Կորդրիք

Մեծ Հայքի Կորճայք նահանգի գավառ

Կորդրիք, գավառ-երկրամաս Մեծ Հայքի Կորճայք նահանգում[1]։ Ըստ Թադևոս Հակոբյանի՝ Մեծ Հայքի Կորճայք նահանգը աշխարհացույցի համաձայն ունեցել է տասը նահանգ, որից մեկը եղել է Կորդրիքը[2]։ Ըստ Բաբկեն Հարությունյանի՝ նշվում է Կորճայքն ունեցել է տասնմեկ գավառներ[3], որտեղ Կորդրիքի փոխարեն թվարկվում է երեք գավառ՝ Կորդրիք Վերին, Կորդրիք Ներքին և Կորդրիք Միջին։ Նույն դասակարգումը հանդիպում է Լեոյի մոտ, որտեղ երեք գավառները հիշատակում են որպես «Տմորիքի» մաս[4]։ Հավանաբար ֆիզիկաաշխարհագրական առումով բաժանվելը երեք գավառների տեղի էր ունեցել ավելի ուշ շրջանում[1]։

Կորդրիք
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ-երկրամաս
Մտնում էԿորճայք
Ներառում էՎերին Կորդրիք, Միջին Կորդրիք, Ներքին Կորդրիք
ՎարչկենտրոնԱլկի (Տմորիք)
Խոշորագույն քաղաքԹման (Տմորիք)
Հիմնական լեզուհայերեն
Ազգային կազմհայեր, ասորիներ
Կրոնական կազմզրադաշտականություն, Հայ առաքելական եկեղեցի, Նեստորականություն
Պատմական շրջան(ներ)Կորճայք
Սահմանակցում էԿորդուք (Կորճայք), Մոկք, Ճահուկ (Կորճայք), Այտրվանք (Կորճայք), Դասն (Նոր Շիրական), Ադիաբենե, Արվաստան, Ծավդեք

Անվանումներ

խմբագրել

Կորդրիքը տարբեր աղբյուրներում նշվում է նաև Կոդրիկ, Կոդրիք, Կորդիկ, Կորդիս, Կորդիք, Կորդրիկ անուններով[1]։ Թադևոս Հակոբյանը, նշելով տասը գավառների մասին, հիշատակում է Կորդուք, Կորդրիք, Այավանք, Այտուանք, Այգառք, Մոթողանք, Որսիրանք, Կարապունիք, Ճահուկ և Փոքր Աղբակ[2]։ Ընդ որում, Այավանքի՝ որպես գավառի մասին, նշում է նաև Ղուկաս Ինճիճյանը՝ այն ևս առանձնացնելով Այտրվանքից[5]։

Բաբկեն Հարությունյանը, նշելով տասնմեկ գավառների մասին՝ հղում անելով նույն Աշխարհացույցին, թվարկում է՝ Վերին Կորդրիք, Միջին Կորդրիք, Ներքին Կորդրիք, Այտրվանք, Այգառք, Ոթողանք, Որսիրանք, Կորդուք, Սարապոնիս, Ճահուկ, Փոքր Աղբակ[3]։ Լեոն նշում է «Այսվանք» գավառը, փոխարենը չի հիշատակում Այտրվանքը[4]։ Միաժամանակ, Լեոն նշում է, որ Փոքր Աղբակի սահմաններում է եղել Սալմաստը, որն, իրականում, եղել է Պարսկահայք նահանգի Զարեհավան գավառի սահմաններում[6]։


Աշխարհագրական դիրք

խմբագրել

Կորդրիքը տարածքով համապատասխանում էր ավելի հին ժամանակներում ձևավորված Տմորիք գավառին, տարածվում էր Կորդուքից արևելք՝ Տիգրիս գետի ձախակողմյան Խաբուր վտակի ավազանում[1][2]։ Փավստոս Բուզանդ պատմիչը, ինչպես և Եղիշեն, առանձնացնում է Կորդուքը, Տմորիքն ու Կորդիք-Կորդրիքը՝ որպես գավառներ[3]։ Օտարազգի պատմիչները, մասնավորապես Պտղոմեոսն ու Ստրաբոնը, առանցնացնում են այդ երկու երկրամասերը[7]։ Պատմահայր Մովսես Խորենացին, նույնացնում է Կորդիք-Կորդրիքը Տմորիքին, իսկ աշխարհագրագետ Անանիա Շիրակացին այն արդեն չի հիշատակում որպես առանձին գավառ[3]։

Կորդրիքն արևմուտքում սահմանակցում էր Կորճայքի Կորդուք, արևելքում՝ Ճահուկ և Այտրվանք գավառներին։ Հյուսիսում՝ Կորդվաց լեռնաշղթային Ագարակի լեռնաբազուկով բաժանվում էր Մոկք նահանգի Արգաստովիտ գավառից, հարավ-արևելքում սահմանակցում էր Նոր Շիրականի բդեշխության Դասն գավառին, հարավ-արևմուտքում՝ Տիգրիս գետով՝ Ծավդեք գավառ-երկրամասին։ Հարավ Մեծ Հայքի սահմանն էր Ադիաբենեի և Միգդոնիայի (Արվաստան) հետ։

Տեղանքը հյուսիսային հատվածում լեռնային է՝ Կորդվաց լեռնաշղթայի երկու բազուկներով (Բուն Կորդվաց, Ագարակի) շրջապատված, հարուստ ալպյան բուսականությամբ, բազմաթիվ գետակներով ու առուներով։ Առավել հարավային հատվածները դաշտային են, որտեղով հոսում է լեռնային վտակներ ընդունող Արևելյան Խաբուր գետը, որը սահման է հանդիսացել Ադիաբենեի հետ[7]։ Սահմանին է գտնվում Արարադ լեռը (թուրքերեն՝ Ջուդի, 2089 մետր)[8]։ Անասնապահությամբ զբաղվելու հարմար պայմաններ ունենալը մշտապես այստեղ է հրավիրել խաշնարած ասորիների ու քրդերի ուշադրությունը, որոնք վարում էին կիսաքոչվոր կենսակերպ ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբը։ Ներկայումս երկրամասը բաժանված է Թուրքիայի (Շըրնաքի մարզ) և Իրաքի (Դուհոքի նահանգ) միջև։

Պատմություն

խմբագրել

Մովսես Խորենացու վկայությամբ՝ Կորդրիք գավառը ավելի հնում հայտնի էր Տմորիք անունով[5]։ Ըստ Պտղոմեոսի՝ այն կազմում էր Կորճայքի արևելյան կողմը կամ տարածվում էր Կորդուքից արևելք։ Կորդրիքն ուներ բազմաթիվ ամրություններ և դժվարամատչելի էր թշնամիների համար[1]։ Սկզբնական շրջանում, երբ Արտաշես Ա Բարեպաշտ թագավորը (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160) Մեծ Հայքի թագավորությանն է միացնում Կորդվաց աշխարհը, այն հորջորջվում է որպես «Տմորիք»[9][10][11], որն ի սկզբանե եղել էր Երվանդունիների թագավորության մաս՝ նախքան Սելևկյան տերության կողմից Հայաստանի գրավումը[9]։ Մովսես Խորենացու կողմից Տմորիքի և Կորդրիքի նույնականացումը բացատրվում էր Ալկի ամրոցի հետ, իսկ իրականում Կորդրիքը Տմորիք երկրամասի մաս էր կազմում[3]։ Դրանց առանձին լինելը՝ որպես Պապ թագավորի կողմից ազատագրված տարածքներ, և ոչ միայն, շեշտվում է նաև այլ աղբյուրներում[12][7]։

Զարգացած միջնադարում Կորդրիքը դառնում է Արծրունիների տիրույթ՝ սկզբում Պարսկահայքի իշխան Գուրգեն Արծրունու կալվածք, ապա Վասպուրականի թագավորության մաս, որը Թովմա Արծրունին հիշատակում է որպես «Տմորիք», իսկ Կորդրիքը՝ «Կորդեաց երկիր»՝ թվագրում առավել վաղ դարաշրջանի[13]։ Հետզհետե այստեղ է հաստատվում ասորի նեստորական բնակչություն։ Ուշ միջնադարում՝ անգամ քրդերի զանգվածային ներգաղթի պայմաններում, հայ բնակչությունը շարունակում էր այստեղ ապրել, ինչի մասին են վկայում Աղթամարի կաթողիկոսության՝ Կորճայքում գտնվող տասնչորս թեմերից երկուսը՝ Կորդվաց և Կորճայքի։ Վերջիններս 19-րդ դարի երկրորդ կեսին միավորվում են, տասնչորս թեմերից վերաձևակերպվում է երկու թեմ, որոնք կաթողիկոսության հետ միասին դադարում են գոյություն ունենալ 1895 թվականից[14]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 231 — 992 էջ։
  2. 2,0 2,1 2,2 Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն. ուրվագծեր (չորրորդ), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», էջ 229-230 — 465 էջ։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բաբկեն Հարությունյան, մաս Ա, Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց »-ի, Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», էջ 271-284 — 404 էջ։
  4. 4,0 4,1 Լեո, Առաջին հատոր, Երկերի ժողովածու տասը հատորով, Երևան, «Հայաստան», էջ 154-155 — 568 էջ։
  5. 5,0 5,1 Ղուկաս Ինճիճյան, Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վենետիկ, «Մխիթարյան միաբանություն»։
  6. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Ատրպատական, Հասկ, պաշտոնական ամսագիր, հ. 5 (Անթիլիասի կաթողիկոսարան), Անթիլիաս, Լիբանան, «Անթիլիասի հրատարակչություն», 1969, էջ 184-192 — 208 էջ։
  7. 7,0 7,1 7,2 Հայկ Մելքոնյան, Ադիաբենեի պատմությունը և Հայաստանը, Երևան, «Հայկական ԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիա», էջ 246-257 — 274 էջ։
  8. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 394 — 992 էջ։
  9. 9,0 9,1 Հայկազ Ժամկոչյան և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջը, Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», էջ 104-118 — 784 էջ։
  10. Աշոտ Մելքոնյան, Հայոց պատմություն․ դասախոսությունների ձեռնարկ, Երևան, «Հայագիտակ», էջ 19-20 — 279 էջ։
  11. Աշոտ Մելքոնյան, Հայոց պատմության ակնարկներ, Երևան, «ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ», էջ 32-34 — 412 էջ։
  12. Լեո, Առաջին հատոր, Երկերի ժողովածու տասը հատորով, Երևան, «Հայաստան», էջ 480 — 568 էջ։
  13. Վրեժ Վարդանյան, Պատմություն Արծրունյաց տան / Թովմա Արծրունի և Անանուն, Երևան, «Սովետական գրող», էջ 60-62 — 407 էջ։
  14. Վրեժ Վարդանյան Աղթամարի կաթողիկոսություն // Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան. — Էջ  1066. — Էջ  36-37.