Կրոնական տոներ , կրոնա-դիցաբանական կարևոր անցքերի, իրադարձությունների և անձնավորությունների պատվին սահմանված օրեր։ Կրոնական տոները պաշտամունքի կարևոր մաս են և նշվում են հատուկ արարողություններով, շուքով ու հանդիսավորությամբ, ուղեկցվում թատերական տեսարաններով, երգեցողությամբ, երաժշտությամբ, պարերով ու խնջույքներով, երբեմն՝ զոհաբերությամբ։ Կրոնական տոներն առաջացել են նախնադարյան հասարակարգում՝ սերտորեն առնչվելով մոգական արարողություններին, տոտեմի պաշտամունքին և մարդկանց հիմնական կենսապայմաններին՝ երկրագործությանը (ցանք, արգասավորում, բերքահավաք), անասնապահությանը (բեղմնավորում, ծին, կիթ), որսորդությանը։ Դասակարգային հասարակարգում կրոնական տոները ստացել են համապետական բնույթ, ամփոփվել պաշտոնական տոնացույցներում։ Հեթանոսական Հայաստանում կրոնական տոներին են նվիրված եղել Նավասարդին, հայոց դիցաբանի աստվածներին (Արամազդ, Սիհր, Վահագն, Տիր, Անահիտ, Աստղիկ, Նանե)։ Քրիստոնեական եկեղեցու կրոնական տոները հիմնականում հինկտակարանային և հեթանոսական տոների ժառանգություն են։ Զատիկը՝ գարնանային օրահավասարին տոնվող պասեքի, Հոգեգալուստը՝ Մովսես մարգարեին աստծո 10 պատվիրանների նվիրաբերման հին կտակարանային տոնի, Ծննդյան տոնը՝ եգիպտական Օսիրիսին, փոքրասիական Կիբելային կամ հունական Դիոնիսոսին նվիրված ծննդյան տոների վերափոխումն էր։ Քրիստոնեական կրոնական տոներին են նվիրված նաև Մարիամ Աստվածածնին, Հովհաննես Մկրտչին, Առաքյալներին, սրբադասված գործիչներին։ Իսլամի կրոնական տոները նույնպես ժառանգված են հեթանոսությունից (Ղուրան-բայրամ, Ուրազա-բայրամ) կամ նվիրված են Մուհամմեդ մարգարեին (Մավլիդ, Միրաջ)։ Քրիստոնեական եկեղեցիները նշում են համաքրիստոնեական, ինչպես նաև իրենց պատմությանը, ավանդույթին ու դոգմաներին վերաբերող յուրահատուկ տոներ։ Հայաստանյայց առաքելական եկեղեցու կրոնական տոներն են Այլակերպությունը (հեթանոսական Վարդավառը), Աստվածահայտնությունը, Խաչվերացը, Տյառնընդառաջը, Գրիգոր Լուսավորչին, Թարգմանչաց, Վարդանանց, սրբադասված գործիչների, համաշխարհային առաջին և երկրորդ պատերազմների զոհերի, Սարդարապատի հերոսամարտում ընկածների հիշատակին նվիրված տոները և այլն։ Կրոնական տոների նպատակն է հավատացյալների մեջ ամրապնդել կրոնի հեղինակությունը, «ապացուցել» եկեղեցու կամ տվյալ կրոնական կազմակերպության հավատարմությունը քարոզած գաղափարներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 699