989, N 8, էջ 80-89։
  • Հովհաննիսյան Պ., Հ.Մանանդյանի նորահայտ հոդվածը բուդդայականության մասին.- ԲԵՀ, 1990, N 2, էջ 115-120։
  • Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 15-16։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Манандян Яков Амазаспович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
  6. «Տիգրան Երկրորդը և Հռոմը», Հակոբ Մանանդյան, 1972, Երևան (վերահրատարակություն), էջ 5․
  7. «Выдающийся советский историк Я. А. Манандян», Բորիս Գրեկով, 1956․
  8. «Բարեկամություն։ Հոդվածներ, ակնարկներ, ուսումնասիրություններ, հիշողություններ, նամակներ։ Հայ և ռուս ժողովուրդների գրական և կուլտուրական կապերի մասին», Կազմ.՝ Ա. Մ. Արզումանյան; Խմբ.՝ Գ. Վ. Վիրապյան, 1958, Երևան, էջ 734-752.
  9. Հ. Մանանդյան. Մեկնութիւն ստորոգութեանցն Արիստոտելի, Տպարան գիտութեանց ճեմարանի կայսերականի։ Ս.-Պետերբուրգ 1911։
  10. Յակոբ Մանանդեան. Յունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները։ Քննական ուսումնասիրութիւն, Վիեննա։ Մխիթարեան տպարան, 1928 (Ազգային մատենադարան, ՃԺԹ)։
  11. Հ. Մանանդյան. Նյութեր Հին Հայաստանի տնտեսական կյանքի պատմության, Հտ. 1, Արտատպ. ՀՍԽՀ Գիտության և արվեստի ինստիտուտի Տեղեկագրի №2-ից։ Երևան 1927։
  12. Հ. Մանանդյան. Նյութեր Հին Հայաստանի տնտեսական կյանքի պատմության, Հտ. 2, Արտատպ. ՀՍԽՀ Գիտության և արվեստի ինստիտուտի Տեղեկագրի №4-ից։ Երևան 1927։
  13. Հ. Մանանդյան. Ֆեոդալիզմը Հին Հայաստանում։ Հրատարակություն Մելքոնյան ֆոնդի։ Երևան 1934։
  14. Հ. Մանանդյան. Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում, Հրատարակություն Մելքոնյան ֆոնդի, Երևան 1930։
  15. Հ. Մանանդյան. Երատոսթենեսի ստադիոնը և պարսից ասպարեսը, Հրատարակություն Մելքոնյան ֆոնդի, Երևան 1934։
  16. Հ. Մանանդյան. Հայաստանի գլխավոր ճանապարհները ըստ Պևտինգերյան քարտեզի, Գիտհրատի տպարան։ Երևան 1936։
  17. Հ. Մանանդյան. Տիգրան Բ և Հռոմը, ԱՐՄՖԱՆ–ի հրատարակչություն, Երևան 1940։
  18. Հ. Մանանդյան. Տիգրան Երկրորդը և Հռոմը, Երևանի Պետական Համալսարանի հրատարակչություն։ Երևան, 1972։
  19. Հ. Մանանդյան. Արմավիրի հունարեն արձանագրությունները նոր լուսաբանությամբ, Պետհամալսարանի Հրատարակչություն, Երևան 1946։
  20. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
  21. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Հակոբ Մանանդյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Մանանդյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Մանանդյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 212