Կադաստրի կոմիտե, Հայաստանի կառավարությանը ենթակա մարմին, որը վարում է անշարժ գույքի պետական ռեգիստրը, երկրատարածական տվյալների համակարգերը, աջակցում անշարժ գույքի շուկայի զարգացմանը, հողային պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը[1]։

Կադաստրի կոմիտեն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում, գույքի վերաբերյալ տեղեկատվական համակարգի կառավարում ու վերահսկում, գույքի կադաստրային գնահատում, անշարժ գույքի շուկայի վերլուծություն, մշակում է զարգացման վերաբերյալ առաջարակությունները, կատարում է հողերի հաշվառման, հասցեավորման, քարտեզագրման աշխատանք, վարում է աշխարհագրական անվանումների ռեեստրը, մշակում է ազգային ատլասը։ Այս բոլոր գործառույթները կոմիտեն իրականացնում է իր կազմում գտնվող սպասարկման գրասենյակների, գործառնական ու տարածքային ստորաբաժանումների ու «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի միջոցով։

Սկզբնավորվել է 1997 թվականին, երբ Հայաստանի Կառավարությունն ընդունեց անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգ ստեղծելու որոշումը։ Գործում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» և Հայաստանի մի շարք այլ օրենքներով ու իրավական ակտերով։ Ունեցել է տարբեր անվանումներ՝ Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Հայաստանի անշարժ գույքի կադաստրի կոմիտե, իսկ 2019 թվականի հուլիսից՝ Կադաստրի կոմիտե։

2020 թվականին «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը լուծարվել է, և Կադաստրի կոմիտեի կառուցվածքում ստեղծվել է Գեոմատիկայի կենտրոնը։ Գեոմատիկայի կենտրոնի հիմնական նպատակը ազգային տարածական տվյալների, ենթակառուցվածքի, գեոպորտալի, ինտեգրված կադաստրի, հասցեների միասնական ռեեստրի վարումն ու պետական նշանակության գեոդեզիական, քարտեզագրական, հողաշինարարական և երկրատեղեկատվական աշխատանքների իրականացումն է։

Մարմնի առաջին ղեկավարը եղել է Մանուկ Վարդանյանը (1997-2009 թթ.), ապա՝ Երվանդ Զախարյանը (2009-2014 թթ.), Մարտին Սարգսյանը (2014-2018 թթ.), Սարհատ Պետրոսյանը (2018-2019 թթ) և Սուրեն Թովմասյանը (2019 թ.-ից առ այսօր)։

Կադաստրի կոմիտեն ԵվրոԳեոգրաֆիքս կազմակերպության լիիրավ անդամ է։ Ներգրավված է մի շարք միջազգային կառույցների ծրագրերում. այդ թվում՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբի, ՄԱԿ-ի Գլոբալ տարածական տեղեկատվության կառավարման մասնագետների և այլն։ Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրագնդի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի շրջանակում համագործակցում է ԱՊՀ-ի հետ։ Կոմիտեն համագործակցում է նաև Համաշխարհային Բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբի հետ՝ Հայաստանում անշարժ գույքի գրանցման ընթացակարգերի մասին պարբերաբար տեղեկություն տրամադրելով Համաշխարհային բանկի Doing Business ծրագրին։

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

Կադաստրի կոմիտեի ղեկավար

Տեղակալներ

  • Արման Պետրոսյան
  • Դավիթ Սողոմոնյան
  • Նարինե Ավագյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կառավարություն - Կառավարությանը ենթակա մարմիններ - Հայաստանի Կառավարություն». www.gov.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել