Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ, (հայտնի որպես ֆիզիոթերապևտիկ ինստիտուտ) վերականգնողական և ֆիզիկական բժշկության, կուրորտաբանության մասնագիտացված գիտա-ուսումնա-գործնական բազմապրոֆիլ բուժհաստատություն։ Կլինիկական ուղղվածությամբ առաջին գիտահետազոտական կենտրոններից մեկը Երևանում։
Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ |
Երկիր | ![]() |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Օրբելի եղբայրների փողոց, 41 շենք |
Ղեկավար | Բենիկ Հարությունյան |
Կայք | fizecomed.com |
Պատմություն
խմբագրելԿուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը ստեղծվել է 1930 թվականի նոյեմբերի 29-ին։ Ի սկզբանե գործել է որպես «Ֆիզիոթերապիայի ինստիտուտ», այնուհետև, 1937 թվականն վերանվանվել է «Ֆիզիկական մեթոդներով բուժման և կուրորտաբանության Ինստիտուտ»։ Ինստիտուտի ստեղծման նախաձեռնողներից է եղել ՀԽՍՀ առողջապահության ժողովրդական կոմիսար, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ Գևորգ Ղևոնդյանը։
Տարիների ընթացքում համալիր ուսումնասիրվել և կլինիկական վերլուծության են ենթարկվել հանրապետության կուրորտների կլիման, կուրորտային և ռեկրեացիոն գոտիները, կլիմատոթերապիայի օդերևութաբանական պայմանները։ Հանրապետության բնական բուժական գործոնների՝ մասնավորապես հիդրոմիներալ ռեսուրսների ուսումնասիրման գիտականորեն հիմնավորված տվյալները և Հայաստանի տարբեր տարածաշրջանների կլիմայական բնութագրումը հիմք են հանդիսացել Արզնի, Ջերմուկ, Դիլիջան կուրորտների զարգացման, ինչպես նաև Հանքավան կուրորտի ստեղծման, «Արզնի», «Հանքավան», «Բջնի», «Դիլիջան», «Ջերմուկ», «Լիճք», «Լոռի», «Սևան» և այլ հանքային ջրերի շշալցման կազմակերպման համար։
Սպիտակի երկրաշարժից հետո ինստիտուտում մշակվել և իրականացվել է ինչպես աղետի գոտու, այնպես էլ Երևանի և հանրապետության այլ մարզերի վիրաբուժական, նեյրովիրաբուժական և վնասվածքաբանական կլինիկաներում բուժման կարիք ունեցող վիրավորների և տուժածների վերականգնողական թերապիայի և ռեաբիլիտացիայի կոմպլեքսային բուժ-կազմակերպչական ծրագիր։ Միջազգային Կարմիր Խաչի նախաձեռնությամբ աղետի գոտում տուժածների համար այդ տարիներին ինստիտուտի բազայի վրա ստեղծվել է «Ողնաշարային կենտրոն» - ողնաշարի տրավմատիկ վնասվածքների մասնագիտացված բաժանմունք[1]։
2010 թվականին կենտրոնի կողմից հրատարակվել է ֆունդամենտալ բժշկագիտական «Ատլաս. Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները» ("Атлас: Климат и природные лечебно-оздоровительные ресурсы Армении") աշխատությունը, որտեղ ամփոփված են վերականգնողական և էկոլոգիական բժշկության բնագավառում բնական բուժական գործոնների (կլիմա, բուժիչ հանքային, քաղցրահամ ջրեր, տորֆեր, ցեխեր, կավեր), հանրապետության կուրորտների, կուրորտային և հանգստյան հին ու նոր գոտիների ուսումնասիրությունն ու գնահատումը, դրանց մոնիթորինգն ու ռացիոնալ օգտագործման հեռանկարները[2]։
Գույքի վաճառք
խմբագրել2022 թվականի դեկտեմբերի 8-ի կառավարությունը նիստում որոշեց «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով[3]։
Տնօրեններ
խմբագրել- Արշակ Հակոբյան (1930-1950)
- Մ. Կամենցևա
- Ս. Ճշմարիտյան (1950-1960)
- Գերասիմ Աղաջանյան (1960-1979)
- Զ. Սարգսյան (1979-1991)
- Յուրի Թունյան (1991-2002)
- Բենիկ Հարությունյան (2002)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
- ↑ ««Ատլաս. Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Վաճառվում է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը. Մի քանի փորձից հետո գինն իջեցվել է
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 32)։ |