Կտավախոտ Մեղրու
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Խլածաղկազգիներ
Տեսակ Կտավախոտ Մեղրու
Լատիներեն անվանում
Linaria megrica


Կտավախոտ Մեղրու (լատին․՝ Linaria megrica), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա խոտաբույս է, որն ունի 15-35 սմ բարձրություն։ Միջին մասում խիտ տերևակալած ցողունները բազմաթիվ են, չճուղավորված։ Հերթադիր տերևները նշտարաձև են և գծային։ Ծաղկաբույլը խիտ չճյուղավորված ողկույզով է։ Պսակը դեղին է, սևավուն ջղերով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում տարածված է Մեղրու (Տաշտուն, Լիճք, Կալեր գյուղերի շրջակայք) և Զանգեզուրի (Լեռնագագաթը Կապուտջուղ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 1900-2700 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, ժայռերի միջև, տրագականտային համակեցություններում, գիհու նոսրանտառում։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Հայաստանում հայտնի է Մեղրու լեռնաշղթայից և Զանգեզուրի լեռնաշղթայի սահմանակից հատվածից։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.