Կրուա Ռուս (ֆր.՝ Croix-Rousse բառացի՝ շիկակարմիր խաչ), շրջան ֆրանսիական Լիոն քաղաքի հյուսիսային մասում։ Տեղակայված է Ռոն և Սոն գետերի գետամիջում գտնվող համանուն բլրի վրա, դրանց միախառնման տեղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք։ Բաժանվում է երկու մասի․ բլրի լանջեր (այժմ այն Լիոնի 1-ին քաղաքային շրջանի մի մասն է) և սարահարթ (4-րդ քաղաքային շրջան)։ Բարձրությունը ծովի մակարդակից 254 մետր է։ Նշանավոր լիոնյան մետաքսի հայրենիքն է։

Կրուա Ռուս
ֆր.՝ Croix-Rousse
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՇրջանԼիոն
Առաջին հիշատակումմ․թ․ա․ I դար
Այլ անվանումներՍուրբ Սեբաստիան լեռ
(ֆր. Montagne Saint-Sébastien)
ԲԾՄ254 մ
Փոստային ինդեքս69001
69004
Կրուա Ռուս (Ֆրանսիա)##
Կրուա Ռուս (Ֆրանսիա)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 872
ռուս..անգլ..ֆր.

Պատմություն խմբագրել

Անտիկ շրջան խմբագրել

Վիեյ փողոցում հայտնաբերված լատինական արձանագրության համաձայն՝ այս վայրն անվանվել է «pagus de Condate» (Կոնդատ թաղամաս)[1]։ Ելնելով նրանից, որ «Կոնդատը» (նշանակում է գետերի միախառնում) գալլական տեղանուն է, լիոնցի պատմաբան Ամաբլ Օդենը եզրակացնում է, որ Կրուա Ռուս բլրի ստորոտին հին հռոմեական ժամանակաշրջանում գալլական բնակավայր է եղել։ Հռոմեական Լուգդունում քաղաքը, որը ժամանակի ընթացքում վերածվել է Լիոնի, գտնվել է Սոնի մյուս ափին՝ Ֆուրվիեր բլրի վրա[2]։ Այս տեսակետը լայն տարածում ունի, բայց այդ վայրում մինչհռոմեական ժամանակաշրջանում գալլական բնակավայրի գոյության մասին հնէաբանական ոչ մի ապացույց մինչ օրս հայտնաբերված չէ։ Ամենահին հնէաբանական պեղումնները վերաբերում են 10 թվականին՝ այդ վայրում Երեք Գալիաների ամֆիթատրոնի կառուցմանը[3]։

Դեռ միջնադարում Կրու Ռուս բլրի ստորոտին և մինչև լանջի միջնամասը հայտնաբերվել են Դոմինատի ժամանակների այլ արտեֆակտներ ևս․ բնակելի շինությունների, ապակի փչելու և կավագործական արհեստոանոցների մնացորդներ, խճանկարներ, ինչպես նաև հռոմեական բազմաթիվ արձանագարություններ[3], որոնցից հայտնի է Կլավդիոսյան տախտակը՝ բրոնզե թիթեղի վրա գրված Կլավդիոս կայսեր խոսքը, որը նա ներկայացրել է 48 թվականին Սենատի առջև[3]։ 1854 թվականին Հռենոսի ուղղությամբ որոշ տեղերում հայտնաբերվել են գրանիտով ծածկված հռոմեական ճանապարհների մնացորդներ[3]։

Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակաշրջանից հետո Կրուա Ռուսի վրա գտնվող գալլա-հռոմեական կառույցները լքվել են։

Միջնադար և Վերածնունդ խմբագրել

Միջնադարում Սուրբ Սեբաստիան լեռը (ֆր.՝ Montagne Saint-Sébastien), ինչպես այդ ժամանակ անվանվում էր Կրուա Ռուսը, չէր մտնում Լիոնի կազմի մեջ, այլ պատկանում էր արքայի ղեկավարության տակ գտնվող փոքրիկ Ֆրան Լիոնե պրովինցիային, և հիմնականում օգտագործվում էր գյուղատնտեսական նպատականերով (գլխավորապես խաղողի աճեցման համար)։

1512 թվականին Լյուդովիկոս XII-ը որոշում է քաղաքի պաշտպանության համար բլրի գագաթին բերդապարիսպներ կառուցել՝ հաղորդակցման նպատակով թողնելով միայն մեկ դարպաս։ Այդ պարիսպների տեղում այժմ գտնվում է Կրուա Ռուս ծառուղին[4]։

1560 թվականին քաղաքի ելքի մոտ՝ կանգնեցվում է դեղին քարից պատրաստված խաչ[5]։ Ժամանակի ընթացքում այս խաչի շնորհիվ փոխվում է և՛ բլրի, և՛ դրանում տեղակայված թաղամասի անվանումը։ Ենթադրաբար խաչը գտնվել է ճանապարհների երկճեղման տեղում՝ մեկը տանում էր դեպի Դոմբ, մյուսը՝ Նյովիլ[4]։ Խաչը մի քանի անգամ ավերվել է․ 1562 թվականին կրոնական պատերազմների ժամանակ բողոքականների կողմից, XVIII դարի վերջին՝ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ, 1881 թվականին քանդվել է Լիոնի մունիցիպալիտետի որոշմամբ։ Վերջապես, 1994 թվականի վերջին Ժոանես Ամբր հրապարակում՝ Կրուա Ռուս հիվանդանոցի մոտքի մոտ կանգնեվում է խաչի հերթական կրկնօրինակը[4], որն այնտեղ է գտնվում մինչ օրս։

Պարիսպների կառուցման պահից՝ դրանց և Լիոնի միջև առաջանում է քաղաքամեձ նոր բնակավայր։ XVII և XVIII դարերում այստեղ տեղակայվում են եղել մի շարք վանական միաբանություններ՝ Կարտեզյան (1580 թվական), Կարմելի և այլն։ Սակայն արդեն XVII դարում քաղաքը բերադապարիսպներից ներս չափազանց նեղ է դառնում, և դրանցից դուրս՝ սարահարթի վրա կառուցվում են վանքեր, ինչպես նաև արհեստագործական և առևտրային ձեռնարկություններ․ վերջինների համար սա շատ շահավետ էր, քանի որ սարահարթը մտնում էր Ֆրան Լիոնե պրովինցիայի կազմի մեջ, որտեղ հարկերը ավելի ցածր էին քան Լինում։ Լիոնի իշխանությունը դժգոհ լինելով դրանից՝ բազմիցս դիմում է իշխանություններին իրավիճակը շտկելու խնդրանքով։ 1677 թվականին Պետական խորհուրդը Կրուա Ռուսին հարկադրման մասին որոշում է ընդունում։ Սակայն Լյուդովիկոս XIV-ը Ժան Բատիստ Կոլբերի խորհրդով ազատում է հարկերից բոլոր նրանց, ում տները 30 և ավելի տարի առաջ են կառուցվել[6]։

Ֆրանսիական մեծ հեղափոխություն և XIX դարի առաջին կես խմբագրել

 
Տեսարան Կրուա Ռուսից դեպի Լիոն (1869)

1769 թվականին հին լիոնյան բերդապարիսպները քանդվում են և Կրուա Ռուսը միավորվում է հարևանությամբ գտնվող գյուղատնտեսական Կալյուիր-է-Կյուիրի հետ։ Սակայն 1790 թվականի փետրվարի 14-ին, Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ, բնակիչները քվեարկում են Կյուիրի առանձնացման օգտին, որը տեղի է ունենում 12 տարի անց միայն՝ 1802 թվականի հոկտեմբերի 22-ին՝ արդեն Նապոլեոնի օրոք։

Լիոնի պաշարման ժամանակ (1793 թվականի օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 9-ը) Կրուա Ռուսը աջակցում է Լիոնի իշխանությանը Կոնվենտի դեմ պայքարում, և քաղաքի հետ միասին՝ դրա անկումից հետո, ենթարկվում ավերման[6]։

Հեղափոխությունը լուրջ փոփոխություններ է առաջացնում Կրուա Ռուսում․ բոլոր վանքային հողերը և սեփականությունները վաճառվում են, ինչը հանգեցնում այս վայրի ժողովրդագրական պատկերի զգալի փոփոխությանը։ XIX դարի սկզբից Կրուա Ռուսը վերածվում է Լիոնի արդյունաբերական արվարձանի․ հենց այստեղ են այդ ժամանակաշրջանում գտնվել նշանավոր լիոնյան մետաքսի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները։ Բնակչության թիվը զգալիորեն աճում է․ 1802 թվականին եղած 4500-ից 1851 թվականին դառնում է 28000[6], ինչը հանգեցնում է նաև բնակելի շինությունների ավելացմանը։ Կրուա Ռուսը կառուցապատվում է 5-6 հարկանի շենքերով՝ տեղակայված՝ խճճված նեղ փողոցների, աստիճանների (Կրուա Ռուսը բլուր էր) և տրաբուլների լաբիրինթոսում։

Կյանքի դժվար պայմանները մի շարք ապստամբությունների պատճառ են դարձել․ 1831, 1834, 1848 և 1849 թվականներին[5]։

 
Փոքրիկ փողոց Կրուա Ռուս բլրի վրա

Միացումը Լիոնին խմբագրել

1852 թվականի մարտի 24-ին հրապարակվում է Կրուա Ռուս սարահարթը Լիոնին միացնելու մասին Նապոլեոն III-ի հրամանը[5][7]։ Նույն հրամանով առաջին հերթին սահմանվում է Լիոնի վարչական բաժանումը՝ քաղաքային շրջանների․ բլրի լանջերը մտնում են 1-ին քաղաքային շրջանի մեջ, իսկ սարահարթը՝ 4-րդ[8]։

Լիոնի հետ միավորումից հետո Կրուա Ռուսում քաղաքային միջավայրի բարելավմանն ու քաղաքացիների կյանքի լավացմանն ուղված մի շարք աշխատանքներ են կատարվում․ անցկացվում է ջրատար խողովակաշար, կառուցվում է քաղաքի ամենամեծ հիվանդանոցներից մեկը[9], նախկին բերդապարիսպների տեղում կառուցվում է Կրուա Ռուս ծառուղին[8]։ Զարգանում է տրանսպորտը․ 1862 թվականին հենց Կրուա Ռուսում է կառուցվում աշխարհում առաջին ֆունիկուլյորը[9], 1863 թվականին բացվում է երկաթուղային կայարան (փակվել է 1975 թվականին)[10], ծրագրվում է Ռոնի և Սոնի առափնյաների միացման համար երկաթուղային թունելի կառուցումը (բացվել է 1952 թվականին որպես ավտոմոբիլային թունել)[9]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Լիոնը օկուպացվում է նացիստական զորքերի կողմից, Կրուա Ռուսը դառնում է քաղաքի հակամարտության կենտրոններից մեկը։ Շրջանի բազմաթիվ՝ օտար աչքին անտեսանելի անցումների՝ տրաբուլների շնորհիվ, զորքերը կարողանում էին արագ, գաղտնի և համեմատաբար անվտանգ տեղաշարժվել[11][12]։

2011 թվականի հուլիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեն 35-րդ նստաշարջանի ժամանակ որոշում է կայացրել Լիոնի ամբողջ պատմական հատվածը՝ այդ թվում նաև Կրուա Ռուսի լանջերը և սարահարթի զգալի մասը ներառել համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում[13][14][15]։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
«Մեծ գլաքարը» 1902 թվականին

Մեծ գլաքար խմբագրել

Մեծ գլաքարը (ֆր.՝ Le Gros Caillou) Կրուա Ռուսի յուրօրինակ խորհրդանիշն է։ Ապառաժի մոխրագույն-սպիտակ հսկայական այս բեկորը Լիոն է հասել Ալպերից՝ վերջին սառցե ժամանակաշրջանի ընթացքում[16]։

Տրաբուլներ խմբագրել

Տրաբուլները (ֆր.՝ traboules) թաղամասերի ներսում գտնվող հետիոտն անցումներ էին, որոնք հնարավորություն էին տալիս մեկ փողոցից մյուսը կամ մի շենքից մյուսը անցնել։ Կրուա Ռուսի լանջերը Լիոնի երեք թաղամասերից մեկն է, որտեղ տրաբուլներ կան։ Հենց այստեղ է գտնվում ամենահայտնի տրաբուլներից մեկը՝ Կուր դը Վորասը[17] և Պասաժ Տիաֆեն (ֆր.՝ Passage Thiaffait)[18]։

Երեք Գալիաների ամֆիթատրոն խմբագրել

Երեք Գալիաների ամֆիթատրոնը (ֆր.՝ Amphithéâtre des Trois Gaules) հռոմեական ժամանակաշրջանի ամֆիթատրոն է, իր անվանումը ստացել է «երեք Գալիաներից» (Գալիայի երեք մասերից՝ Գալիա Կելտիկա, Բելգիկա և Ակվիտանիա)։ Ամֆիթատրոնը կառուցվել է մոտ 19 թվականին և ծառայել է որպես ժողովրդական հավաքների և տոների անցկացման վայր՝ տեղավորելով մոտ 20 հազար մարդ[19]։

 
Կրուա Ռուս հրապարակը

Կրուա Ռուս հրապարակ խմբագրել

Կրուա Ռուսը (ֆր.՝ Place de la Croix-Rousse) շրջանի գլխավոր հրապարակն է, որտեղ անցկացվում են համահասարակական բոլոր տոներն ու քաղաքական իրադարձությունները։ Հրապարակի կենտրոնում գտնվում է Ժոզեֆ Մարի Ժակարի հուշարձանը, ով ստեղծել է նախշավոր կտորի համար նախատեսված ջուլհակային հաստոցը, ինչը XIX դարում մեծ իրարանցում առաջացրեց Կրուա Ռուսում[16]։

Կրուա Ռուս ծառուղի խմբագրել

Կրուա Ռուս ծառուղին Կրուա Ռուսի տրանսպորտային գլխավոր զարկերակներից մեկն է։ Գեղեցիկ ծառուղին կառուցվել է 1865-1868 թվականներին՝ քանդված բերդապարիսպների տեղում։ Այժմ այն Լիոնի 1-ին և 4-րդ քաղաքային շրջանների սահմանն է[20]։

Բրյունե տուն խմբագրել

Բրյունեն (365 պատուհաններով տուն) (ֆր.՝ Maison Brunet (Maison aux 365 fenêtres)) 1824-1826 թվականներին կառուցված այդ ժամանակների համար հսկայական տուն էր, որը զբաղեցնում էր մի ամբողջ թաղամաս։ Այն 365 պատուհան ուներ (տարվա օրերին համապատսախան), 52 բնակարան (շաբաթների թվով), 7 հարկ (շաբաթվա օրերին համապատասխան) և 4 շքամուտք (տարվա 4 եղանակներին համապաստասխան)։ Այն այդ ժամանակվա ջուլհակների տիպային տուն էր՝ բարձր առաստաղներով (ջուլհակային դազգահը տեղավորելու համար) և պատուհաններով (ավելի շատ լույսի ներթափանցման շնորհիվ աշխատանքային օրը երկարացնելու համար)[21]։

 
Ռոզա Միր պարտեզը

Ռոզա Միր պարտեզ խմբագրել

Ռոզա Միր պարտեզը (ֆր.՝ Jardin Rosa Mir) տեղակայված է Կրուա Ռուսի Մեծ փողոցի (ֆր.՝ Grande Rue de la Croix-Rousse) շենքի ներքին բակում։ Այդ «գաղտնի պարտեզը» մի քանի տասնամյակի ընթացքում ստեղծվել է էնտուզիաստ Ժյուլ Սենի (ֆր.՝ Jules Senis) կողմից[22]։

Մետաքսագործների պատ խմբագրել

Մետաքսագործների պատը (ֆր.՝ Le mur des canuts) 1200 մ2 մակերես ունեցող փողոցային որմնանկար է, որը ստեղծվել է 1987 թվականին և ամենամեծն է Եվրոպայում։ Բնակելի տան հետևի նիստին պատկերված են դեպի վերև տանող աստիճաններ, խանութների մուտքեր, բնակելի տների պատուհաններ և Կրուա Ռուսի այդ շրջանին բնորոշ ժանրային տեսարաններ[23]։

Եկեղեցիներ խմբագրել

  • Սեն Բրյունո դե Շարտրյո եկեղեցի (ֆր.՝ Église Saint-Bruno des Chartreux1590 թվականին կառուցված բարոկկո ոճի եկեղեցի
  • Սեն Պոլիկրապ եկեղեցի՝ 1665-1670[24]
  • Սեն Բերնար եկեղեցի (ֆր.՝ Église Saint-Bernard1857-1866
  • Սակրե Կյոր դե Շարտրիո մատուռ (ֆր.՝ Chapelle du Sacré-Cœur des Chartreux)
  • Սեն Օգյուստեն եկեղեցի (ֆր.՝ Église Saint-Augustin1910-1912 թվականների հռոմեաբյուզանդական ոճի եկեղեցի
  • Սեն Դենի եկեղեցի (ֆր.՝ Église Saint-Denis)
  • Սեն Ելիզաբեթ եկեղեցի (ֆր.՝ Église Sainte-Élisabeth)[25]
Սեն Բրյունո դե Շարտրյո եկեղեցի
Սեն Պոլիկրապ եկեղեցի
Սեն Բերնար եկեղեցի
Սեն Օգյուստեն եկեղեցի
Սակրե Կյոր դե Շարտրիո մատուռ

Տրանսպորտ խմբագրել

Կրուա Ռուսով է անցնում լիոնյան մետրոպոլիտենի C գիծը․ Կրուա Պակե, Կրուա Ռուս և Էնոն կայարաններով[25]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «EDCS-ID: EDCS-10500623» (լատիներեն). Epigraphik-Datenbank Clauss / Slaby EDCS. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  2. Amable Audin Essai sur la topographie de Lugdunum. — Lyon: éd. Audin, 1959. — P. 23-24.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Laurence Tranoy et Grégoire Ayala Les pentes de la Croix-Rousse à Lyon dans l'Antiquité. État des connaissances. — Gallia, 1994. — Vol. 51.
  4. 4,0 4,1 4,2 «Pourquoi la Croix-Rousse s'appelle la Croix-Rousse ?» (ֆրանսերեն). Croixrousse.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Colline de la Croix-Rousse» (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Histoire» (ֆրանսերեն). La Croix-Rousse. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  7. «24 mars 1852» (ֆրանսերեն). Les Rues de Lyon. 2010 թ․ ապրիլի 26. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  8. 8,0 8,1 Laurent Ajdnik (2015 թ․ մարտի 24). «24 mars 1852: Création des cinq premiers arrondissements de Lyon» (ֆրանսերեն). ExploraLyon. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Le quartier de la Croix-Rousse» (ֆրանսերեն). Croixrousse.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  10. «Historique». La ligne de la Croix-Rousse à Trévoux (ֆրանսերեն). Ferro-Lyon. 2009 թ․ մայիսի 21. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  11. «Histoire des traboules de Lyon» (ֆրանսերեն). OnlyLyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  12. Thierry Meissirel Quand les rues de la Croix-Rousse racontent la Résistance de Lyon(ֆր.) // Le Progrès : газета. — 2015.
  13. UNESCO Décisions adoptées par le Comité du patrimoine mondial à sa 35e session(ֆր.) // WHC-11/35.COM/20. —Paris, 7 juillet 2011.
  14. UNESCO Clarifications des limites et des superficies des biens par les Etats parties en réponse à l’Inventaire rétrospectif(ֆր.) // Patrimoine mondial. 35COM 8D. —Paris, 6 mai 2011. — С. 7.
  15. UNESCO Site historique de Lyon: délimitation du bien et de sa zone tampon lors de son inscription sur la liste en 1998(ֆր.).
  16. 16,0 16,1 «Patrimoine culturel» (ֆրանսերեն). La Croix-Rousse. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  17. «Cour des Voraces». Les traboules des pentes de la Croix-Rousse (ֆրանսերեն). Lyon. Site officiel. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  18. «Passage Thiaffait». Croix-Rousse (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  19. «Amphithêatre des 3 Gaules». Croix-Rousse (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  20. «Le Boulevard de la Croix-Rousse». Croix-Rousse (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  21. «Histoire» (ֆրանսերեն). La Maison aux 365 fenêtres. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  22. «Le jardin Rosa Mir» (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  23. «Les murs peints» (ֆրանսերեն). Lyon. Site officiel. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  24. «Paroisse Saint Polycarpe des pentes de la Croix-Rousse». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  25. 25,0 25,1 Lyon agglomération. — Montreuil: Blay-Foldex.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրուա Ռուս» հոդվածին։