Կորեական դիցաբանություն
Կորեական դիցաբանություն, լեգենդների և ավանդույթների ամբողջություն, որոնք հնագույն ժամանակներից բանավոր փոխանցվել են սերնդեսերունդ դեռևս Կորեական թերակղզում և գրի են առնվել արդեն պատմական ժամանակաշրջանում։ Աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ կորեական դիցաբանությունը զգալի փոփոխությունների է ենթարկվել չինական ու ճապոնական դիցաբանությունների, ինչպես նաև խաղաղօվկիանոսյան կղզիների ավանդույթների ու հավատալիքների ազդեցությամբ[1]։
Կորեական առասպելների մեծամասնությունը ոչ թե ներկայացնում է աստվածներին, այլ բացատրում է, օրինակ, աշխարհի ծագումնաբանությունը, բնության, սոցիալական երևույթները և այլն։ Կորեական առասպելները հաճախ նեղ տեղայնացում են ունենում՝ վերաբերելով կոնկրետ բնակավայրերի ու ցեղերի։
Կորեական դիցաբանության կերպարներն ու սյուժեները հաճախ են կիրառվել տարբեր ժամանակաշրջանների նկարիչների կողմից։
Դիցաբանություն
խմբագրելԱշխարհի արարումը
խմբագրելԿորական ժողովրդի առասպելաբանակական հիմքերը ներկայացված են Սամգուկ յուսա էպոսում[2]։Թերակղզու տարբեր հատվածներում աշխարհի արարման մասին պատկերացումները տարբեր են եղել և հաճախ զուգահեռվել են այս կամ այն կոնկրետ առարկաների (լեռներ, գետեր, լճեր և այլն) վերաբերյալ հեքիաթային պատմություններին։ Լեգենդներից մեկի համաձայն՝ ջուրն ու ցամաքը ստեղծել են հսկաները՝ իրենց տիրուհի Հալասանի հրամանով։ Ըստ մեկ այլ տեսակետի՝ երկնային լուսատուները երկրային զավակներն են, որոնք, փրկություն որոնելով Վագրից, փախչել են երկինք։
Լեռների ստեղծման մասին ամենահայտնի լեգենդներից մեկը Ամիսան լեռան պատմությունն է, որը տեղակայված է Հարավային Կորեայի հյուսիս-արևելյան հատվածում։ Այդ լեգենդը բավականին հայտնի է, այն պատմում են լեռան տարածքում հայտնված զբոսաշրջիկներին։ Լեռան վերին հատվածը երկատված է, ինչը երկսապատանի ուղտի է նմանեցնում։ Ըստ լեգենդի՝ լեռը նախկինում սովորական տեսք է ունեցել, իսկ նրա ստորոտին ապրել է մի աղքատ կին՝ որդու և դստեր հետ, որոնք հսկաներ էին ծնվել։ Մի անգամ երեխա-հսկաները որոշում են մրցել իրենց ուժով ու տոկունությամբ, իսկ հաղթողը իրավունք է ունենում սպանել պարտվողին։ Ըստ մրցույթի պայմանների՝ տղան պիտի մեծ տարածություն վազեր պողպատե կոշիկներով, իսկ նրա քույրն այդ ընթացքում պիտի քարե պատ կառուցեր լեռան շուրջ։ Երբ աղջիկը գրեթե վերջացրել էր աշխատաքը, մայրը կանչում է նրան ընթրելու։ Այդ ժամանակ գալիս է եղբայրը, ով արդեն հաղթահարել էր ողջ տարածությունը։ Տեսնելով, որ պատը պատրաստ չէ, եղբայրը հաղթողի իրավունքով կտրում է քրոջ գլուխը, իսկ մայրն ասում է, որ աղջիկը չի կարողացել ժամանակին վերջացնել աշխատանքը իր պատճառով։ Խայտառակված տղան փորձում է թրով խոցել կուրծքը, սակայն թուրը դուրս է թռչում ձեռքից դեպի լեռը։ Հարվածելով Ամիսանի գլխավերևին՝ սուրը մեծ խոռոչ է բացում, որը լեռանը երկսապատ ուղտի տեսք է տալիս[3]։
Լեգենդներ տիրակալների մասին
խմբագրելԱռասպելներից ամենաշատը հիմնադիրների մասին տոհմական ավանդություններն են։ Նման առասպելների մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Թանգունի մասին առասպել, ով Կոչոսոնի՝ կորեական առաջին թագավորության հիմնադիրն է։
Ըստ լեգենդի՝ Թանգունը երկնային Խվանին արքայի հետնորդներից էր։ Խվանինն ուներ Խվանուն անունով որդի, ով ստիպված էր ապրել երկրի վրա։ Վերջինս երեք հազար հետևորդներով իջնում է Պեկտուսան լեռը, որտեղ հիմնում է Սինսի աստվածային քաղաքը։ Ապա օրենքներ է ընդունում և սկսում մարդկանց տարբեր արհեստներ, գյուղատնտեսություն ու բժշկություն սովորեցնել։
Այդ ժամանակ քարանձավում Վագրը և էգ Արջը աղոթում էին Խվանունին՝ խնդրելով իրենց մարդկային կերպարանք տալ։ Լսելով աղոթքները՝ Խվանունը տալիս է նրանց քսան կտոր սխտոր և արտեմիսիայի ցողուն, որպեսզի նրանք, որպես պատիժ, հարյուր օր ուտեն միայն այդ ուտելիքը և խուսափեն արևի լույսից։ 20 օրվա անց Վագրը խախտում է երդումը ու դուրս է գալիս քարայրից, մինչդեռ Արջը մնում է հարյուր օր և վերածվում է կնոջ։ Նա շարունակում է աղոթել Խվանունին՝ խնդրելով իրեն ամուսին տալ։ Խվանունը, լսելով աղոթքները, որոշում է ամուսնանալ նրա հետ, որից հետո ծնվում է նրանց որդին՝ Թանգուն Վանգոմը։
Թանգունը հիմնում է Փհենյան քաղաքը և այն դարձնում իր թագավորության մայրաքաղաք։ Թագավորությունն ստանում է Չոսոն անունը։ Այնուհետև նա մայրաքաղաքը տեղափոխում է Ասադալ` Պեգակսան լեռան մոտ։ Մեկուկես հազար տարվա ըթնացքում մայրաքաղաքը տեղափոխվել էր Չանդանգեն, իսկ 1908 տարեկան հասակում Թանգունը վերջնականապես մայրաքաղաք է դարձնում Ասադալը, որից հետո դառնում է լեռների պահապան հոգին[3]։
Վիշապներ
խմբագրելՉինական մշակույթի ազդեցությամբ կորեացիների մոտ ևս առկա է վիշապների հանդեպ սերը։ Կորեական դիցաբանության մեջ նրանց մասին բազմաթիվ հեքիաթներ և ավանդապատումներ կան։ Ամեն մի լեգենդար վիշապ իրեն հատուկ գծերն ուներ, ինչը պայմանավորվում էր նրանց բնակավայրով։ Կորեական, ինչպես և չինական վիշապները, դրական կերպարներ են եղել՝ ի տարբերություն եվրոպական ավանդապատումների։ Նրանք օգնում էին մարդկանց և պայքարում էին չարի դեմ։ Բացի այդ՝ վիշապը յուրաքանչյուր լեգենդար կորեական կառավարչի պարտադիր ուղեկիցներից էր։ Կորեական վիշապների արտաքին տարբերակիչ կողմն այն էր, որ նրանք թևեր չունեին, բայց ունեին երկար մորուք[3]։
Լեգենդներ հոգիների մասին
խմբագրելԿորեական դիցաբանության մեջ յուրահատուկ դեղ են զբաղեցնում հոգիները։ Ըստ հնագույն կորեական հավատալիքների՝ ողջ տիեզերքը լի է աստվածություններով ու հոգիներով, որոնց տիրակալը երկնային արքա Հանիմինն էր։ Կորեացիները հոգիներով էին լցնում շրջապատող ամեն ինչ՝ երկինքը, աստղերը, ամպերը, ծովերը, գետերն ու լճերը, բնակավայրերը, կենդանական և բուսական աշխարհը։ Ամենահայտնիները լեռների հոգիներն էին (սակ-սին), որոնց հետ հաճախ ասոցացնում են վագրի հոգին (հոսին)՝ լեռների տիրակալին։
Առասպելաբանություն
խմբագրելՊաշտամունքային դիցաբանությունը Կորեայում ի հայտ է եկել չինական կրոնական-փիլիսոփայական համակարգի, մասնավորապես՝ բուդդայականության, դաոսականության և կոնֆուցիականության ազդեցությամբ։ Բուդդայականությունը կորեական Գոգուրեո պետությունում որպես պետական կրոն հաստատվել է դեռևս 372 թվականին։ Հնագույն աստվածություններից ու հոգիներից շատերն անցան բուդդայական պանթեոն և վերաիմաստավորվեցին։ Դաոսականությունն առավել տարածված կրոն դարձավ 7-րդ դարում՝ նկատելի հետք թողնելով ժողովրդական աշխարհայացքի ու արվեստի վրա։
Կերպարներ
խմբագրել- Վոնհվա - չար հոգի, բռնությամբ սպանված մարդկանց ուրվական
- Իմուգի - ծովային օձ
- Ինո - ջրահարս, որն ապրում է Ճապոնական ծովում՝ Չեջու-դո կղզու մոտ
- Յոնդոն - տնային հոգի, որը հսկում է տան կարգուկանոնը
- Կվիսին - դևերի և հոգիների ընդհանրական անվանումը
- Կումիհո - 9ը պոչանի աղվես, որը լեռների տիրակալն է
- Միմենգվի - չար հոգիներ, որոնց վերածվում են մահացած մարդիկ կամ այն ամուրիները, ովքեր հետնորդներ չեն թողել
- Պուլգասարի - բարի հոգի, որը պաշտպանում է վատ երազներից
- Թհեջագվի - ջրծաղիկից մահացած աղջկա հոգի, ով գուշակում է ապագան
- Հաեչի - առյուծանման կենդանի, պաշտպանում է նրանց, ում նեղացրել են
- Չանյին - խիտ մազածածկույթով հսակ
- Չխոլլիմա - թևավոր ձի[4]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Корейська міфологія: філософсько-антропологічний аналіз, (ուկր․)
- ↑ Ա․ Մկրտչյան, «Լուսանցք» թիվ 5, 6 (181, 182), 2011թվական
- ↑ 3,0 3,1 3,2 Корейська міфологія: персонажі, легенди і міфи,(ուկր․)
- ↑ Корейская мифология | Bestiary.us, (ռուս․), www.bestiary.us