Հայաստանի Հանրապետության Խորհրդարան (1918-1920)

(Վերահղված է ՀՀ Ազգային ժողով (1918-1920)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով (այլ կիրառումներ)

Հայաստանի Հանրապետության Խորհրդարան, Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920) օրենսդիր մարմին։

Հայաստանի Հանրապետության Խորհրդարան
Տեսակ
Պատմություն
Կազմը
Քաղաքական խմբավորումներ     ՀՅԴ
     ՍԴՀԿ
     Էսէռներ
     Հայ ժողովրդական կուսակցություն
     Անկախ պատգամավորներ

Անվանում խմբագրել

Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտը կոչվել է նախ Խորհուրդ, ապա՝ Խորհրդարան[1]։

Պատմություն խմբագրել

Հայաստանի առաջին Հանրապետությունը ծնունդ առավ այնպիսի ժամանակներում, երբ ժողովրդին համախմբելու, կազմակերպելու հրատապ խնդիր կար, և պետական հիմքը ճիշտ հաշվարկների վրա կառուցելու մեծ պատասխանատվություն էր ենթադրում։ Այս պայմաններում առանձնահատուկ էր երկրի օրենսդրական մարմնի՝ Հայաստանի առաջին Խորհրդարանի առաքելությունը, որը ստանձնեց 543 տարի առաջ՝ 1375 թվականին Կիլիկյան պետության անկումից ի վեր պետականություն չունեցած ժողովրդի ներկայացուցչության դերն այդ ժողովրդի պատմության բարդագույն ժամանակահատվածում։ Առաջին աշխարհամարտն ու 1917 թվականին տեղի ունեցած ռուսաստանյան հեղափոխություններն արմատական տեղաշարժեր ու փոփոխություններ առաջացրին ինչպես ամբողջ Ռուսական կայսրության, այնպես էլ Անդրկովկասի ու Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում։ Հենց այս գործոններն էլ եղան այն առաջին քայլերը, որով սկսվեց երկրի ժողովրդավարացումը։ Զարթոնք ապրեց ազգային կյանքը, աճեց ազգային ինքնագիտակցությունը։ 1917 թվականի սեպտեմբերի վերջին – հոկտեմբերի սկզբներին Թիֆլիսում գումարվեց արևելահայերի համագումարը, որին մասնակցում էին 203 պատգամավորներ, որոնք ընտրվել էին քառանդամ համակարգով՝ ռուսահայերի կողմից[փա՞ստ]։ Համագումարի աշխատանքների վերջնափուլում բազմակուսակցական հիմքի վրա ընտրվեց 15 հոգւց բաղկացած գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդ (ՀԱԽ)։ ՀՀ Խորհրդում ներկայացված էին հետևյալ քաղաքական ուժերը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ 6, Հայ ժողովրդական կուսակցություն (ռամկավարներ)՝ 2, Սոցիալ դեմոկրատներ՝ 2 և Սոցիալիստ հեղափոխականներ՝ 2 պատգամավորներով։ Հայոց ազգային խորհուրդը՝ որպես գործադիր մարմին, փաստորեն, ստանձնեց արևելահայ հատվածի քաղաքական կյանքի ղեկավարությունը։

Հայաստանի Հանրապետության խորհրդարանը, որը կրում էր Խորհուրդ անունը, ձևավորվեց Հայոց Ազգային խորհրդի անդամների եռապատկումով, ինչպես նաև 6 անդրկովկասյան թուրքերի ու մեկական ռուս և եզդի ներկայացուցիչներով. ընդամենը 46 պատգամավոր, որից 38-ը՝ հայեր[1]։

1918 խմբագրել

ՀՀ Ազգային ժողովի առաջին նիստը գումարվել է 1918 թվականի օգոստոսի 1-ին։ Մինչ այդ հանրապետության տարածքի մեծ մասը գտնվում էր թուրքական բանակի օկուպացիայի ներքո, առկա էր շուրջ 400 000 փախստականների խնդիր ու համազգային ընտրություններ անցկացնելը հնարավոր չէր։

Առաջին գումարման առաջին նիստը նախագահում էր Ավետիք Սահակյանը։ Բացմանը ներկա էին ականավոր կրոնական ու ռազմական գործիչներ, մուսուլմանական ու ռուսական համայնքների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ Օսմանյան Կայսրությունից, Պարսկաստանից, Ուկրաինայից, Ավստրո-Հունգարիայից ու Գերմանիայից։

Առաջին գումարման խորհրդարանի կազմի մեջ էին մտնում.

Խմբակցություն Աթոռների թիվը
Հայ Յեղափոխական Դաշնակցություն 18
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն 6
Էսէռներ 6
Հայ ժողովրդական կուսակցություն 6
Մուսուլմաններ 6
Անկուսակցականներ 2
Ռուսական համայնք 1
Եզդի համայնք 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ 46

1919 խմբագրել

1919 թվականի հունիսի 4-ին արդեն իսկ համընդհանուր ընտրությունների հիման վրա գումարվում է խորհրդարանի երկրորդ կազմը, որի մեջ էին մտնում 80 պատգամավորներ, այդ թվում 12-ը Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև պատգամավորներ Դոնի Ռոստովից, Թիֆլիսից, Բաքվից ու Պոլսից։

Խորհրդարանական այս ընտրություններում, որոնք առաջինն էին հայ ժողովրդի պատմության մեջ, խորհրդարանի 80 տեղերից 72-ը զբաղեցնում էին օրվա իշխող ուժի՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչները։

Հայ կանանց ընտրական իրավունք խմբագրել

1919 թվականից հայ կանայք ևս ստացան ընտրելու և ընտրվելու իրավունք։ 1919 թվականին մարտ ամսին կայացած խորհրդարանական առաջին ընտրություններում ընտրվեցին երեք կին պատգամավորներ՝ երեքն էլ ՀՅԴ-ից՝ Կատարինե Զալյան-Մանուկյան (Արամ Մանուկյանի կինը), Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան և Վարվառե Սահակյան (Վարյա, Ավետիք Սահակյանի կինը)[2]։

Խմբակցություն Աթոռների թիվը
Հայ Յեղափոխական Դաշնակցություն 72
Էսէռներ 4
Մուսուլմաններ 3
Անկուսակցականներ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ 80

1919 թվականի օգոստոսի 1-ին խորհրդարանի նախագահ է ընտրվում Ավետիս Ահարոնյանը։

1920 խմբագրել

Խորհրդարանի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Առաջին Հանրապետության անկման և խորհրդայնացման հետևանքով՝ 1920-ի դեկտեմբերի 2-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայաստանի առաջին խորհրդարանը՝ Խորհուրդը. 1918»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին։ Վերցված է 2017 թ․ հունիսի 16 
  2. «Առաջին խորհրդարանի (1919-1920) երեք կին պատգամավորները | Aniarc»։ web.archive.org։ 2018 թ․ մայիսի 4։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին։ Վերցված է 2021 թ․ հունվարի 17