Կորյուն Մարության

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։

Կորյուն Ավետիսի Մարության (1918 - 1988), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կորյուն Մարության
Ծնվել է1918
Մահացել է1988
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Կորյուն Մարությանը ծնվել է 1918 թվականին Կարսի մարզի Տիկոռ գյուղում։ Ավարտել է գյուղի տարրական դպրոցը և ուսումը շարունակելու համար տեղափոխվել Երևան։ 1938 թվականին Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, մասնակցել է լուսավորության նախարարության կազմակերպած ուսուցչական դասընթացներին, ապա ընդունվել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի հեռակա բաժինը և Սիսիանի շրջանում զբաղվել ուսուցչական աշխատանքով։ Որպես ուսմասվար Մարությանն աշխատել է Շաքիի ինտերնացիոնալ 7-ամյա և Դարբասի միջնակարգ դպրոցներում, դասավանդել մայրենի լեզու և գրականություն[1]։

1942 թվականին Մարությանը զորակոչվել է կարմիր բանակ, Կովկասյան 106-րդ պահեստային հրաձգային գնդում ավարտել է կրտսեր հրամանատարական դասընթացները և որպես գնդացրորդ, ավագ սերժանտի կոչումով մեկնել է ռազմաճակատ։ Մասնակցել է Ղրիմի և Կովկասի պաշտպանական մարտերին, 147-րդ հրաձգային դիվիզիայում՝ որպես գնդացրային վաշտի ավագ, մասնակցել է Ուկրաինայի և Լեհաստանի ազատագրման մարտերին։ Վիսլայի գետանցման ժամանակ վիրավորվել է և փոխադրվել հոսպիտալ, բուժվելուց հետո վերադարձել է Կանտեմիրյան տանկային կորպուսի շարք, մասնակցել է Լեհաստանի և Չեխոսլովակիայի ազատագրմանը։ 1945 թվականի հունվարին երկրորդ անգամ է վիրավորվել, ապաքինվելուց հետո նորից վերադարձել է ռազմաճակատ։ Հաղթանակը դիմավորել է Դրեզդենում[1]։

Մարությանը պարգևատրվել է «Խիզախության համար», «Կրակովի ազատագրման համար», Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար և այլ մեդալներով, ինչպես նաև Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրերով[1]։

1945 թվականի նոյեմբերին Մարությանը զորացրվել է և շարունակել իր մանկավարժական աշխատանքը։ Որպես ուսումնական մասի վարիչ աշխատել է Երևանի № 94, 126 դպրոցներում, դասավանդել է մայրենի լեզու և գրականություն։ 1947 թվականին ավարտել է մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի հեռակա բաժինը։ Մանկավարժական աշխատանքին զուգընթաց ստեղծագործել է։ Մարությանի բազմաթիվ պատմվածքները և հոդվածները տպագրվել են հանրապետական մամուլում[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Խիզախության համար» մեդալ
  • Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ
  • «Կրակովի ազատագրման համար» մեդալ

Մահ խմբագրել

Կորյուն Մարությանը մահացել է 1988 թվականին։ Թաղված է Երևանի Նուբարաշենի գերեզմանատանը[2]։ Տապանաքարի վրա փորագված է.

  Հավերժը մահվան օրենքն է անգութ,

Մեր կյանքը` երազ, մեր ծնունդը սուր։

 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. «The memorial of Marutyan Koryun (Կորյուն Մարության Ավետիսի) buried at Yerevan's Nubarashen cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.