ՀՀ ԿԲ Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի գրադարան

ՀՀ ԿԲ Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի գրադարան, երիտասարդների գիտելիքների և մշակութային կյանքի մակարդակի բարձրացմանը նպաստող, կրթական ծրագրեր իրականացնող գրադարան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։

ՀՀ ԿԲ Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի գրադարան
Երկիր Հայաստան
Տեսակգրադարան
Հիմնվել էհունվարի 26, 2013
ՏեղադրությունԴիլիջան
Հավաքածուներ
Չափ10 000 գիրք

Գրադարանի պատմությունը խմբագրել

Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը հիմնադրվել է 2013 թվականի հունվարի 26-ին[1]։

Շենքը, որտեղ նախկինում գործել է Դիլիջանի Ղազարոս Աղայանի անվան քաղաքային գրադարանը, 1988 թվականի երկրաշարժից հետո հայտնվել էր վթարային վիճակում։ Տարիներ անց շինությունը վերանորոգվել է և այժմ գործում է որպես ՀՀ ԿԲ «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն, որի երկրորդ հարկում տեղակայված է գրադարանը։ Վերջինս իր գործունեությունը ծավալել է կենտրոնի հիմնադրման օրից։

Գրադարանն ունի երեք սրահ, որոնցից մեկը ծառայում է որպես ընթերցասրահ, մյուսը՝ դիտման սրահ, երրորդն ապահովում է էլեկտրոնային տեղեկատվության հասանելիություն։

Այժմ գրանցված է 1872 ընթերցող։ Մեկ տարվա ընթացքում գրադարան է այցելում միջինը 2500 այցելու։

Գրադարանը համագործակցում է մարզի դպրոցների, կրթամշակութային և համայնքային կենտրոնների հետ։ Կազմակերպվում են միջոցառումներ, կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծեր, հայկական տոներին նվիրված հանդիսություններ, անց են կացվում բաց դասեր դպրոցականների և ուսուցիչների մասնակցությամբ, ֆիլմերի դիտումներ, թեմատիկ սահիկահանդեսներ և քննարկումներ։ Հրավիրվում են ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներ, հայտնի բանախոսներ, տարբեր ոլորտների մասնագետներ, ովքեր դասընթացների, «կլոր սեղան» քննարկումների միջոցով մասնագիտական գիտելիքներ են փոխանցում մարզի բնակիչներին։ Մարզի նախադպրոցական և կրտսեր դասարանների երեխաների համար մշակվել է եռալեզու ընթերցանության նախագիծ, որի նպատակն է ստեղծել սերտ կապ երեխաների և գրքի միջև, ինչպես նաև երեխաների մոտ վաղ տարիքից ձևավորել ընթերցանության մշակույթ։

Գրադարանում հյուրընկալվել են հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը, հոգեբան Հրաչյա Ամիրյանը, արդի հայ արձակագիր Գրիգոր Շաշիկյանը և այլք։

Գրքերի ֆոնդը խմբագրել

Գրադարանային ֆոնդը կազմում է ավելի քան 10 000 գիրք, ամսագրեր, CD սկավառակներ։

Հասցե խմբագրել

ՀՀ ԿԲ Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը տեղակայված է քաղաքի կենտրոնում՝ Մյասնիկյան 63 հասցեում։

Շենքը քառահարկ է, որի մուտքի մոտ տեղակայված են Ղազարոս Աղայանի և Խաչատուր Աբովյանի արձանները։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել